Դերենիկ Դեմիրճյանը գեղարվեստական երկնումներին զուգահեռ մշտապես զբաղված է եղել իր ժամանակի և անցյալի գրականության, մշակույթի ուսումնասիրության, արժևորման կարևորագույն խնդրով: Առանձնահատուկ գորովանքով է արձագանքել սփյուռքահայ գրական-մշակութային գործիչների ձեռքբերումներին, մեծապես ոգևորվել այն դեպքերում, երբ հաջողվել է ոչ միայն հեռակա տեղեկությունների, տարածության մեջ չորոշակիացող հարաբերությունների մակարդակում, այլև կենդանի շփումների, անձնական ծանոթությունների հարթության վրա կառուցել հարաբերություններ սփյուռքահայ գործիչների հետ: Լինելով զգուշավոր և շրջահայաց մարդ և այդ հատկանիշներով առաջնորդվելով խորհրդային հայրենիքում ունեցած միջանձնային հարաբերություններում՝ Դեմիրճյանն անսպասելի համարձակ ու բաց է եղել սփյուռքահայ որոշ մտավորականների հետ շփումներում: Լավագույն օրինակը, այս իմաստով, Դեմիրճյանի՝ բոլորովին վերջերս գաղտնազերծված մտերմությունն էր բեյրութահայ հասարական-քաղաքական գործիչ, գրող, հրատարակիչ Սիմոն Սիմոնյանի հետ: Վերջինիս այնքան է վստահել Դեմիրճյանը, որ ցույց է տվել իր «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ» աշխատությանը, այն աշխատությունը, որի մասին մենք Հայաստանում լայնորեն իրազեկվեցինք միայն գրողի մահվանից հետո՝ ծննդյան 135-ամյակի տարում՝ 2012 թվականին:
Բնական է, որ Դեմիրճյանի հետաքրքրության ծիրում պիտի իր կարևոր տեղը զբաղեցներ մեր աշխարհահռչակ հայրենակից Վիլյամ Սարոյանը, որ ոչ միայն իր հաղթական քայլքն էր անում համաշխարհային գրականության բարձրագույն մակարդակներում, այլև Խորհրդային Միության համակիրն էր ու իր փոքրիկ հայրենիքի որդեգրած քաղաքական-հասարակական ընթացքի ոգևորված վկան:
Դեմիրճյանը հրապարակավ իր վերաբերմունքն է արտահայտել Սարոյանի գրական և քաղաքական-քաղաքացիական նկարագրի վերաբերյալ երկու անգամ: Եվ Դեմիրճյանի գնահատականների մեջ՝ ուղղված Սարոյանին, առկա է խորագույն հակասություն: Միևնույն երկը վերլուծելիս դասականը ի հայտ է բերում միանգամայն տարբեր մոտեցում և վերաբերմունք: Դեմիրճյանի հայացքը Սարոյանի դեպքում երկփեղկված է: Բայց փորձենք հասկանալ կամ կռահել այդ իրողության պատճառները: Այսպես. 1943թ. լույս է տեսնում Վիլյամ Սարոյանի «Տասը նոր պատմուածքներ» ժողովածուն արևմտահայերեն՝ Սահակ Պալըգճեանի թարգմանությամբ: Գիրքն արժանանում է Դեմիրճյանի արձագանքին՝ Թեհրանում լույս տեսնող «Վերածնունդ» քաղաքական, հասարակական-գրական օրաթերթում (1946թ., թիվ 26, 27, 28):
Դեմիրճյանի հիացմունքն ու ոգևորությունն անսահման են, հրճվանքի ակնհայտ պոռթկումներով է լեցուն դասականի վերլուծական հոդվածը իր հայրենակցի գեղարվեստական արձակի մասին: «Սարոյանն այն ստեղծագործողներից է, որոնք շատ քաջավարժ հեծյալների կարող են ձիուց վար բերել: Սարոյանը ինքնատիպ գրող է՝ ոչ սովորական մտքով, խորհող մարդ՝ ոչ հայտնի ըմբռնմամբ: Նրա «նորման» պետք է որոշել հենց իր՝ Սարոյանի մեջ և Սարոյանով որոշել նրա «մեթոդը»: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Սարոյանն ավելի շատ ջանք է թափել ինչպես չգրելու մտահոգության վրա, քան գրելու այն բազմահազար կանոններով, որով բարձրացել է համաշխարհային գրականություն: Եվ ողջ խնդիրն այստեղ այն է, որ Սարոյանն ամենից շատ ատելով ինքնատիպ երևալու փորձերը՝ ինքնատիպ է, խորհող է և գրավիչ՝ բնականորեն և անխուսափելիորեն: Սարոյանն անփույթ է իր գրողական հանգամանքին, գրական արվեստին, համեստ է իր գրողի հռչակի ու փառքի պահանջների մեջ»:
Սարոյանի՝ իբրև գրողի անհատական-ստեղծագործական որակներին անդրադարձներով չի սահմանափակվում Դեմիրճյանը, նա նաև հետամուտ է պարզելու և հանրությանն ի ցույց դնելու այն միջավայրը, այն հենքը, որից ծնունդ է առնում այդ գրողի ներշնչանքը. «Սարոյանն անմիջավայր գրող չէ և ենթակա է կյանքի որոշ դպրոցի ազդեցության, ինչպես և իր ընտանեկան կյանքի կնիքը շատ զորեղ է նրա հոգու վրա: Եվ անհայրենիք չէ, որքան որ թվում է իրեն: Հին Հայրենիքի ուրվականները հետևում են նրան իր նոր Հայրենիքում և այնպիսի խորազգաց հոգու համար, ինչպես Սարոյանն է՝ այդ ուրվականները դեռ շատ ժամանակ, թերևս, մինչև վերջ պիտի հետևեն նրան: Ոչ նրա հրաժարումը իր հին Հայրենիքից և ոչ այդ Հայրենիքի ժխտումը նրան՝ չունի ոչ մի նշանակություն: Սարոյանին խոսեցնողը իր հին Հայրենիքն է և նրա ժողովուրդը, որ հազար ու մի անտեսանելի թելերով կապված են նրա հոգու հետ»:
Դեմիրճյանի նպատակը սոսկ իր նշանավոր հայրենակցի գրականության արժևորումը չէ, թեև դա է նրա մասին գրելու շարժառիթը: Դասականը հնարավոր ամեն մի մանրուք օգտագործում է՝ ընդգծելու համար, որ Սարոյանը հայ գրող է, որ նրա գրականությունն ունի ազգային արմատ ու նախասկիզբ. «Սարոյանը ազգային գրող չէ իր ծագման պատճառով, բայց և կոսմոպոլիտ չէ՝ գրելով այն լեզվով, որի միջավայրը ընկել է պատահմունքի բերմունքով: Սարոյանը համամարդկային երազների գրող է: Բայց արմատ ունի: Այդ արմատը ժողովուրդն է: Նա զգում է այդ ժողովուրդը»:
Դեմիրճյանը չի սահմանափակվում մասնավոր դիտարկումների շրջանակներում, նա գնում է դեպի ընդհանրացում և ջանում հիմնավորել իր հնչեցրած գնահատականը հայ գրականության, հայ գրողին վիճակված պատմական ճակատագրի խորապատկերին: «Չենք սիրում գուշակել ապագան, մանավանդ… անցյալը,- կարդում ենք հոդվածում:- Բայց մի մտքի խաղ թույլ ենք տալիս մեզ: Եթե Սարոյանը ծնվեր իր բուն Հայրենիքում, նրա մեջ կրկին կծնվեր ստեղծագործողը: Եվ այն ժամանակ նա կկանգներ արևմտահայ գրողների շարքում, որոնք առանձնակի տեղ են բռնում արևմտահայ գրականության մեջ, Որբերյան, Սրմաքեշխանյան, Գրիգոր Զոհրապ և այլն: Սակայն ճակատագիրը Սարոյանին նետեց ամերիկյան գրականության մեջ: Եվ նա արտահայտվեց նույն այն ոգով, ինչ որ վերոհիշյալ գրողները, միայն այլ լեզվով, նյութով և տարածությամբ»:
Ահա այսպես. թվում է՝ ամեն ինչ ասված է. թե՛ Դեմիրճյան գրող-գրականագետը, թե՛ Դեմիրճյան հայը իրենց վերլուծական միտքն ու ազգասիրական հույզը լիուլի շռայլել են և մեծարման ու արժևորման պատշաճ պատվանդան կառուցել տարագիր հայ գրող Վիլյամ Սարոյանի համար: Բայց…
Անցնում է մի քանի տարի, և մարդկային, հասարակական-քաղաքական, միջազգային հարաբերությունների խառնաղմուկը ներխուժում է Դեմիրճյան-Սարոյան փոխհարաբերությունների տարածք: Անձնական ու գրական վերաբերմունքը բեկվում է այս երկու մեծերի արանքում, կյանքը բիրտ օրենքներ է թելադրում, ԽՍՀՄ-ԱՄՆ, սոցիալիզմ-կապիտալիզմ հակադրությունը պղտոր ջրեր է հոսեցնում երկու հայ գրողի, երկու հայրենասեր անհատականությունների հարաբերություններում: Իհարկե, խորհրդային ժամանակներում ապրած, այդ հասարակարգի պարտադրած կաղապարներն ու սահմանափակումները մաշկի վրա զգացած իմ և ինձնից ավագ սերնդի համար հետխորհրդային ժամանակաշրջանը մի կարճառոտ պատրանք ստեղծեց, թե այլևս բացառված են այդ կաղապար-սահմանափակումները, թե մեր կյանք ներթափանցել է արևմտյան ազատամտություն-դեմոկրատիան, թե այլևս վերջ որևէ պայմանականության, գաղափարական բռնության: Ավա՜ղ, մեր միամիտ պատկերացումները պիտի ջարդուփշուր լինեին կարճ ժամանակ անց՝ տեղի տալով այն ճշմարտության առջև, թե ամեն մի ժամանակ, ամեն մի հասարկարգ ունի իր այլանդակությունները, ու դրանք նույնքան կարծր են, հարատև, անանց, որքան մեզ խորապես զզվեցրած սովետականը:
Ինչևէ: Ավարտվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, Խորհրդային Միության հաղթանակը աշխարհին կամք թելադրելու հիմքեր էր տվել այդ երկրի վարչակազմին: Եվ ազդեցության գոտի ընդլայնելու միտումով ձեռնարկվում էին քայլեր, որոնք դուրս էին գալիս բուն ԽՍՀՄ սահմաններից: Այսպես, 1950թ. մարտի 19-ին Խաղաղության կողմանկիցների համաշխարհային կոնգրեսի մշտական կոմիտեի նստաշրջանը Ստոկհոլմում ընդունեց կոչ՝ ատոմային զենքն արգելելու մասին: Հունիսի 19-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը հռչակեց մի դիմում՝ ի պաշտպանություն ստոկհոլմյան կոչի: Հանրապետություններում ստեղծվեցին Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեին օժանդակող հանձնաժողովներ՝ ստոկհոլմյան կոչի տակ ստորագրություններ հավաքելու համար: Հայաստանի հանձնաժողովի մեջ մտան Մ. Սարյանը (նախագահ), Ավ. Իսահակյանը, Վ. Համբարձումյանը, Ն. Զարյանը և ուրիշներ: Առ 30-ը հունիսի ՍՍՀՄ-ում ստորագրությունների թիվը հասավ 115514703-ի:
«Եվ ահա այն ժամանակ, երբ իմպերիալիստական Ամերիկան և Անգլիան, արագացնելով սպառազինությունների մրցավազքը, պատերազմ են նյութում, մեր բանվորները խաղաղության հերթափոխի են կանգնում: Այն ժամանակ, երբ իմպերիալիստներն իրենց կապիտալները դնում են պատերազմի գործի մեջ, մենք մեր միջոցները ծախսում ենք կոմունիզմի մեծ կառուցումների վրա: Մենք՝ սովետական մարդիկս, միահամուռ կերպով կստորագրենք հինգ մեծ տերությունների միջև Խաղաղության Պակտ կնքելու վերաբերյալ Խաղաղության Համաշխարհային Խորհրդի Դիմումի տակ: Մենք կպահանջենք և ոչ թե կխնդրենք խաղաղություն: Աշխարհի բոլոր ազատասեր մարդիկ մեզ հետ են: Ոչ մի ժողովուրդ չի կամենում կռվել, այլ ընդհակառակը, բոլոր աշխատավոր մարդիկ խաղաղություն են կամենում: Եվ ինչո՞ւ այս խաղաղասեր ժողովուրդների անվերջ բազմություններ պետք է իրար վրա հարձակվեն, իրար կոկորդ խեղդեն, իրար բզկտեն, թե ինչ է՝ Ուոլլ-Ստրիտի և Սիտիի հղփացած մոնոպոլիստները կամենում են ավելի հղփանալ: Ո՛չ: Այդ չի լինի»,- կարդում ենք Դեմիրճյանի «Մենք պահանջում ենք և ոչ թե խնդրում խաղաղություն» հոդվածում: Հոդվածը գրված է Խաղաղության կողմնակիցների հայկական հանրապետական կոնֆերանսի կապակցությամբ, որը տեղի է ունեցել Երևանում, Հայֆիլհարմոնիայի ամառային դահլիճում, 1951թ. սեպտեմբերի 12-ին: Կոնֆերանսում ճառով հանդես է եկել նաև Դեմիրճյանը:
Մինչ այդ՝ հինգ մեծ տերությունների՝ ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի, ՉԺՀ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև խաղաղության պակտ կնքելու մասին դիմումը Խաղաղության համաշխարհային խորհուրդը աշխարհի ժողովուրդներին էր հղել 1951թ. փետրվարի 21-26-ին, Բեռլինում կայացած իր առաջին նիստի որոշմամբ: Այդ դիմումի տակ միլիոնավոր մարդիկ դրել էին իրենց ստորագրությունները:
Սակայն, հավանաբար, այդ միլիոնավորների թվում չէր Վիլյամ Սարոյանը: Եվ Դեմիրճյանը դարձավ այն զենքը, որը պիտի իր սպանիչ կրակոցներն ուղղեր դեպի մեծ սրտի տեր «բարի հսկան» (այսպես է բնութագրել Սարոյանին Վահագն Դավթյանը):
Ահա և գրվեց հակասարոյանական մի դաժան հոդված, որտեղ Դեմիրճյանը ոչ միայն ցավագին հարվածներ տեղաց Սարոյանի, այլև իր բարոյական սկզբունքների վրա: Հոդվածը՝ «Խոսք՝ ուղղված գրողին և նրա ընթերցողին» վերնագրով, լույս տեսավ 1953թ. մայիսին, «Սովետական Հայաստան» ամսագրում: Դեմիրճյանն իր խոսքն սկսել է ընդհանուր դիտարկումների ծիրում. «Ողջ մարդկությունը մտահոգված է այսօր մի շատ կենսական, շատ կարևոր խնդրով՝ ինչպե՞ս կանխել պատերազմի հրդեհը, ինչպե՞ս կղզիացնել և հանգցնել այն կրակները, որ վառվում են երկրագնդի վրա մի քանի տեղերում և սպառնում են հրդեհը տարածել ողջ աշխարհը: Կա հրդեհելու ձգտումը և քանի գնում արագանում է այն, ծավալվում: Պատերազմի վտանգը հեքիաթ չէ, այլ իրականություն: Ամեն մարդու պարտականությունն է՝ տեսնել այն և որոշել իր անելիքը: Իրոք՝ չի կարելի նստել մի նավ, որը կամենում են հրդեհել կամ խորտակել նույն նավի մեջ գտնվող ինչ-որ ճամփորդներ և անտարբեր դիտելով ասել՝ թող անեն ինչ կամենում են, իմ ի՞նչ գործն է»:
Հիմնավորելու համար իր վրդովմունքի արդարացիությունն ու համամարդկային հնչողութունը, Դեմիրճյանը ծավալում է ընդգծված խորհրդային-ժողովրդավարական արծարծումների մի շարակցություն. «Երբեք մարդկությունը այնքան կարիք չի զգացել ազատության, մարդկայնության, երջանկության քարոզի և գործի, որքան ներկա օրերում, երբ աշխարհը կանգնած է արհավիրքի առաջ: Հազարավոր հասարակ մարդիկ, տնային տնտեսուհիներ, բանվորներ, գյուղացիներ, զինվորներ բարձրացնում են իրենց ձայնը ընդդեմ պատերազմի, հօգուտ խաղաղության: Եվ եթե չեն գտնում ոչ մի խոսք ասելու՝ լռելյայն ստորագրում են խաղաղության Կոչի տակ»:
Եվ մարդկության փրկչի առաքելությունն ստանձնած խորհրդային պետության ձեռնարկումին չարձագանքելու որևէ փորձ հարկ էր ներկայացնել իբրև հակամարդկային, հակաբորայական մեծամասշտաբ հանցագործություն, ինչ և անում է Դեմիրճյանը՝ խնդիրը բերել-տեղայնացնելով գրական ոլորտ. «Պատմական այս օրերին, երբ ամեն մարդու պարտականությունն է որոշել իր վարքագիծը, անցնել գործի՝ գալիք պատերազմի առաջն առնելու համար, որոշ գրողներ անցան պատերազմի հրձիգների կողմը, թողին խաղաղության գաղափարը, հանձնվեցին բուրժուազիային»:
Բայց ամեն ինչ այնքան դրամատիկ չէր լինի, եթե Դեմիրճյանի հարձակումների թիրախում չհայտնվեր մի քանի տարի առաջ նրա իսկ գրչով այնպես սիրով ու ջերմությամբ մեծարված Վիլյամ Սարոյանը:
«Եվ արդարև, ի՞նչ երկար պատճառաբանություն կարող է պատշաճ լինել մի գրողի համար, որն անցնում է իմպերիալիզմի կողմը, այն իմպերիալիզմի, որն ապրում է միմիայն արյան առևտրով, արյունահեղությամբ: Սինկլերը, Պրիստլին, Օդեստը, Սարոյանը, Ստեյնբեկը, Ունտերմերը և ուրիշները բերին իրենց բացատրությունները, թե ինչո՞ւ անցան: Այո, «փիլիսոփայություններ»… Եվ դա է քստմնելին: Սակայն այս քստմնելի «փիլիսոփայությունների» մեջ ամենաքստմնելին Սարոյանի «փիլիսոփայություններն» են: Նախ և առաջ՝ Սարոյանին չի կարելի համարել պրոգրեսիվ կամ դեմոկրատ գրողներից մեկը, որ անցել է իմպերիալիզմի կողմը: Նա «անցած» չէ. նա «այնտեղ» էր: Նա միայն մի երկու պատմվածքով ցույց է տվել, որ տեսնում է հայերի տրագիկական վիճակը Ամերիկայում և ամերիկյան ապրելակերպի «քաղցրությունները»: Այդ չի թեթևացնում նրա վարքագծի պատասխանատվությունը, այլ ծանրացնում է: Մանավանդ որ հայերի մասին գրած մնացած բոլոր պատմվածքներում և ասույթներում նա ունի խոսելու, դատելու մի եղանակ, որ չի կարող երբեք ներել նրան այդ ժողովուրդը, որի անունը կրում է նա իր ծննդական վկայաթղթի մեջ: Նա այդ ժողովրդի մարդկանց վրա ծիծաղում է որպես կոպիտ, բռի, բարբարոս մարդկանց վրա, որպեսզի զվարճացնել կարողանա իր տերերին՝ Ամերիկայի արիստոկրատիային, որը գնողն է նրա գրքերի և նրան ապրեցնողը: Նա այդպիսի դատապարտելի վերաբերմունք ունի դեպի շատ, շատ մարդիկ և կարող էր հարց ծագել, թե ինչպե՞ս է վերաբերվում դեպի այն ժողովուրդը, որ ծնել է և իրեն՝ Սրոյանին: Այստեղ մենք տեսնում ենք ամենաքստմնելի պատկերներից մեկը, որ երբևէ որևէ գրող, որևէ այլ ժողովրդի մեջ կարող է հանդես բերել: Սարոյանը մեկ ընդունում է հայ ժողովրդին, մեկ՝ մերժում»,- ահա ինքնաժխտումի մի ցավագին օրինակ, որը արձանագրել է Դերենիկ Դեմիրճյանը:
Բայց որպեսզի չենթադրվի, թե Դեմիրճյանը քաղաքական պատվեր է կատարում, հարկավոր էր հոդվածում զարգացնել գրական-գրականագիտական բովանդակության գործոնը: Եվ այսպես, Դեմիրճյանը ինքնահերքման դաժան պաթոսով ռմբահարում է 1946-ին այնպիսի՜ նուրբ դիտարկումներով վերլուծած սարոյանական գրականությունը. «Եվ, եթե կուզեք, մեր խնդիրը Սարոյանը չէ, ոչ էլ նրա քաղաքական դեմքը, ոչ էլ կասենք նրա՝ գրողի հանգամանքը: Մենք գործ ունենք ոչ Սարոյանի հետ, այլ այն մարդկանց հետ, որոնք նշանակություն են տալիս կամ տալու որոշ հակամտություն ունեն դեպի նա, ճիշտը՝ նրա «տաղանդը»: Եվ իրոք, Սարոյանի «արժեքը» նրա քաղաքական-հասարակական դեմքը չէ, նրա մասին խոսում են իբրև «տաղանդավոր» գրողի մասին: Նրա «տաղանդն» են թմբկահարում ամերիկյան բուրժուական լրագրերը, և ոմանք էլ բացասական վերաբերմունք ունենալով դեպի Սարոյանի քաղաքական վարքագիծը՝ վերապահ են նրա «տաղանդի» հարցում»:
Դժվար չէ երևակայել, թե ինչ ներքին ընդվզում է ունեցել Դեմիրճյանը՝ գրելով այս հոդվածը, ինչ ամոթ ու ինքնակեղեքում է ապրել՝ ինքն իրեն այսպես ժխտելու, հակասելու համար: Եվ հասկանալի է, որ նա սպասել է իր ընդդիմախոսների հավանական կսմիթներին՝ կապված նախորդ հոդվածում արտահայտած տեսակետների հետ: Այսօրինակ խոսակցությունները կանխելու միտումով էլ, թերևս, ինքն է «նախահարձակ» եղել՝ ի մասնավորի գրելով հետևյալ տողերը 1953-ի հոդվածում. «Ես 1945 թվականին մի համակրական հոդված գրեցի Սարոյանի մասին: Խոստովանում եմ իմ կոպիտ սխալը: Սարոյանը չէր և չէր կարող դառնալ պրոգրեսիվ գրող, չէր անցնի մարդասիրության, ժողովրդասիրության կողմը: Նրա խիղճը մեռած գտնվեց: Նա դեգերում է արվեստական, սարքովի բարոյագիտության բավիղներում: Նա որոնում էր ոչ վեհ, բարձր խոսքեր ու գործեր, այլ զվարճալի թեմաներ և հետաքրքրաշարժ ոճեր ու ձևեր… դրամ շահելու: Եվ գտավ այդ դրամը: Եվ տվին դրամ նրանք, ովքեր շահում և դիզում են արյան առևտրով, պատերազմի արհեստով: Գլորվեց խուփը, գտավ պուտուկը… Դրամասեր գրողին չէր կարող բավարարել աշխատավոր, շահագործման դեմ, պատերազմի դեմ կռվող ժողովուրդը, իսկ ժողովրդի հոգեկան և բարոյական հարստությունը պետք չէին Սարոյանին: Նա իրոք ոչ մի կապ և ոչ մի գործ չուներ և չունի ժողովրդի հետ»:
Եվ ամփոփիչ հատվածում Դեմիրճյանը ջախջախիչ հարված է հասցրել Սարոյանին՝ արդեն իբրև հակաժողովրդական երևույթի՝ այս բառի ամենալայն իմաստով. «Սարոյանը ո՛չ հայ ժողովրդի, ո՛չ էլ որևէ այլ ժողովրդի գրողն է: Նա Ուոլլ-Ստրիտի մագնատների ծառան է և կամակատարը: Նա դեմ է անգամ այն ամերիկյան ժողովրդին, որի մեջ ապրում է»:
Հիմա փորձենք պատմության ծալքերից դուրս բերել այն հանգամանքների հերթագայությունը, որոնք վիճակված են եղել Դերենիկ Դեմիրճյանին: Վերջինս եղել է իր արխիվը բծախնդրորեն համակարգող, արժեքավոր ցանկացած նյութ իր պատշաճ տեղում պահպանող մարդ: Մեր հիշատակած երկու հոդվածներից և ոչ մեկը, այդուհանդերձ, նա չի պահպանել իր արխիվում: Ինչո՞ւ: Պատահակությո՞ւն է, անփութությո՞ւն, չկարևորելու փա՞ստ… Ինչ ասեք, կարելի է մտածել: Բայց կա մի բայց. հազարավոր արխիվային նմուշների ծալքերում նա պահպանել ու պատմությանն է հանձնել մի ինքնագիր թղթի պատառիկ, որտեղ Սարոյանի մասին հետևյալ գրառումն է արված. «Ուիլյամ Սարոյանի ոչ գրական պորտրեն և ոչ էլ նրա ինքնությունը ճշգրիտ ներկայացնելու հնարավորությունն ունենք: Մեր ձեռքի տակ է միայն փոքրիկ ժողովածու՝ «Պատմվածքներ», թարգմանությամբ Սահակ Պալըգճյանի, որ միայն տպավորություններ է ընձեռում: Ըստ էության Սարոյանը ամերիկյան գրող է, ծագումով հայ: Եվ եթե»:
Այն հանգամանքը, որ Դեմիրճյանի արխիվում չի պահպանվել Սարոյանին վերաբերող երկու ծավալուն հոդվածից և ոչ մեկի բնագիրը կամ ամսագրային տարբերակը, արդեն որոշակի տեղեկություն է պարունակում. հակված ենք կարծելու, որ Դեմիրճյանը ցանկացել է շրջանցել Սարոյանին անդրադառնալու փաստը, ժամանակի ծալքերում թաքցնել-կորցնել իր հակասական գնահատականների արձանագրությունները՝ ուղղված Սարոյանին: Եվ արդյոք պատահական բան է, որ ի տարբերություն այս երկու հոդվածների՝ նա պահպանել է վերոհիշյալ ինքնագիր թերթիկը: Իսկ այն, որ Վիլյամ Սարոյանի գրականությունը հայասիրության, մարդասիրության,խաղաղասիրության բացառիկ օրինակ է, վեր է ամեն տեսակ կասկածից: Թերևս, արժի շեղվել Դեմիրճյան-Սարոյան թնջուկի այս երկարուձիգ արծարծումից և իբրև ամփոփում՝ մեջբերել Վահագն Դավթյանի «Բարի հսկան» գրքից մի հատված, որում ամփոփված է Սարոյանի հավատամքը. «Բռնություն գոյություն ունի: Եվ դու, իհարկե, հիշեցրու այդ մասին: Հիշեցրու պատերազմի մասին: Հիշեցրու այլանդակությունների մասին: Եվ ամենից առաջ շեշտիր կեցության պարզ ճշմարտությունը»:
Եվ ևս մեկ վկայություն, որ վաղուց ի վեր հավաստագրել է Սարոյանի մեծ սերն առ հայն ու Հայաստանը և բոլոր ժամանակների ու պարագաների հոլովույթում պանծացրել նրա ազգային արժանապատվության զգացումը. խոսքը «Հայը և հայը» էսսեի հայտնի հատվածի մասին է, որ մեջբերում ենք ստորև:
«Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարողանար այս ցեղը, կոդակ ու հպարտ մարդկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված ու երգերը լռած են:
Փորձեք կործանել այս ցեղը, ասացեք՝ դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը՝ պատերազմի ծխով բռնված: Կործանեցեք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցեք անապատ. մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսեք՝ նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք՝ ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:
Ջանացեք, տեսեք՝ կարողանա՞ք պիտի, շունշանորդիներ, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ խոսեն իրար հետ, փորձեք ջնջել նրանց»:
Մի՞թե այսպես մտածող Սարոյանը Դեմիրճյանի հոգեկից-գաղափարակիցը չէ, և մի՞թե այս երկու մեծ հայը կարող են անհաշտ լինել ժամանակի, տարածության, տիեզերական չափումների համապատկերում: Մեր հաստատուն կարծիքով՝ բնավ ո՛չ:
Կարինե Ռաֆայելյան
No Comments