Երաժշտություն Կարինե Ռաֆայելյան

«Ես ազատ ստեղծագործող եմ»

05.09.2023

Ardi.am-ի հյուրը օպերային երգիչ Հայկ Վարդանյանն է:

-Հայկ, վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կայացավ Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի պրեմիերան: Ներկայացման կենտրոնական դեմքը Կալաֆն է, ոչ թե՝ Տուրանդոտը՝ ըստ իս: Կարծում եմ՝ պիեսի հեղինակ Կառլո Գոցցիի միտումն է եղել՝ հանդիսատեսին թողնելու իր ստեղծագործության իրական հերոսին բացահայտելու հնարավորությունը: Ինչևէ, Դուք հրաշալի մարմնավորեցիք Կալաֆի կերպարը: Ինչպե՞ս հասաք այդ հաջողությանը, ի՞նչ սկզբունքներով եք համագործակցում մեր օպերային թատրոնի հետ:

Տեսարան «Տուրանդոտ» օպերայից

-Ես ազատ ստեղծագործող եմ, հյուր երգիչ՝ թե՛ մեր օպերայում, թե՛ արտասահմանում: Փորձում եմ այլևայլ կապանքներից զերծ մնալ: Շատ կարճ ժամանակահատվածում պատրաստեցի Կալաֆի դերերգը: Այդպես չի լինում սովորաբար իմ դեպքում: Հունիսի 14-ին կատարեցի Ռադամեսի դերերգը՝ «Աիդա» օպերայում և դրանից անմիջապես հետո առաջարկ ստացա Կարեն Դուրգարյանից՝ կատարելու թե՛ «Տուրանդոտում»՝ Կալաֆի, թե՛ «Կարմենում»՝ Դոն Խոզեի դերերգերը: Հաշված օրերի ընթացքում պատրաստեցի դերերգերն ու միանգամից ներգրավվեցի փորձերի մեջ: Երեք Կալաֆ էր ընտրված, վեց՝ Տուրանդոտ, հինգ՝ Լիու: Մեկ ամիս՝ թե՛ բեմական, թե՛ երաժշտական առումներով, շատ ինտենսիվ փորձեր ունեցանք: Այս ընթացքում ինձ համար հարազատ կերպար դարձավ Կալաֆը: Ուրախ եմ, որ լավ տպավորություն եմ թողել, որովհետև պրեմիերային ելույթները, որպես կանոն, զիջում են հաջորդներին: Իսկ մեր օպերային թատրոնի հետ համագործակցությունն սկսվել է «Աիդա» օպերայում Ռադամեսի դերերգից, երկու տարի առաջ:

Ռադամեսի կերպարում

Այդ դերի համար հրավիրված էր իտալացի տենոր, որն առողջական խնդիրներ ունեցավ, և ինձ առաջարկեցին շատ շտապ ընդգրկվել ներկայացման մեջ: Առանց նվագախմբի հետ փորձերի, առանց բեմական փորձերի՝ ես համարձակություն ունեցա հանդես գալու պրեմիերային: Ընդամենը ներկայացումից երկու ժամ առաջ իտալացի ռեժիսորը խնդրեց իր հետ քայլել բեմում, բացատրեց՝ ինչ-որ պետք էր: Նախորդ օրն էլ լսել էի օպերան՝ ուրիշների կատարմամբ: Այսքանը միայն:

Ռադամեսի կերպարում

Հետագայում, իհարկե, առավել հասուն դարձավ իմ կերպարը «Աիդայում»>>: Իսկ դրան հաջորդեցին «Տուրանդոտը» և «Կարմենը»: Սպասվում են նոր ներկայացումներ մեր օպերային թատրոնում, գուցե զբաղված կլինեմ նաև դրացնում:

-Դուք նաև մենաելույթներ եք ունենում հայաստանյան տարբեր բեմերում: Պատմեք, խնդրեմ, դրանց մասին:

-Այո՛: Աշխատում եմ ազատ ստեղծագործողի կարգավիճակս չարաշահել՝ լավ իմաստով: Թե՛ ձայնի կատարելագործման, թե՛ կերպարի զարգացման համար անհրաժեշտ է անընդհատ գործել՝ առանց կանգառների: Տարբեր ժանրերում եմ հանդես գալիս՝ օպերային արիաներ, ռոմանսներ, նեապոլիտանական երգեր: Շատ եմ անդրադառնում Կոմիտասին: Մենահամերգի ձևաչափով տարբեր տեղերում եմ հանդես գալիս: Այս տարի, օրինակ, շատ բարդ երգացանկով մենահաներգ ունեցա Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Միայն օպերային արիաներ էին ընդգրկված ծրագրում: Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ունեցա նեապոլիտանական երգերից բաղկացած համերգ: Գրեթե նույն ծրագրով ներկայացա Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում: Հիմա պատրաստում եմ նոր ծրագիր՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայանալիք համերգի համար: Ծրագիրը հարմարեցված է այդ դահլիճի հնարավորություններին, կլինեն ոչ թե օպերային մեծ արիաներ, այլ ավելի նուրբ կատարողական մոտեցումներ, ձայնային որակներ ենթադրող համարներ:

-Դուք նաև Իտալիայում եք ծավալում բեմական, երգչական գործունեություն: Ի՞նչ կպատմեք Ձեր կյանքի իտալական հատվածի մասին:

-Իտալիան, հատկապես՝ Միլանը շատ մեծ դեր խաղացին իմ կայացման գործում: Իմ երկրորդ ուսուցիչը՝ Ջանֆրանկա Օստինին, իտալացի է, միլանցի: Նա՝ որպես կոլորատուր սոպրանո, բավական հայտնի անուն է, հարուստ կարիերա է ունեցել: 2017 թվականից ի վեր՝ մինչև քովիդի սահմանափակումները, ես շատ հաճախ եմ եղել Իտալիայում: Գրեթե տարվա կեսն անցկացրել եմ Միլանում, դասեր վերցրել նրանից: Այդ ընթացքում եմ պատրաստել շուրջ տասը դերերգեր, որոնք առաջարկում եմ այսօր օպերային թատրոններին: Դեբյուտս կայացել է Իտալիայում՝ 2019-ի մայիսին: «Տրավիատայում» հանդես եկա Ալֆրեդոյի դերերգով: Բացօթյա ներկայացում էր դա: Այսինքն՝ կրկնակի դժվար էր. առաջին ելույթ, ամբողջական օպերա, առանց միկրոֆոնների և բացօթյա ձևաչափ: Բայց դա շատ կարևոր փորձառություն էր: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ ընդամենը մի քանի օր առաջ հանդես եկա Կապրի կղզում, «Կարմեն» օպերայում, և իմ Միքայելան այն նույն Վիոլետան էր, որի հետ հանդես էի եկել իմ դեբյուտային «Տրավիատայում»: Ես միակ ոչ իտալացի երգիչն եմ, որ հանդես եմ գալիս այդ օպերաներում:

Տեսարան «Կարմեն» օպերայից

-Ազգային պատկանելության հետ կապված խնդիրներ չե՞ք ունենում:

-Բացարձակապե՛ս: Լեզվական խոչընդոտներ չկան: Ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին որ կամ: Տենոր՝ ձայնի բոլոր գույներով: Իմ ռեպերտուարի տենորները բավականին քիչ են աշխարհում: Հետևաբար, այդպիսիների պահանջարկը շատ մեծ է, և ես դրանից օգտվում եմ: Բոլոր ձայնայնաբաժինները կոնկրետ քաղաքում, երկրում ունենալը բացառիկ բան է: Ուստի և, հրավերները հաճախակի են լինում:

-Դուք աշխատել եք կառավարման ոլորտում, երգչի կարիերան երկրորդն է Ձեր կյանքում: Այն դեպում, երբ մարդիկ փախչում են արվեստից և գնում առավել շահութաբեր ոլորտ, Դուք արել եք հակառակը: Սիրո՞ւմ եք հոսանքին հակառակ լողալ:

-Հոսանքին հակառակ լողալը ցանկացած հաջողության հիմքն է: Տասնհինգ տարի կառավարիչ աշխատելը լավ հնարավորություն է՝ գնահատելու սեփական որակներն ու ձեռքբերումները այդ դաշտում: Ասում են, որ դա իմ կյանքում շատ արդյունավետ շրջան է եղել: Առաջին 7-8 տարին գերմանական ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերում եմ աշխատել, այդ ընթացքում թռիչքային աճ են ունեցել ընկերությունները: Հետո հայկական տարբեր նշանակալի ընկերություններում էի աշխատում՝ շինարարության, տպագրության ոլորտներին առնչվող: Ապա եղավ մի ընթացք, երբ կառավարչական իմ ունեկությունները ծառայեցրի մշակույթին: Երկու տարուց ավելի, որպես պրոդյուսեր, աշխատեցի Կոմիտասի անվան լարային քառյակի հետ: Այդուհետ եկավ «Նարեկացի» ժողնվագարանների համույթի շրջանը: Մեկ տարուց պակաս ժամանակահատվածում ղեկավարեցի Նարեկացի արվեստի միությունը: Դա արվեստին մոտենալու իմ շրջանն էր, երբ սկսեցի մտածել՝ կարող է՝ ես է՞լ եմ ինձնից ինչ-որ բան ներկայացնում, գուցե իմ ունեցած տվյալներն է՞լ զարգացնեմ: Մինչ այդ սիրողական ելույթներ ունեցել եմ բավական հաճախ, բայց դա հեռու էր պրոֆեսիոնալիզմից: Հանգամանքները նպաստավոր կերպով դասավորվեցին: Կոնսերվատորիայում մի ընկեր ունեի, որն առաջարկեց ինձ ծանոթացնել իր դասատուի հետ, որպեսզի վերջապես հասկանանք, թե ես ինչ եմ ինձնից ներկայացնում՝ որպես երգիչ: Ինձ լսեց դաշնակահարուհի Գայանե Բադալյանը, որ ոլորտում հայտնի երգիչներ՝ լուսահոգի Սերգեյ Դանիելյանի, այսօր Գևորգ Հակոբյանի դասարանների դաշնակահարն է: Փաստորեն, ես՝ որպես երգիչ, իմ առաջին հինգ տարին անցկացրի այդ դասարանում: Գևորգ Հակոբյանը ևս ժամանակ առ ժամանակ լսել է ինձ, ճիշտ խորհուրդներ տվել: Եվ ի սկզբանե՝ Գևորգը մի շատ կարևոր բան ասաց՝ ականջին օղ անելու համար, որը հետագայում լիովին ապացուցվեց: «Հինգ տարի հետո կերևա՝ դու կարո՞ղ ես հավակնել ինչ-որ բանի, թե՝ չէ»,- ասաց նա: Այսինքն՝ հինգ տարի խելոք, գլուխը կախ աշխատելու շրջան պիտի անցնես, որից հետո հասկանալի է դառնում՝ կա՞ պոտենցիալ: Եվ քանի որ, ինչպես պարզվեց, կար այդ պոտենցիալը, արդեն սկսեցի մտածել այն զարգացնելու մասին նաև արտասահմանում: Ինձ շատ օգնեց միջազգային լուրջ հաջողություններ գրանցած մեր երգչուհիներից մեկը՝ Լիանա Ալեքսանյանը: Նա ուղղորդեց դեպի Միլան՝ Ջանֆրանկա Օստինիի մոտ սովորելու: Ինքն ընդամենը երկու դաս էր վերցրել Օստինիից: Օստինիի խաղընկերներն են եղել շատ մեծ երգիչներ՝ Ալֆրեդո Կրաուսը, Խոսե Կարերասը, Միրելա Ֆրենին, Ալդրո Պրոտին, ուրիշներ: Նա բոլոր մեծերի հետ եղել է բեմում և ասես օպերային հանրագիտարան լինի: Դեռ փոքր տարիքում Լա Սկալայի մանկական երգչախմբում, որ կոչվում է «Սպիտակ ձայներ», նա տեսել է օպերային արվեստի բոլոր կուռքերին: Այսինքն՝ ես բախտ ունեցա «ընթերցելու» այդ օպերային հանրագիտարանը, յուրացնելու նրա դպրոցի դասերը, մի բան, որ շատ-շատ օգնում է ինձ հիմա: Եվ դա տեսանելի է նաև իմ եվրոպացի կոլեգաների համար: Ոճային առումով, ինչպես նաև՝ ձեռագրի, երգելու մշակույթի, ես նրանց համար խնդիրներ չեմ ստեղծում: Ընդհակառակը:

-Կառավարչի Ձեր որակները, այդուհանդերձ, հիմա էլ եք ծառայեցնում արվեստին: Ի՞նչ կարևոր հանգրվաններ կնշեք այս առումով:

-2019 թվականին ինձ հրավիրեցին ղեկավարելու կոնսերվատորիայի օպերային ստուդիան: Դա տևեց երեք տարի, ուղեկցվեց մեծ ձեռքբերումներով: Գործը ստանձնելուց ամիսներ անց իմացա «Կոնսերվատորիայի բարեկամներ» հիմնադրամի մասին, որը կառավարելու առաջարկ ստացա: Կոնսերվատորիայի օպերային ստուդիայում աշխատանքը թողեցի, որովհետև այն հնարավորություն չէր տալիս զբաղվելու իմ երազանքով՝ երգով: Իսկ հիմնադրամը չի ենթադրում մշտական զբաղվածություն: Հոգաբարձուները նույնիսկ դեմ չեն, որ ես ամբողջ ժամանակ լինեմ Հայաստանից դուրս և իմ ներուժը դնեմ՝ ի սպաս հիմնադրամի: Հիմադրամը ձևավորվել է կոնսերվատորիային սատարելու համար: Իրականացնում է տարբեր զարգացման ծրագրեր, հոգում ուսանողների կրթաթոշակների հետ կապված հարցեր, (այս երեք տարիների ընթացքում 15 մլն-ի շեմը գերազանցող կրթաթոշակ ենք տվել), զբաղվում նյութատեխնիկական խնդիրներով: Բայց ամենամնայուն նախաձեռնությունը՝ ըստ հոգաբարձուների, ըստ կոնսերվատորիական մեծ համայքնի և ըստ իս՝ Լևոն Չաուշյանի անվան ներկոնսերվատորիական մրցույթն է: Անցյալ տարի կայացավ առաջին մրցույթը՝ լարային և դաշնամուրային անվանակարգերում: Շատ շքեղ նախագիծ էր՝ ուժեղ մրցանակակիրներով: Այս տարի երկրորդ մրցույթն էր, որ ներառեց նաև փողային գործիքները՝ պղնձյա փողային և փայտյա փողային: Երեքականի փոխարեն շնորհվեցին հինգական մրցանակներ: Սկզբունքը նաև այն է, որ մրցանակակիր երաժիշտների դասախոսները ևս ստանան մրցանակ: Այս տարի մենք 2 մլն դրամը գերազանցող մրցանակային ֆոնդ ունեցանք: Սա ներկոնսերվատորիական մրցույթի համար պատկառելի գումար է: Կարևորն այն է, որ մենք բացառում ենք որևէ դասախոսի կամ կոնսերվատորիայի ադմինիստրացիայի ներկայացուցչի մաս կազմելը ժյուրիում, որպեսզի ուսանողները գերազանցապես անաչառության դաշտում լինեն: Հաջորդ տարի մրցույթում կներառվի նաև վոկալ անվանակարգը, և այն կանցկացվի Գյումրիում: Դա լինելու է հունիսի սկզբին, մենք կհոգանք մասնակիցների տեղափոխության խնդիրը:

-Իսկ երևանցի հանդիսատեսի մասին չե՞ք ուզում հոգալ:

-Տեսնենք, տեսնենք: Ժամանակը գա, կմտածենք:

-Որքանո՞վ են տեղեկացված-շահագրգիռ ուսանողները այդ մրցույթով:

-Մրցույթի վարկանիշը ժամանակի հետ բարձանում է: Այն փայլուն մենակատարները, որոնք միջազգային մրցույթների դափնիներ ունեն արդեն, իրենք իրենց հարց են տալիս, թե ի՞նչ կտա այս մրցույթը, որքանո՞վ այն կնպաստի իրենց գործունեությանը ապագայում: Հիմա մենք ցանկանում ենք ձևակերպել այդ հարցի պատասխանը: Ընթացքի մեջ է մրցանակակիրների գալա համերգների կազմակերպման գործը: Շուտով Առնո Բաբաջայնան համերգասրահում կլինի փողայինների մրցույթի հաղթողների գալան: Հիմնադրամի գործունեության շրջանակներն ավելի ընդլայնելու համար արտագնա ելույթներ ենք ցանկանում կազմակերպել, երաժիշտներին դուրս տանել Հայաստանի սահմաններից, համերգեներ ունենալ Եվրոպայում, ԱՄՆ-ում, այլուր: Նաև դրամահավաքներ ենք ուզում իրականացնել: Դրամահավաքները պիտի ուղեկցվեն կոնսերվատորիայի պատրաստած երաժիշտների կենդանի ներկայացմամբ: Այնպես որ, արտագնա համարգների հետ կապված հարցի վրա աշխատում ենք: Հիմնադրամի մի կարևոր ձեռնարկ էլ կոնսերվատորիայի գործիքային ֆոնդը համալրելն է: Իհարկե, մեծ ռոյալների թեմային դեռ չենք կարող անդրադառնալ, բայց լարայիններով արդեն զբաղվում ենք: Պաոլո Տեստորեի մի թանկարժեք ալտ ունենք արդեն հիմնադրամի տրամադրության տակ: Մտածում ենք նաև փողային գործիքների մասին, որովհետև այդ մասով կոնսերվատորիայի ունեցած ֆոնդը սարսափելի աղքատ վիճակում է: Հոգաբարձուների խորհրդի նախագահը Լևոն Չաուշյանն էր: Չորս հոգաբարձու ունի հիմնադրամը ներկայում. մեկը Կանադայում է, մեկը՝ ԱՄՆ-ում, երկուսը՝ Հայաստանում: Նրանք շատ անվանի մարդիկ են և անմնացորդ նվիրումով են վերաբերվում կոնսերվատորիային:

-Ո՞րն է օպերային երգչի հաջողության բանաձևը:

-Ես ուզում եմ պատգամի նման մի բան հղել մեր երիտասարդներին՝ արտասահմանում իրենց կարիերան կայացնելու համար: Նրանք չպետք է ծուլանան: Պետք է հետևողական լինեն իրենց նպատակներին հասնելու հարցում: Դարպասները դեպի եվրոպական թատրոններ բացում են օպերային գործակալները, պետք է ձգտել հասնելու նրանց մոտ լսումներին: Իսկ դրա համար պետք է հարյուրավոր նամակներ գրել, պորտֆոլիոներ սարքել: Ես այդ աշխատանքն սկսեցի անցյալ աշնանից, և դա տվեց պտուղներ: Հիմա երկու գործակալ ունեմ, որոնք դարձան կամուրջ՝ ինձ եվրոպական թատրոններում լսումների հասցնելու համար: Մինչ այս իմ ելույթները թատրոններից դուրս են եղել: Իհարկե, եղել են լավ ռեժիսորների, լավ բեմադրված, շքեղ կոստյումներով, միզանսցեններով ներկայացումներ, բայց թատրոններում հանգրվանելու համար պետք էր ինչ-որ փուլեր անցնել: Հիմա ես այդ փուլում եմ: Տեսնենք՝ ինչ կստացվի: Այս ամենը պիտի հաշվի առնեն օպերային երգչի կարիերան ընտրած մարդիկ:   

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի

No Comments

Leave a Reply