ՄշակութաԳիծ ԳիտաՆյութ

Ֆորուղ Ֆառոխզադ. Մեկ պարսկուհի, մեկ քամի, մեկ տապ…

23.02.2020

Մի անգամ մի դերվիշ ասել է. «Աստված երեք տող է հորինել: Առաջինը` միայն իրեն հասկանալի, երկրորդը` մարդկանց հետ խոսելու համար, երրորդը` բոլորին անհասկանալի: Հենց այդ երրորդ տողը ես եմ»: Իսկ ես կասեմ քեզ, թանկագի՛ն անծանոթուհի. «…որ դու կկարողանայիր հասկանալ իմաստալից հնչյունները, եթե բառեր ունենայիր»: Դու հարցնում ես ինձ. «Ի՞նչ է միտքը»: Միտքը ներդաշնակություն ունեցող հնչյուններն են: Հենց նրանք են իսկական բառերը: Իսկ ահա երկրորդ հարցիդ («Ի՞նչ նպատակների համար է Աստված ստեղծել մարդու մարմինը») դժվարանում եմ պատասխանել: Ես կարող եմ ենթադրել, որ տարբեր ժամանակներում տարբեր բաների մասին է մտածել Աստված… Չէ՞ որ նա էլ է մեծ խենթ, մի բան, որ հատուկ է իմաստուններին…  

….

Մեգապոլիսը ձգտում է ծնել իր բանաստեղծներին ու բանաստեղծուհիներին, որ եկել են գավառական լռությունից, խուլ վայրից… Եվ նրանք` այդ  պոետները, դառնում են ագրեսիվ սինթետիկ հնչյունների առաջին զոհերը: Բանաստեղծուհիների հոգիները կոտրվում են, ինչպես ձեռքից դուրս պրծած նրբագույն հախճապակե բաժակներ…

….

Տապի անխուսափելիությունը ծերության անխուսափելիության նման է. թեկուզ ո՞վ կարող է ասել, թե ծերանալը պարտադիր է մարդու համար: Այս հարցը կարող է դառնալ սկիզբ Ֆորուղի բանաստեղծությունների համար, պարսիկ բանաստեղծուհու, որի կարճ կյանքը, ինչպես պատահական կրակոց, դարձավ երիտասարդ կնոջ միայնակ հոգու թրթիռի ու ընդվզումի հայելին: Եվ այդ կյանքը բոլորովին չի մերվում նրա` զարմանալիորեն մեղեդային, պարսկական արևի ջերմությամբ և զովությամբ քնքշացած մայրենի պարսկերենին: Պարսից լեզվի ձայնի տեմբրը փափուկ է, ձգված, կրծքային, կլանող…

Մտածո՞ւմ էր արդյոք Ֆորուղը ծերության անխուսափելիության մասին: Հնարավոր է… Նա` պարսկուհին, վախենո՞ւմ էր ծերությունից, ինչպես շատ բանաստեղծներ… որ վաղ էին հեռացել կյանքից: Ինչպես  օրինակ` Արթյուր Ռեմբոն, Սերգեյ Եսենինը կամ Միասք Մեծարենցը… Նրանց թվում էր, որ ծերությունը կործանում է կամքի ուժը, քայքայում աչքի հետաքրքրասիրությունը, մարմնի առաձգականությունն ու զվարթությունը… Բայց եղել են և այնպիսիք, որոնք մտածել են, որ ծերությունը զարդարում ու երևան է հանում մարդու էությունը` ջնջելով ամենայն երկրորդականը և ձեռքբերովին…

….

Տապը չի լքում այս վայրերը նաև հիմա` Ֆորուղի մահից հետո: Ես զննում եմ նրա հոգնած ու լուսավորված դեմքը. այն մի քանի ակնթարթ փայլատակեց Բերտոլուչիի հետ կարճ զրույցի մեջ: Ինչպե՞ս է այդ իտալացի պատանին այն հեռավոր վաթսունական թվականներին ճանաչել երիտասարդ պարսիկ բանաստեղծուհու հանճարը: Կադրում նրա մատների նյարդային շարժումներն են, ազնվական դեմքը և զարմանալի, լարված աչքերը մի մարդու, որը գիտի, թե ինչ բան է կարեկցանքը: Այո՛, նրա հոգու լույսը թռչում է դեպի մեր սրտերը, ինչպես հուսահատության ճիչ: Մենք շնչում ենք նրա պոեզիայի օդը, պոեզիայի, որը ծնունդ է առել նրա տարակուսանքների ջղաձգումներում և որը տրոփում է, ինչպես սառնորակ ջուրը պապակված մարդու կոկորդում: Այդպես ջրի կումը կլանում է տապն ու նրա կոկորդը, որպեսզի հաջորդ ակնթարթին կամքն ու հոգին ծնեն երկար սպասված երգը: Տապը գիշատիչ չէ, այլ քնքուշ քույրիկ, որ իր առատաձեռնության շնորհներն է բերում ցանկացած մեկին, ով թեկուզ ինչ-որ իմաստ է փորձել գտնել իր` տապի մեջ: Տապը քրմուհի է…

Արևը հենց նոր լեռնաշղթայի հետևն անցավ: Հարավային ցածր երկնքում մենք տեսնում ենք ամպերն արևելյան հեքիաթի վերածող նրա հզոր ճառագայթները: Մենք գիտենք, որ այս քաղաքում մայրամուտներից հավաքածու կազմող տարեց կին կա: Այդ տարեց կինը շատ բան կարող է պատմել բանաստեղծուհուն մայրամուտների, դրանց գույնի, ճառագայթների ձևերի ու հզորության, արագության ու խորամանկության մասին: Բանաստեղծուհին գիտեր, որ մշակույթը կորսված չէ, եթե կա գոնե մեկը, որ հասկանում և համակարգում է հիշողություններն ու երազները: Իսկ տապը շարունակում է շնչել համաչափ ու հանդարտ: Բոլորը քամու ծննդի սպասման մեջ են, բայց ժամանակը չափազանց դանդաղ է առաջ գնում (գրեթե կանգնած է տեղում, երբեմն էլ հետ է գնում), և խոտը` այդ ծննդյան սպասումով, բարձրանում է ոտնաթաթերի ծայրին ու զննում հովտի մեծ մարմինը: Խոտը նաև զննում է լճի ջրե մակերեսը, որը տեղավորվել է օդանավակայանի մոտ: Ինչպիսի՞ երազներ են տեսնում խլացած ձկներն այդ գետում, որը զետեղվել է օդանավակայանի թռիչքուղու եզրագծերից ոչ հեռու: Քամին, ինչպես կարոտի հրդեհ, թռչում է մեծ լեռան կողմը, և հովիտը լեցուն է չարաճճի մահով: Սողացող կենդանիները թաքնվում են լարված լռության մեջ` փոխելով երանգը` ինչպես թանաքաձուկ, ու միաժամանակ անշարժանալով` ինչպես քար կամ չորացած ծառ: Իսկ քամին չի մատնում նրանց. ավելին` քամին լի է այնպիսի հեզությամբ և նրբազգացությամբ, որ դժվար է ենթադրել` ինքը նրանց համախո՞հն է, թե՞ պատահական ուղեկիցը: Ֆորուղն իր բանաստեղծություններում խոսում է հյութեղ և տաք շնչառությամբ հագեցած հողի մասին, ինչպես հղի կնոջ, իսկ հղի կնոջ մասին խորհրդածում է, ինչպես կյանքի անգիտակցական կամքի: Այդ երեկո նա գրեց. «Իմ պտուկները լցված են հողի հյութերով, մարմինս հղի է հազարավոր կյանքերով, և ես զգում եմ նրանց ջերմությունն ու կշիռը, ձայնն ու ուժը»: Այդ փխրուն ու համառ կինն իրեն տեսնում էր իբրև նախանյութ` կյանքի սկզբի համար: Այդ րոպեներին նրա մեջ խոսում էր իր ողջ հին զարմը: Հիշենք նրա պաշտելի Ուոլտ Ուիթմենին. «Պատնեշվել են իմ գետերը, և դա ինձ ցավ է պատճառում…»: Ինչ-որ մեկը կմտածի, որ խելագար է այդ պարսկուհին, այդ ոտաբոբիկ ստվերը` մագաղաթի կամ մելամաղձության նման դեղնավուն հողի վրա: Հնարավոր է  և այդպես է: Այդպիսին է այդ կանացից յուրաքանչյուրի հիշատակը, որ նրանք թողել են 20-րդ դարի բանաստեղծական աշխարհին. դարն այդ ամենն արժևորել է միայն կիսով չափ, քանզի դարն ինքը շտապում էր դեպի 21-րդ հարյուրամյակ, ինչպես դեպի փրկարար ափը… Այդ հիշատակն ավելի շատ վիշտ է հիշեցնում, կամ ավելի ճիշտ` վշտի հմայք, վշտի վհատություն: Գերմանիայում պարսկուհու միայնության կամ թախծի մասին ավելի լավ է չհիշել, այլ անխոս մեկ առ մեկ աչքի անցկացնել նրա բանաստեղծական տողերը` անձրևաշիթերի նման:

….

Ինչպե՞ս կանխել բանաստեղծական ոգու` երկրաշարժ հիշեցնող պոռթկումը: Ինչպե՞ս տեղաշարժվել խավարում, որպեսզի լիակատար պարզություն լինի ընտրված ճանապարհի ճշտության մեջ: Ո՞վ կմատնանշի այն ճշմարտությունը, որն իբրև բուժիչ մեղր` կճառագի մարմրող մայրամուտի շողերում:

Քանի՞ բանաստեղծական տող են արտածել 20-րդ դարի բանաստեղծուհիները մարդկային ատելության, չըմբռնումի, բթության, դաժանության ծովում, որպեսզի գոնե ինչ-որ կերպ փրկեն մարդկայնության հույսը մարդու մեջ:

Ահա՛ անունների միայն փոքր ցանկը. Պոսվյատովսկայա, Ցվետաևա, Պլատ, Ախմատովա, Հիլդա Դուլիթլ, Գաբրիելա Միստրալ, Մարիա Պետրովիխ և էլի ինչ-որ մեկը, որ մեր հայելիներով սենյակում կլսի ժամանակի աղմուկն ու լույսի լռությունը…

Իսկ այդ ի՞նչ սենյակ է` հայելիներով:  Հնօրյա հայելիների բյուրեղապակին ճշգրիտ արտացոլում է բանաստեղծուհիների շուրթերից բանաստեղծական տողերի ձևով դուրս թռած յուրաքանչյուր բառի, յուրաքանչյուր աղոթքի խորունկ լույսը: Բառի մոլորեցումը հենց հայելու մոլորեցումն է: Պարսկուհի Ֆորուղ Ֆառոխզադը ձգտում է եվրոպական մարդկային անապատի հայելիներին` մի երկրից մյուսը փոխադրվելով:

….

Բանաստեղծուհիները … ծնվել և ապրել են աշխարհի տարբեր կետերում` ունենալով մարդկային որակների ոչ միանման համակցություն, ոչ միատեսակ մշակութային ավանդույթներ, և յուրովի են արտայհատել ժամանակը:   Սակայն միակ ընդհանուր բանը, որ կար նրանց մեջ, բառի առաջ սեփական պարտքը կատարելու առաքելությունն էր:

….

Նրանց սրտերն արնահոսում էին ճիշտ այնպես, ինչպես դա պատահել էր մարդկային չհասկացվածությամբ կործանված Միսիմայի, Չարենցի, Կաֆկայի, Էզրա Փաունդի դեպքում… Ոգի՞, թե՞ մարմին: Այս հավերժական հարցի պատասխանը, ըստ իս, ոչ միայն ստեղծագործական տեսանկյունից կարելի է տալ, այլև բարոյական, քանզի բարոյականության տիեզերքը միակ տիեզերքն է, որը յուրաքանչյուր օր հորինում է մարդկությունը, և յուրաքանչյուր մարդ` առանձին վերցրած: Ու միաժամանակ` բոլորը միասին:

….

Հնարավոր է` բանաստեղծուհիները` իբրև ածելիներ, կտրատում են տարածության թուղթը և գրում տարօրինակ բառեր: Այդ բառերը մենք չունենք. այդ նրանց նշաններն են: Եվ այսօր …. հստակորեն լսվում են նրանց սրտխփոցները, թեկուզ և այդքան երկար տարիներ են անցել:

….

Բանաստեղծուհիները նման են ծառասաղարթների, որոնց ջանքերով հայտնվում է զարմանալի զովը յուրաքանչյուր ճամփորդի համար, քանզի ի՞նչ է մարդկային կյանքը, եթե ոչ` հետաքրքրասեր դերվիշի աչք և սիրտ: Դե իսկ բառերը թողնենք բանաստեղծուհիներին…

Բանաստեղծուհիների կյանքը 20-րդ դարում նման էր այդ տապին, մայրամուտի այդ ամպերին, քարահատարանների քարասալերին, որ սպասում են իրենց հերթին, որպեսզի դառնան պատ` տան, բանտի, ամրոցի, կամ թե` քանդակ, տապանասալ գերեզմանոցում: Մահն ընդունեց բանաստեղծուհիներին` իբրև թռչուների, որ երգում էին սիրո ու մահվան, հպարտության ու տագնապի, վշտի ու ազատագրության երգեր, քանզի կյանքը նրանց համար ոչ այլ ինչ էր, քան սիրո գայթակղություն` թախծի խաչմերուկում… Սերը սրտխփոցն է մինչ ա՞յն, քանի դեռ չի ծնվել բառը, թե՞ այն բանից հետո, երբ այն թևաբախել է, որպեսզի թռչի…

Հեղինակ՝ Ռուբեն Անգալադյան                                  
Ռուսերեն բնագրից թարգմանությունը՝  Կարինե Ռաֆայելյանի

No Comments

Leave a Reply