Ազդագիր Արմինե Սարգսյան

Երբ գրադարանը քո տանն է

25.03.2020

Կինո, թատրոն, համերգասրահ, գրադարաններ, զվարճանքի վայրեր, այգիներ… Կորոնավիրուսի բռնկումը ստիպում է սահմանափակել տեղաշարժը: Տանը պետք է նստեն թե՛ մեծահասակաները, թե՛ փոքրիկները: ԿԳՄՍ նախարարությունը շատ արագ գործարկեց հեռահար հաղորդակցման միջոցները՝ մարդկանց ժամանցը տնից ապահովելու համար: Մշակութային հաստատությունների հետ համագործակցությամբ՝ կյանքի կոչվեցին կրթական, մշակութային, գիտական, ժամանցային տարաբնույթ նախագծեր: Դրանցից մեկին կարելի է միանալ  #Գրադարանը_քո_տանը #Մնա_տանը_գիրք_կարդա  հաշթեգերով ու տեսնել՝ ինչ են առաջարկում հայաստանյան գրադարանները: Ծրագրին անմիջական մասնակցություն է ունեցել  ԿԳՄՍ նախարարար Արայիկ Հարությունյանը՝ երեխաների համար ընթերցելով «Փոքրիկ իշխանը»:

Ապրիլի 2-ին լրանում է մեծ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի 215-ամյակը: Տավուշի մարզային գրադարանը առաջարկում էերեխաներին ընթերցել և ուղարկել Անդերսենի հեքիաթներից: Նաև առաջարկել են միասին դիտել Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակի հիման վրա նկարահանված ֆիլմը:

Լոռու մարզային գրադարանի աշխատակիցները ներկայացնում են արտասահմանյան ու հայ գրողների գործերը: Իսկ այսօր՝ ժամը 21։00-ին, ուղիղ եթերով խոսելու են սոցիալական կայքերի վարման մասին։

Կոտայքի մարզային գրադարանը առաջարկում է լսել  ՈւշիՈւշով փոդքասթը։ Այս ծրագրի միջոցով փորձել են դպրոցական և արտադասարանային ընթերցանության ծրագրերում (և ոչ միայն) ընդգրկված գրականության աուդիո տարբերակները նորովի՝ փոդքասթի միջոցով, ներկայացնել ընթերցողների ուշադրությանը, օգնել դպրոցականներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին, ինչպես նաև կույր և թույլ տեսողություն ունեցող մարդկանց մոտենալ գրքին և ընթերցանությանը։

ՈւշիՈւշով փոդքասթը պատրաստելու համար համագործակցում են Հրազդանի դրամատիկական թատրոնի ղեկավար Աշոտ Սարգսյանի հետ։ #մնա_տանը և #Ուշի-ուշով լսիր՝ https://bit.ly/2ISzzcs: Այս հղումով առաջարկում են համացանցում գտնել և ունկնդրել ՈւշիՈւշով փոդքասթի 10 էպիզոդները։

Մանրամասներ իմանալու, ծրագրերին հետևելու և մասնակցելու համար պետք է միանալ վերոնշյալ նախաձեռնություններին, ամենակարևորը՝ առայժմ մնալ տանը ու  գիրք կարդալ:
Արմինե Սարգսյան

No Comments

Leave a Reply