Երաժշտություն

«Գայանե» բալետով օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանը

04.08.2021

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ եզրափակում է 88-րդ թատերաշրջանը:

Արտակարգ և ռազմական դրությունների պայմաններում Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի ամբողջ կոլեկտիվը մեծապես կարևորեց հանդիսատեսի հետ մշտական անխախտ կապը։ Այդ նպատակին էր միտված թատրոնի ակտիվ առցանց գործունեությունը սոցիալական հարթակներում։ 88-րդ թատերաշրջանի մեկնարկը ազդարարվեց Թատրոնի մեծ պատշգամբում կայացած համերգային երեկոներով։ Սեպտեմբերին տեղի ունեցան «Երաժշտական ճամփորդություն», «Սեր երկնային», «Կարմիր տանգո» խորագրերով բացօթյա համերգային երեկոները: Այնուհետև տեղի ունեցավ «Փարիզյան բոհեմ» համերգային երեկոն: Բացի այդ Թատրոնը շարունակեց առցանց համերգների ցուցադրությունը։ Տեղի ունեցավ «Ֆլեյտաներ և սպրանոներ» խորագրով առցանց համերգ՝ նվիրված դիրիժոր Էմին Խաչատրյանին։

Բացի համերգների ցուցադրություններից Թատրոնը աշնանային ամիսներին ներկայացրեց «Զվարթնոց» տաճարում կայացած «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին Թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, ելույթներվ հանդես եկան նաև Թատրոնի մեներգիչները։ Բացի այդ տոնական օրվա առթիվ ներկայացվեցին Թատրոնի մեներգիչների ելույթները։ Թատրոնի և Կոնստանտին Օրբելյան հմնադրամի նախաձեռնությամբ, նկարահանվեց և ներկայացվեց Թատրոնի բալետային և օպերային թատերախմբերի, ղեկավարության, աշխատակազմի տեսաուղերձները՝ ի քաջալերում մեր զինվորների։ Պատերազմական օրերին մեր քաջարի զինվորների մարտական ոգին բարձրացնելու նպատակով Կոնստանտին Օրբելյան հմնադրամի նախաձեռնությամբ, նկարահանվեց և ներկայացվեց երեք տեսահոլովակ Թատրոնի արտիստների և սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։

Թատրոնի բալետային թատերախումբն Արցախից Երևան ժամանած երեխաների համար ցուցադրեց Կարեն Խաչատուրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը: Հոկտեմբերին Մոսկվայի Նիկո պատկերասրահում տեղի ունեցավ «Երաժշտությունը Արցախի համար» խորագրով համերգը, որին մասնակցում էին Թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը և դաշնակահարուհի Ելենա Վարդազարյանը։ Համերգը հեռարձակվեց նաև Թատրոնի ֆեյսբուքյան էջում։

2020 թվականի հոկտեմբերի 28-ից սկսած Թատրոնի ամբողջ անձնակազմը շուրջօրյա ռեժիմով՝ մի քանի հերթափոխով և մի շարք կամավորների օգնությամբ, հանձն առավ առաջնագծի և զինվորին պաշտպանելու համար քաղարկող ցանցերի պատրաստման գործընթացը։ Աշխատանքներն ուղեկցվում էին Թատրոնի արտիստների կատարումներով։ Տարեվերջին տեղի ունեցավ «Վերադարձ» խորագրով համերգային երեկոն թատրոնի մեներգիչների և սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Թատրոնը հունվարին աշխատանքը մեկնարկեց Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայով՝ նվիրված մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի 70-ամյա հոբելյանին։ Ա.Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային ներկայացումը նվիրվեց թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի 80-ամյա հոբելյանին։

Գարնանային ամիսներին Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում ներկայացվեցին «Մոցարտ-265», «Սիրով՝Ֆրանսիային» խորագրերով համերգային երեկոները: Ապրիլին տեղի ունեցավ «Հավերժի ճամփորդը. Յուրի Դավթյան» խորագրով համերգային հուշ-երեկոն՝ նվիրված ՀՀ ժող.արտիստ Յուրի Դավթյանի հիշատակին:

Արվեստաբան, թատերագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը նշվեց օպերային թատրոնի ճեմասրահում: Այնուհետև տեղի ունեցավ «Ավե Մարիա» խորագրով համերգային երեկոն:

Ապրիլ ամիսը նշանավորվեց նաև «Ամադեուս+Բելկանտո» խորագրով համերգային երեկոյով՝ Երիտասարդական օպերային ծրագրի մեներգիչների մասնակցությամբ: Ապրիլի 22-ին տեղի ունեցավ «Ղողանջ ոգեկոչման» խորագրով համերգը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Պարի միջազգային օրվան էր նվիրված Կ.Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը:

Հունիսի 3-ին և 11-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերայի պրեմիերան: Բեմադրող դիրիժոր Մկրտիչ Բաբաջանյան: Թատրոնը շարունակելով համերգ ճեմասրահում նախագիծը ներկայացրեց «Օպերային երկխոսություն» խորագրով համերգային երեկոն Երիտասարդական օպերային ծրագրի մեներգիչների մասնակցությամբ:

Հուլիսիսին Երիտասարդական օպերային ծրագրի մեներգիչների մասնակցությամբ կայացավ նաև «Օպերային խճանկար» խորագրով համերգը: Ամիսը նշանավորվեց նաև «Իտալական օպերային երեկոյով», «Բեթհովեն», «Սեր և երազ» խորագրերը կրող համերգային երեկոներով: Ավարտելով 88-րդ թատերաշրջանը Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը նոր՝89-րդ թատերաշրջան է թևակոխում տասնյակ ծրագրերով, նախագծերով, նոր պրեմիերաների իրագործման պատրաստակամությամբ:

Լուսանկարի աղբյուրը՝ wikipedia.org


No Comments

Leave a Reply