Հրատապ Շուշանիկ Թամրազյան

Երկու խոսք ուսանողներիս

10.06.2021

08. 06. 2021

2018 թվականի ապրիլն էր, քաղաքի մայթերն ու փողոցները շիկացել էին լարված սպասումից ու հուսահատ ընդվզումից, երբ ես, հանգամանքների բերումով փակված իմ աշխատասենյակում, թարգմանում էի Էքզյուպերիի «Ռազմական օդաչուի» հայտնի տողերը. «Մեռնում են հանուն տան: Ոչ հանուն իրերի ու պատերի: Մեռնում են հանուն տաճարի: Ոչ հանուն քարերի: Մեռնում են հանուն ժողովրդի: Ոչ հանուն ամբոխի…»: Իրականում ամբողջ գիրքը սկսել էի թարգմանել այդ մի քանի տողի համար, որ արվեստագետի ծայրագույն մենության արձանագրությունն էին իր կյանքի և իր երկրի պատմության որոշակի մի պահի: 

Ծանր օրեր էին իրականում: Անբացատրելի ծանր ու լարված: Երթերին ու ցույցերին հաջորդած համաժողովրդական ցնծությունը, որ հեղեղել էր մայրաքաղաքի մայթերն ու հրապարակները, ոչ մի կերպ չէր համոզում ինձ, չէր կարող իմը լինել: Առանձնանալու հիանալի պատրվակ ունեի. պայմանագրի համաձայն՝ մայիսի վերջին թարգմանությունը պետք է ուղարկեի հրատարակչություն: Աշխատում էի, բարձրաձայն կարդում էի հատվածներն ու լուռ զարմանում հանգամանքների այդ զարմանալի խաղի վրա. ուրիշի գրած տեքստն անկանխատեսելիորեն, հայելային անդրադարձի նման, ինձ վերադարձնում էր իմ սեփական զգացողությունը կատարվածի վերաբերյալ: 

Մի քանի ամիս անց գիրքը լույս էր տեսնելու, իսկ իմ չձևակերպված զգացողությունն աստիճանաբար վերածվելու էր իրողության ոչ միայն ինձ, այլ մի շարք մարդկանց համար: 

…Երկու օր առաջ, կրկին աշխատանքի բերումով հայտնվել էի թերակղզում: Աշխատանքից հետո մոտեցել էի ափեզրին, ու սեփական հուզմունքս զարմացրել էր ինձ: Հարազատության խոր մի զգացում, որ միայն հազվագյուտ մտերիմների նկատմամբ կարող ես ունենալ: Թանկ և վտանգված: Լիճը նայում էր ուղիղ աչքերիս մեջ՝ խոր, հարազատ հայացքով, ու ես չգիտեի՝ ինչ ասել…

…Սիրելի՛ ուսանողներ, այն, ինչ արդեն մի քանի ամիս իրագործվում է մեր երկրի սահմաններից դուրս արտաքին թշնամու կողմից, նման է անվերջանալի մի մղձավանջի: Բայց դրա դեմ կարելի է պայքարել ուժերի գերլարումով, սրով, մտքով, ստեղծագործությամբ, հիշողությամբ: 

Շատ ավելի սոսկալի է ստի, կեղծիքի, սենսացիոն հայտարարությունների տեղատարափի ու սահմռկեցուցիչ ցինիզմի սողացող այն երթը, որ երկրի ներսում ամեն օր մարդկանց միտքն ու քայլերն առնում է շուրջկալի մեջ, մեծ և փոքր իր աքցանները հյուսում՝ մտքի հորիզոնները կոճգամելով անհաղթահարելի մի նողկանքի, պատվիրված անելանելիության, սարքովի մի անկման պարագծին: 

Երբ ամեն օր ՀՀ շարքային քաղաքացին սարսափում է պետականության ավարտը կնքող փաստերի շարանից, երբ նույնիսկ ամենակուլ հների ու ամենափրկիչ նորերի մոգական առասպելը մեր աչքի առջև վերածվում է իմաստազուրկ մի կրկներգի, ես ամենաիսկական սարսափով եմ հետևում, թե ինչպես մարդկանց մի ստվար զանգված շարունակում է գործել որպես ամբոխ՝ հանձնված մոգականորեն լուծվող սոցիալական խնդիրների, առատության երազային եղջյուրներից հեղվող բարեկեցության, վեր խոյացող աշխատավարձերի ու ծնկաչոք, հալածական մեծահարուստների միրաժային հեռանկարին, ինչպես է աներևույթ գավազանի հրահանգով՝ համբերատար լսում ու կախարդված կրկնում վարչապետի պաշտոնակատարի և նրա թիկնազորի հայհոյախոսություններն ու գռեհիկ սպառնալիքները՝ ուղղված սեփական երկրի տարակարծիք քաղաքացիներին, շարունակում հետևել «նոր կյանքի» և «Նոր Հայաստանի» մասին ֆելյետոնին, որն այսքան կարճ ժամանակում ստիպեց մեզ վերադառնալ ելման դրության:  

Մի՞թե հնարավոր է ամեն ինչ մինչև վերջ վաճառել սոցիալական հարթվող կնճիռների անուրջին: 

Ուզում եմ չհավատալ այս մղձավանջին… 

Մեր պատմության ամենալուսավոր ու ողբերգական դասերից մեկը, համենայն դեպս ինձ համար, այն պարզ իրողությունն է, որ իրադրությունը մշտապես փրկել և փրկում են առանձին անհատներ՝ անհնարինն անելու իրենց ներընկալմամբ, ազնվությամբ, տաղանդով: Այսօր դիմում եմ ձեզ՝ ձեզանից յուրաքանչյուրի մեջ փորձելով հավատալ այդ անհատին, որից դարձյալ կախված է ամեն ինչ:  

Ինքներդ գիտեք, որ դասին, մասնագիտական նյութին չառնչվող ուղերձները, նամակները շփման իմ նախընտրած ձևը չեն: Սակայն վարչապետի պաշտոնակատարի վերջին ելույթների և հանդիպումների հեռարձակումը ընտրական քարոզարշավի շրջանակներում ստիպեց ինձ խզել լռությունը:

Առջևում ընտրություններն են, սիրելի՛ ուսանողներ, և ես իմ պարտքն եմ համարում դիմել ձեզ՝ որպես մեկը անկախության առաջին՝ դժվարին, բայց ամենապայծառ տարիների, իսկ այսօր արդեն նույն այդ անկախության խայտառակ աճուրդի ականատեսներից: 

Ի՞նչն ենք մենք ընտրում, ի՞նչն եմ ե՛ս ընտրում առաջիկա ընտրություններին… անկարելի զրկանքների գնով ձեռք բերված մեր անկախության հիշողությունը, հավատարմությունն այդ տարիների իրական պայծառությանն ու պատանեկան իմ ցնծությանը, պետականությունը, որն այսօր վերացական, անվիճարկելի արժեքից վերածվել է շոշափելի, առարկայական իրողության, ցավալիորեն ստացել մարմին ու դիմագիծ: Պետականություն, որն ավելի քան վտանգված է սեփական ժողովրդին գիտակցաբար ստերի, անորոշության ու սոցիալական հաշվեհարդարների թմբիրում պահող ներկա իշխանության առկայությամբ, որը, ըստ երևույթին, հարգանքի տուրքը չի տարբերում հանրահավաքից, ռոք երգչի խոսքը՝ քաղաքական առաջնորդի ուղերձից, ազատությունը՝ ցինիզմից ու հայհոյախոսությունից, պետականությունն էլ հավանաբար չափում է հարմար պահին «զիլ տղա» խաղալու իր ազատությամբ… 

Ես ինքս մեծ թերահավատությամբ եմ վերաբերվում քաղաքական ուժերին և առհասարակ քաղաքականությանը: Բայց մի բան վեր է կասկածից. ստեղծված իրադրությունում մեր ընտրությունը ցանկացած դեպքում վեր է քաղաքականությունից, պարզ քաղաքական պայքարից, ու ես պատրաստ եմ ձայնս տալու ցանկացած ուժի՝ բացի սեփական լեզուն և մշակույթն անարգող, բացառապես հանրային կարծիքի ջերմաչափումներով առաջնորդվող, երկրի լինելությունը շոուի վերածած կառավարությանը…

Ուզում եմ հավատալ, որ շատ բան է կախված յուրաքանչյուրի սթափ ընտրությունից, որը միակ միջոցն է՝ ցրելու ահագնացող այս մղձավանջը մեր ներսում և մեր շուրջ:  

Շնորհակալություն:
 
ԵՊՀ դասախոս՝         
Շուշանիկ Թամրազյան

1 Comment

  • Reply Անանուն 10.06.2021 at 18:38

    Իմ թանկագին դասախոս, միայն թե իմանայիք, թե որքան եմ զգում Ձեր ուղղորդումների ու ` անընդմեջ Ձեզ կարդալու կարիքը…

  • Leave a Reply