Անի Անտոնյան ԳրաԴաշտ Կինո

Երկու ֆենոմեն․ Մալյան- Այվազյան

13.08.2021

«Կինո և գրականություն․ Հենրիկ Մալյան, Աղասի Այվազյան» խորագրով հանդիպումը կայացել է Գրքի երևանյան փառատոնի շրջանակում։ Բանախոսներ՝ ռեժիսոր Նարինե Մալյան, կինոլրագրող Ռոբերտ Մաթոսյան, ռեժիսոր, թարգմանիչ Դավիթ Մաթևոսյան ու արձակագիր Ալիս Հովհաննիսյան։ Զրույցը վարեց արվեստաբան Տիգրան Գրիգորյանը։ 

1960-ականները խորհրդահայ մշակույթի զարգացման բուռն տարիներ էին, որոնք նշանավորվեցին արվեստի, գրականության և այլ ոլորտներում ազգային թեմաների արտացոլմամբ։ 

Հենց այս շրջանում առանձնացան գեղարվեստական բացառիկ մտածողության ու ստեղծագործական խառնվածքի տեր երկու ֆենոմեն՝ ռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մալյանն ու ռեժիսոր, արձակագիր Աղասի Այվազյանը։ 

Մալյան-Այվազյան ընկերությունը

«Նրանք երկուսն էլ սովորել էին Թիֆլիսի 81-րդ հայկական դպրոցում։ Իր հուշերում հայրիկը գրում է՝ եթե Աղասի Այվազյանին այսինչ թվից են համարում գրող, ապա իր համար հնգամյա Աղասին արդեն իսկ գրող էր, կինոռեժիսոր, նկարիչ ու երաժիշտ։ Նա մի երազկոտ պատանի էր, որն ուզում էր և՛ ջութակահար լինել, և՛ օդաչու, և՛ նավաստի։ Նույնիսկ ինը տարեկանում հայրիկին համոզել էր փախչել Օդեսա և նավաստի դառնալ»,-հիշում է Մալյանի դուստրը՝ ռեժիսոր Նարինե Մալյանը։ 

Նրա համոզմամբ, այս արվեստագետների ինքնատիպությունը թելադրել է հենց իրենց ապրած միջավայրը՝ Թիֆլիսը, թիֆլիսյան գունագեղությունն ու ճոխությունը, թատերայնությունը։ Մալյանը շատ էր սիրում վրացական պարերն ու երգերը, երբեմն դստերը «հանդիմանում էր», որ վրացիներին մակերեսորեն է ճանաչում։ 

Ի տարբերություն նույն շրջանի լավագույն մտածողներից մեկի՝ Հրանտ Մաթևոսյանի, որի փիլիսոփայությունը կառուցվում է մարդու ու նրա մենության շուրջ, թիֆլիսյան դպրոցից սերած այս հեղինակները խոսում են հիմնականում հասարակության ու նրա խնդիրների մասին։ 

Աղասի Այվազյան․ չբացահայտված բեմադրիչը

Արձակագիր, «Ֆիլմ» թերթի նախկին աշխատակից Ալիս Հովհաննիսյանն ուշադրություն է հրավիրում Այվազյանի՝ հատկապես 70-ականների գրական ժառանգության վրա․ «Սինյոր Մարտիրոսի արկածները» գրականության մեջ հետաքրքիր երևույթ էր։ Վիպակը նկարահանեց Վիգեն Չալդրանյանը, բայց Այվազյանը դժգոհ էր, քանի որ տեքստից շատ էին հեռացել։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ հրաժարվեց ֆիլմում իր անունը նշել»։

«Սինյոր Մարտիրոսի արկածներն» էկրանավորելը նաև Հենրիկ Մալյանի երազանքն էր։ Նարինե Մալյանը հիշում է հոր ոգևորությունը, երբ նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի հետ թերթում էին ալբոմները, կոստյումներ ընտրում։ Սինյոր Մարտիրոսի դերում Մալյանը պատկերացնում էր Շառլ Ազնավուրին, թեև գիտեր, որ դա անհնարին է։ Ի վերջո, ֆիլմի սցենարը պատճառ դարձավ, որ մանկության ընկերները վիճեն ու որոշ ժամանակ հեռանան իրարից։ 

Որպես ռեժիսոր՝ Աղասի Այվազյանը մի շարք հաջողված ֆիլմեր է թողել՝ «Գաղտնի խորհրդականը», «Վառած լամպեր», «Լիրիկական երգ» և այլն, սակայն Ալիս Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ բեմադրելու նրա տաղանդն այդպես էլ ստվերում մնաց։ Օրինակ՝ Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նրա «Երևանի ուղղիչ տնից» պիեսը կարող էր հենց Այվազյանի լավագույն ներկայացումներից մեկը լինել, քանի որ նա բեմը տեսնում ու զգում էր յուրովի։ 

Այվազյանի պատմվածքներում թատրոնն ավելի շատ է, քան պիեսներում։ Նարինե Մալյանի կարծիքով՝ դրանք հնարավոր է հետաքրքիր լուծումներով անընդհատ բացել․ «Անհնար է «Մալյան» թատրոնը պատկերացնել առանց Այվազյանի։ Երբ Աղասի Սեմյոնիչին ասացի, որ «Ցեղի ֆիզիոլոգիան» եմ ուզում բեմադրել, հարցրեց՝ ինչպես եմ անելու։ Դուք թույլատրե՛ք, ես կանեմ՝ պնդեցի։ Եվ պատկերացրեք իմ երջանկությունը, երբ նա եկավ պրեմիերային ու լիարժեք գոհ հեռացավ։ Դա իմ հաղթանակն էր, ամենակարևոր գնահատականը»։

Աղասի Սեմյոնիչի հետ կապված թատերական հիշողությունները շատ են։ Մի անգամ, երբ արձակագիրը «Մալյան» թատրոնում էր՝ իր «Լոքո և Մուսես» պիեսի բեմադրության նպատակով, մոտենում է դերասան Դավիթ Հակոբյանին ու ասում, որ Լոքոյի կերպարն իր համար է գրել։ Նարինե Մալյանը կատակում է՝ Դավիթը «շոյվեց», «բոյն ավելի երկարեց», մինչև պարզվեց, որ Լոքոն «անճոռնի ու զզվելիի» մեկն է։ 

Հենրիկ Մալյանի «ազգայինն» ու խորհրդային գրաքննությունը 

«Մի օր Մալյանին հարցրի՝ ազգայինը ո՞րն է։ Ասաց՝ մարդու շնչառության պես մի բան է․ դու խոսում ես հայերեն ու չես մտածում՝ ինչ լեզվով ես խոսում։ Դա՛ է ազգայինը»,- պատմում է «Ֆիլմ» թերթի նախկին խմբագիր, կինոլրագրող Ռոբերտ Մաթոսյանը։ 

Մալյանը ռեժիսոր է, որը երբեք հատուկ ազգային ֆիլմ չի ստեղծել։ Նա նկարում էր այն, ինչը սիրում էր ու ճանաչում։ Յուրաքանչյուր պարտություն, լիներ ֆուտբոլի, թե շախմատի ոլորտներում, նրա համար անձնական ողբերգություն էր։ Չնայած 60-ականներին արվեստում հեղափոխական միտումներին՝ խորհրդային գրաքննությունն իրեն զգացնել էր տալիս։ «Ցենզուրան ես զգացել եմ մեր տանը, երբ հայրիկը Մոսկվա մեկնելուց առաջ բազմաթիվ դեղեր էր խմում։ Խանգարողներ միշտ եղել են, հատկապես՝ հայերը։ Օրինակ՝ մրցանակաբաշխությանը, որտեղ ներկայացված էր «Եռանկյունի» ֆիլմը, կոմիսիայի անդամներից միակ դեմ քվեարկողը հայ կինոռեժիսոր է եղել»,- ասում է ռեժիսորի դուստրը։ 

Ռոբերտ Մաթոսյանը հավելում է, որ կային նաև այլ խնդիրներ։ Այսպես՝ Հենրիկ Մալյանը, պիջակը թևին գցած, մի օր եկել էր «Ֆիլմ» թերթի խմբագրություն ու հայտնել, որ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը թերթում կարդացել է «Կոմիտասի» սցենարից հատված ու հրավիրել իր մոտ։ Տեղում նա կադր առ կադր ծանոթացել էր ֆիլմին, խոստացել արտասահմանում լուծել արտարժույթի հարցը։ Սակայն Մալյանին այդպես էլ չէր հաջողվել գտնել համապատասխան կերպար՝ միջին տարիքի Կոմիտասին մարմնավորելու համար։ 

«Եռանկյունին» և «Հայրիկը»

— Հայրի՛կ, ինչու՞ է այնպես, որ ես քո ուսերին եմ նստում։

— Քո ուսերին էլ կնստեն։

/հատված «Հայրիկ» ֆիլմից/

«Հայրիկը» վեր է հանում 70-ականների երիտասարդության խնդիրները, ընտանեկան պարզ ու բարդ հարաբերությունները, արմատները պահպանելու անհրաժեշտությունը։ 

Ռոբերտ Մաթոսյանի խոսքով՝ Մալյանն ամենից շատ հենց «Հայրիկն» էր սիրում․ «Մոսկվայի կինեմատոգրաֆիստների միությունում խորհրդային բոլոր ֆիլմերը նկարահանումից հետո քննարկվում էին։ Մեր թերթում «Հայրիկին» երկու էջ էինք նվիրել, շատ հետաքրքիր կարծիքներ եղան։ Չնայած ֆիլմը երիտասարդության մասին է, սակայն ֆորմուլան Մալյանինն է։ Նա՛ է այդ ֆիլմում։ Մի առիթով ինձ ասաց, որ 100 անգամ կարդում է ստեղծագործությունը, մինչև դարձնում է իր սեփականը։ Նա գործին խառնում էր իր միջի եղածը»։ 

«Ու փոխվեցին իմ պատկերացումները Գասպարի մասին։ 

Ես խղճացի նրան ու ավելի սիրեցի։ Մի տեսակ տխուր սիրով»։

/հատված «Եռանկյունի» ֆիլմից/

«Եռանկյունի»․ ֆիլմ դարբնոցում ծնված ընկերության ու պատերազմի մասին, հինգ Մկրտիչների պատմություն, որի հիմքում սերն ու հոգատարությունն է։ 

«Եռանկյունի» ֆիլմում գրաֆիկա կա, որը գալիս է Մալյանի ու Այվազյանի միջավայրից՝ Թիֆլիսի պրիմիտիվիստական դպրոցից։ Դրան զուգահեռ՝ Մալյանը շատ հետաքրքիր հնարք է գործարկել՝ ֆիլմը նկարահանելիս դիմելով դինամիկ կինոյի ջատագով Սերգեյ Իսրայելյանին։ Արդյունքում ստացվել է դինամիզմի ու պրիմիտիվիզմի հաջորդականություն, ինչը Հրանտ Մաթևոսյանի կարծիքով՝ ֆիլմի հաջողությունն է»,-ասում է արձակագրի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը։ 

Նարինե Մալյանը հավելում է՝ «Եռանկյունու» թե՛ դարբինների, թե՛ փոքրիկ տղայի մեջ տեսնում է հորը։ Իր բոլոր կերպարների բնավորության մեջ Մալյանը դրել է իր ճանաչած հային, չսպառվող, հոգևոր բազմաթիվ շերտեր ունեցող հային, որն իր մեծությունը չի գիտակցում։

Անի Անտոնյան
Լուսանկարները՝ Գրքի երևանյան փառատոնի ֆեյսբուքյան էջից

No Comments

Leave a Reply