ԳրաԴաշտ Դավիթ Սամվելյան

Դավիթ Սամվելյան․ Մոռացված երկրի զանգերը

02.05.2024

(հատվածներ սպասվող գրքից)

Նոյը բացեց իր կառուցած տապանի ծածկը և տեսավ, 

որ ջուրը քաշվել է երկրի երեսից…

Դուրս ելան Նոյը, նրա հետ նաև իր կինը,

 իր որդիներն ու իր որդիների կանայք։
Ծննդ. 9:13, 9:18

Մութն աստիճանաբար թանձրանում, երկնքից հոսում էր երեք կողմից լեռներով շրջապատված ձորակի խորքերը՝ իր անթափանց ու ծանր վարագույրի տակ առնելով ճանապարհին հանդիպող շինությունների հարթ ու հողաշեն տանիքները: Պատուհաններից նշմարվող լապտերների դեղնավուն ու թույլ առկայծող հատուկենտ լույսերը հերթով մարում էին: Անարձագանք լռություն էր ամենուր: Մի թեթև քամի էր միայն մոլորված շրջում նեղլիկ, քարե պարիսպներով եզերված փողոցներում, հպվում պարիսպներից դուրս աճած դարավոր ընկուզենիների և թթենիների լայնատերև ճյուղերին ու շարունակում ընթացքը:  

Գյուղը ծրարվել էր հերթական գիշերվա գրկում:

Քամին Սուրբ Ստեփանոս վանքից հասավ Տերտերանց այգում գտնվող, վաղուց ավերակ դարձած երկհարկանի տանը, ներս անցավ անդուռ մուտքով, վերուվար արեց հարկերով՝ չխանգարելով առաստաղից կախված չղջիկների քունը, և ձեռնունայն, ինչպես մարդիկ, որոնք ժամանակին թաքցրած ոսկիներ գտնելու հույսից թևաթափ հեռացել էին, դուրս եկավ կոտրված պատուհաններից մեկով: Քամին՝ մորը կարոտած որդու պես փարվեց այգու հնամենի ընկուզենուն, որը զառամյալ տիկնոջ կերկերուն, ավշազուրկ, բայց երկար ու նուրբ մատներով ձեռքերի պես կախ ընկած ճյուղերով գրկել էր տան ճաք տված կտուրը: Տանիքը հարթեցնելու համար նախատեսված գլանաձև ու երկարավուն քարը նույնպես ճաքել էր…

Ճյուղերի մի մասը կախվել ու խոնարհվել էր առվի վրա և անցած-գնացած օրերի մասին ասես լուռ զրույցի բռնվել ջրերի հետ: 

…Կարոտն առավ ու սուրաց դուրս՝ ցանկանալով թաքցնել հույզերը: Անցավ գյուղը երկու մասի բաժանող գետի վրայով, երեսն ու թևերը լվաց ու մտավ դեպի սարի ստորոտ ձգվող, չոր ճյուղերից հյուսված դարպասով քոշ բողչա: 

Ծիրանենիներն ու դեղձենիները, խնձորենիները, հոնի ու սալորի, սերկևիլի ծառերը վաղուց չորացել էին՝ վերածվելով անցյալի մասին պատմող լուռ մահարձանների, որոնք ոչ խնամվում են, ոչ էլ այցելվում: Անգամ երկարավուն, վերջնամասը փոքր-ինչ կեռ ու նրբակեղև պտուղներով երբեմնի հայտնի ընկուզենին էր խռովել ու վաղուց արդեն բերք չէր տալիս:

 Մի քանի պտույտ գործելով չորացած տերևների վրա, խաղացնելով նրանց օդում, ասես փորձելով վերակենդանացնել՝ քամին հուսակտուր, դանդաղ ու գլխիկոր հեռացավ այգուց՝ քարշ գալով անձրևաջրերի վարար հոսքից ակոսված փողոցներում:

Անցնելով նախկինում շերամապահների համար կառուցված, բայց ավերակ դարձած մետաքսի գործարանի միջով, աղոթաձայն սուրալով Սբ. Աստվածածին և Սբ. Սարգիս եկեղեցիների կողքով՝ քամին վերջապես հասավ բուլվար:

Անթափանց մութ էր ու անհաղորդ լռություն:

Գյուղի կենտրոնում՝ բուլվարում, կամրջի կողքին աճող դարավոր կաղնու բնին փարված՝ մեկը ծնկաչոք հեկեկում էր: 

Հրամայված էր գործը ավարտին հասցնել՝ ծառից իջեցնել գյուղի խորհրդանիշ՝ նախկինում եկեղեցու զանգակատնից կախված, իսկ հետո կոչնակի վերածված զարդանախշ զանգը, ջարդոնի տեղ հանձնել գործարան՝ զենք ձուլելու համար: 

Հրամայված էր, բայց հրամանից առավել զորեղ են հիշողությունները, որ կոկորդը սեղմելով՝ ծնկները ծալել էին ու թույլ չէին տալիս իրագործել «վերևներից» եկող կարգադրությունը: Մի քանի վայրկյան այդպես մնալուց հետո աչքերը սրբեց ու ոտքի կանգնեց. հիշողությունները պարտվեցին ապագայի աղոտ, բայց սարսափեցնող տեսիլքին: Պետք էր գործը ավարտին հասցնել: Արդեն պատրաստվում էր կանգնելու աստիճանի երրորդ հարթակին, երբ թիկունքին հարված զգաց ու ճոճվեց: Մի կերպ ձեռքերը մեկնեց առաջ ու հենվեց կաղնու բնին: Շրջվեց. ոչ ոք չկար: 

Նորից բռնեց աստիճանից, մի քանի քայլ բարձրացավ, բայց աստիճանը սկսեց ճոճվել խավար գիշերվա լռության մեջ սուրացող քամուց, որն ուժգնանալով վերածվում էր ոռնացող վիրավոր գազանի: 

Քամին կատաղությունից իրեն պատեպատ էր տալիս, ապտակվում գյուղի հրապարակում գտնվող գյուղխորհրդի, կոլտնտեսության նախագահի գրասենյակների պատուհաններին, փոստատան ծեփաթափ պատերի վրայով վազում էր դեպի ջրաղացը, անցնում գյուղի միակ խանութի ու գրադարանի կողքով ու հարվածվում աստիճանի վրա կանգնածի մեջքին: 

Այլայլվեց ու քար կտրեց, մի աներևույթ վախ պատեց սիրտը: Նշան է ի վերուստ կամ էլ թե պատահական քամի, որ որոշել է արթնանալ գիշերվա կեսին, անցնել գյուղով ու խանգարել իրեն: Իրե՞ն, թե «վերևներին»: Արդեն կարևոր չէր: Քամին փարվել էր զանգին ու սկսել էր ճոճել այն՝ օդը լցնելով անջնջելի անցյալի և արթնացման հույսի ղողանջներով:

Խարխափելով իջավ ցած, փարվեց կաղնու հաստ բնին՝ ասես փորձելով լսել հողի խորքերից արմատների միջով վեր ելնող անցած օրերի մեղեդին ու կրկին լուռ հեկեկաց: Կորսվածի և անորոշ ապագայի հանդեպ անզորությունից հեկեկաց՝ ձեռքը տանելով կողքից կախված դանակին, որ վերցրել էր զանգի պարանը կտրելու համար:

Գլուխ վեցերորդ

Գյուղի միակ՝ կեղտոտ պատուհաններով կիսամութ խանութի անփոփոխ վաճառող Բիլալը ինքնամփոփ ու դառը մարդ էր, այնքան որ, գյուղացիները չուզելով, բայց ճարահատյալ  գնում էին նրա մոտից գնումներ կատարելու: Խանութում ամեն ինչ կար, բացի սննդից:

Ոչ ոք չգիտեր, թե որտեղից էր նա եկել, ոչ ոք էլ չգիտեր, թե որտեղ է նա լինում իր հաճախակի բացակայությունների ընթացքում, երբ խանութը փակ էր: Ամեն անգամ փակ դռների առջև հայտնվելիս նրա որդուն՝ Իբրահիմին, գյուղացիների՝ հոր մասին հղած հարցին միշտ հնչում էր նույն խուսափողական պատասխանը, որ, հավանաբար, գնացել է շրջկենտրոն՝ ապրանք բերելու:

Պատերազմը սկսվելու հենց առաջին օրը Բիլալը փակեց խանութն ու անհետացավ: Լույսը չբացված՝ ձիով սլացավ դեպի շրջկենտրոն, կայարան հասնելուն պես ձին թողեց ծանոթներից մեկի մոտ:

— Հասան, էս ձին թող մնա մոտդ, ես մի երկու օրից կգամ, կտանեմ:

— Ի՞նչ ա պատահել, Բիլալ, չգիտե՞ս՝ պատերազմ ա սկսվել:- Զարմացած հարցրեց կայարանի աշխատակիցը: 

— Գիտեմ, գիտե՜մ:- Փորձեց կարճ կապել խանութպանը: 

— Բա էդ ո՞ւր ես էդպես վռազում:

— Գնում եմ Նախիջևան, ծանոթիս մոտ: Գործ կա: Ե՞րբ ա գալու գնացքը,-հարցրեց Բիլալը:

-Մի ժամից էստեղ կլինի:

-Առ էս փողը, իմ մասին ոչ ոքի բան չասես: Ես գնացի:- Շփոթված ու շտապով տասը ռուբլիանոցը մեկնեց Հասանին ու քայլերն ուղղեց դրամարկղի կողմը:

-Տոմս չկա,- ուսերը վեր քաշեց տոմսավաճառը:

-Ո՜նց թե չկա: Դեպք ա պատահել, ես շտապ պիտի հասնեմ Նախիջևան:

-Ասացի՝ չկա, սպասիր հաջորդ գնացքին,- ապակու հետևից զայրացած պատասխան հնչեց:

-Ե՞րբ ա գալու հաջորդը,- հուսակտուր հարցրեց Բիլալը:

-Վաղը երեկոյան: 

Մինչ նա գլխիկոր շրջում էր կառամատույցում ու ինչ-որ բաներ մտածում, հեռվից երևաց դանդաղ մոտեցող գնացքը: Հասնելով կառամատույց՝  փնչալով կանգ առավ, իսկ Բիլալն արագորեն մոտեցավ գնացքի ուղեկցորդին, ինչ-որ բան փսփսաց ականջին, տրցակով փողը խոթեց գրպանն ու աննկատ խցկվեց վագոններից մեկը:

Առավոտյան արդեն Նախիջևանի զինկոմի մոտ էր:

— Սալամ ալեյքում, Աբաս:

— Ալեյքում սալամ, Բիլալ: Ի՞նչ կա, ի՞նչ չկա, ինչի՞ ես եկել: Դու հենց էնպես առավոտ շուտ էստեղ եկողը չէիր:

— Հա, Աբաս, ճիշտ ես նկատել, մենք նոր չի, որ ճանաչում ենք իրար, շատ ենք հաց կիսել: Իբրահիմի համար եմ եկել: Մի բան արա՝ չտանեն, մաղարիչը ինձ վրա, դու գիտես՝ էդ մի տղես ա, տարիքն էլ լրացել ա: 

— Ի՞նչ ա, պավեստկա ա եկե՞լ: 

— Չէ, բայց լսել եմ, որ կանչելու են:

— Սպասիր, կապվեմ, տեսնեմ՝ ոնց է դրությունը:

Վերցնելով լսափողը՝ զանգեց Օրդուբադի զինկոմին.

— Բարև, Գուլիև: Ո՞նց է ընթանում զորահավաքը: Ցղնայից ի՞նչ կա: Լսիր, Իսմայիլով Իբրահիմ կա՞ քո ցուցակում:- Մի պահ դադար տվեց, սկսեց մատներով տկտկացնել գրասեղանի վրա:- Հա՞… էդ ազգանունը կհանես, տեղը մի ուրիշի ազգանուն կգրես:- Ապա կրկին լռեց, մատները բռունցքեց ու հարվածեց սեղանին:- Ո՞նց թե մարդ չկա, հայերից մարդ չկա՞… Մի րոպե:

Լսափողն ափով ծածկեց ու դիմեց դիմացը անհանգիստ նստած, ձեռքերը ոտքերի արանքում սեղմած ու դողացող Բիլալին:

 — Ասում ա՝ էդ տարիքի պրիզիվնիկ էլ չկա, տեղից էլ ձեր գյուղից ահագին մարդ ենք տարել, հիմնականում հայերին, էլ մարդ չի մնացել:

 – Ո՜նց չկա,- տեղից վեր ցատկեց Բիլալը,- հրե՜ն, Գալուստի տղեն ի՜նչ ա: Համարյա էդ տարիքին ա: Դու Գալուստին կճանաչես, Օրդուբադի ռայկոմում ա աշխատում:

— Լսի´ր, Գուլիև, ես ցուցակ կուղարկեմ քեզ, դրանով էլ կորոշես, թե ինչ պիտի անես: Իմ ուղարկած ցուցակով կկարգավորես:- Ձեռքի շարժումով հանգստացնելով Բիլալին, վերադառնալով խոսակցությանը՝ հրահանգեց Աբասն ու ցած դրեց լսափողը:

— Ես Գալուստի մասին լսել եմ:- Նորից անցավ Բիլալին ու փորձեց գոտեպնդել ազգակցին:- Ճիշտն ասած՝ զարմանում եմ. էդ հային ո՞նց են թողել էդ պաշտոնում, մերոնց թողած՝ դրան են պահել, էդ մարդը հեչ դուրս չի եկել: Էդ հայերն ամեն տեղ քթերը խոթել են, մերոնք վա՞տ են աշխատում, չեմ հասկանում: Դրանց քոքը պիտի կտրենք էստեղից: 

 — Շատ ճիշտ ես նկատել,- հասկանալով, որ գործը գլուխ է գալու՝ ինքնագոհ ժպիտով պատասխանեց Բիլալը:

— Բիլալ, դու գիտես, որ իմ գլխին էլ ղեկավար կա, առանց համաձայնության ես ոչինչ չեմ կարող անել,- արդեն գործնական ասաց Աբասը՝ ուղղվելով թիկնաթոռի վրա:

— Մաղարիչը բերել եմ, հուսով եմ՝ ամեն ինչ մեր ուզածով կգնա,- հարցը լուծված համարելով՝ Բիլալը սեղանին դրեց փողով լի մի մեծ պայուսակ ու ոտքի կանգնեց:

— Հանգիստ գնա տուն, ես վերևների հետ կխոսեմ: Ցուցակը կուղարկեմ Օրդուբադի զինկոմին, տղայիդ անունը չի լինի ոչ մի ցուցակում,- ճանապարհելու համար տեղից վեր կացավ զինկոմը:

Բիլալը հանգիստ ու բավարարված շունչ քաշեց և դուրս եկավ՝ քայլերն ուղղելով դեպի կայարան: «Դե՜, Գալուստ, կտեսնե՜ս քո հալը, քեզ ընենց մղկտացնեմ, որ սաղ կյանքդ հիշես: Ռևիզոր էիր ուզում ուղարկել խանութս ստուգելու, հա՞…»,- ճանապարհին քրթմնջում էր Բիլալն ու քմծիծաղ տալիս:

***

Մորս առանց այն էլ անհանգիստ վիճակն ավելի բարդացավ: Հայրս՝ այդ ամենին անտեղյակ, շարունակում էր աշխատել շրջկենտրոնում: Մարդ ուղարկեցինք՝ ծանուցագրի մասին նրան տեղյակ պահելու: Իմանալով լուրը, շտապեց զինկոմիսարի մոտ: Կարճ ժամանակ անց հասավ ու առանց թակելու մտավ Գուլիևի սենյակ: 

Անակնկալի եկած գնդապետը վեր թռավ նստած տեղից և հորս աթոռ առաջարկելով՝ ողջունեց ու հետաքրքրվեց գալու առիթով:

— Տասնյոթ տարեկան տղայիս տանում եք բանակ, մի բերան չեք էլ բարեհաճում ինձ տեղեկացնել, հա՜,- չպատասխանելով բարևին՝ ձեռքը գրասեղանին զարկեց հայրս:

— Կներեք, այստեղ ինչ-որ թյուրիմացություն կա, հիմա ցուցակները նորից կնայեմ:- Չիմանալով՝ ինչ պատճառ հորինել՝ խառնված ասաց Գուլիևը: Ապա փորփրելով թղթերը՝ շարունակեց.- Ճիշտն ասած՝ այ այս ցուցակը Նախիջևանից են ուղարկել, հարցն այնտեղ  պետք է լուծեք:

Ասաց ու հանգիստ նստեց: Իր վրայից կատարվածի մեղավորությունը թոթափելով՝ պիղատոսաբար շփեց ձեռքերը:

Հայրս թևաթափ չեղավ, անհապաղ մեկնեց Նախիջևան՝ պարզելու կատարվածի պատճառը: Իսկ խեղճ մայրս մի բուռ էր դարձել՝ Ստեփանից լուր չունեինք, իսկ թե ինչ էր լինելու ինձ հետ, դեռ պարզ չէր: 

Հաջորդ առավոտ շրջկենտրոնից մեքենա եկավ՝ ինձ և մի քանի այլ տղաների տանելու: Մայրս իրեն պինդ պահեց, մի անգամ էլ բացեց նախապես դասավորած ճամպրուկը՝ համոզվելու՝ ամեն անհրաժեշտ բան դրվա՞ծ է, թե ոչ, և ինձ ուղեկցեց բուլվար: Ամբողջ գյուղը հավաքվեց մեզ ճանապարհելու: Ընկերներս հերթով գալիս և հրաժեշտ էին տալիս ինձ. միայն Մուրադը չմոտեցավ, հեռվում կանգնած արտասվում էր: Մայրս, սեղմելով ձեռնափերս, փորձում էր ժպտալ՝ թաքցնելով արցունքները:

— Խիզախ կլինես, որդի՛ս,- ասաց դողացող ձայնով,- և միշտ կհիշես, որ սպասում ենք քեզ: Աշխարհն անարդար է, բայց ամեն ինչ իր տեղը կընկնի:

Ինքնաբերաբար գլխով արեցի՝ փորձելով կուլ տալ դեռ չկրակված փամփուշտների պես կոկորդումս կանգնած վառոդահամ արցունքները:

— Կվերադառնամ, մայրի՛կ,- խոստացա՝ չգիտակցելով անգամ  հույսի, սպասողի տանջանքների և սպասվելիք արհավիրքների չափը:- Կվերադառնամ, և մենք նորից միասին կլինենք:

Մեքենան ազդանշան տվեց. պետք էր մեկնել: Ամուր գրկեցինք իրար՝ հասկանալով, որ կարող է վերջին անգամ լինել: Մայրս համբուրեց ճակատս և օրհնեց՝ դանդաղ բաց թողնելով ձեռքերս:

Վերցրի ճամպրուկս և բարձրացա բեռնատարի թափքը: Մայրս կանգնած մնաց՝ նայելով հեռացող բեռնատարի հետևից: 

Մեքենան արդեն գյուղից դուրս եկող ճանապարհին էր, իսկ հեռվից լսվում էին բուլվարի զանգի հրաժեշտի ղողանջները: 

Հորս հաջողվեց պարզել կատարվածը, բայց արդեն ուշ էր: Առանց նրան հրաժեշտ տալու, առանց եղբորիցս լուր ստանալու՝ հեռացա: 

Մի քանի օր անց զինկոմիսարիատից եկան Իբրահիմի հետևից: Նրան նույնպես տարան, բայց կարճ ժամանակ անց, բոլորի համար անսպասելի, նա կրկին հայտնվեց գյուղում՝ ներքին թշնամանքով լցված հայերի հանդեպ: