Թանգարան

Թանգարանների գիշերը հայաստանյան թանգարաններում

Թանգարանների գիշերը հայաստանյան թանգարաններում

Մայիսի 16-ին Հայաստանում կանցկացվի ամենասպասված մշակութային միջոցառումներից մեկը՝ Թանգարանների գիշերը։ Այդ օրը Հայաստանի բազմաթիվ թանգարաններ իրենց դռները կբացեն այցելուների առջև մինչև ուշ գիշեր՝ բացի հիմնական ցուցադրությունից նաև առաջարկելով յուրահատուկ մշակութային ծրագիր։ Մշակույթի զարգացման հիմնադրամն առանձնացրել է հայաստանյան թանգարանների ամենադիտարժան միջոցառումները։

Հայաստանի պատմության թանգարանը կներկայանա «Գոյամարտ և վերածնունդ․ Հայաստանի Հանրապետություն» և «Հայաստանը 20-րդ դարում» հիմնական ցուցադրության վերաբացումով։

Հայաստանի ազգային պատկերասրահում նախատեսված է համերգային ծրագիր՝ «Երաժշտական վիզուալ կատարում (պերֆորմանս)» խորագրով։ Կատարողներ՝ Չայկովսկու երիտասարդական նվագախումբ, մենակատարներ՝ Էդուարդ Դայան, Լիդիա Գրիգորյան։

Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում համեչգով հանդես կգան Արմեն Տիգրանյանի երաժշտական դպրոցի սաները, ինչպես նաև կներկայացվի երկու ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայ բեմի հմայքը․ Մետաքսյա Սիմոնյան» և «Վլադիլեն Բալյան. Կոմպոզիտորի աշխատասենյակ»։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այցելուները կդիտեն «Նամակներ Վիլժուիֆից» Ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև կանցկացվեն համերգներ՝ Կոմիտասի երգչախմբային ավանդույթի հետքերով խորագրով (կատարողներ՝ Հայկ Պետրոսյան, Հասմիկ Բաղդասարյան –Դոլուխանյան) և Գեղարդ երգեցիկ խմբի մասնակցությամբ։ Նախատեսված է նաև աշխատարան՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ, կրթական ծրագրեր՝ «Չինարի ծառի մոտ», «Կոմիտասը արվեստի գործերում», բանախոսություն՝ Հայ ավանդական երգեր․ ծիսապաշտամունքային արմատներ խորագրով (բանախոս՝ Մարյանա Տիգրանյան), ներկայացում-պերֆորմանս՝ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի սաների մասնակցությամբ։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կներկայացվի «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագիրը, նախատեսվում է երաժշտական դպրոցների սաների համերգ, վոկալ երաժշտության երեկո, համերգային ծրագիր և «Պեպո» ֆիլմի ցուցադրություն։

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կներկայացնի «Սարյան» միջոցառումը, որտեղ այցելուները կնկարեն գարունը Սարյանի այգում, ինչպես նաև «Հայաստան. Պաննո» կրթական ծրագիրը՝ վիրտուալ ճամփորդությամբ։ Նախատեսված են դասական և ջազային համերգներ։

Հովհաննես Թումանյանի թանգարանում կցուցադրվի «Կիկոսի մահը» ներկայացումը (Հովհ. Թումանյան թանգարանի և Հայաստանի աուտիզմի ասոցիացիայի «Իմ ուղին» կենտրոնի «Ճամփորդները» թատերախմբի մասնակցությամբ), «Արտիստի աչքով» ցուցահանդեսը՝ իտալացի արվեստագետ Ֆիլիպպո Բիաջիոլիի պատկերազարդումներով, ինչպես նաև «Ապրելու արվեստը. Հ. Թումանյան» գրքի շնորհանդեսը և «Մեղեդի» լարային քառյակի համերգը։

Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարանում նախատեսված են համերգներ, ինչպես նաև մոմերի պատրաստման վարպետաց դաս։

Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում կանցկացվի «Մեր բակի թանգարանը» կրթական ծրագիրը, Ջոտտոյի և նրա կնոջ՝ Դիանա Ուկլեբայի մասին «Սեր» ֆիլմի ցուցադրությունը և «Արվեստով միեղեն. Երվանդ և Մելինե Քոչարներ» ցուցահանդեսի շրջայցը։

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կներկայացնի «Ա. Սպենդիարյանը Երևանում, 1924-1928 թթ.» ժամանակավոր ցուցադրությունը և «Արարատին նայող տունը» ֆիլմի ցուցադրությունը։

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կանցկացվի «Մենք և մեր սրտի թանգարանը» (ԿԱՊԿՈՒ ուսանողներ Գոհար Հարությունյանի և Լևոն Հովհաննիսյանի մասնակցությամբ և «Մշակույթը ներառման հիմքում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ) միջոցառումը, Երևանի թիվ 4 արհեստագործական, պետական քոլեջի սաների իսահակյանական թեմաներով արված աշխատանքների ցուցահանդես-վաճառք, նկարչական աշխատանքների «Երազներ» ցուցահանդես, Ավետիք Իսահակյանի և կնոջ՝ Սոֆիի եվրոպական շրջանի հագուստների և լուսանկարների ցուցադրություն։ Նախատեսված է նաև երկու համերգ «Ապրած իմ կյանքից․․․»  (կատարումներ եվրոպական աշխարհահռչակ ստեղծագործություններից, երգչուհի՝ Մարիցա Թիլիքյան) և «Համաշխարհային հիթեր» (կիթառահար՝ Գենադի Միրզոյանց) խորագրով։

Ռուսական արվեստի թանգարանում կներկայացվի «Արվեստի պահը» (Moment of Art) ցուցահանդեսը։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում նախատեսված է «Դեմ առ դեմ» ցուցահանդեսը,  «Քարե Չարենց» ժամանակավոր ցուցադրությունը, «Պատգամ» բեմադրությունը (ԵԹԿՊԻ ուսանողների մասնակցությամբ), քվեստախաղեր և «By The Way Music Band» համերգը։

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում կանցկացվի «Թաղիքագործություն» վարպետաց դասը, իսկ Փայտարվեստի ցուցասրահում կներկայացվի «Անի Հովակ» ժամանակավոր ցուցադրությունը։

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում նախատեսված են թանգարանային փոդքաստ, «Խաչատուր Աբովյանը արևելքի և արևմուտքի միջև» ցուցահանդես և «Մեծերը մեծի մասին» ֆիլմի շնորհանդեսը։ Թանգարանում նախատեսված է նաև յուրատեսակ միջոցառումների շարք, որը կկրի «Շոշափելի արվեստ/շոշափելի տեխնոլոգիա» խորագիրը։ Ծիրագիրը Մշակույթի զարգացման հիմնադրամի, hosq հիմնադրամի և Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանի համատեղ նախաձեռնությունն է։ Նախագծի առանցքում է «նմուշին դիպչել կարելի՛ է» գաղափարն է։

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում տեղի կունենան ժողովրդական երգերի կատարումներ Ջիվանու դպրոցի սաների կատարմամբ (գեղ. Ղեկավար՝ Թովմաս Պողոսյան), Կապուտիկյանի բաղադրատոմսով հյուրասիրություն։

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում նախատեսված է Ռուբինա Առաքելյանի համերգը, հանդիպում բանաստեղծ Սոնա Վանի հետ։

Հետաքրքրական միջոցառումներ են նախատեսված նաև մարզային թանգարաններում և մասնաճյուղերում:

Նախորդ գրառումը