Ardi.am-ը այս անգամ պատմելու է բավականին սկզբունքային ու բարի երիտասարդի մասին, ով կյանքը շիտակ ու ճիշտ ապրելու ուղին է ընտրել։ Հայրենիքն ապրում է Սամվելի նման հայրենապաշտների սիրո ու անպարտելիության շնորհիվ:
Մեր երկիրը հարուստ է նրա նման քաջորդիներով, որոնք պատրաստ են հանուն ընտանիքի, հավատի, ինքնության իրավունքի վտանգել ամենաթանկը` սեփական կյանքը։
Հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումը խտացված է 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Սարյանի կերպարում։
Սամվելը պատերազմը սկսվելուն պես կամավորագրվեց և մեկնեց Մատաղիս: Այնտեղ մարտնչում էր զինակից ընկերների հետ միասին։ Ինչպես ինքն է ասում` բոլորը մի գաղափար ունեին` արժանապատիվ հաղթանակ։ Այո, արժանապատիվ հաղթանակ ու պատվով պայքար` պատվի համար…
Սամվելը մեզ հետ զրույցի ժամանակ մեկ ժպտում է, մեկ տխրում, ցավում է, որ այդքան ընկեր է կորցրել։ Ասում է` ամեն կորուստ ծանր ու անդառնալի է։ Իսկ այսօր, կորստի ցավը հաղթահարելով, ապրում է, և որ ամենակարևորն է` վայելում իր փոքրիկի ժպիտը։
Հոկտեմբերի 13-ին Սամվելը Մատաղիսում վիրավորվում է։ Չի հաջողվում խուսափել անդամահատումից, բայց փառք Աստծո, որ այսօր մեր կողքին է։
Այդքան փորձություններից հետո, նոյեմբերի 9-ին առաջին անգամ Սամվելը լացեց՝ Շուշին կորցնելու համար: Դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներին էր նրա ընտանիքը Բաքվից տեղափոխվել և հաստատվել Շուշիում:
Այսօր ճերմակ հրեշտակը ոսոխի ձեռքերում է։ Բայց ոգին… այդ ոգին երբեք չեն գողանա մեզանից։
Պատերազմն անջնջելի հետքեր թողեց։ Սամվելի երիտասարդ աչքերը տեսել են և՛ 2016-ի ապրիլյան դժնդակ օրերը, և՛ 2020-ի մղձավանջը։
Ինչքան փորձում ենք այլ թեմայից խոսել, չի ստացվում։ Սամվելը հիշում է.
«Վիրահատությունից հետո աչքերս բացելուն պես կնոջս՝ Լուսինեին հարցրեցի` արդյոք պատրա՞ստ է մինչ վերջ մնալ կողքիս։ Դրական պատասխան ստանալով, որոշեցի ապրել նորովի՝ հաղթահարելով ամեն ինչ»,-պատմում է մեր նյութի հերոսը։
Չի կոտրվում, իր մեջ նոր ուժեր է հավաքել, հավատում է մեր երկրի վաղվա օրվան…
«Երբ գնում ես Հայրենիքդ պաշտպանելու, մտածում ես միայն դրա մասին»,- ասում է Սամվելը։ Այդպես էլ եղավ։ Գնաց ու կռվեց` հաստատելով այն իմաստուն միտքը, որ հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ։
Սամվելը եկեղեցու մոտ աղավնիներ է բաց թողնում երկինք, աղոթքով, սպասումով ու խնդրանքով՝ հայացքն ուղղելով Աստծուն։
Վովա Արզումանյան
No Comments