ՄշակութաԳիծ Կարինե Ռաֆայելյան Կինո

«Եվա» ֆիլմը՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում

20.09.2019

Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը հայ-իրանական առաջին կինոնախագիծն է և ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմը: Այն արժանացել է հայաստանյան և միջազգային մի շարք մրցանակների: Օրեր առաջ ավարտված Վենետիկի միջազգային 76-րդ կինոփառատոնում «Եվան» գրանցել է հերթական հաջողությունը: Մենք զրուցել ենք այդ մասին ֆիլմի ռեժիսորի հետ, որ նաև սցենարի հեղինակն է:

Նրա փոխանցմամբ՝ Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվում է միջազգային արվեստի և հասարակական գործունեության բիենալե, որի նախաձեռնողը Վենետիկի քաղաքապետարանն է: «Բլունալէյջ» միջազգային հիմնադրամը, որի ակունքը իտալական է, ծավալում է միջազգային գործունեություն: Մրցանակները հանձնվում էին Վենետիկի քաղաքապետարանի կողմից: Այս տարի, ինչպես և միշտ ընտրված էին ֆիլմեր և արվեստագետներ տարբեր երկրներից: Մրցանակը տրվեց  «Եվա» ֆիլմին՝ մարդկային ճշմարտությունը գեղարվեստորեն հանդիսատեսին մատուցելու համար:

Լուսանկարը՝ Անահիտ Աբադի ֆեյսբուքյան էջից

Անահիտ Աբադին հարցրինք, թե օտարազգի հանդիսատեսն ընկալե՞ց խիստ հայկական բովանդակություն ունեցող, արցախյան բարբառով հնչող ֆիլմը:

-ֆիլմի ցուցադրությունը հետաքրքիր արձագանքներ ունեցավ,- նշեց նա,- Վենետիկում հանդիսատեսը բաղկացած էր բացառապես իտալացիներից, և նրանք չափազանց ջերմ ընդունեցին ֆիլմը: Դա հույս է ներշնչում, որ «Եվան» կունենա վարձույթ Իտալիայում: Ֆիլմի մասին նաև գրվեց իտալական մամուլում: Առաջիկա ամիսներին «Եվա» ֆիլմը մասնակցելու է երկու ամերիկյան, մեկ ֆրանսիական կինոփառատոների: Իսկ հոկտեմբերի վերջին արդեն կսկսվի ֆիլմի ամերիկյան վարձույթը: Ինչ վերաբերում է Արցախի բարբառին, ասեմ, որ ինձ համար տիպաժների ընտության մի շարք չափանիշներ կան: Արտաքինից բացի, շատ եմ կարևորում նաև ձայնը: Ինձ հետաքրքրում էր, թե ոչ հայ հանդիսատեսն ինչպես է ընկալելու հայերենը, արցախյան բարբառը, ինչպես է ֆիլմի լեզուն հնչելու նրա ականջում: Ցանկանում էի, որ օտարներին այդ խոսքը ներքին էներգետիկ ազդակներ հաղորդի. դրա վրա աշխատել եմ ամիսներով: Եվ ինձ համար միջազգային տարբեր փառատոներում լսածս ամենաարժեքավոր կարծիքն այն է, որ ֆիլմում հնչող խոսքն իրենց երաժշտություն է թվում:

«Եվա» ֆիլմի ամերիկյան վարձույթի ազդագիրը ardi.am-ին է տրամադրել Անահիտ Աբադը 

Կարինե Ռաֆայելյան

No Comments

Leave a Reply