Թատրոն Կարինե Ռաֆայելյան

Երևանյան միջազգային թատերական փառատոն

11.11.2025

Նոյեմբերի 19-30-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի Երևանյան միջազգային թատերական փառատոնը: Փառատոնը հիմնադրվել է 2023 թ., այս տարի այն կայանալու է երրորդ անգամ:

Նախորդ տարիներին փառատոնին հյուրընկալվել են Ալեքսանդրինյան թատրոնը, Օդեոն թատրոնը, Սիմոն Աբգարյանի թատրոնը, այլ հանրահայտ թատրոններ: Այս տարի ևս սպասվում են այդպիսիք:

Սունդուկյան թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված է փառատոնային ամբողջ խաղացանկը, ինչը հնարավորություն է ընձեռում թատերասերներին ընտրելու իրենց ճաշակին հարիր ներկայացումն ու դիտելու այն առաջիկա օրերին:

Այս տարվա փառատոնին կներկայանա ինը թատերախումբ: Գերակշռում են ամերիկյան թատերախմբերը: Փառատոնի հյուրերի թվում են Թուրքիայի «Հանկարծ» հայկական թատրոնը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնը:

Հայաստանում Եվրոպական Միության և Գյոթե ինստիտուի հովանավորությամբ՝ երիտասարդ հայ պարողների մասնակցությամբ կներկայացվի Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող Sasha Waltz & Guests խմբի նորարարական In C պարային ներկայացումը՝ ներշնչված Թերի Ռայլիի լեգենդար երաժշտությամբ: Հատուկ այդ նպատակով Հայաստան է ժամանել Sasha Waltz & Guests խմբի անդամ Դավիդե Դի Պրետորոն, որն այս պահին հայ պարողների հետ իրականացնում է ներկայացման փորձերը, և նա նույնպես պարելու է ներկայացման մեջ:

Փառատոնին կմասնակցի ամերիկայն ԼԻԹ ՄՈՒՆ թատրոնը՝ «Արքա Լիր»

և «Քեռի Վանյա» ներկայացումներով: Ի դեպ, այս ներկայացումներում ամերիկացի դերասանների հետ գլխավոր դերերով հանդես կգա նաև Վարդան Մկրտչյանը:

Ութ տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների համար (նկատենք, որ հրաշալի հնարավորություն է ընձեռված երիտասարդ ընտանիքներին) շատ հետաքրքիր ներկայացում-աշխատարան է ցուցադրելու Յուլյա Դուխովնին: «Փոքրիկ Ծառ-Հսկան» ներկայացումից հետո հանդիսատեսները կմասնակցեն վերպետաց դասի, կստեղծեն և որպես հուշ՝ իրենց հետ կտանեն թղթե եռաչափ կոլաժներ:

Փառատոնը հյուրընկալելու է ամերիկացի ինքնատիպ արվեստագետ Ոինսլոուին, որը Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած այցելել է մեր երկիր, արել լուսանկարներ, գրել իր ընկալումը Հայաստանի մասին: Այսինքն, մենք՝ ապրողներս այդ միջավայրում, ունենք հնարավորություն տեսնելու մեր ապրածն ու զգացածը դրսեցու հայեցակետով, կողքից դիտողի մատուցմամբ: Ուինսլոուի ներկայացումը կոչվում է  «Սիրո նամակ Հայաստանին»: Հենց այս ներկայացումով էլ կտրվի փառատոնի մեկնարկը:

Փառատոնին մասնակցում են նաև մեր հանրապետության թատրոները: Սունդուկյան թատրոնը հանդես կգա «Կարլ Մարքս. խոստովանություններ», Համազգային թատրոնը՝ «Փափլիկը», Մնջախաղի թատրոնը՝ «Մացառուտներ» ներկայացումներով:     

Փառատոնային ներկայացումների տոմսերի գինը կտատանվի 2000-6000 ՀՀ դրամի սահմաններում, կլինեն նաև սահմանափակ քանակությամբ ուսանողական տոմսեր՝ խորհրդանշական ցածր գներով:

Ամեն երեկո ներկայացումներից հետո Պաննո արվեստի տանը կկազմակերպվեն  երեկույթներ, որոնց մուտքը կլինի ազատ:

Կարինե Ռաֆայելյան