Գայդո Գազդանով․ Երրորդ կյանք (2)
Սկիզբը՝ այստեղ
Անցումները մի հոգեվիճակից մյուսը՝ սովորաբար աննկատ կատարվող, ինձ համար ակներև էին, և մտքերը, որ այդ րոպեներին տիրում էին ինձ, ընթանում էին այդ հոգեկան ընկղմանը զուգահեռ։ Սկզբում ուրվագծվում էին անմիջական գործնական հեռանկարները կամ անհրաժեշտությունը նրա, ինչ ես պետք է անեի վաղը՝ գնալ փողի հետևից, գրել վերջացնել նամակը, կինոյի տոմս գնել։ Հետո ելնում էր բանաստեղծությունների ինչ-որ տող՝ իսկույն առաջ բերող այլ տեսողական պատկերներ,- դա կարող էր լինել Հռոմը, կամ Պետերբուրգը, կամ Սևիլիան,- հետո դա տարհոսում էր ինչ-որ այլ բանի մեջ, որտեղ ձյան և կանաչի տեսիլքների կողքին հայտնվում էր ողջ գոյողի անպտղության և անկարության մասին միտքը, այն երկար չէր տևում, հետո ծագում էր հարցը՝ իսկ ի՞նչ հետո,- և այդժամ վրա էր հասնում խորագույն խավարը, որում ամեն ինչ անհայտ էր և մնացյալին ոչ նման։ Այդ վիճակում մնալն առանձնակի տանջալի էր, քանի որ պահանջում էր ուժերի լարում, դրան արդեն նախորդել էր անսովոր խոնջանքը, որը դանդաղեցնում էր ամենը, ինչ ես անում էի, և չէր համապատասխանում անգամ այն անշտապ կենսակերպին, որ վարում էի։ Եվ ես երբեմն ամիսներով չէի պատասխանում կարևոր նամակներին, խոստանում էի գալ և գրեթե երբեք չէի գալիս․ ամեն ինչ միևնույն պատճառով՝ ինձ կատաղեցնում էր այն, որ ինչ-որ տեղ հրավիրված էի լինում և չէի կարող դրանից խուսափել։- Մի՞թե չի կարելի,- մտածում էի ես,- որ ինձ, վերջապես, հանգիստ թողնեին, որ ես կարողանայի, վերջապես, լրիվ ազատ լինել։- Բայց ազատությունն էլ ինձ հարկ էր լոկ ոչինչ չանելու համար։ Ես ուզում էի քնել և ուտել, և դա տարօրինակորեն չէր համապատասխանում ամենին՝ պայմաններին, որոնցում ես մեծացել և սովորել էի, և ոչ վաղ հետաքրքրությանս առ վերացական բաները, և այն հուզումին, որով որոշ ժամանակ առաջ ես ընթերցում էի սիրածս գրքերը։
Այդ հոգեկան խավարը լցնում էր ինձ մշտական տագնապով․ այն խանգարում էր քնելուս, չէր թողնում մնալ լիակատար անտարբերության և հանգստության վիճակում,- ասես դեռ ամեն ինչ լուծված չէր անձնական կյանքումս, ասես մնում էին էլի ինչ-որ անձանձիր հնարավորություններ, ասես ամեն ինչ սպառված չէր։ Եվ նորից, մի անգամ էլ ինձ ստուգելու համար, ես վերադառնում էի նախկին երազանքներին և մտքերին և դրանցում ոչինչ չէի գտնում, բացի մուգ քողից՝ ասես փտող մամուռի վրա բարձրացող ծուխ։
* * *
Այն, ինչ պատահեց ինձ հետ այդժամ, պատահեց կյանքում առաջին անգամ, և ամենն ընդհանրապես ամենայն մանրամասնությամբ այնքան թարմ և ուժգին էր, որ ինձ նույնպես թվում էր՝ սա կյանքումս առաջին անգամ է։ Ես սոսկ մի թռուցիկ հիշողություն ունեի՝ մի ժամանակ, շատ վաղուց, գուցե թե լրիվ այլ կյանքում, ես արդեն ճանաչել եմ սա, բայց ինձ այժմ անսահման հեռավորություն էր բաժանում դրանից։ Երբ ես հետո հիշում էի այդ մասին, ամեն ինչ սկսում էր աղմկել և պտտվել շուրջս, և ահա այդ աղմուկից դանդաղորեն ծագում էր կնոջ դեմքը՝ հաստ շուրթերով և արտասովոր մեծ ու ցասկոտ աչքերի առանձնակի կտրվածքով։ Այդ դեմքը ես գիտեի մշտապես, ամբողջ կյանքումս։ Եվ երբ ես տեսա այն մոտիկից և արթմնի, սկսեցի խեղդվել, ամեն ինչ սառն ու հեղձուցիչ դարձավ, բոլոր ձայները հասնում էին ինձ խլացված, հանց երազում։
Դա ամռանն էր, սրճարանի պատշգամբում, Փարիզի դատարկ և խուլ թաղամասում, Բուլոնի անտառից ոչ հեռու։ Ես չկտրվելով նայում էի սեղանի առջև նստած կնոջը․ նա միայնակ էր։ Ես չմոտեցա նրան այդ անգամ, երրորդ կյանքիս առաջին երեկոյան։
Նա մնաց հիշողությանս մեջ՝ թարմ և սառը, առաջին անգամ այդպիսի շիկացած սպասումից և սուրբ Անտոնիոսի հեղձուցիչ երկնքից հետո, նա մնաց՝ հովասուն և բարձր երկնքով, խուլ և հեռավոր փողոցի ծառերի անշարժ հանգստությամբ և այն բանի գիտակցմամբ, որ մինչև հիմա գոյող ամեն ինչ լոկ տևական ներկայություն էր օտար միջավայրում, որից մնում են լոկ թռուցիկ, աղոտող պատկերներ, և որ հիմա սկսվում է այլ բան՝ կլլումն ամենի, ինչ ես գիտեի, ազատագրումը բոլոր դժվարություններից և մի ամբողջ կյանք՝ առաջին անգամ՝ անհայտ երկրի ծայրին։
* * *
Այդ ժամանակվանից սկսվեց արտաքին պայմաններով հարուցված այն երկակի գոյությունը, որը յուրաքանչյուր բժիշկ խելագարություն կորակեր։ Ես ուշ վերադարձա տուն, պառկեցի թախտին, պատուհանը բաց էր, ինձ թվում էր, որ ես քնած չէի,- և չէի կարող կատարել այն գիշերային ճամփորդությունը, այնքան տարօրինակ և արտասովոր կերպով նման իրականությանը, որ, եթե հաջորդ առավոտյան չարթնանայի սենյակումս, կմտածեի, որ դա եղել է իրականում, ամենը, ինչ ես տեսնում էի այդժամ,- ամենը ասես երազվում է կամ չի երազվում,- ձմեռը, և ծանր վարագույրներով պատուհանները, և ձնածածկ գետինը, և բարձր ծառը պատուհանի տակ, ըստ երևույթին, թույլ, ապակե զնգոցով աճող, և շուրջը, ի պատասխան այդ ձայնի, անդադար ընդարձակվում է գետինը ձնե, խշխշան աղմուկով։ Այն, թե ինչպես եմ ես մտնում այդ օդի մեջ, նման է սուզմանը պաղ, վերերկրային ջրի մեջ, որտեղ այնքան դանդաղ են ձեռքի շարժումները, որտեղ աղոտ և երերուն են ափերը, որտեղ խորքում, գրեթե ամենահատակին մոտ, լողում են հազարամյա ձկները, քնատ շարժելով սառցակալած լողակները։ Բայց ահա աղմուկով անհետանում է ջուրը, երևում են մարդկային դեմքերը, և փռվում է թեթև մշուշը՝ աճպարարի ծածկոցի պես հանկարծակի թռած։ Հետո պայծառ լույս է տարածվում, և ես հայտնվում եմ քաղաքում՝ գրեթե նման Փարիզին, բայց այդ քաղաքում բնավ չկան երեխաներ, կան լոկ կանայք և երաժիշտներ։ Եվ, վերջապես, ես արթնանում եմ, ամեն ինչ լուսավորված է էլեկտրականությամբ, քաղաքի վրա թռչում է աղմկոտ գիշերը․ աղմկում են մետաղական ճռթճռթոցով մեքենաների շարժիչները, խշխշում են ակերը և անդադար անձրև է տեղում՝ սև լաքով ծածկելով փայլուն կամուրջները։ Ես գնում եմ փողոցով անձրևաթիկնոցով, և ինձ ընդառաջ կին է գալիս, քաղաքի թնդացող լույսի ներքո նրա դեմքը մոտենում է ինձ՝ դալուկ, հաստաշուրթ դեմքը,- և ես սրտումս թուլություն և ծանր, պաղ քամի եմ զգում։- Մի ժամանակ երջանիկ, ջինջ կյանք ունեի,- կրկնում եմ ես,- ինչո՞ւ դուք կործանեցիք այդ ամենը։ Մի՞թե ձեզ բավ չի անհամար բազմությունը նրանց, ում դուք նախկինում գիտեիք,- երբ դուք անցնում էիք զգեստի մահացու շրշյունով տարիների և տարիների միջով՝ երբեք չփոխվելով։ Ձեզ բավ չե՞ն նրանք, ում դուք վերածել եք ձեր ստվերի․ դա ինչ-որ մեկի անողոք և ծաղրական կամքն էր, որ ծնել է ձեզ, և պտտվող վիհերը ջրում, և մյուս, համանման անարդար, բաները։- Եկեք հետևիցս,- պատասխանում է կինը։ Եվ ահա ես արդեն շրջապատված եմ բոլոր կողմերից նրա ձայնով՝ այն հնչում է աջից և ձախից, այն նախորդում և ուղեկցում է ինձ, և երազում մենք գնում ենք գիշերաքաղաքի սև ապակիների վրայով, և անտանելիորոն ձգվում է այդ ճանապարհորդությունը։ Եվ ահա նա բռնում է ձեռքս, և նրա դեմքը շրջվում է դեպի ինձ, նրա հաստ շուրթերն անշարժ են,- և մենք կանգ ենք առնում, արյունը թանձր շիթով հոսում է կոկորդիցս, և ես տեսնում եմ անտանելի լուսաշերտում երջանիկ երկրի ափը և ծառերի տերևները շողշողացող ջրի գլխավերևում։ Արյունը հար ավելի ու ավելի դանդաղորեն հոսում է կոկորդից, և ես չեմ կարողանում այլևս խոսել և, մահանալով կարմիր գետում, մոտակա և քնքուշ, կրկնում եմ միակ բառը, որը չեմ մոռացել, չմտածելով դրա իմաստի մասին, գրեթե չլսելով այն՝ երբեք, երբեք, երբեք։
* * *
Երկու առանձնահատկություն- այդ հանդիպումից ի վեր- բնորոշում էին ինձ համար այն, ինչով երրորդ կյանքը տարբերվում էր նախկիններից։ Առաջինը՝ անհետացումն էր կյանքի այն տանջալի բազմաթվության, որից ես այնքան տառապում էի առաջ։ Առջևովս շարունակ իրադարձությունների մի քանի համաժամյա շղթաներ էին անցնում, և երբ որևէ բան էր պատահում, ես չէի կարողանում զգալ տպավորության ամբողջ ուժը, որը դա պետք է թողներ, քանի որ բազում անկարևոր, բայց զուգահեռ և ժամանակի մեջ համապատասխանող անցքեր ակնթարթորեն մասնատում էին ուշադրությունս։ Լինում էին պահեր, երբ ես ինձ գրեթե կատարվողն արձանագրելու մեքենա էի զգում, և բուն, զգայական իմաստը նրա, որից արտասվում և ուրախանում էին մյուսները, ինձ լոկ մանրամասներից մեկն էր թվում, և ոչ միշտ ամենաէական։ Եթե ես ստիպված էի լինում ինչ-որ բան նկարագրել, ապա նախօրոք ասում էի ինձ, թե ինչ հետևություն այդ նկարագրությունից պետք է անի ունկնդիրը կամ ընթերցողը, և հենց այդ հետևության անհրաժեշտությանը համապատասխան կառուցում էի պատմությունը, որը ցանկության դեպքում կարող էի լրիվ այլ կերպ կառուցել։ Ես կարող էի խոսել ինչ-որ արարքի մասին և այն սրտառուչ ու նուրբ պատկերել, եթե դիմում էի կնոջ, և հենց նույնի մասին ես կարող էի պատմել՝ իբրև անհեթեթ և անպետք բանի՝ եթե խոսում էի տղամարդու հետ, որի հանդեպ վերաբերմունքիս մեջ ուզում էի ավելի մեծ թերահավատ թվալ, քան հենց ինքը։ Դա անպետք աշխատանք էր փոփոխվող նյութի հանդեպ, բայց այն լոկ հիմար մտադրությունների հետևանք չէր․ դա ասես երկրորդ բնույթս էր։ Որևէ հանգամանքում, անգամ ամենաողբերգական, ես զգացման ողջ տարերային ուժը չէի ապրում։ Նույնիսկ պատերազմի ժամանակ, ամենասարսափելի պահերին, ես պարզորոշ տեսնում էի ողջ կատարվողը, և, շնչելով պայթեցված արկի կսկծոտ ծուխը, ես չէի մոռանում ափսոսալ այն մասին, որ ատրճանակը պատշաճորեն դրված չի պատյանը, կամ, տեսնելով թնդանոթը լիցքավորող և ճակատը թևքով սրբող զինվորին, և նայելով նրա երկար մազերին, ես մտածում էի՝ իհարկե, դա շատ հանդիսավոր է, և, միգուցե, հիմա նա կսպանվի, բայց, միևույն է, նրան չէր խանգարի մազերը կտրելը։ Ես շատ լավ գիտեի, թե ինչ էր ինձ սահմանված զգալ, բայց իրականում դա չէի զգում։ Եվ ահա այդ տարբեր և անհամատեղելի երևույթների հայումը, միանգամայն անհաղթահարելի, ինձ հասցնում էր անզոր կատաղության՝ այդ մոռացության տրվելու և ինքդ քեզ ամենաուժեղ զգացման մեջ զգալու անհնարինությունը՝ չզգալ, որ անձրևում է, չիմանալ, թե ժամը քանիսն է, չմտածել, թե ինչպես տուն կհասնեմ։
Եվ գոյության այդ բազմակիությունը հանկարծ անհետացավ, և դա երկրորդ առանձնահատկությունն էր, այդժամ ես ճանաչեցի ամբողջ ուժը միակ զգացման՝ արտասովոր և մինչև այժմ հոգեկան գիտելիքներիս ողջ հանրագումարի հետ անհամեմատելի։ Նախկինում ես գիտեի վիշտը, և անձկությունը, և տաղտուկը, և պարտասումը, բայց միայն հետո, երևակայական ձայներանգի կամ ժեստի հարուցած հիասթափության պահերին, ես ճանաչեցի դրա ողջ կործանարար ուժը՝ որևէ այլ մտքի ստվեր իսկ չընդունող։ Այդպիսի հուսահատության ժամանակ ամեն ինչ անհետանում էր ինձ համար, բացի այդ սարսափելի պարտասումից՝ մահվան սպասումից հազար անգամ ավելիանտանելի։ Ամեն ինչ դադարում էր գոյություն ունենալ, աշխարհում ոչինչ չէր մնում, և սովորություններս և փրկարար մտքերս շրջապատողի ինչ-որ օբյեկտիվ ըմբռնման մասին ինձ նույնքան անհասանելի էին, որքան մարդուն, որը երբեք դրանք չի ճանաչել։ Բոլոր ուժերս, բոլոր ցանկություններս միտված էին մի բանի, և երբ այդ ամենը հանկարծ կանգնեցված և խորտակված էր, ապա մնում էր լոկ մի անսովոր տատանում, որի ամենաչնչին շարժումն ինձ համար ավելի մեծ նշանակություն կունենար, քան հիվանդության, կամ քաղցի, կամ երկարամյա, անդադրում հոգեվարքի տարիները։
* * *
Պաղ և թարմ առավոտ, հոկտեմբեր, Փարիզ և սենյակիս բաց պատուհանը։ Ես արթնանում եմ այն գիտակցմամբ, որ պետք է հեռանամ։ Անցան մեկընդմիշտ բոլոր հիշողությունները, և սպասման անորոշ հյուծումը, և բառերի երաժշտական համակցումը՝ իմ հանդեպ այնքան անհաղթահարելի ուժ ունեցող, անհետացան ձները, և ծովը, և ամբողջ այդ մեկ շառաչող և ընդվզող, մեկ մունջ և ճերմակ աշխարհը, որ ես գիտեի այդքան տարի, մնաց լոկ անդարձ ճամփորդությունը հեռավոր երկիր՝ տամուկ և տաք քամու միջով։ Եվ հաջորդ վայրկյանին թանձր օդը պատում է մարմինս, ես գնում եմ դրա միջով․ հետևում մնացած բարձր և սարսափելի հեռվից սուրում են սրաթափանց ձայները՝ ինչպես ինձ շրջապատող մեղմ քամու հծծյունին միախառնված կանացի լացը։ Դա նման է նավաբեկության՝ հեռվում ամբողջովին այրվում է նավը և արտասվում է խեղդվողը, շուրջը գիշերային ծովն է, և առջևում, ծովի տամուկ մշուշաքողի հետևում՝ տաք հողը գրեթե անհասանելի երկրի՝ միակի, որի վրա հնարավոր է իմ կյանքը։ Ոչինչ չմնաց, բացի այդ վերջին ճամփորդությունից, ողջ աշխարհը փակ է ինձ համար, և կա միայն կամ այդ երկիրը, կամ՝ դանդաղորեն թոքերը լցվող ջուրը, կամ ծովահատակի խորությունը, և ինձ կյանքիցս բաժանող հարյուր տարիները, և արդեն մահացող, արդեն աղոտող հիշողությունն այն մասին՝ ինչ էի ես, և ինչը դադարել է լինել։
Եվ ես տեսա, վերջին անգամ, ավազոտ և շոգ երկիրը Ռուսաստանի ամենահեռավոր հյուսիսում, և փոքր ծառի կոտրված արմատն անտառեզրին, և խաղաղ օրը՝ շողում է ուշ աշնանային արևը, թեթևակի թշշում է ավազը մեղմ քամու տակ։ Երբ շատ ժամանակ անցես նորից եկա այդտեղ հյուսիսից՝ ոչինչ չէր փոխվել՝ նույն քամին, և արևը, և ավազի թշշոցը։ Բայց միայն կոտրված արմատը չկար, այն քշվել էր,- և ես մտածեցի այդժամ, որ այդ ծածկված հատվածում նույնիսկ հիշողություն չի մնացել այն մասին, թե ինչպես էին օդում ծփում տերևները և ճոճվում ճյուղերը,և ինչպես էր դրանում հոսում հյութը՝ վարուվեր՝ ինչպես արյունը խորհրդածող մարդու կանգնած կերպարանքում։
* * *
Առաջ ինձ միշտ տանջում էր միտքը, որ ես ոչ ոքի չեմ կարող պատմել ամեն ինչի մասին, իմ վերջին ճշմարտությունը, և ամենը, որ հիշեցնում է այն, ես կփոխեմ, և ինձ ոչինչ չի մնա նրանից, ինչ եղել է իրականում, ոչինչ՝ բացի պատմելու անտանելի ցանկությունից։ Ես ջանում էի պատկերացնել մարդու, որին կկարողանայի այդ մասին ասել, և չէի գտնում նրան։ Երբեմն այդ զգացումը գլուխ էր բարձրացնում մեջս այնպիսի ուժով, որ ես արդեն գրեթե սկսում էի խոսել, բայց ինչ-որ բան կանգնեցնում էր մեջս ինձ խեղդող բառերն ու խոստովանությունները, և ես նորից մնում էի նախկինի պես լռակյաց և խեղդվող։ Ես գիտեի, որ երբեք չեմ գրի այդ մասին, քանի որ, միևնույն է, դա կմնա անհասկանալի,- և նույնիսկ ինքս ինձ ես չեմ կարող ամեն ինչ խոստովանել։ Մի անգամ ուզեցի դա պատմել քահանային խոստովանանքի ժամանակ,- թեև ես չէի հավատում ո՛չ Աստծուն, ո՛չ խոստովանանքի անհրաժեշտությանը,- բայց ես սիրում էի այդ քահանային։ Եվ երբ փորուրարի ծակծկող դիպակը ծածկեց գլուխս և հնչեցին խեղդվող բառերը, որ նա ասաց,- ես հիշեցի իր դիալեկտիկ և սառը ուղեղի և Աստծո հանդեպ իր ռոմանտիկ սիրո մասին, որն ավելի շուտ արվեստի դրսևորում էր, քան այն պարզ և անհունորեն ամուր սերը, որից աչքերից աղիողորմ, մարդկային արցունքներ են հոսում,- և լռեցի։
Եվ ահա հիմա չէի տատանվում ինձ ամեն ինչ խոստովանել մինչև վերջ։ Ինձ թվում էր, որ երբ ավարտվեն խոսքերը, և պատմությունները, և զգացումները, ապա կմնա մթին տարածություն առջևում՝ անհասկանալի և չարագուշակ սպասումով լի։ Բայց դա այդպես չէր, և ամենից հետո, խավարի փոխարեն, որին սպասում էի, ես տեսա ասես օդային գետի կուրացուցիչ շողանքը։
* * *
Ես ծնվել եմ հյուսիսում, վաղ նոյեմբերյան առավոտ։ Հետո շատ անգամ ես պատկերացնում էի պետերբուրգյան փողոցի թուլացող մութը և ձմեռային մուժը, զգացումն արտասովոր թարմության, որը պատուհանի բացվելուն պես՝ թափանցում էր սենյակ։ Այն գիշեր, երբ ես կորցրի ինձ,- և երեկոյան, երբ հանդիպեցի անծանոթ կնոջը սրճարանի պատշգամբում,- ես անսպասելի ուժով զգացի այդ սառցե հպումը։ Եվ մնաց լոկ կնոջ դեմքը՝ իմ առջև կեցած, և մոտերքում, տաք օդում՝ պաղ և հանդարտ հոսանքը, ինչպես ամբողջ կյանքիս երկարությամբ անցնող ձնե ստվեր։
Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը






