Հրապարակումը նվիրվում է Դերենիկ Դեմիրճյանի՝ 145 և Եղիշե Չարենցի 125-ամյակներին:
Դերենիկ Դենիրճյանի և Եղիշե Չարենցի փոխհարաբերությունների մասին տեղեկություններն այնքան էլ շատ չեն, դրանք առավելապես քողարկված են առանձին բանավոր պատմությունների, գրավոր կցկտուր վկայությունների, ժամանակակիցների թողած հուշերի տողատակերում:
Այդուհանդերձ, անվիճելի է, որ քսան տարվա տարիքային տարբերությամբ այս հանճարները եղել են բավական հետաքրքիր շփումների մեջ, որ տեղ-տեղ վերածվել է արկածախնդրության:
Չարենցը բացառիկ վերաբերմունք է ունեցել Դեմիրճյանի գրականության, ստեղծագործական ոճի, լեզվի նկատմամբ, մի բան, որ արձանագրված է հայ գրականագիտական մտքի վավերագրերում: Դեմիրճյանին գրած մի նամակում էլ նա նշում է, որ «Քաջ Նազար» թատերգության առաջին ընթերցողը և դրանով հիացողն ինքն է եղել: Իսկ որ Դերենիկ Դեմիրճյանի անձնական կյանքում Չարենցն ունեցել է բացառիկ դերակատարություն, հայտնի է շատերին. բնականաբար, նկատի ունենք Դեմիրճյանի երկրորդ կնոջը՝ Մարիա Իվանովային, առաջին ամուսնու տանից կառքով փախցնելու անօրինակ արկածը:
Եվ այսուհանդերձ, երբ խոսքը վերաբերել է գրականությանը, գեղարվեստական չափանիշներին, Չարենցը եղել է անաչառ ու չի տրվել ընկեր-բարեկամական պայմանականություններին:
Ասվածի մի վկայություն է պահպանվել Դերենիկ Դեմիրճյանի արխիվում, որն առաջին անգամ ներկայացնում ենք հանրությանը:
Դերենիկ Դեմիրճյանը, ինչպես հայտնի է, գրել է բանաստեղծություններ, թեև դրանք քննություն չեն բռնել թե՛ գրական շրջանակներում, թե՛ հենց իր՝ հեղինակի աչքում: Բայց և այնպես, անգամ ոչ երիտասարդ տարիքում նա շարունակել է ստեղծագործել պոեզիայի ժանրում և այդ ստեղծագործություններից մեկը՝ «Սարոն գյուղից լուր է բերել»
վերնագրով, հանձնել է տպագրության:
Չարենցը, որն այդ ժամանակ Հայպետհարտի Գեղարվեստական բաժնի վարիչն էր, մերժել է դրա տպագրությունը և դեմիրճյանական բնագիր թերթիկի հակառակ կողմում արել հետևյալ մակագրությունը. «Տպագրությունը գտնում եմ աննպատակահարմար, իբրև ոչ պարզ, հիմնական դրույթից զուրկ մանկական գրվածք: Վերադարձնել հեղինակին:
Ե. Չարենց
26. III. 933»:
Եվ որպեսզի համոզվենք, որ Չարենցը միանգամայն իրավացի է եղել իր մերժման մեջ և առաջնորդվել է գրական ճաշակով ու պոեզիայի գիտակի անաչառությամբ, ներկայացնում ենք Դեմիրճյանի՝ տպագրության հանձնած բանաստեղծությունը, ավելի ճիշտ՝ դրանից պահպանված մի պատառիկ:
«Սարոն գյուղից լուր է բերել
Շատ բարով է անում տատին,
ողջ է պապին,-
Կոլխոզներն էլ աշխատում են.
Ամենքը լավ են:
Դո՞ւք ոնց եք:
-Աշխատում ենք:
-Լավ, դե գնամ, լուրը տանեմ:
__________
Բայց տե՛ս, պոստը նամակ բերեց.-
Ո՞նց եք, գրե՛ք:
Ահա գրում ենք-
լավ ենք, լավ ենք, լավ ենք.
Մեր կոլխոզում վար ենք անում,
Աշխատում ենք գործարանում,»:
Ինչպես նկատում ենք, բանաստեղծությունն անավարտ է, քանի որ ոչ միայն միտքն ամփոփ չէ, այլև կետադրությունն է վկայում այդ մասին: Այսուհանդերձ, կարծում ենք՝ ուշագրավ փաստ է այս երկու ինքնագիր թերթիկի առկայությունը Դեմիրճյանի արխիվում այն առումով, որ հավաստում է գրականությունն իբրև գերակա արժեք ընդունելու փաստը Դեմիրճյանի և Չարենցի ապրած ժամանակներում:
Կարինե Ռաֆայելյան
Դերենիկ Դեմիրճյանի տուն—թանգարանի վարիչ
Գլխավոր նկարը՝ Ալեքսեյ Կրավչենկո, Դերենիկ Դեմիրճյանի դիմանկարը
No Comments