Արմինէ Աբրահամյան: Ծնվել է Ստեփանակերտում։ Ավարտել է Արցախի պետական համալսարանի ֆինանսա-իրավաբանական ֆակուլտետի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժինը։ Աշխատում է իր մասնագիտությամբ՝ որպես հաշվապահ, զուգահեռ զբաղվում է լուսանկարչությամբ։
— Լուսանկարչությունը Ձեր կյանքում։
— Լուսանկարչության նկատմամբ միշտ էլ սեր եղել է։ 2018 թվականին շատ պատահական մասնակցեցի ֆոտոմրցույթի և զբաղեցրի առաջնային տեղ, ինչն էլ դեր խաղաց հետագա որոշումներս կայացնելու համար։ Հիմնականում լուսանկարում էի քաղաքը, երբեմն էլ փողոցում հանդիպած երեխաների։ Երիտասարդներից շատ քչերն էին համաձայնվում լուսանկարվել․ կամ ամաչում էին, կամ էլ պարզապես անտարբեր անցնում։ Չհիասթափվեցի ու հետ չկանգնեցի։ Կար նպատակ․ հետևաբար պայքարեցի, աշխատեցի, սովորեցի և․․․ հասա։
— Ձեր աշխատանքներում կա՞ թեմա, որ գերակշռում է:
— Իմ աշխատանքներում բոլոր թեմաներն էլ գեռակշռող են։ Իսկ եթե, այնուամենայնիվ, առանձնացնելու լինենք, ապա կնախընտրեի լուսանկարել մարդկանց։ Բոլորովին այլ զգացողություն է, երբ մարդկային կյանքը «տեղափոխում ես» կեսկիլոգրամանոց սարքի մեջ։
— Ձեր լուսանկարչությունը իրականությա՞ն արտացոլումն է, թե՞ իրականությունից կտրված ինքնաբավ աշխարհ:
— Փորձում եմ այդ իրականությունից կտրված ինքնաբավ աշխարհն արտացոլել իրականության մեջ։ Եվ եթե իմ հաճախորդները հիացմունքով են նայում իրենց լուսանկարներին, ուրեմն ինձ դա հաջողվել է։
— Ի՞նչ հնարավորություններ ու ի՞նչ խնդիրներ ունի երիտասարդ արվեստագետը Հայաստանում:
— Եթե քո աշխատանքով կարողանում ես որևէ դրական արդյունքի հասնել, ուրեմն ինչ-որ արգելքներ արդեն հաղթահարված են։ Հենց այնպես երկնքից մանանա չեն թափում գլխիդ ու հաջողությունը սկուտեղի վրա չեն մատուցում։ Արգելքներ միշտ էլ եղել են, կան, կլինեն։ Արգելքներն էլ հենց դրա համար են, որ հաղթահարես ու առաջ շարժվես։ Ինչ վերաբերում է հնարավորությանը․․․ կան բազում հնարավորություններ հաջողության հասնելու, պարզապես պետք է աշխատել, աշխատել, աշխատել, անընդհատ, առանց նվվալու։ Տաշած քարը գետնին չի մնա, մի օր էլ քեզ կնկատեն։
— Ազգայինը պե՞տք է երևա լուսանկարչի գործերում:
— Ազգայինը լուսանկարչի գործերում պետք է երևա, բայց պարտադիր չէ, դա արդեն արվեստագետի նախասիրությունից է կախված։ Ես վեր եմ դասում ազգայինը, բայց չեմ կառչում դրանից։
— Ո՞րն է Ձեր գերագույն նպատակը լուսանկարչական արվեստում։
— Գերագույն նպատակ ասվածը մի տեսակ շեղում է բուն նպատակից։ Եթե աշխատանքներդ գնահատվում են, լուսանկարներդ պատմություն են դառնում, դու արդեն այդ ճանապարհին ես։ Վերջնակետը ինքդ չես որոշում։
— Կարևորո՞ւմ եք արվեստաբանների կարծիքը:
— Այո, կարևորում եմ այնքանով, որ հետևություն եմ անում ու գալիս եմ ընդհանուր հայտարարի։
— Ցուցահանդես․․․
— Նպատակ ունեմ անհատական ցուցահանդես կազմակերպել Արցախում։ Թեմայի մասին դեռ մտածում եմ։
— Կա՞ հայ կամ ոչ հայ որևէ լուսանկարիչ, որը Ձեզ համար ամենասիրելին է:
— Արա Գյուլերը։
— Ծրագրեր առաջիկայում։
— Առաջիկա ծրագրերի մասին, Ձեր թույլտվությամբ, չեմ խոսի։ Հետաքրքիր նորություններ սպասվում են, բայց այդ մասին հետո։
Ardi.am
Արմինէ Աբրահամյանի լուսանկարների շարքը՝ այստեղ։
No Comments