«Տարածության հարմոնիա. Գուրգեն Մուշեղյան» փաստագրական ֆիլմի երևանյան պրեմիերային տեղի կունենա 2021 թ-ի հոկտեմբերի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում: ՀՀ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումները «ՕՐԴԵՐ ՖԻԼՄ փրոդաքշն»-ը սկսել է 2020-ի հունվարին: Այն բացառիկ վավերագրություն է վարպետի կենսագրության ու մասնագիտական ուղու մասին: Հատկանշական է, որ Գուրգեն Մուշեղյանն անձամբ է մասնակցել ֆիլմի ստեղծմանը՝ ստեղծագործական քննարկումներին ու նկարահանումներին, տրամադրել անձնական բացառիկ արխիվային նյութ: Ֆիլմում հանգամանորեն ներկայացվում են նաև վարպետի չիրականացված և անավարտ նախագծերը:
Նկարահանումները տեղի են ունեցել վարպետի հարազատ քաղաքներում՝ Գյումրիում, Երևանում, ինչպես նաև՝ Մոսկվայում: Սա Գուրգեն Մուշեղյանի մասին պատմող ու վարպետի մասնակցությամբ միակ ֆիլմն է: Ցավոք՝ ճարտարապետը կյանքից հեռացավ ֆիլմի վերջին նկարահանումից 5 օր անց: Հետարտադրական փուլում տեղծագործական խումբը փորձել է անել առավելագույնը, որպեսզի այն համապատասխանի վարպետի տեսլականին:
Ֆիլմի ռեժիսորը Հայկ Մկրտչյանն է, բեմադրող օպերատորը՝ Էդգար Հարությունյանը, սցենարի հեղինակներ՝ Տիգրան Սիրունյան, Սառա Նալբանդյան, կոմպոզիտոր՝ Արաքսյա Մուշեղյան, գործադիր պրոդյուսեր՝ Նարե Աղաբաբյան, պրոդյուսեր՝ Հայկ Օրդյան։
No Comments