«Նույնիսկ երբ ծիծաղում ենք» պատմվածքների ժողովածուն, որ անուն ու մեծ ճանաչում է բերել հեղինակին, տպագրվել է 1999 թվականին և մինչ օրս չորս տասնյակից ավելի վերահրատարակություններ է ունեցել։ Թարգմանվել է մի շարք լեզուներով։ Հերոսները սովորույթների և ժամանակակից կյանքի բավիղներում հայտնված և ինքնաճանաչման ձգտող կանայք են։
Լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Պարսկերենից թարգմանել է Գևորգ Ասատրյանը։ Արժեքը՝ 2000 դրամ:
Ներկայացնում ենք «Երկու օր» պատմվածքը «Նույնիսկ երբ ծիծաղում ենք» ժողովածուից։
Երկու օր
Ամուսինս տուն եկավ երկարատև գործուղումից: Տղաս փոքրիկ մատները խրեց հոր մազերի մեջ.
-Ի՜նչ սպիտակել են:
Աղջիկս ասաց.
-Ի՜նչ սևացել ես, հայրի՛կ:
Չասացի՝ նիհարել է: Միայն ծիծաղեցի: Իրար աչքերի մեջ նայեցինք ու ժպտացինք: Ամուսնուս աչքերը կանաչ են: Պղտորվել էին, շուրջը լիքը մուգ ու բաց ակոսներ էին գծվել: Երկու օրից պետք է վերադառնա: Ձեռքս առավ ափի մեջ ու նայեց այրվածքին.
-Ի՞նչ է եղել:
Ծիծաղեցի: Բա՜րձր: Տասներկու տարվա սպի էր, բայց ամուսինս տասներեք տարվա համատեղ կյանքից հետո նոր էր միայն տեսնում: Այնքան ծիծաղեցի, որ աչքերս ար- ցունքակալվեցին: Հիմա արդեն լաց էի լինում: Ուրախությունի՛ց: Ամուսինս ինձ նկատում էր: Ոտքիս տակի կոշտուկն ու պարանոցիս ետևի խալն էլ:
Ուս ուսի քայլում էինք ընդարձակ փողոցով: Օդը թափան- ցիկ էր, պարզ, և արևը մարդկանց դեմքերը լուսավորելու համար էր ասես դուրս եկել: Խանութների առաջ կանգնում էինք, ու ես մեզ էի նայում ցուցափեղկերի ապակու մեջ:
Ամուսինս կանգնեց մի ցուցափեղկի առաջ ու ասաց.
-Ո՛ր մեկն ես հավանում:
-Ո՛չ մեկը:
Սկսեց համոզել: Երկնագույն երկար շրջազգեստը ցույց տվի: Ներս մտանք: Թանկ էր: Կամացուկ շշնջացի.
-Արի գնանք:
Ամուսինս գրպանի թղթադրամները հանեց ու սկսեց հաշվել: Երեսս շուռ տվի ու ապակու մեջ նրա կիսադեմը տեսա. երկրորդ անգամ էր հաշվում: Աղջկաս համար երկար թաթերով մի խաղալիք կապիկ ու տղայիս համար էլ երեքակնանի մի հեծանիվ գնեցինք ու տուն եկանք:
Գիշերը ամուսինս անունս տվեց ու շատ մեղմ ձայնով ասաց.
-Կարող եմ և մնալ… Առաստաղին էր նայում:
-Եթե… ուզում ես:
Ես էլ առաստաղին նայեցի. ծեփը պոկվել էր և ուր որ է ցած կթափվեր:
-Էստեղ ինձ համար մի գործ կճարեմ ու իմ ձեռքերով… Ձեռքերի մատները կարճ էին, եղունգները՝ լայն:
-Դու էլ ես շատ տանջվել, հասկանում եմ… Էլի՛, էլի՛, էլի՛ էի ուզում լսել:
-Գործերդ լավ են. ո՞նց թողնես գաս… Սիրտս արագ-արագ խփում էր:
-Կթողնե՛մ: Կթողնեմ կգամ: Էստեղ մի գործ-բան կճարեմ:
-Բայց ախր ինչո՞ւ, ինչի՞ համար…
-Քեզ համար…
Այս մի հատիկ նախադասության համար պատրաստ էի հազար տարի մենակ ապրել ու իմ բաժին այս երկու օրերի մասին մտածել: Նա խոսում էր: Ձայնի մեջ նախկին տարիների հուզմունքը զգացի: Դեմքս դարձրի նրա կողմն ու լույսի կոճակի չխկոցի հետ՝ իմ ձայնը լսեցի.
-Գնա…
No Comments