Տպավորիչ կլինի նվեր-գիրք ստանալ սիրելի բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա և գրքի միջազգային տոնի՝ փետրվարի 19–ի կապակցությամբ։
Բայց «Զանգակ» հրատարակչությունում ավելի տպավորիչ բան են մտածել՝ դառնալ թաքուն Թումանյան, ընտրել «թոռնիկ», նվիրել գիրք և թաքուն հիանալ նրա ժպիտով։ Կարճ ասած՝ «Գաղտնի Թումանյանը» խաղ–միջոցառում է՝ «Գաղտնի Սանտա» ամանորյա խաղի մոտիվներով։
Խաղի պայմանները։ Ընտանիքներում, դպրոցներում, աշխատանքային թիմերում վիճակահանությամբ պետք է ընտրել «թոռնիկ», նրա համար պատրաստել նվեր գիրք։ Փետրվարի 19-ին նվերը կերջանկացնի և՛ նվիրողին, և՛ ստացողին։
Անահիտը, որ «Զանգակ» թիմի անցյալ տարվա այս խաղի մասնակիցներից է, պատմում է․ «Շատ եմ սիրում նվեր ստանալ գրքեր, նաև նվիրել։ Ուսումնասիրելով իմ «թոռնիկի» նախասիրությունները՝ փորձում էի գտնել համապատասխան գիրք։ Ընտրել էի Վիլյամ Սարոյանի «Մայրի՛կ, ես սիրում եմ քեզ» գիրքը։ «Թոռնիկս» հուզվեց․ նա 3 երեխաների մայր է։ Ես էլ նվեր էի ստացել Հերման Հեսսեի «Սիդհարթա» գիրքը։ Հիմա էլ անհամբեր սպասում եմ խորհրդանշական տոնին․հետաքրքիր է՝ ինչ նվեր կստանամ այս տարի»։
Ցանկացողները կարող են միանալ այս գրքատոն-խաղին՝ իրենց թիմի համար իսկական տոն ստեղծելով։ Պարզապես պետք է գրել «Զանգակի» էլ․ հասցեին՝ info@zangak.am, կամ զանգահարել՝ 096903366 հեռախոսահամարով։
«Գաղտնի Թումանյան»-ին արդեն միացել են մեծ թվով մասնակիցներ՝ Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոցը, Վահան Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցը, Դիլիջանի կենտրոնական դպրոցը, «Ուսում» դպրոցը, «Բուկինիստ», «Էպիգրաֆ», «Նոր գրախանութ», «Նաիրի», « Ֆենիքս» գրախանութները, MYbookstore, BookPrize առցանց գրախանութները, ՀՕՖ-ի «Բժշկական շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ-ն, Զայլինքս Արմենիա Վօլօ-ն, «Քառյակ մեդիա» ընկերությունը, Երևանի թիվ 116 հիմնական դպրոցը, Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցը։
«Գաղտնի Թումանյանի» մասնակից թիմերը «Զանգակ» հրատարակչությունից իբրև նվեր՝ կստանան նաև հատուկ առաջարկներ և թեմատիկ բացիկներ։
No Comments