ՄշակութաԳիծ Անի Անտոնյան

«Եթե ես չգամ, կա մի փոքրիկ շան լակոտ, որը կարող է փոխարինել հորը»

09.05.2025

Պատերազմների հետևում մարդկային կյանքեր են, ապրումներ, կորուստներ․․․
Հայրենական պատերազմի օրերին գրված ձեռագիր նամակներից հասկանում ես, թե ինչ ուրվագիծ ունեն կարոտն ու սպասումը։ 

Ներկայացնում ենք ռազմաճակատում գտնվող որդու՝ մանկավարժ Սերյոժայի և իր մոր նամակները՝ Հայաստանի ազգային արխիվի  688/5/24 ֆոնդից։ 


12.XI. 1941 թ․


Սիրելի մայրիկս,

Այսօր՝ հենց հիմի, 12.XI ստացա գրածդ 25. X նամակը, որին իսկույն պատասխանում եմ։ Իմ թանկագին, չարատանջ, սիրելի մայրիկս, քո երկար լռությունը ինձ կասկածի մեջ էր գցում, ես կասկածում էի, որ հիվանդ ես, և …… (ընթեռնելի չէ) գրում են, որ հիվանդ ես։

Պառավ ջան! Սիրելիս, ինչի չես մանրամասն գրում՝ ինչով ես հիվանդ, երբվանից ես պառկած։

Մամ ջան, ինչե՞ր ես մտածում ու գրում, մի՞թե առաջին անգամ ես հիվանդանում։ Ոչինչ, շուտով կլավանաս, շուտով կվերջացնենք հաշիվներս այս սրիկա ֆաշիստների հետ, կհավաքվենք բոլորս մի տեղ թոռնիկներիդ հետ, կապրենք հանգիստ ու լավ․․․

Սիրելիս, ջանիկս, իմ մայրս, դու գիտես՝ ես շատ շուտով կվերջացնեմ, ինձ ուրիշ տեղ չեն ուղարկի, կթողնեն, որպես դասատու։ Նվարդից բոլորովին նամակ չունեմ։ Նա վերջին նամակը գրել է 17.X-ին, էլ չեմ ստացել։ Ինձ համար մահու չափ ծանր է լսել, խոսել այդ մասին, որ իմ էությամբ, իմ կյանքով, իմ դաստիարակությամբ, իմ ամբողջությամբ պարտական եմ մի ամենաազնիվ ու մի ամենամաքուր կնոջ, որն իմ մայրն է։

Սիրելի մայրիկս, արցունքները խեղդում են ինձ, ես չեմ կարողանում նամակս շարունակել․․․

Թանկագին հայրիկս, սիրելիս, լավ նայիր մորս, նա դեռ պիտի ապրի, ես դեռ չեմ կարողացել պահել իմ սրտի ուզածի պես, մենք պիտի դեռ խաղաղ հավաքվենք մի օջախ, դեռ պիտի դուք երկար խնդաք ձեր թոռնիկներով։ Հայրիկս, չեմ կարողանում շարունակել։ Ջերմ համբույրներս մորս սիրելի, քեզ՝ հայրիկ ջան։

Ձեզ սիրող, պաշտող, ձեր զավակ՝ Սերյոժա


(նամակի տարեթիվը հայտնի չէ)


Սիրելի քաղցր պառավ ջան !!!

Մամ ջան ! Ես քեզանից խնդրում եմ ՝ քեզ այդքան չտանջես։ Նամակ է, կուշանա, ինչ կա որ, տեսնում ես՝ ես իր ժամանակին գրել եմ, բայց ուշ եք ստացել։

Սիրելի՛ մայրս, մարդ մի քիչ լայնատես կլինի։ Մի՞թե չես զգում, ամբողջ երկիրը ինչ լարված դրության մեջ է, մի՞թե չես կարդում․ երկրի այն մասում, որտեղ սրիկան ոտք է դրել, ինչ գազանություններ է անում, ամբողջ գյուղեր է այրում, ոչնչացնում, ամբողջ ընտանիքներ են ոչնչացնում։ Մոր աչքի առաջ գնդակահարում են իր սիրելի, գուցե և
միակ զավակին, տատի-պապի աչքի առաջ ոչնչացնում են սիրելի թոռնիկին։

Մի՞թե դրանք մայրեր չեն, մի՞թե դրանք սիրտ չունեն։ Մարդ պիտի նայի իր շուրջը, ոչ թե ապրի, զգա միայն իրեն հարազատների, իր ընտանիքի ապահով, անվտանգ,առողջ լինելը, այլ պիտի զգա ամբողջ երկրի վիշտը, լարվածությունը և համեմատելով իր փոքրիկ մոտիկ վիշտը երկրի վշտի հետ՝ մոռանա իրենը և միայն մի ցանկությամբ լցվի նրա սիրտը՝ հնարավոր սահմաններում շուտով վերջացնել հաշիվները այս սրիկա գազանի հետ․․․

Այդ դեպքում կլինի իսկական խորհրդային քաղաքացի։ Եթե ես չգամ, կա մի փոքրիկ շան լակոտ, որը կարող է փոխարինել հորը։

Սիրելի՛ ծնողներս, ուրախացեք դրանով, ապրեցեք, խնայեցեք, սիրեցեք իմ կոպյայիս։
(նամակի վերջաբանը կիսատ է)

Պատրաստեց Անի Անտոնյանը