«Ես Պենելոպեն չե՛մ…»
«Ողջերն ու մեռածները եկան, բայց դու այսպես էլ չես վերադառնում». այս և ուրիշ դարի տեքստերն են հուշում, որ Համազգային թատրոնի բեմում «Պենելոպե, օ՜ Պենելոպե» ներկայացումն է:
«Պենելոպե, օ՜ Պենելոպեն» ֆրանսահայ արվեստագետ Սիմոն Աբգարյանի հեղինակային բեմադրությունն է: Նա պիեսի հեղինակն է, միաժամանակ բեմադրիչն ու բեմանկարիչը, իսկ պիեսի հիմքում նաև իր մոր ապրումներն են, որը Երկրորդ hամաշխարհայինից հետո ութ տարի սպասել է ամուսնուն. «Իմ կյանքի նյութը վերցրել եմ ու վերածել թատրոնի, բայց իմ ընտանիքի պատմությունն ավելի առանձնահատուկ չէ մյուս հայ ընտանիքների տանջանքից»:
Ներկայացումը Համազգային պետական թատրոնի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համատեղ նախագիծն է. Սիմոն Աբգարյան (Ֆրանսիա), երաժշտական ձևավորումը՝ Տատյանա Բուրելի (Ռուսաստան), թարգմանիչ` Շուշանիկ Թամրազյան, զգեստների նկարիչ` Թամարա Բարոյան, ռեժիսոր՝ Տաթև Ղազարյան:
Պիեսի հերոսուհի Դինահը քսան տարի սպասում է պատերազմից ամուսնու վերադարձին, այնպես, ինչպես Հոմերոսի Պենելոպեն: Տրոյական պատերազմի մասին ասքերի շարքից Հոմերոսի «Ոդիսական»-ում նկարագրված է պատերազմից վերադարձի ճանապարհին հերոսի՝ Ոդիսևսի թափառումների վերջին օրերը, նրա վերադարձը Իթակե կղզի: Դասական կանոնների համաձայն՝ ներկայացման իրադարձությունները տեղի են ունենում մեկ օրում: «Ոդիսականի» և «Պենելոպե, օ՜ Պենելոպե» ներկայացման զուգահեռները միայն այսքանով չեն սահմանափակվում:
Համազգայինի «Իթակեում» էկրանին ալեկոծ կամ հանդարտ-աննկատ ծովն է, երբեմն էլ ծովի ալիքների ճողփյունը բեմահարթակում:
«Ողջերն ու մեռածները եկան, բայց դու այսպես էլ չես վերադառնում». ոչ մեկի կամ Էլիասի պատկերի հետ է մենախոսում Դինահ-Նարինե Գրիգորյանը, բռունցքներն ամուր սեղմած ու քարացած:
Իրական աշխարհի ծանրության առաջ, անզարդ-ասկետական շրջազգեստով, սեփական տան մեջտեղում, ինչպես անհորիզոն անապատում, բազմած-նստած անվերջանալի սպասումն ու հավատարմությունը դյուրացնող կամ հնարավորինս երկարաձգող կապույտ կարոտ-զգեստ է հյուսում: Նարինե Գրիգորյանի Դինահը լուռ չէ, երբ մենակ է, ժամանակակից կնոջ զայրույթով ու բառապաշարով լիցքաթափվում է, բաց դռնից հայհոյում է ու զգուշացնում դրսի շներին և մյուս կծաններին, իր տան շուրջը թափառող աներևույթ վավաշոտ էակներին: Մարտակոչն ավարտում է դուռը շրխկացնելով ու՝ զմռսվում… Այս ծեսը ներկայացման մեջ կրկնվող է:


Գլխավոր ու իրական գայթակղիչի խոսքին՝ «Մահացե՜լ է քո տղամարդը», վաղուց արդեն մեկ թույլ փաստարկ ունի՝ «Ցույց տուր նրա դիակը….»:
Դու Պենելոպեն չես… «Ես Պենելոպեն չեմ». ապա հերոսացնում է իր վարքագիծը, մաքառումը:
«Բազմած սրտիս գահավորակին, քսան տարի այդպես էլ չես վերադառնում, քո ներկայության հույսը… Ում սիրում ես, կողքիդ չէ, վաղնջական գեղեցկություն, երկնային վահան, ես քո բույրը պահում եմ…». այսպիսի գեղեցիկ խոսքերով է սպասում Էլիասին, սակայն հուսահատության պահերին որդուն հիշեցնում է՝ «Եթե հայրդ իսկական հայր լիներ…»: Դինահն արձանացած սպասում է, որը երբեմն էլ սահմանակից է խելագարությանը. տան մեջ շրջում է հերարձակ ու դաշույններով…
Ժամանակը սպառվելուն մոտ է, գայթակղությունը՝ մեկ քայլի կամ մեկ գիշերվա հեռավորության վրա, և՝ ճիշտ ինչպես անտիկ դրամայում, հայտնվում է նա:
Սպասումն ու կարոտը՝ կապույտի երանգներով
Ներկայացման գույնը կապույտի երանգներն են՝ կապտաթույր ծով, կապույտ կարոտ… Ծովն իր ջրային երանգներով ներկայացման կերպար էր և երբեմն ավելի ամբողջական էր դառնում բեմահարթակի ալիքների ճողփյունով… Այդ ալիքներն էլ ափ են բերում Էլիասին՝ քուրձերի կույտ հիշեցնող նավաբեկյալին:
Դերակատարներից յուրաքանչյուրն իր ոճի մեջ էր, իրար հետ էին ու մենակ, և միասնական՝ հզոր պոետական խոսքի և ճակատագրական կրքերի մեջ:
Ներկայացումն ասես մտնում է էպիկ, կախարդական մի այլ մթնոլորտի մեջ մեռյալների թագավորության արգելված դուռը առժամանակ հատած Կասանդրա ու ոգի Ալլա Սահակյանի երևումով… Սև ակնախոռոչներով, դասական գորշ հագուստով, ձիգ կեցվածքով Նուրիցա-Ալլա Սահակյանը ոչ թե քայլում էր, այլ սուրում-սահում էր ասես ուրիշ չափումի մեջ: Անճանաչելի հողագույն դեմքով, անիրական-անտեղի ճերմակ հովանոցով մոր ուրվականի անընդմեջ ներկայությունը բեմում տարակուսանք չէր հարուցում, քանի որ այդ տարածքում կենդանին ու մեռյալն իրար չեն տեսնում, չեն հատվում: Անծանոթ մետաղյա ձայնով Ալլա-Նուրիցան ոգեկոչում է ողջերի աշխարհում թափառող, սեփական խրտվիլակի վերածված որդուն. «Վերադարձիր ինքդ քեզ, տղաս, վերադարձիր քո տունը»:
Խլյակը նաև խոսել գիտի. «Ես քաղցած եմ, ծարավ եմ, ստվեր, ես մեռած եմ: Մա՜յր, ես մոռացել եմ նրա դեմքը»: Բայց և մի բան վստահ գիտի. «Ես այլևս չեմ սպանելու»: Վարշամ Գևորգյան –Էլիասն իբրև նավաբեկյալ, բոլոր զգացմունքները մեռած- հանգած, ավելի հավաստի էր, քան իբրև հայր ու ամուսին:
Նարեկ Բաղդասարյան-Անթեն պրկված նետ է, չարացած բոլորի ու ողջ աշխարհի դեմ, անգամ՝ սիրահարված: Զայրույթը գործողությունների մոտիվ ու շարժառիթ է, միայն Դինահին էր թույլ տալիս վիրավորանքի որոշ չափաբաժին և համառորեն ձգտում կոտրել քսանամյա դիմադրությունը և ամուսնանալ: Որքան էլ հին հունական կրքեր, Անթեի չարի մեքենա կերպարը խտացած էր, մարդը չկար, միայն՝ վրեժ կյանքից, կերպարի ինքնարդարացումն էլ՝ ճակատագրով նախասահմանված: Այնքան բևեռացված, որ մտածում ես՝ այս կերպարը ևս նախատիպ է ունեցել: Անթեն էպիկական զայրույթի մեջ է անգամ սեփական ռեստորանում մուրացկանի ու սիրուհու հետ հարաբերվելիս:
Տաթև Հովակիմյանի Օդեսսայի աղմկոտ, ահազանգող կերպարը «Վանական» խմբի հետ ամբողջության մեջ էր: Նավախելին, ինչպես պարահրապարակի բեմահարթակին, խառն աղմուկով փորձում էր արթնացնել Էլիասի հանգած զգացմունքները, վուլգար-ժամանակակից, չափազանցված լայն քայլվածքով, ինչը գուցե շատ արդարացված ու տեղին չէր:
«Վանական» ռոք խմբի՝ առաջին հայացքից ժամանակակից մոտիվներով խառնիճաղանջ երաժշտությունը տանում էր հետ՝ առանց սենտիմենտի բարդ կրքերի աշխարհ: Կամ-կամի, զորավոր մարդկանց, դաժան իրողությունների ժամանակներ: Ճակատագրական որոշումների մղող, ներքին ուժերն արթնացնող, մոր ուրվականին ու խղճին ձայնակից երաժշտություն էր հնչում:


Թեոս-Անդրանիկ Միքայելյանը ժամանակակից կերպար էր, համակարգչով, հագուկապով, համակրելի, խոցված հոգով, անլուծելի խնդրով բաց ծով դուրս եկած: Հուզիչ ու մարդկային, երազելի էր տան փակ դռան շեմին հոր ու որդու՝ Էլիասի (Վարշամ Գևորգյան) և Թեոսի (Անդրանիկ Միքայելյան), գետնին նստած կարոտալից զրույցի տեսարանը… Անրջային մի վիճակ, որդին՝ ժամանակակից հագուստով երեխա, և նրա հայրը՝ տարիների փոշին մորուքին և ցուպի փոխարեն կացին, որը չի սպանելու այլևս:
Պատերազմը, հետպատերազմն ու անհնարին սպասումը, հակապատերազմ. իմ տպավորությամբ սա էր պիեսի մոտիվը: Ներկայացման ամբողջ ընթացքում ալիքների պես աննկատ սահում անցնում էին շերտեր ու հոսանքներ՝ կյանքը և պատերազմը, կյանքը պատերազմից հետո, մեծ կրքեր՝ պոետիկ խոսքով արտահայտված:
Ներկայացումը նվիրված է Սոս Սարգսյանին, և Սիմոն Աբգարյանի բացատրությամբ՝ «Թատրոնն այն տեղն է, որ պետք է լեզվի արժեքը հետ բերենք, այս թատրոնի տղաներն ու աղջիկները հերոսներ են»: Ներկայացման գեղեցկությունն էպիկական շունչն էր. ժամանակակից պիեսի հոմերոսյան պատմության կերպարները խոսում են ոչ առօրեական, այլ ավելի գեղեցիկ, շքեղ ոճով: Նարինե Գրիգորյանը հպարտ է, որ «Սիմոն Աբգարյան դրամատուրգ ենք բերել Հայաստան, և որ մենք էպիկական թատրոն ենք խաղում»:
Երկրորդենք դասականին. այս թատրոնի տղաներն ու աղջիկները կեցցե՛ն:
Գայանե Մկրտչյան
Լուսանկարները՝ Համազգային թատրոնի ֆեյսբուքյան էջից






