Գայդո Գազդանով․ Երրորդ կյանք (1)
Ռուսերենից թարգմանությունը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի
Վերջին մի քանի տարում ես բնականոն և հանգիստ կյանք էի վարում։ Դրանում, ինչպես աշխարհում բոլոր մարդկանց մոտ, կային հիասթափություններ, դառնություններ, վշտեր և այն մոտավորապես նման հոգու շարժումները, որոնք սովորաբար սահմանվում են այդ բառերով, և որոնցում ոչ ոք անսպասելի ոչինչ չէր գտնի։ Երբեմն, ճիշտ է, մեջս տարօրինակ մտքեր էին ծագում՝ տրամաբանությամբ դժվար հիմնավորվող, ինձ հանկարծ, օրինակ, սկսում էր թվալ, որ երգիչը, որը կանգնած է բեմահարթակին և սպասում է նվագակցողի այն տակտին, որի դեպքում նա կսկսի երգել,- և երգչին են հառված բոլոր աչքերը, և բոլորը սպասում են նրա ձայնի առաջին հնչյուններին,- որ այդ երգիչը երգել չի ցանկանա և այդպես էլ կկանգնի անշարժ և անձայն, իսկ հետո պարզապես կհեռանա, բառ իսկ չասելով։ Իհարկե, դա երբեք չէր պատահում։ Կամ, նույնքան անսպասելի, տեսնելով, թե ինչպես է փողոցներն ավլողը մայթի գետահորի ջուրը բաց թողնում և քուրջը քամում, մտածում էի, որ այ հիմա, այս րոպեին նա քուրջը բերանը կառնի և կծամի, ինչպես հացի կտոր։ Եվ երբ փողոցներն ավլողը դա չէր անում, ես շատ ափսոսում էի, որ սպասումս չարդարացավ։ Բայց դա այնքան անհեթեթ և ոչնչի հետ անհամեմատելի էր, որ ամեն անգամ ես հաշվետու էի ինձ սկզբնական ենթադրություններիս ողջ անհեթեթության համար։
Մնացյալում ամեն ինչ ընթանում էր շատ թե քիչ բնականոն, և ես երբեք չէի մտածում այն մասին, որ կարող եմ ինչ-որ հոգեկան հիվանդության զոհ դառնալ, առավել ևս, որ առողջությունս միշտ կատարյալ վիճակում է եղել։ Ես ունեի բոլոր հիմքերը ենթադրելու, որ պատկանում եմ մարդկության երջանիկ մասին, որը ոչ ուժեղ հոգեկան ցնցումներ է ճանաչում, ոչ առանձնակի ծանր ապրումներ, ոչ տրամադրության կտրուկ փոփոխություններ։ Ես ընթերցում, գրում, ճաշում և զբոսնելու էի գնում,- և, միևնույն է, ինչ-որ բան երբեմն աղոտ հիշեցնում էր ինձ, որ ողջ ժամանցս նման է հոգեկան հանգստի տևական խելագարությունից հետո։ Բայց ոչինչ, թվում էր, չէր նախագուշակում վերադարձն այն անբնական և ոչնչով չհիմնավորված տագնապների, որոնք ես զգում էի համեմատաբար վաղ տարիքում, և որոնք վաղուց, ինչպես ես մտածում էի, անդարձ դադարել էին։ Ես դադարեցի մտածել խիստ վերացական բաների մասին, ինձ սկսեցին գրավել իրողությունների անմիջական զննումները, պարզ և անբարդ կյանքը, հեռու անշահախնդիր և ուժեղ տագնապների հետ որևէ առնչումից, ինձ տարօրինակ և զարմանալի էին թվում բոլոր այն արարքները, որոնք հարուցված չէին արտաքուստ հասկանալի պատճառներով, — և նույնկերպ, ինչպես ինձ գնալով չէր հետաքրքրում կամ գրեթե չէր հետաքրքրում անձամբ ինձ անծանոթ մարդկանց կյանքը։
Այդպես շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև ինչ-որ անհասկանալի պատճառով ես նորից հասանելի դարձա նախկին հոգեկան տկարություններին,և մինչևի վերջո վրա հասավ այն, ինչի մասին ես փորձում եմ պատմել,և ինչը ինձ ոչ խելագարություն և ոչ հիվանդություն չի թվում,- թեև այդ վիճակի որոշ արտաքին հատկանիշներ, առաջին հայացքից, գրեթե կլինիկական բնույթ էին կրում,- այլ անցում առ այն, որ ես կկոչեի երրորդ կյանք։
Դրանում երևակայականն ու իրականն այնքան են միահյուսված, որ որևէ հնարավորութուն չկա զանազանելու, թե որտեղ է սկսվում մեկն ու ավարտվում մյուսը։ Սկզբի և վերջի մասին գաղափարներն ընդհանրապես բնորոշ չեն այդ վիճակին։ Ես տեսնում էի իմ առաջ մի դեմք, մեկընդմիշտ միակերպ մնացած, դրանից ամեն ինչ կսկսվեր և դրանով ամեն ինչ կավարտվեր, եթե այստեղ սկիզբ կամ վերջ լիներ, ամենը, ինչ կատարվում էր, բոլոր մտքերն ու շարժումները լոկ արտացոլանքներն էին դրա փոփոխությունների, պայմանականորեն ասած, ես սկսեցի գոյել իբրև այդ մի տեսիլքի գործառույթ, և այդ կնոջ դեմքն ինձ անսահմանորեն հարազատ և ծանոթ էր թվում,- թեև ես տեսել եմ այն ընդամենը մի անգամ։ Այդ ամենը պատճառ դարձավ, որիմ որոշ ընկերներ այստեղ էրոտիկ խելագարության տեսակ տեսնեն՝ ենթադրություն, որն անձամբ ինձ միանգամայն սխալ է թվում։ Այդ մասին մտածելով՝ եկա համոզման, որ այդպիսի եզրահանգման պատճառ նրանց տվել է միտքն իմ բոլոր ֆիզիկական և հոգեկան հնարավորությունների մեկ պատկերի շուրջը լիակատար կենտրոնացման մասին, և դա անբնական էր թվում հենց այն պատճառով, որ մարդկային կյանքի մյուս բնագավառները, որոնց ընդունված է մեծ նշանակություն տալ՝ պատերազմը, սոցիալական վերափոխումները, արվեստը,- հայտնվում էին լոկ որպես ֆոն, որի վրա ծագում էր այդ պատկերը, այնպես, ինչպես գերեզմանոցի սալաքարերը, և հուշարձանները, և կոմանդորի արձանը, մտածում էի, չէին պահպանվի հիշողությանս մեջ, եթե դրանք լոկ դոննա Աննայի հայտնվելուն նախորդող նախնական տեսիլքներ չլինեին։ Տարբերությունն այն էր, որ երևակայությունս արդեն վաղուց ենթարկել և կլանել էր դոննա Աննայի պատկերը,- այնժամ, երբ պատկերը, որ ես տեսնում էի իրականում և ցնորքում, չէր տրվում ոչ այդ երևակայության փոփոխվող ուժին, ոչ վերլուծությանը, այլ գերազանցում էր ըմբռնման այն հնարավորությունները, որոնք ինձ տվել է երկար և տանջալից կյանքս։
* * *
Ինձ թվում է, որ ես հիշում եմ այժմ սկիզբն այն փոփոխությունների, որոնք նախորդել էին անցմանս երրորդ կյանք։
Որքան հիշում եմ, դա պատահեց ինձ հետ առաջին անգամ վերջին տարվա ձմռանը, Փարիզում, փողոցում, որի անունը չգիտեի։ Ըստ իս, գիշերվա երեքի մոտ էր, երեկոյից րոպե իսկ չդադարող անձրև էր տեղում, այն մեկ ուժգնանում էր, մեկ՝ թուլանում, և լապտերների լույսի ներքո դանդաղորեն թռչում էին, կանգ չառնելով, ջրի անթիվ կաթիլները։ Բոլոր պատուհանները մութ և փակ էին, փողոցն անցնում էր ասես երկու խուլ պատերի միջով։ Ես չեմ հիշում անցած երեկոյի իրադարձությունները, չեմ հիշում, թե ինչու ես հայտնվեցի այդ փողոցում, որը հետո ես զուր ջանում էի գտնել։ Ես գիտեմ միայն լիակատար աներկբայութjամբ, որ, մի քանի քայլ անելով, ես կորցրի գիտակցությունս: Դա ոչ ուշաթափություն էր, ոչ քուն, ոչ ակնթարթային մոռացում, դա կարծես թե անվերջանալի հոգեկան անդունդ էր, նման նրան, որը, հավանաբար, նախորդում է մահվանը, դա չէր ուղեկցվում որևէ ֆիզիկական ցավով, որևէ ցավագին հետևանքներ չթողեց։ Սթափվելով` ես տեսա, որ շարունակում եմ գնալ մայթով, բայց ամենը, ինչ շրջապատում էր ինձ, և բոլոր զգացումներս ու մտքերս ես զգացի այնպիսի արտասովոր թարմությամբ, այնպիսի սառցե պարզությամբ, որով պետք է տեսնի դրանք տևական խելագարությունից հանկարծակի բուժված մարդը, կամ անմարդկային տեսքով բազմաչ էակը։ Դա կարծես թե վերջին տեսողություն էր՝ որևէ սխալ չթույլատրող, դրանից առաջ ես կարող էի սխալ տեսնել և հասկանալ, ինձ կարող էր խանգարել գլխացավը, կարող էր խանգարել ինչ-որ ուժգին զգացում, որն աչքերումս փոխում էր բոլոր առարկաներն ու դրանց տալիս այն ձևը, որն ամենաընտելն էր։ Ամեն տպավորություն մինչև ինձ հասնելը քանիցս փոխվում էր, անցնելով քաղցի, կամ ցավի, կամ գրգռման, կամ հոտի միջով, և հայտնվում էր գիտակցությանս առջև ոչ այնպիսին, ինչպիսին սկզբում էր. այն հառնում էր իմ առաջ խաբուսիկ և թյուր, երևակայությամբս զգեստավորված, վերափոխված այն տեսքի, որ ես սիրում էի, ընդունած այն երանգը, որ ես ամենաշատն էի հավանում, և լցված այն մտքով և այն հնչյուններով, որոնք ինձ ցանկացած այլ իմաստից և ցանկացած այլ ձայներից ավելի թանկ և հարազատ էին։ Այդպես էր միշտ, և ոչ մի աշխարհ, ամենահզոր երևակայությամբ ստեղծված, ի զորու չէր փոխելու այդ։
Եվ հենց դա անհետացավ։ Երբ հիշում էի հետո այդ գիշերը, և փողոցը, և անձրևը, ես գիտեի, որ այդժամ ես տեսնում էի ինձ կողքից և անգամ ավելի շուտ հեռվից, քան մոտիկից՝ ինչպես տեսնում են պատկերն էկրանին կամ այլ մարդու։ Ես տեսնում էի այդ փողոցում հայտնվող կերպարանքս՝ թիկնոցիս բարձրացված օձիքով, անձրևից թրջված դեմքով։ Ձեռքերս գրպանում էին, գլուխս փոքր-ինչ հակված էր ցած, ես դանդաղորեն անցնում էի փողոցով, գրեթե անհետանալով մթին տարածություններում, որտեղ լոկ գուշակվում էր ընթացող մարդու համաչափ շարժումը, և նորից հայտնվում էր լապտերների սպիտակականաչավուն, տամուկ լույսի ներքո։ Շուրջը ոչ ոք չկար, ես տագնապով հետևում էի այդ տևական բաժանմանը ինքս ինձնից և նույնիսկ վախենում էի ինչ-որ մեկի հայտնվելուց, որն իր հոծ, անթափանց ստվերով հանկարծ կկանգնեցներ առ ինձ վերադարձիս աղոտ հնարավորությունը, և այդժամ ես ընդմիշտ կկորցնեի բանականությունս, դա նույնքան հստակ էր ինձ համար այդ պահերին, որքան ողջ մնացյալը։
Ողջ անթիվ-անհամար բաները, որ ես տեսնում և մտածում էի, սրընթաց անցնում էին առջևովս, անհետանալով և թողնելով հիշողությունն անդունդ ընկնող մարմինների,- և ահա անցավ ամենն ու անհետ կորավ։ Եվ այդ գիշեր, կողքից, տամուկ և մթին տարածությունից ես տեսա այնքան պարզորոշ, ինչպես երբեք, որ ամենը, ինչ կյանքիս հիմքն է, արտասովոր փխրուն է և ավելի մոտ անգոյությանը, քան երազը կամ քունը, և այդ ամենից հետո մնաց լոկ մի բան՝ այն, ինչից ես այնքան վախենում էի նախկինում և ինչին չէի ցանկանում հավատալ, եթե ի միջի այլոց ստիպված էի լինում մտածել այդ մասին։
Դա անհետանալու ձգտումն էր՝ ամեն ինչի մասին մոռանալու, դադարելու հոգալ բնակարանի, ուտելիքի, գումարի մասին, չմտածելու և չիմանալու, դառնալու թափառական, մգանալու, սևանալու, նմանվելու հողի գույնին, որի վրայով քայլում եմ,- և այդպես դանդաղորեն և աննկատ անհետանալու իսպառ, ինչպես անհետանում են հիշողություններն ու երազները,- և ուշքի գալու լոկ վերջին պահերին մահից առաջ, ինչ-որ տեղ դաշտում, քաղաքից կամ գյուղից հեռու։ Ես վաղուց գիտեի անհետացման այդ դանդաղ հեշտանքը, բայց միայն այդ գիշեր հասկացա, որ դա միակ ուժգին ցանկությունս է, որ մնացել է այն բանից հետո, երբ մյուս բոլոր ցանկություններն անցան։
Եվ այդժամ ես սկսեցի խելքի գալ, և վերջին միտքս, որ հիմա էլ մեջս է և արտասովոր թարմ է, և պաղ, ինչպես այն տամուկ և անմոռանալի խավարը, որում այն ծագել է,- դա միտք էր մի անսխալական սպասման մասին և գիտակցումը նրա, որ ինձ վիճակված է ևս մեկ վերջին իմացություն, որը ոչ ոք չունի և որը վիճակված է լոկ ինձ։
Դա այլ աշխարհատեսության հնարավորություն էր և ձեռքբերումն այն իմացության, որը ես փնտրում էի ողջ կյանքումս և որն ամեն անգամ, երբ ինձ թվում էր, որ ես այն գտել եմ, անհետանում էր հանց ստվեր, կամ այն դուրս չէր գալիս, որն ինձ օդի պես անհրաժեշտ էր։ Բայց ես, ըստ էության, երբեք չէի խաբվում, ես միշտ գիտեի, որ դա անորոշ և ցնորական է։ Ես ասում էի ինձ, որ եթե ես գտնեի այդ իմացությունը,- ես գիտեի, որ այն կա, այլապես չարժեր ապրել,- ապա այդ պահից կսկսվեր երրորդ կյանքը՝ որպես զուլալ գետ՝ անըմբռնելիորեն կապված կուրացուցիչ լույսի հետ՝ թույլ և աղոտ, ինչպես մանկության ամենավաղ հիշողությունները։ Դա կլիներ երրորդ կյանքը․ առաջինն ավարտվեց այնժամ, երբ ես էլ երեխա չէի, երկրորդ կյանքը՝ ճանապարհորդություններ, պատերազմ, գրքեր, համալսարան, հանդիպումներ էին և հոգու այն կույր շարժումները, որոնք ստիպում էին ինձ անհասկանալի ուշադրությամբ ժամերով կարդալ վաղուց կատարված հանցագործության մասին կամ գրել պատմվածքներ, որոնք հետո ինձ թվում էին վայրի և անբնական։ Ես գիտեմ, որ ինձ սպասող բաների և զգացումների անհամար բազմության մեջ, անհայտի ողջ աշխարհում կա լոկ մի նեղ մուտք այդ երրորդ կյանքը, և հարկ էր ծնվել միակ երջանկության բախտաբաժնով՝ գտնելու համար հենց այդ մուտքը։ Ինձ միշտ թվում էր, որ արժանի եմ դրան, ես անցել եմ տանջալից և անպտուղ ճանապարհ՝ այդ մշտական հոգեկան տագնապի, որ նախորդել է լոկ մի հանգստության շրջանի, այդ անողոք հիշողությանն այն ամենի մասին, որում այնքան դժվար և ցավոտ էր ապրելը։ Բավ էր փակեի աչքերս, որպեսզի առջևովս իսկույն սկսեին անցնել, մեկը մյուսի հետևից, հոտեր, նկարներ և պատկերներ, և դրանցից յուրաքանչյուրից հետո ոչինչ չէր մնում, բացի տեսողական հիշողությունից, անպտուղ և դատարկ, ինչպես նկարն ավազի վրա կամ անհետացող լուսաշերտերը։ Եվ լոկ երբեմն այդ ամենից հասնում էին հեռավոր ձայներ՝ անհասկանալի, անհասանելի, բայց լոկ ինձ համար հնչող և սրտիս սառչել ստիպող։ Դրանք երրորդ կյանքի ձայնային ստվերներն էին, որոնք ինձ թողնում էին ամեն անգամ ծարավի և հոգեպարտասման վիճակում, հանց անհնար, շողշողուն միրաժ։ Կարծում եմ՝ եթե ինձ վիճակված չլիներ ճանաչել երրորդ կյանքը, ես, միևնույն է, երբեք չէի դադարի հուսալ․ և անգամ մահը կլիներ լոկ ամենասարսափելի պահերից մեկն այդ անդադրում սպասման։ Եվ այն ժամանակվանից, երբ ես կմտնեի այդ կյանք, ամեն ինչ կպարզվեր, կպայծառանար, կլավանար, և եթե էլի ինչ-որ կասկածներ մնային, դրանք նման կլինեին վաղուց լավացած վերքերի սպիներին, որոնք մնացել էին դեռ առաջին և երկրորդ կյանքից և սոսկ թույլ հիշեցում կլինեին։
***
Կարծում եմ, որ ամբողջ ժամանակիս կեսից ավելին վատնում էի երազների, որոնումների և պատկերացումների վրա այն մասին, թե ինչպիսին պետք է լիներ կյանքս, և ինչ հաճույքներ կսպասեին ինձ, եթե արտաքին հանգամանքներն ուզածիս պես դասավորվեին։ Ի վերջո, ես այնպես էի հոգնում դրանից, ինչպես չէի հոգնի, հավանաբար, եթե այդ ամենն իրապես կատարվեր ինձ հետ։ Ես սկսում էի ամենապարզ բաներից՝ հարստությունից և փառքից։ Ես քննում էի ամենայն մանրամասները կյանքի, որը ես կվարեի, եթե միլիոնատեր լինեի, բարդ բաշխումն ամբողջ օրվա, այցերի, ընդունելությունների, գործնական խոսակցությունների, ճամփորդությունների, քմահաճությունների և մնացյալ ամեն ինչի, որ ինձ հասանելի կլիներ։ Եվ ամեն անգամ դրանից հետո իմ մեջ հարց էր ծագում՝ իսկ ի՞նչ հետո։ Գուցե փա՞ռք։ Բայց եթե անգամ ինձ միլիոնները ճանաչեն և ամենուր անունս կրկնեն՝ արդյոք դա ինձ կերջանկացնի՞։- Ոչ, մտածում էի ես,- ես լոկ մշտապես ինձ կզգամ այնպես, ասես ամբոխի մեջ եմ գտնվում․ վիճակ, որը ես միշտ ատել եմ։ Մնում էր մարդկանց հանդեպ իշխանության մասին երազանքը, այն առանձնակի ուժեղ էր, բայց, ի վերջո, դա էլ թողեցի, քանի որ մասնակի իշխանությունն ինձ անբավարար էր թվում, իսկ լիակատարը՝ չափազանց անպտուղ, դիմադրության չհանդիպող, բոլոր ուժերի երջանիկ լարում չպահանջող, ուստիև սառնություն և անտարբերություն առաջ բերող։
Եվ այդժամ երևակայությանս ամբողջ ուժը, զգացումներիս բոլոր հնարավորությունները, ամբողջ կենսափորձս ես ուղղեցի կնոջ մասին մտքին։ Երկար գիշերներ ես այդ մտքի իշխանության տակ էի, ցերեկը երկար ժամեր՝ անտառում, քաղաքում, ռեստորանում, ես ընկղմված էի այդ վիճակի մեջ, որը նախկինում չէի ապրել այդպիսի ուժով, դա այնքան անհաղթահարելի էր, որ պետք է իր մեջ ինչ-որ կիրառում գտներ, այդժամ ես այդ մասին գիրք կգրեի, էրոտիկ և անրջուն, և դրանից հետո ես ավելորդ անգամ կհամոզվեի պատկերացումներիս անճշտությունում։
Կնոջ մասին միտքը երկար ժամանակ խորթ էր ինձ։ Այն տարիքում, երբ առաջին անգամ վրա է հասնում այդ գրեթե անհաղթահարելի ցանկությունը, ես ամբողջովին կլանված էի ֆիզիկական ուժասպառության ձգտումով, դա նույն ցանկությունն էր՝ տարօրինակորեն այլ ձև ընդունած։ Ես ամեն օր տասնյակ վերստեր էի անցնում ինձ հասանելի ամենամեծ արագությամբ՝ ամռանը՝ հեծանվով, ձմռանը՝ դահուկներով, ես զբաղվում էի մարմնամարզությամբ և հասա նրան, որ ինձ առաջարկում էին կրկեսում ակրոբատ ընդունվել, մարմինս միշտ ծածկված էր կապտաբծերով, երեկոյան ես հազիվ էի հասցնում բազմոցին կամ ճոճաթոռին նստել և իսկույն քնում էի այնպիսի խոր քնով, որ չէի զգում, թե ինչպես էին շորերս հանում և տեղափոխում իմ մահճակալ։ Հետո գրքերն էին, և պատերազմը, և գրականությունը, որ խիստ գրավում էր ինձ մի ժամանակ, հետո քաղցն ու ֆիզիկական աշխատանքն էին, և լոկ այդժամ ամեն ինչ ավարտվեց։
Ոչինչ և երբեք ինձ չէր թվում այդքան սրբապիղծ, այդքան անհիմն, ինչպես երեխա ժամանակ ինձ շրջապատող կանանց հանդեպ հեռավոր և մաքրավճիտ զգացման համակցումն այդ սև տեսողության, մարմնի այդ անտանելի հեղձուկի հետ, որոնք ուղեկցում էին յուրաքանչյուր քայլս ու ամեն միտքս, երբ ես այդ ցանկության իշխանության տակ էի։ Ոչինչ չէր կարող ավելի վիրավորական և տխուր լինել, ես ինձ զգում էի այնպես, ինչպես մարդը, որն ամենայն իրեն շրջապատողը լավն ու մաքուր է համարում, և որին մի անգամ ցուցանել են հանկարծ դրա ամբողջ սարսափելի խայտառակությունը, ինչպես մարդը, որին մինչև այժմ անգթորեն խաբել են այն բանում, ինչն ինքը լավագույնն էր համարում։
Մի անգամ ընկերոջս տանն էի, որը հիմա ողջ չէ, նա մահացել է Աֆրիկայում, մի քանի տարի առաջ։ Նրա ամբողջ կյանքն անցել է նկարների մեջ, որոնք նա նկարում էր։ Նա ճանաչածս բոլոր մարդկանցից միակն էր, որի հանճարեղությունն ինձ աներկբայելի էր թվում։ Տարօրինակ զգացում էր ինձ տիրում, երբ նա ցույց էր տալիս իր նկարները, շունչս կտրվում էր, և տրտմում էի, և լավ էի զգում այն բանից, որ նա նկարում էր հենց այն, ինչը ցանկացած այլ մեկին անհասանելի կլիներ, և հենց այնպես, ինչպես դա անհնար էր։
Նա ինձ գծանկար ցույց տվեց, որ կոչվում էր «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը»։ Սուրբ Անտոնիոսը նստած է նեղ փայտե ճոճաթոռին՝ դալուկ սրածայր դեմքի վերևում բարձր ճակատով, սպիտակ խալաթով և չոր ոտքերին կոշիկներով։ Եվ ահա նրա գլխավերևում ոչ բարձր կեցած է և երերում է մռայլ ու ծանր երկինքը՝ ամբողջովին բաղկացած անթիվ կանանց մարմինների տարբեր մասերից՝ ուռած պտուկներով կլոր, պարարտ կրծքեր, հետույքներ և ոտքերին միացած գանգուր մազերի սև, ծակոտկեն հերափնջեր՝ քարացած սաստիկ զգայականության մեջ՝ իր ճանաչած ամենածանր տեսիլքը։
Եվ ես տեսնում էի աշխարհն այդպիսին, և միայն այդ մտքից ինձ հավիտյանս դատապարտված էի զգում։- Մի ժամանակ,- մտածում էի,- ես այդպիսի երջանիկ և գեղեցիկ կյանք էի ճանաչում՝ ձմեռային մթնշաղը, և փոքր մահճակալը, և մորս դեմքը, և սարսափելի հեքիաթները,- և հետո այլ բան՝ արդարությունն ու անկեղծությունը, և ձնե ասպետի հյուսիսային տեսիլքը, և կաթով քնքուշ կուրծքը, որ կյանք է պարգևում նորին և լավագույն լինելիությանը, և այդ ամենը մարմրում է սև հրի վրա, և ծանր ծուխը՝ նման սուրբ Անտոնիոսի երկնքին, դանդաղորեն պատում է այն։
* * *
Ես մտածում էի հետո, երրորդ կյանքիս սկսելուց ի վեր, որ բոլոր այդ տեսիլքներն ու մտքերը նույնպես ինչ-որ բանի համար պետք էին, ինչպես երջանիկ մարդուն պետք էր ճանաչել ափսոսանքն ու վիշտը, որոնք ավելի կընդգծեին հետո նրա երջանկությունը, ինչպես երկրորդ կյանքիս մռայլ տեսիլքները ընդգծում էին ուշ ըմբռնման ողջ շողշողուն մաքրությունը։ Բայց այդժամ դրանք բերեցին նրան, որ կյանքիս ցանկացած խանդավառվածություն ինձ սկսեց անդարձորեն մարած թվալ, և ես լոկ գնում էի այն բանի հետևից, ինչպես ընթանում էր ներքին կյանքս։ Ես առողջ և երիտասարդ էի, և ֆիզիկական վիճակս չէր թողնում ինձ զբաղմունք գտնել ռևմատիկ ցավերի, կամ թոքային տկարությունների, կամ վաղաժամ հոգնության, կամ ուտելիքի հանդեպ սրտխառնուքի մեջ։ Ես մոտավորապես ուրվանշեցի ծրագիրը, որ պետք է կատարեի, որում նախևառաջ կրթությանս մասին հոգսերն էին, բայց ես դա անում էի դանդաղորեն և դժկամորեն, քանզի դա առաջ էր բերում այն երևույթների անմիջական մերձությունը, որոնց հանդեպ ես խորապես անտարբեր էի դարձել։ Ամենը, ինչ նախկինում խիստ գրավում էր ինձ, դադարում էր ինձ համար գոյություն ունենալ։ Մի ժամանակ ինձ թվում էր, որ ես իսկապես խելքս թռցնում եմ։ Լրիվ նույն կերպ, ինչպես երաժշտական մոտիվում, չնայած երաժշտական կրթության լիակատար բացակայությանը, ես գրեթե միշտ գիտեի նախօրոք, թե ինչ հնչյուն կհաջորդի նրան, որ հենց նոր եղավ, այդպես,վերցնելով ձեռքս գիրքը, ես գիտեի, այն չընթերցելով, թե ինչ է դրանում գրված։Ես կարող էի չիմանալ փաստերը, որոնք այդտեղ պատմվում էին, բայց գլխավորը, գրքի հիմնական զգացումը, դրա տոնը, ես, ինչպես ինձ թվում էր, ճանաչում էի միշտ։ Ուստիև ես չէի կարողանում կարդալ։ Առաջ ես կարդում էի ողջ ազատ ժամանակս, հետո ես հազիվ բացում էի գիրքը, մի քանի էջ ընթերցում և փակում էի այն․ ինձ ձանձրալի ու անհետաքրքիր, իսկ գլխավորը՝ միևնույն էր։ Եվ դրա հետ մեկտեղ, գործերս պահանջում էին ինձնից մշտական և ջանադիր ընթերցում։ Սակայն մասնագիտական բաներն ավելի հեշտ էի կարդում, և ես տնտեսական դոկտրինների պատմությունը լավագույն վեպից ավելի էի նախընտրում։ Էլ ավելի հեշտ էի գրում․ դա ինձնից ոչինչ չէր պահանջում, բացի հիշողության մի փոքր լարումից և որոշակի տոկունությունից։
Շատ վաղուց, ամենասկզբում, երբ նոր էի Փարիզում, ես գրական ընդունելություն էի ուժգին ցանկանում։ Բայց այնժամ, երբ իմ առաջ առաջին անգամ սկսեցին որոշ գրական հնարավորություններ բացվել, դա եղավ արդեն բեկումից հետո և ինձ համար իսպառ կորցրեց հետաքրքրությունը։ Մի անգամ սկսվելով, դա շարունակվում էր իներցիայով՝ ինչպես և կյանքիս մնացյալ մասը, որ հոգեկան բովանդակությունից զուրկ մեքենայական շարժումների շարք էր։ Մարդկանց, որոնց ես ստիպված էի հանդիպել, ճակատագրի և հետաքրքրությունների հանդեպ ես անտարբեր էի, և լոկ երբեմն՝ անծանոթ կնոջ հեռավոր հայացքը կամ նրա ինչ-որ մի շարժումն ակնթարթորեն արթնացնում էին ինձ և ասես պարուրում ռոմանտիկ և հնչեղ ամպով, որում անձնական պատկերացումներս և ցանկություններս խառնվում էին նրա հետ, ինչ ես լսել, ընթերցել կամ զգացել էի նախկինում՝ ամառային գիշերը, և իտալական մեղեդին, և սիրահարի քայլերն ավազի վրայով, և ծանոթ այգու ցանկապատը, և գրեթե ցնորական կնոջ կերպարանքի փութկոտ շարժումները ծառերի խորքում։ Բայց դա լոկ ակնթարթ էր տևում, և հետո անհետանում էր։ Երբեմն գիշերը, դառնալով տուն քաղաքով անվերջանալի և անմիտ թափառումներից հետո, հանկարծ սկսում էի մտածել այն մասին, որ ես դեռ երիտասարդ եմ, որ մարմինս ենթարկվում է ինձ նախկին արագությամբ և անսխալականությամբ, որը կոփվել է մեջս երկար տարիների ակրոբատական վարժություններով, կրկեսային salto-ի ընթացքում գետնին ընկնելով և բոլոր մկանների անխնա լարվածության սովորությամբ։ Հիմա ինձ դա պետք չէր։
Շարունակելի






