ardi.am ԳրաԴաշտ

«Էդիթ Պրինտ»․ նոր գրքեր, նոր շարքեր

20.01.2024

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը շուտով կներկայանա նոր գրքերով։ Հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը ardi.am-ին պատմել է սպասվող նորությունների մասին։

Մինչև փետրվարի 19-ը լույս են տեսնելու Ռեմարկի «Կյանքի կայծը» վեպը՝ Վանուհի Բաղմանյանի թարգմանությամբ, Թոմաս Վուլֆի «Հեռավորն ու մոտիկը» պատմվածքների ժողովածուն՝ Վարդան Ֆերեշեթյանի թարգմանությամբ, ինչպես նաև «Արկածային գրադարան» շարքով՝ «Մոնթեսումայի դուստրը» ստեղծագործության թարգմանության վերանայված տարբերակը։

Այս տարի լույս կտեսնի Շոն Քովիի «Երջանիկ երեխաների 7 սովորությունները» գիրքը, Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ…» եռագրության վերջին հատորի թարգմանությունը։

Այս տարի մենք սկիզբ ենք դնում երկու շարքի` «Պատմավեպ», որով կհրատարակվեն դասական և արդի հեղինակների պատմական ստեղծագործությունները (առաջին գիրքը կլինի Էդուարդ Խաչիկյանի «Սարգիս զորավար» վեպը) և «Ֆանտաստիկ» շարքը (առաջին գրքերը կլինեն Հերբերտ Ուելսի ստեղծագործությունները)։

Դետեկտիվի սիրահարներին կշարունակենք մատուցել նոր գործեր․ 5 նոր թարգմանություն Ժորժ Սիմենոնի «Կոմիսար Մեգրե» շարքից և 10 նոր գիրք Ագաթա Քրիստիից։

IT ոլորտի մասնագետների և սկսնակների համար ևս անակնկալ կա․ լույս է տեսնելու Կարո Հակոբյանի «Java. ծրագրավորման հիմունքները» գիրքը։

Նախատեսվում են հրապարակման Էմիլ Զոլայի «Խումարան» վեպը` Նվարդ Վարդանյանի թարգմանությամբ, երկու բեսթսելեր գրքեր՝ Մարկ Լեվիից և Լուիզա Մեյ Օլքոթի «Փոքրիկ տիկնայք» ստեղծագործությունը։

«Ինքնություն» մատենաշարով լույս կտեսնեն Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթի և Կիրակոս Գանձակեցու երկերը, Խրիմյան Հայրիկի «Պապիկ և թոռնիկ», «Դրախտի ընտանիք» ստեղծագործությունները։ «Սփյուռք» մատենաշարով հրատարակվելու է Զապել Եսայանի երկերի լիակատար ժողովածուն՝ Արթուր Անդրանիկյանի աշխատասիրությամբ։

Երեխաներին ևս անակնկալներ են սպասվում։ Նոր թարգմանությամբ ու նկարազարդումներով լույս կտեսնեն «Պինոքիոյի արկածները»՝ Արծվիկ Գևորգյանի թարգմանությամբ, ևս երկու գիրք՝ «Հայրենի պատմություններ» շարքով։

Ardi.am

No Comments

Leave a Reply