ՕրԸնթաց Ազդագիր

«Ֆրեսկոն» մեկնարկեց Բերդում՝ «Բերդի» մենահամերգով

23.08.2020

 

Օգոստոսի 22-ին սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը։
Ամիսներ շարունակ մշակութային անցուդարձը միայն առցանց հարթակում վայելելող հանդիսատեսը  կարոտել էր կենդանի համերգին։ Բացման արարողության ներկաները վայելում էին մշակութային եռուզեռը՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները։

 «Այս տարի փառատոնը ավելի մեծ էր նախատեսված, քանի որ նախորդ տարիների համեմատ մասնակցության հայտերի թիվը կրկնապատկվել էր՝ մոտ 3000 հայտ, ունենալու էինք շատ հյուրեր՝ այդ թվում Քշիշտոֆ Զանուսին, Դմիտրի Բրիկմանը, բայց համավարակով պայմանավորված դրսի հյուրերի հետ հանդիպումները տեղափոխեցինք Zoom հարթակ։ Փառատոնի նպատակն է գնալ մարզեր, հատկապես սահմանամերձ գյուղեր, իսկ հուլիսին տավուշյան դեպքերից հետո խորհրդանշական էր հենց Բերդում «Բերդի» մենահամերգով սկսել։ Այս որոշմամբ մենք ցանկանում ենք մեր ուժը, հաղթական ոգին ևս մեկ անգամ փոխանցել մեր հայրենակիցներին»,- ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը։

«Ֆրեսկո» միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին տնվեցին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը և այլք։

«Այսօր Տավուշում անց է կացվում «Թիկունքը՝ մշակույթ» նախաձեռնության երրորդ միջոցառումը: «Ֆրեսկոյի» շրջանակներում «Բերդ»-ի մենահամերգը Բերդում խորհրդանշական է, քանի որ սահմանամերձ գոտում բնակվողների ուժեղ լինելու համար կարևոր բաղադրիչներից մեկն էլ մշակույթն է: Այսօր հայ ժողովրդի սիրտը բաբախում է Տավուշում, և դա հերոսության, հայրենասիրության, պետականության և հաղթանակի մասին է խոսում։ Տավուշյան հուլիսյան ազատամարտը կերտեց նոր հերոսներ, և մենք մեր երախտագիտությունն ու խոնարհումը պետք է հայտնենք նրանց»,- ասաց Հայկ Չոբանյանը։

«Ֆրեսկո»-ն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ։ Փառատոնին աջակցում է նաև Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը։ Գլխավոր աջակիցն է  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

No Comments

Leave a Reply