Եղիշե Չարենցի պատմահայեցողությունը, ժողովրդին ուղղված չարենցյան՝ սթափեցնող, ճշմարիտ «դասերը» առավել հանգամանորեն արտահայտվել են «Երկիր Նաիրի» ստեղծագործության մեջ։ Իրական հայրենիքի՝ Նաիրի որոնումը, «անհուն ցանկության» «կուտակված կարոտի ելք»-ը դարձավ այս վեպը։ Նա փորձեց փնտրել ու գտնել, ցույց տալ թե ո՞րն է Երկիր Նաիրին՝ «մի՞ֆ, ուղեղային մորմոք, թե՞ շոշափելի ու իրական» հայրենիք, ո՞ր երևույթն է կոչվում «նաիրյան», և ո՞վքեր են նաիրցիները՝ հին քաղաքի «նոր ու հին» քաղաքացիները, և այս բոլորը, առաջին հերթին, ներկայացրեց իրեն բնորոշ ինքնատիպությամբ, երբեմն հակասական, ժխտող, մերժող ու ցավոտ, սուր, ոչնչացնող երգիծանքով, բայց իրական, ճշգրիտ ու սթափեցնող գնահատականներով։
Չարենցն իր առաջին արձակ ստեղծագործությունն անվանել է «պոեմանման վեպ» և գրել է մաս-մաս, ընդհատումներով (1921 թվականին Մոսկվայում ավարտել է «Քաղաքը և իր բնակիչները», 1922 թվականի աշնանը՝ «Դեպի Նաիրի», իսկ 1924 թվականի փետրվարին Երևանում՝ «Երկիր Նաիրի» մասերը): Այս ստեղծագործության վերարժևորման ճանապարհին և Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին ընդառաջ բանաստեղծի տուն-թանգարանում, Հայաստանի գրողների միության հետ համագործակցությամբ, հունիսի 10-ին տեղի ունեցավ «Երկիր Նաիրի» վեպի ստեղծման 100-ամյակին նվիրված միջոցառում։
Միջոցառման մեկնարկը տրվեց ցուցահանդեսի բացմամբ, որի շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը պատմեց թանգարանի հիմնական ֆոնդում պահվող «Երկիր Նաիրի» վեպի նկարազարդումների մասին՝ մասնավորեցնելով Յուրի Բաղդասարովի աշխատանքները։ Ցուցահանդեսին զուգահեռ կազմակերպվեց գիտական քննարկում, որի ընթացքում զեկուցումներով հանդես եկան Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բ․գ․դ․, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, բ․գ․դ պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, մանկավարժ Գոհար Պետրոսյանը։ Իրենց բնորոշ վարպետությամբ՝ դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը և դերասան Սերգուշ Բաբայանն ընթերցեցին նաև վեպի տարբեր հատվածներ:
Չարենցի այս բազմաշերտ, բարդ ստեղծագործությունը, որն ունի իրական, վավերական հիմք, ժանրային, բովանդակային ընդգրկմամբ բացառիկ է և դեռևս չգերացանցված։ Եվ որքան էլ անողոք է, դաժան է չարենցյան երգիծանքը, սարկազմը, որը անհուն ցավի արդյունք է, նույնքան ողբերգական է հեղինակի համար իր հայրենի քաղաքի կորուստը։ Գուցե շատերիս այսօր չարենցյան հայրենասիրություն է պետք․ առանց ավելորդ պաթոսի, «ուղեղային մորմոքի» «ոգեղեն» ճառերի, հուզականության, ներկայում անցյալով ապրելու մոլուցքով։ Գուցե պետք է մենք էլ փնտրենք ու գտնենք իրական Երկիր Նաիրին։
«Երկիր Նաիրի» վեպի՝ Յուրի Բաղդասարովի հեղինակային նկարազարդումները Ե. Չարենցի տուն-թանգարանում կցուցադրվեն մինչև հունիսի 20-ը, որից հետո կտրվի «Չարենցի ծիածանված երազը՝ Երկիր Նաիրին» կրթական ծրագրի մեկնարկը՝ նախատեսված ավագ դպրոցի աշակերտների համար։
No Comments