Կարինե Ռաֆայելյան Կերպարվեստ

«էդ ինչ ուժ է, որ ինձ ամեն օր տանում է արվեստանոց»

09.11.2019

Ardi.am-ը պատիվ ունի հյուրընկալելու ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին:

— Վարպե՛տ, օրվա ընթացքում կա՞ որոշակի ժամանակահատված, որը պարտադիր նվիրում եք նկարելուն: Թե՞ ներքին մղումն է որոշում՝ երբ և որքան ժամանակով պիտի լինեք արվեստանոցում և ստեղծագործեք:

-Ամենալավ հարցն է: Ես դրա պատասխանն ունեմ: Եթե Ձեզ թվում է, թե ես գնում եմ արվեստանոց և ամբողջ ժամանակ նկարում, սխալվում եք: Արվեստանոցն իմ տեղն է: Եվ գիտե՞ք՝ ինչ դժվար է ինձ համար այնտեղ գտնվել: Գնում եմ, մեկ-երկու ժամ նստում-նայում: Ամենադժվար պահը նկարակալին մոտենալն է: Այդ դժվար պահը հաղթահարում ես, մոտենում ես, ու արդեն սկսվում է: Չկա նման բան, որ նախապես մտածեմ, թե այսօր դեղձ եմ նկարելու, վաղը՝ պեյզաժ, մյուս օրը՝ դիմանկար: Այդ ընթացքն անհասկանալի է: Արդեն 60 տարի նկարում եմ, ինքս էլ չեմ հասկանում, թե էդ ինչ ուժ է, որ ինձ ամեն օր տանում է արվեստանոց: Լա՜վ փեշակ է:

-Հո չասացի՞ք:

-Լուրջ բան եմ ասում՝ փեշա՛կ է, փեշա՛կ: Նույնն է, թե կահույք սարքես կամ դրա նման մի այլ բան:

-Կահույք սարքողները երկու խազ են քաշում փայտի վրա, արդեն իրենց արվեստագետ են հռչակում, Դուք էս ի՞նչ հեշտ եք հրաժարվում Ձեր կոչումից:

-Դե խոսում եմ, էլի: Բանի տեղ մի՛ դիր:

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի

Ardi.am-ն իր երախտագիտությունն է հայտնում Արեգ Էլիբեկյանին՝ Ռոբերտ Էլիբեկյանի և նրա աշխատանքների լուսանկարները տրամադրելու համար:

No Comments

Leave a Reply