«Գիրք ծաղկանց»-ը՝ որպես ցեղասպանության վերապրումի խորհրդանիշ
Հայ ժողովրդի մեծագույն ողբերգության՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության թեման ուսումնասիրության անսպառ նյութ է մատակարարել ու մատակարարում հայ, ինչպես և օտարազգի բազմաթիվ գրողների, արվեստագետների, ցեղասպանագետների, դիվանագետների, հասարական-քաղաքական գործիչների: Դրանցից մեկն էր հայ դասական Դերենիկ Դեմիրճյանը, որի ստեղծագործության մակերեսային ընկալման հանգամանքը երկար ժամանակ հանգեցրել է այն բանին, որ Դեմիրճյանին կոչել են գաղափարական գրող, խորհրդային կարգախոսների գեղարվեստական մեկնաբան, ինտերնացիոնալիզմի, հումանիզմի, հայրենասիրության թեմաների ընդհանրական դրսևորումների արտահայտիչ: Սակայն բավական է խորազնին աչքով կարդալ Դեմիրճյանի թողած գեղարվեստական և հրապարակախոսկան ժառանգությունը՝ հասկանալու համար այն մեծ ցավը, որ կրել է իր մեջ գրողը և ավանդել սերունդներին՝ հաճախ բուն ասելիքը թողնելով գրի տողատակերում:
1920-ին գրված «Հայը» խոհագրության մեջ կարդում ենք. «Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց ․․․․ Ի՞նչ եղավ իր պատմությունը — զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում… Բայց ո՞վ է ամենից շատ ջանք թափում փրկելու Էնվերին ու Քեմալին»:
«Հային» նախորդած և հաջորդած տարիների երկերի մեջ առանձնանում են չորս պատմվածք և մեկ խոհագրություն, որոնցում Դեմիրճյանը գրում է Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի հարկադրյալ տեղահանության, դժնի քարավանաերթերի, ապրած արհավիրքի թողած հոգեբանական ծանր հետևանքների, ապագան վերակառուցելու դժվարին ճիգերի, վերապրումի անխուսափելիության մասին: Դրանք են «Ավելորդը», «Ժպիտը», «Աստծո տանը», «Գիրք ծաղկանց» պատմվածքները և 1950-ականներին գրված անավարտ խոհագրությունը՝ «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ» վերնագրով։
Իհարկե, մասնավոր դիպվածի, մեկ անձի կամ մեկ ընտանիքի ճակատագրի գեղարվեստական պատկերները Դեմիրճյանին հնարավորություն տալիս են ներկայացնելու հայության խութաշատ կենսագրությունը Հայոց ցեղասպանության հոլովույթում: Բայց սովորաբար նրա գեղագիտական մոտեցումները թե՛ այս, թե՛ ցանկացած այլ կարևոր թեմայի արծարծումներում առավել ընդհանրական, առավել խորքային որակների են միտված: Դեմիրճյանին բնորոշ է խորհրդապաշտական, այլաբանական, փոխաբերական գիրը, որի մակերեսին գծագրվող սյուժետային թելը իր բովանդակային ատաղձը թաքցնում է գեղարվեստական պատումի խորքային շերտերում: Այդպիսի մի օրինակ է «Գիրք ծաղկանց» պատմվածքը: «Երկը պատմական է ոչ սովորական առումով: Այստեղ չկան պատմական կոնկրետ անձեր և անցքեր: Սա ավելի շուտ մի երկ է, ուր տրվում է ժողովրդի պատմական անցյալի ընդհանրացումը — փիլիսոփայությունը, ուր բացահայտվում է ժողովրդի գոյության պատմական հիմքերը»,- գրել է դեմիրճյանագետ Հրայր Մուրադյանը:
«Գիրք ծաղկանց»-ին նվիրված օր՝ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում

«Գիրք ծաղկանց» պատմվածքն ամբողջովին այլաբանություն է: Նախ փաստենք, որ գրվել է 1935 թվականին՝ մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովրդի առջև ծառացել էր նոր ցեղասպանության իրականությունը. խորհրդային կայսրության ողջ տարածքում, առավել դաժանորեն Հայաստանում մոլեգնում էր ստալինյան բռնաճնշումների, աքսորի, մահապատիժների մրրիկը: Դեմիրճյանը նպատակ ուներ հայ ժողովրդին հիշեցնելու իր բազմադարյա մշակույթի, այն անձնուրացաբար փրկելու ազգային հատկանիշի մասին, վերստին փաստելու, որ ամեն անգամ փրկությունը գալիս է ոչ այլ կերպ, քան մշակույթը, գիրն ու գիրքը կարևորելու և պահպանելու միջոցով։
Որոշակի տեղ ու տարեթիվ չնշելով՝ Դեմիրճյանը շարադրում է Սուրբ Նշան եկեղեցուն նվիրաբերված պատանի Զվարթի, նրա ծաղկած գրքի, այդ գրքին բաժին հասած փորձությունների ու ապահով հանգրվանի հասնելու պատմությունը:
«Թե երկի կերպարները, թե քաղաքական անցքերը, թե Վանահոր ու Զվարթի վեպերի պատմությունը ունեն սիմվոլիկ իմաստ: Հենց այդ առումով էլ պատմվածքը հանդիսանում է մեր պատմության ընդհանրացումը: «Գիրք ծաղկանցը»՝ ծաղիկների գրքի պատմությունը վերածվում է մեր ժողովրդի կյանքի, նրա մաքառման պատմության, հանուն իր ազգային գոյության, նրա անօրինակ հերոսական ջանքերի ոգեշունչ ներբողի»,- դարձյալ մեջբերում է գրականագետ Հր. Մուրադյանի «Դերենիկ Դեմիրճյան» մենագրությունից:
Ի՞նչ ենթատեքստեր են բացվում մեր առջև, երբ փորձում ենք գաղտնազերծել գեղարվեստական բացառիկ շնչով հյուսված այս երկը:
Պատմվածքն սկսվում է խաղաղ, շինարար հայ ժողովրդի առօրեական և տոնական կենսակերպի նկարագրությամբ: Հետո անդորրը խզվում է Զվարթին եկեղեցուն նվիրաբերելու փաստով, որից ծայր են առնում պատանու հոգեկան տառապանքները: Իր համար խորթ միջավայրում տղան մխիթարություն է գտնում ծաղիկների, պոեզիայի տիրույթներում, բայց նա չափազանց լուսավոր էություն է՝ մութ ուժերին իր դեմ չգրգռելու, իր անխուսափելի վախճանը նրանց ձեռամբ չնախապատրաստելու համար:
Ի վերուստ տրված շնորհը Զվարթի համար դառնում է պատիժ, բայց լույսը հնարավոր չէ բանտել. Զվարթն իր գիրքն է գրում, որը ավելի ուշ եկեղեցու սպասավոր Ղունկիանոսի հորդորով պիտի ծաղկի Նաղաշը: Ո՞վ է Զվարթը, ո՞վ՝ Ղունկիանոսը, ի՞նչ գիրք է Դեմիրճյանի պատմվածքի հիմքում: Խորհրդանշական հերոսներ ու պատկերներ են ամենը: Դեմիրճյանի հերոսները հայ ժողովրդի իմաստուն, կենսունակ ներուժն իրենց մեջ ամբարած անհատներն են, գիրքը՝ ինքը հայ ժողովուրդը, Հայաստան աշխարհը. «Դարերի խորքից գալիս է մի գիրք: Խավարի միջին թափառող լույսի է նման՝ դողդողում է, բայց գալիս է. թե ինչ վտանգներ է անցնում, չի տեսնում նա: Ո՛չ ձմեռ, ո՛չ խավար: Ոչ կրակն է այրում նրան, ոչ շոգը խեղդում: Հրա՞շքն է պահում նրան, թե՞ պատահմունքը: Բայց սերունդները խնամում են նրան, թաքցնում, փրկում և ավանդում նրան հետնորդներին, ձեռքեձեռք անցկացնում դարերի փորձանքներից, անցկացնում հուր, սուր, ջուր: Ժպտում է գիրքը»:
Իսկ որ ժամանակներն օրհասական էին, որ գիրքը «ժպտում էր» ոչ թե օրինաչափորեն, այլ ի հեճուկս դժնի պարագաների, հասկանում ենք Դեմիրճյանի զուսպ, հպանցիկ տողերի ու նախադասությունների խորապատկերին: «Բնաջնջվում է մի ամբողջ ժողովուրդ: Ոչ թե մի գիրք»:- Զվարթի անձնական ցավի համապատկերում գուժում է Դեմիրճյանը:
«Գիրք ծաղկանցում» մղվող բարու ու չարի, լույսի ու խավարի պատերազմը համատարած է ու անձնական, ու բնաջնջման թիրախը գիրքն է՝ կյանքի, գոյատևումի, աստվածայինի խորհրդանիշը, որը փրկելու համար նվիրյալներ են հարկավոր: Այդպիսի մեկն էր Ղունկիանոսը. «Լեռների լանջերով գնում է Ղունկիանոսը, մեջքին մի պարկ, ձեռին մի մրոտ մետաքսե կապոց: Նրա կարկամած ձեռները կապտել են, բայց նա մատները երկաթի պես գամել է գրքի կազմին, որ մետաքսի տակից սառը կծում է: Կսառեն այդ մատները, և նա գիրքը ձեռքից բաց չի թողնի: Նա փախել է մենաստանից: Միայն մի բան գիտե, որ գրքերն է ազատում: Միայն թե ազատվեն նրանք… Ո՞ւր է գնում, ինքն էլ չգիտե: Աշխարհավեր մրրիկ է լեռնաշխարհում: Զորքեր են հոսում հովիտներում: Այրվում են քաղաքներ, գյուղեր, վանքեր, գրադարաններ»:
Գիրքը, իմա՝ հայ ժողովուրդը, մեկ փորձությամբ չի ամփոփում իր տառապալից ոդիսականը, դեռ երկար պիտի դեգերի աշխարհավեր փոթորիկների ծիրում: Ահա մատյանը մի մենավոր վանքում է, որը ասպատակության է ենթարկում անանուն-անհասցե հրոսակը: Վանականն սպանված է, գրքերն ու եկեղեցու կայքը՝ հրդեհված: Բայց տեղի է ունենում հրաշքը, գիրքը՝ հայ ժողովուրդը, հերթական փրկության անօրինակ ճիգն է անում. «Հանկարծ մի գիրք պայթեց ու թռավ մի կողմ կրակից: Դիպված չէ՞ր — մագաղաթ, յուղ, կրակ…»:
Չկա պատահական ոչինչ. չէ՞ որ իմաստուն վանահայրն էր դեռ այդ մասին զրգուշացրել. «Մի դիպչեք ինձ, որդիք խավարի,- սպառնում էր նա իր կտակի մեջ,- ճշմարտությունն եմ ես և ես վրեժխնդիր կլինեմ ձեզնից»: Սա հայության զգուշացումն էր իրեն բնաջնջել կամեցողներին:
Հետո էլի նոր փորձություն. կրակից փրկված գիրքը արաբ զինվորների ձեռքին դարձել է մանրածախ ապրանք, վաճառքի է հանվել «ոսկեփոշի քաղաքի»՝ Դամասկոսի շուկայում: Եվ ինչո՞ւ Դամասկոսի, պատահակա՞ն է տեղանքի ընտրությունը: Իհարկե՝ ոչ: Որտե՞ղ էին հանգրվանել հայ ժողովրդի եղեռնապուրծ ծվենները. Սիրիայում՝ Դամասկոսում: Ուրեմն՝ ի՞նչ պատահականության մասին կարող է խոսք լինել: Եվ նույնքան պատահական չէ գրքի ու Հուսիկի հանդիպումը, որը նախանշում է գրքի վերջնական փրկության խորհուրդը. չէ՞ որ հայության համար փրկության իրեղեն հույսն ուրվագծվում էր հենց Դեր Զորի անապատով դեպի Սիրիա ձգվող ճանապարհի վերջնագծում:
Ժամանակներն ու մարդիկ փոխվում են, բայց չի փոխվում փրկության առարկան: Հերթափոխ հանձնող-ընդունողների հանգույն վանահայրը, Թադեն, Զվարթը, Նաղաշը, Ղունկիանոսը, Հուսիկը լծված են ծաղիկների գիրքը ստեղծելու, պահպանելու, փրկելու, ապագային հանձնելու բարձր նպատակին:
Եվ նպատակն իրագործվում է, ի վերջո. գրքի փրկության, հայության փրկության, ապահով հանգրվանի հասնելու նպատակը. «Մի կարմիր հողմ փոթորկալի թերթում է ոսկելույս թերթերը գրքի, որ ընկած մի մեծ ճանապարհի վրա՝ նայում է նրան մտերմորեն: Նա փրկված է՝ իրեն միշտ փրկող ժողովրդի հետ»:
Դեմիրճյանի լավատեսությունը, գրքի փրկության անդառնալի ու վերջնական լինելը հիմնավորվում է «Գիրք ծաղկանցը» եզրափակող հատվածով, որտեղ մենք տեսնում ենք պատմվածքում առկա խորհրդանիշերից կարևորագույնը՝ մեր հարուստ գրապահոցների այլաբանությունը. «Երկաթե գրադարաններում լռում են դարերը: Մի ալեհեր գլուխ հակված է պատմության անդունդը և խոր հովտում տեսնում է ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր, ծաղիկնե՜ր…»:
Կյանքի վերջին տարիներին հայության ճակատագրի, նրա դեմ գործվող դավադրությունների և դրանցից ելք որոնելու թեմաները Դեմիրճյանին մղել են դեպի հրապարակախոսության, խոհագրության ժանրը: Գեղարվեստական պատումին բնորոշ լավատեսական լուծումներն այս դեպքում հաճախ տեղի են տվել իրատեսական, մռայլ տրամադրությունների առաջ: Ասվածի խոսուն վկայությունն է վերը հիշատակված՝ «Դատողություններ Ղարաբաղի և Նախիջևանի հարցի շուրջ»-ը, որտեղ 20-րդ դարասկզբին իր ձևակերպումներում զգույշ Դեմիրճյանն արդեն համարձակ ու կտրուկ է դարձել:
Դեմիրճյանին խորթ է անհիմն ոգևորությունը, նա խորազնին հայացքով հետևում է հայ ժողովրդի ճակատագրին՝ բոլոր ժամանակների համապատկերում: Նրա համար հստակ է, որ կյանքը հեքիաթ չէ, և որևէ կնճռոտ հարց կախարդական փայտիկի մեկ հարվածով չի լուծվում:
Դեմիրճյանը մշտապես որոնումների մեջ է եղել, ելքեր է փնտրել իր ազգի համար ստեղծված բարդ կացությունից. այդ փնտրտուքը հատուկ էր և է հայ ժողովրդի բոլոր մտածող զավակներին: Գրող թե նկարիչ, քաղաքագետ թե երաժիշտ, եթե ազնիվ են, ապա միտված են խելամիտ ու շիտակ ուղիների որոնմանն ու մատնանշմանը՝ ի բարօրություն իրենց ազգի և հայրենիքի:
Կարինե Ռաֆայելյան






