Այսօր անվանի կինոբեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Տարածական մոնտաժի» հիմնադիր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է:
Տարիներ առաջ՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի օրերին, կայացավ հանդիպում անվանի արվեստագետի հետ: Մաեստրոն պատասխանեց լրագրողների հարցերին: Առանձնացրել ենք փելեշյանական մտքի պատառիկներ՝ հնչած այդ հանդիպման ընթացքում:
***
Եթե նորից նկարահանեի «Տարվա եղանակները», ոչինչ չէի փոխի, ֆիլմը մարդկանց է վերագրվում, իսկ մարդիկ չեն փոխվել:
***
Ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես պետք է լինի, թեկուզ ընդհակառակը լինի:
***
21-րդ դարի առաջին տասնամյակի ամենամեծ նվաճումն այն է, որ ողջ ենք մնացել:
***
Իմ ֆիլմերում բառեր չկան, որովհետև կարիքը չի եղել: Բայց բառերը շատ կարևոր են: Գիտե ՞ք՝ ես ինչու չեմ օգտագործել բառեր: Բառը օգտագործելը պահանջում է այնքան տևողությամբ պատկեր, որքան կտևի խոսակցությունը: Իսկ դա խանգարում է կերպար ստեղծելուն. դրա համար ես հրաժարվել եմ բառերից:
***
Պատկերները, գործողությունը, ձայները, հնչյունը, աղմուկը, երաժշտությունը միասին խոսում են ավելի շատ, քան բառերը:
***
Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները: Դա է պատճառը, որ դուք, յուրաքանչյուր անգամ դիտելիս, նոր բան եք տեսնում:
Արմինե Սարգսյան
Լուսանկարը՝ Արտավազ Փելեշյանի ֆեյսբուքյան էջից
No Comments