Երաժշտություն Վովա Արզումանյան

Ձայն, որ սահմաններ չի ճանաչում․Լարա Ֆաբիան

Ձայն, որ սահմաններ չի ճանաչում․Լարա Ֆաբիան

Նա ստեղծում է այն, ինչ չկար, և իր կատարումներով ստիպում հավատալ, որ երաժշտությունը տիեզերական լեզու է։ Նա ոչ միայն ազատ խոսում է մի քանի լեզվով, այլև իր երգացանկում ունի գործեր ավելի քան 12 լեզուներով՝ ֆրանսերենից մինչև եբրայերեն։ Լարա Ֆաբիանը յուրաքանչյուր լեզվի հնչյունաբանությունը դարձնում է զգացմունքի փոխանցման գործիք: Եվ այս ամռանը մենք բացառիկ հնարավորություն ունենք ունկնդրելու նրան հենց Երևանում։

Լարա Ֆաբիանն այն բացառիկ արտիստներից է, որի ձայնն ու կենսագրությունը հյուսված են զգացմունքների ու դրամատիզմի աներևակայելի շերտերից։ Նրա պատմությունը սկսվում է դեռ մանկությունից, երբ սիցիլիացի մայրը նրան անվանեց Լարա՝ ի պատիվ Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպի հերոսուհու, ինչն էլ թերևս կանխորոշեց նրա սերը սլավոնական մշակույթի ու խոր էմոցիոնալ կերպարների հանդեպ։ Ութ տարեկանում ստանալով իր առաջին դաշնամուրը, որը ծնողներն անվանեցին նրա ճակատագրի գործիք, Լարան սկսեց կերտել մի աշխարհ, որտեղ երաժշտությունն ու լեզուները չունեն սահմաններ։

Ֆաբիանի ձայնը դասակարգվում է որպես լիրիկական սոպրանո: Նրա ձայնային դիապազոնը հասնում է 4 օկտավայի: Սա թույլ է տալիս նրան անցում կատարել նուրբ, գրեթե շշուկային նոտաներից մինչև հզոր, «ստադիոնային» հնչողություն: Հենց այս ուժի շնորհիվ նրան հաճախ համեմատում են Սելին Դիոնի հետ:

Ի դեպ, նրանց «մրցակցությունը» սկսվել է դեռ 1988 թվականին «Եվրատեսիլ» մրցույթում: Լարան ներկայացնում էր Լյուքսեմբուրգը և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ հաղթողը Սելին Դիոնն էր: Այդ օրվանից երկու դիվաների երկրպագուները չեն դադարում համեմատել նրանց տաղանդը:

Լարայի ձայնը հնչում է նաև կինոյում: Դիսնեյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» մուլտֆիլմի ֆրանսիական տարբերակում նա կրկնօրինակել է Էսմերալդային: Շատ քննադատներ հենց նրա կատարումն են համարում ամենահաջողվածն ու էներգետիկ առումով ամենամոտը կերպարին:

Իսկ ահա նրա այցեքարտը դարձած «Adagio»-ն ավելին է, քան պարզապես երգ: Այն հիմնված է Տոմազո Ալբինոնիի դասական մեղեդու վրա, իսկ տեքստի հեղինակը հենց Լարան է: Նա խոստովանել է, որ սա երկխոսություն է հոգու և Աստծո միջև, ինչն էլ հաղորդում է երգին այդպիսի էմոցիոնալ լարվածություն:

Երգչուհու կյանքում եղել են նաև ծանր փորձություններ: 2013-2014 թվականներին ձայնային տրավմայի պատճառով նա հայտնվեց լռության մեջ: Բժիշկները կասկածում էին՝ կկարողանա՞ նա երբևէ վերադառնալ բեմ: Սակայն Լարան ապացուցեց՝ կամքի ուժը երբեմն ավելի հզոր է, քան կենսաբանական սահմանափակումները: Նա վերականգնվեց և շարունակեց նվաճել աշխարհի մեծագույն բեմերը:

Լարա Ֆաբիանի երգացանկը նման է զգացմունքային մի մեծ քարտեզի, որտեղ յուրաքանչյուր ստեղծագործություն մի առանձին պատմություն է՝ լի դրամատիզմով և անկեղծությամբ։ Նրա ամենաառանցքային գործերից է «Je t’aime»-ը, որը դարձավ երգչուհու այցեքարտը և նրան բերեց համաշխարհային ճանաչում։ Այս երգը սիրո մասին պարզապես խոստովանություն չէ, այլ հոգու ճիչ, որտեղ Լարայի ձայնային հնարավորությունները բացվում են ողջ հզորությամբ։ Հետաքրքիր է, որ երբ նա առաջին անգամ կատարեց այս երգը, շատերն այն ընկալեցին որպես չափազանց էմոցիոնալ, սակայն հենց այդ բացարձակ անկեղծությունն էր, որ ստիպեց միլիոնավոր մարդկանց սիրել նրան։ «Երբ ես երգում եմ «Je t’aime»-ը, ես չեմ երգում այն մեկ մարդու համար։ Ես երգում եմ այն սիրո գաղափարի համար։ Սերը միակ ուժն է, որը մեզ ստիպում է վեր կենալ, երբ հարված ենք ստանում։ Իմ երգերը ոչ թե իմ մասին են, այլ այն զգացմունքների, որոնք մեզ բոլորիս միավորում են»,- հարցազրույցներից մեկում ասել է երգչուհին։ 

«I Will Love Again» երգով Լարան նվաճեց ամերիկյան չարտերը՝ ապացուցելով, որ կարող է լինել նաև դինամիկ ու ժամանակակից։ Ի տարբերություն իր դրամատիկ բալլադների, այս ստեղծագործությունը լի է լավատեսությամբ և էներգիայով, ինչը նրան բերեց պարային հիթերի թագուհու համբավը ԱՄՆ-ում։

Նրա ֆրանսիական երգացանկի մարգարիտներից է նաև «Immortelle»-ը, որտեղ երգչուհին խոսում է հոգու անմահության և անցողիկ արժեքների մասին։ Այս երգը հատկապես սիրված է իր փիլիսոփայական ենթատեքստի և մեղեդային նրբության համար։ Իսկ «Malade» երգի նրա կատարումը, որն ի սկզբանե պատկանում էր Դալիդային, շատ քննադատներ համարում են լավագույնը երաժշտության պատմության մեջ։ Լարան այնքան ապրումով է հաղորդում հուսահատ սիրո ցավը, որ ունկնդիրն ակամա դառնում է այդ մեծ դրամայի մասնակիցը։ «Լեզուն ընդամենը գործիք է, զգացմունքը՝  նպատակ։ Ես կարող եմ երգել լեզվով, որը դուք չեք հասկանում, բայց եթե ես երգում եմ սրտով, դուք կզգաք ամեն մի բառի իմաստը։ Երաժշտությունը միակն է, որ թարգմանության կարիք չունի»,-հարցազրույցներից մեկի ժամանակ ընդգծել է Լարա Ֆաբիանը։ Եվ հենց այս անկեղծ էներգիան է, որ այս ամռանը կհամախմբի բոլորիս Երևանի սրտում՝ ապացուցելով, որ իրական երաժշտությունը պարզապես պետք է զգալ։

 Վովա Արզումանյան