ԳրաԴաշտ Դավիթ Սամվելյան

Գերմարդու հայրենիք Գերմանիան (ուղեգրություն)

21.01.2025

Մաս 1 

Սուրբ ծնունդը Հռենոսի ափին

Անձրևաբեր ամպերը կախված են օտար քաղաքի վրա. տեղումներ չկան, օդը մինչև ուղնուծուծը խոնավ է, բայց զուսպ, չի հեղեղում։

Օդանավակայանի կիսադատարկ սրահում եմ` անինտերնետ, անորոշ, ցանկալի նպատակակետից 13 կիլոմետր հեռվում. անհասկանալի նշումներով էլեկտրագնացքի տոմս գնեցի` երանիով հիշելով կանխիկով աշխատող մեր վարորդներին, մի քանի անգամ շարժասանդուղքով վեր ու վար անելուց ու կառամատույցներից բա՜ն չհասկանալուց հետո հայացքով սկսեցի փնտրել  նորմալ արտաքինով մեկին. արագ, որ կայարանի պատերի տակ քնած անտուններին նայելով երկար չզբաղվեմ ու ժամանակ չկորցնեմ։

-Հաու այ քեն ռիչ տու Քյոլն,- անհույս հարցրի մոտակայքում կանգնած հարդարված մազերով, ձեռքերն էլեգանտ վերարկուի գրպանները դրած մի տղայի, որի պատասխանը ուրախացնող էր, ժպիտն էլ` հուսադրող` ի տարբերություն անցագրային բաժնի՝ չգիտեմ էլ ինչ ազգից, բայց Գերմանիայի քաղաքացի լինելուց հպարտ աշխատակցուհու, որի ամենակարևոր գործը հետադարձի ավիատոմսս ստուգելն էր, և այն մաքսավորի խրոխտ կեցվածքի, որին հետաքրքրող միակ հարցը  հետս վերցրած ծխախոտատուփերի քանակն էր։ Դե՜, ոչինչ, Հայաստանում էլ հարցնում էին, թե որքան գումար եմ տեղափոխում (կարծես ինկասացիայի մեքենա էի, որ գումարը տեղափոխեմ). ծխախոտը «ուտվում» է:

Նա էլ էր նույն ուղղությամբ գնում, բայց Լոնդոնից էր. եկել էր Սուրբ ծնունդը ընտանիքի հետ անցկացնելու. հերոսական և անընկալելի մի քայլ` դրսևորվող փչացածի համբավ ունեցող Եվրոպայում։ 

Ասաց` տեր եմ, արի, դոնթ բի ըֆռեյդ. ինքն էլ բան չէր հասկացել այդ ուղետոմսից։

…Իրար հրաժեշտ տվեցինք կայարանում։ Լուկասը (նրա անունն էր) գնաց իր ընտանիքի մոտ, իսկ իմ առջև հառնեց Քյոլնի վեհաշուք և սարսափազդու տաճարը` կառուցված գոթական, խիստ գոթական ոճով, որի պատերի մոտ և պատերից ներս զարմանքին զուգահեռ զգում ես քո մարդկային ճղճիմ ոչնչությունը. ոչ այն է Աստծո, ոչ այն է` հոգևոր իշխանության համեմատ։

***

Առաջին ծանոթությունը Սթարբաքսի սրճարանի հետ էր. օգտվում ես անվճար ինտերնետից, գտնում ես բջջային կապի օպերատորի խանութ և քայլերդ զոմբիացած ուղղում այդ կողմը. մարդիկ նոր կապեր են փնտրում, դու` բջջային կապ. Սթարբաքսի սուրճը չգերազանցեց երևանյան Կապուչինոյի համին։

Օ՜, քսանմեկերորդ դարի ամենագետ «փրկիչ», քո գոյության դեպքում մարդն իրեն ապահով է զգում, քո լինելու դեպքում վստահորեն կարող ես անցնել անգամ ամենանեղ դռներով և մինչև այդ անծանոթ ուղիներով և պատրաստ ես  ամեն տեսակ փորձություններ հաղթահարելու…

***

Սուրբ ծննդյան նախօրյակ է…

Ամենուր լույսեր, լեփ-լեցուն փողոցներ, մարդկային խցանումներ, և ոչ մեքենաների։ 

Շուրջբոլորը լույսեր և երաժշտություն. ճաշակով, դասական ու մոդեռն երաժշտություն. չէ՜, փող չեն մուրում, փող են վաստակում իրենց արվեստով. արվեստով փող վաստակել հաջողվո՞ւմ է…

Շատ դժվար է տարբերել՝ ով է «փող հավաքող», ով` չէ, եթե այդ մեկը մինչև ոտնաթաթերը հարբած չի լինում. անշառ հարբած, որ «լավագույն դեպքում» անհոդաբաշխ գոռգոռում է կամ իրեն վնասում` փարվելով մայր ասֆալտին։ Եվ ո՞վ է հոգեպես ավելի ազնիվ. նա, ով փողոցում է փող մուրում, թե նա, ով պետությունից…

Այդ հարցը ծագեց ավելի ուշ, երբ տիկին Տյուսոյենց տանը հյուրընկալվելիս զրուցում էի Շեքսպիրի հետ։ Խոսակցությանը միջամտած Այնշտայնը գիտեր պատասխանը. ինքներդ էլ գիտեք այն…

Իսկ առհասարակ, գումարի դիմաց որտեղ ասես կարող են հյուրընկալել քեզ, մի զարմացեք,  Տյուսոն բացառություն չէ։

***

Գլյուվայն-բղաթվուղսթ միթ բիա, գյլուվայն-բղաթվուղսթ միթ բիա։ Ուրախ են, անասելի անհոգ և ուրախ են մարդիկ. վերջապես Սուրբ ծնունդ է։ Անմնացորդ, առանց անգամ լուսավոր թախծի են ուրախ. տարեցները, հասուն մարդիկ, որ լցրել են սուրբծննդյան տոնավաճառների հրապարակները, գրկախառնվում են, ծիծաղում և… գլյուվայն-բղաթվուղսթ միթ բիա…

Էստեղ մարդիկ տխրում են ոչ իրենց երկրում տեղի ունեցող պատերազմների համար։ Տխրում են, բիա խմում ու առաջ անցնում…

Ինչ արած, ինքդ էլ սկսում ես  գլյուվայն-բղաթվուղսթ միթ բիա…

Ասում են` էստեղ անգամ ապուրն են նրբերշիկով պատրաստում. չգիտե՜մ, բայց հացի մեջ ավելի էսթետիկ է նայվում, քան կտրատած ու կաթսայի մեջ լող տալիս։

Եվ սկսում ես փնտրտուքը ավանդական շաուրմայի, որը, պարզվում է, գոյություն չունի. կա դրա «փառապանծ» բարեկամ Դոները` եվրոպացիքի արագ ու մատչելի հագեցման «հովանավորը»։

Տեսնես օտար երկրում թուրքը նույն թո՞ւրքն է։ Իսկ օտար երկրում հայը նույն հա՞յն է, և արդյոք լա՞վ է, որ նույնն են, թե վատ է, որ չեն փոխվում։

Թուրքի սարքած դոներն ես ուտում, այլ տարբերակ չկա. մի դոներ, մի թուրք, ավելի ճիշտ` թուրքեր և դոներներ, որի մեջ, ի զարմանս ինձ, բանջարեղենն ավելի շատ է, քան միսը. թուրքը միս չի՞ ուտում…

Արտաշ, ականջդ կանչի… 

***

-Եթե դա Ձեզ կերջանկացնի, ապա հինգ հատին տվեք 10 եվրո,- հնչեց պատասխանն այն հարցի, որի միջոցով ներսումս գլուխ էր բարձրացրել «Մալաթիայի յառմռկի» մոտակայքում մեծացածիս առևտրական հունարը, որ փորձեց սակարկել հուշանվերներ գնելիս։

Տարօրինակ, բայց հաճելի պատասխան էր. ոտքի վրա արված ընդամենը երկու եվրոյի զեղչը կարող է երկկողմանի ժպիտներ հարուցել. հեչ չէիր ասի, որ թուրք էր, թեպետ հենց նրանք առևտուր անել գիտեն։ Հեչ չմտածեց, որ հայ եմ։ Պետքն էլ չէր…

***

Մի քանի ժամից Սուրբ ծնունդ է։ Մարդիկ սկսելու են նվերներ նվիրել իրար տոնական սեղանների շուրջը։ Օտար քաղաքի անարև երկնքի տակ քայլում եմ նեղլիկ ու դատարկ փողոցներում, ուր տները մեկը մյուսից առաջ կամ հետ չեն, ուր տները մեկը մյուսից բարձր ու ցածր, շքեղ ու աղքատիկ չեն. սովորական մարդիկ են ապրում, իրենց քաղաքը սիրող մարդիկ։ Բոլորն արդեն փակվել են տներում, բոլոր նրանք, ովքեր որոշել են չաշխատել կամ քիչ վաստակել այդ օրը։ Քայլում եմ և մտածում, որ օտար մարդիկ իրար նվերներ չեն նվիրում, դա, լավագույն դեպքում, կոչվում է բարեգործություն, իսկ ես տնանկ կամ մուրացիկ չեմ. ես ընդամենը հյուր եմ այս օտար քաղաքում։ 

«Փրկչին» անջատեցի և որոշեցի քայլել ուր աչքս կտրի։ Տասը րոպե անց կանգնած էի լուսավոր ու թափանցիկ ապակիներով գրախանութի առջև։ Ներսում ընտրություն կատարելը հեշտ էր. միշտ է ընտրություն կատարելը հեշտ, երբ գիտես` ինչ ես ուզում։

-Եթե նվիրելու եք, փաթեթավորեք։-Արդեն դրամարկղի մոտ առաջարկեց վաճառողուհին։

— Ոչ, շնորհակալ եմ, ինձ համար է։

-Երբեմն ինքներս մեզ պետք է նվերներ անենք,- ժպիտ ու մի հատ էլ մեծ թղթե տոպրակ։

— Համաձայն եմ, որքա՞ն պետք է վճարեմ փաթեթավորման ու տոպրակի համար։

— Դրանք անվճար են։

-…

-…

***

Սուրբ ծննդյան երեկո է։ Անաստված համարվող Եվրոպայի քաղաքներում անդադրում ղողանջում են եկեղեցիների զանգերը։

Առավոտյան կողմ` դեռ չլուսացած, լքելու եմ այս քաղաքը, ուր հյուր եմ։ Բայց Սուրբ ծնունդը բոլորինն է, բոլորն են հրավիրված Փրկչի ծնունդին հենց Իր կողմից. էլ ուր գնալ, եթե ոչ Աստծո տուն։

Գոթական ոճով կառուցված տաճարում, սակայն, պարզվեց` Նրա ծնունդին մասնակցելը հրավիրատոմսով է, իսկ ես հյուր եմ այս քաղաքում, և ինձպեսների համար առանձնացված էր ընդամենը մուտքից տասը մետր հեռավորությամբ տարածքը, որտեղ կանգնելով կարող էինք հետևել Պատարագին։

Երգեհոնից հնչող ահազդու և սթափեցնող բամբ երաժշտության ներքո ձգվում ես ոտքերիդ ծայրերի վրա՝ տեսնելու՝ ինչ է տեղի ունենում հեռվում. փայտե արգելապատնեշի մոտ կանգնած հոգևորականը, ստուգելով հրավիրատոմսերը, ներս է թողնում նախապես որոշված մասնակիցներին։

Ժողովված ամբոխի մեջ հայացքս կանգ առավ էլեգանտ վերարկուով, հարդարված մազերով մի բարձրահասակ երիտասարդի վրա։

-Ա՜յ տղա Լուկա՞ս,- անկախ ինձնից հայերեն դուրս թռան բերանիցս բառերը։

Ղուկասը ձայնի վրա գլուխը պտտեց, շուրջբոլորը փնտրեց իր անունը գոռացողին, և հայացքը կանգ առավ օդում թափահարվող ձեռքիս։

Երևի ճանաչեց, բայց պետքը չէր։ Փոխադարձ թափահարեց ձեռքն ու հսկիչ հոգևորականին ցույց տալով հրավիրատոմսը` ներս անցավ. ես հյուր էի այդ քաղաքում…

***

Կեսգիշերն անց է, ժամը չորսը։ Դատարկ պուրակում թռչկոտող նապաստակների խաղը մի քանի րոպե դիտելուց հետո անցնում եմ պրոմենադով, ճամպրուկս և ուսապարկս մի կողմ եմ դնում` վերջին անգամ կանգ առնելու Հռենոսի երկու ափերն իրար միացնող Հոընցոլանբղյուկկեի վրա։ Թիկունքումս անբաժան սիրո թալիսման կողպեքներով ծայրից ծայր  պատված արգելապատ է` մեքենաների և գնացքների անդադար հոսքից բաժանող ու պաշտպանող, դիմացս` Հռենոսի անծայր ու անտակ պղտոր ջրերն են հոսում. գետերը միայն ոտքերը թրջելու համար չեն, դրանց վրայով անգամ լաստանավերով ասֆալտ են տեղափոխում, որ փռեն փողոցներում, ուր մինչև ոտքերի ծայրը հարբած մուրացկանները կփարվեն մայր ասֆալտին…

Իսկ ես հյուր եմ այս քաղաքում, և հյուրերի վերջնահանգրվանը մարդաշատ կայարաններն ու օդանավակայաններն են։

Ձեռքս տանում եմ գրպանս, դուրս հանում գնածս Eau de Cologne-ի սրվակն ու մի քանի կաթիլ ցողում Հռենոսի պղտոր ջրերին` միախառնելով պղտորն ու վճիտը…

Սուրբ ծննդյան գիշեր է. հնի ու նորի միախառնման օր։ Կարծես նորը չի էլ եկել, այնպես արագ անցավ, հին օրերը ասես անհիշելի մի պահից սկսել ու շարունակվում են։ Եվ մի նուրբ թախիծ է ինչ-որ պահի փաթաթվում հոգուդ, սրբում և գլխումդ հավաքում մարմնիդ բոլոր մասերի հիշողությունները. կորցրածի ու գտածի, հանդիպածի ու հրաժեշտ տվածի, սայթաքածի ու  կառչելով մագլցածի մասին հիշողությունները։ 

Եվ մաքրում ես, և ինքնամաքրվում ես, որ նորի գալուստին պատրաստ լինես, որ Լույսի համար տեղ բացես, այն նորի և այն Լույսի, որը ջերմացնում է և ամոքում, որը չի վախենում կորցրած, սայթաքած և հրաժեշտներով լեցուն հնից. ոտքերս հոգնել են, բայց շուտով լուսանալու է… պետք է շտապել, իսկ շտապելիս ռոմանտիկան կորչում է, շտապելիս թիկունքումդ ես թողնում քաղաքներն ու հիշողությունները…

Հեռանում եմ Ագրիպինայի հիմնած քաղաքից. Քյոլնը կին է, իսկ կանանց պետք է սիրել, անգամ` Անգելա Մերկելին…

Հ.Գ.

Թողած Քյոլնում, գետի ափին, հյուրանոցս՝ շինված տաշած քարով,

Քյոլնը թողած Հռենոսի ափին, եկեղեցին և օտարի երկինքն անձյուն

Եվ Մերկելին Անգելինա անգամ չասած մնաս բարով―

Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

շարունակելի

Դավիթ Սամվելյան