ՄշակութաԳիծ Արմինե Սարգսյան

ԳրաՀայտ՝ Վահե Ռոբեր Այվազյանի հետ

23.10.2019

ԳրաՀայտ նախագիծը  ներկայացնում է գրական ստեղծագործություններ՝ տարբեր ոլորտների մասնագետների հայացքով :

Օլդոս Հաքսլի, Չքնաղ նոր աշխարհ, «Զանգակ» հրատարակչություն

20-րդ դարի ֆուտուրիստական արձակի առանցքային դեմքերից մեկի՝ Օլդոս Հաքսլիի անունը ավանդաբար զուգորդվում է գրականության մեջ իր արժանի տեղը գտած ժանրի՝ դիստոպիայի հետ: Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը» գրական այս տեսակի ամենավաղ ստեղծագործություններից է: Նախորդում է Ջորջ Օրուելի, Ռեյ Բրեդբըրիի հայտնի վեպերին, առանձնանում է մարգարեական ճշգրտությամբ նկարագրված ապագայի ահազդու տեսլականով: Վեպում իրադարձությունները ծավալվում են 2541 թվականին, երբ մարդիկ արդեն չեն ծնվում բնական ճանապարհով, ըստ էության գոյություն չունի ընտանիք, և սպառողական հասարակությունը իր զարգացման գագաթնակետին է հասել:
Վեպը հղումներ ունի քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրոնական համակարգերին, կերպարները հիշեցնում են 20-րդ դարի համաշխարհային պատմության հայտնի գործիչների: Հաքսլիի այս մշտարդի ստեղծագործությունը հայերեն թարգմանությամբ հրատարակվում է առաջին անգամ:

«Զանգակ» հրատարակչություն

Վահե Ռոբեր Այվազյան, ծնված՝ 07.07.82, սովորել է ՀՊՏՀ-ում:
Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ՝ Հայաստանի և Ռուսաստանի խոշորագույն կազմակերպություններում:
Ներկայումս աշխատում է  Ayvazyan & Partners բիզնես խորհրդատվական կազմակերպությունում՝ որպես բիզնես փորձագետ, բիզնես թրեյներ։ Իրականացնում են վաճառքի և մարկետինգի կառավարում և զարգացում, կադրերի հավաքագրում և մոտիվացիոն մեխանիզմների ներդրում, վաճառքի և կառավարման դասընթացներ:
Կարդում է  խոհափիլիսոփայական, հոգեբանական, կենսագրական, մասնագիտական (վաճառքի և կառավարման թեմաներով) գրականություն, չափածո արձակ, հեքիաթներ: Սեղանի գիրքն այս պահին՝ Daniel Kahneman – Thinking Fast and Slow։ Գրքեր, որ փոխել են կյանքը՝ Անտուան դը Սենտ Էկզյուպերի,  «Փոքրիկ Իշխանը», Սեն Ժոն Պերս,  «Ծովեզերքները»:
Նախասիրությունները՝ երաժշտություն, գոլֆ, ձիասպորտ: Կյանքում առաջնորդվում  է  «Վայելիր ամեն վայրկյանդ և լցրու ուրախությամբ»   աշխատանքի մեջ՝ «Մարդկության համար սիրով արժեք ստեղծի՛ր և կհասնես հաջողության» բանաձևերով: Այն, ինչ բացառում է, չի ընդունում՝ ո՛չ աշխատանքի մեջ, ո՛չ կյանքում՝ սպասելը, դատարկաբանությունը, նախանձը:



Վահե Ռոբեր Այվազյան. Այս գիրքն ինձ հիշեցրեց, որ աշխարհը ալիքի պես է զարգանում՝ արագ ու վարար

-Չքնաղ աշխարհը. գիտաֆանտաստիկա՞, թե՞ մարգարեություն:

-Ինձ միշտ թվացել է, որ գիտաֆանտաստիկ գրքերի զգալի մասը գրվում են պատվերով, այսինքն՝ խոշորագույն ընկերությունները կամ հատուկ խմբերը, որ այդպիսին են դարձնելու աշխարհը, պատվիրում են այսօր, որ 10-15 տարի հետո մենք պատրաստ լինենք սպասվող փոփոխություններին:

Մնացած դեպքերում գիտաֆանտաստիկ գրականությունը հումք է ծառայում, որ աշխարհը հենց այդ ֆանտաստիկ ուղղությամբ զարգանա, այսինքն՝ հեղինակները միտք են տալիս, որ գործարարները, տեխնոլոգները օգտագործեն այդ միտքն ու աշխարհը զարգացնեն նշված ուղղությամբ: Այսինքն՝ երկու դեպքում էլ այս գրքերը գրվում են հատուկ նպատակով:

-Ծրագրավորված աշխարհ, մարդկություն, դարաշրջան, որտեղ գերակայելու են նյութն ու թվերը:

-Ես Աստծուն հավատում եմ, Նա իմ շուրջն է, ինձ հետ է միշտ, բայց հաճախ ընկերոջս հետ քննարկում ենք այն վարկածը, որ շատ հեռու մոլորակներում կան գերմարդիկ՝ չափազանց առաջադեմ մարդիկ, չի բացառվում, որ իրենք են մեզ ստեղծել ու շարունակում են փորձարկումներ անել:

Իբրև օրինակ՝ շատ է խոսվում եգիպտական գերկառույցների մասին, որ այն ժամանակվա տեխնիկայով   իրականացնելն անհնար էր:

Նոր աշխարհում բնությունը, կենդանի շփումը, Աստծուն հավատալը, պոեզիան, ազատությունը, առաքինությունը, հույզերը վայրի են համարվում: Ի՞նչ անել, որ աշխարհը անկենդան ու «չքնաղ» չդառնա:

-Ասում են, որ այսօրվա սոցցանցերը, գիտատեխնիկան մարդու հետ շփումը պակասեցրել են: Ընտանիքում հինգ հոգի նստած են, հինգն էլ սոցցանցում են ու առանձնացած իրարից:  Այսօր սրճարաններ կան, որ պայքարում են դրա դեմ, որ մարդիկ հեռախոսի մեջ չլինեն, միջոցառումներ են կազմակերպում, զեղչեր ու ակցիաներ են անում /եթե հեռախոսը հանձնեք, սուրճ կհյուրասիրենք/: Այսինքն՝ այսօր արդեն դրա դեմ պայքարում են:  Միևնույն ժամանակ՝ գիտատեխնիկայի շնորհիվ է, որ այսօր մարդիկ կարողանում եմ շփվել միմյանց հետ տասնյակ-հարյուրավոր կիլոմետրերի հեռավորությունից:


-Չքնաղ աշխարհում երեխաները ատում են բնությունը:


-Ես մի ընկեր ունեմ,  Նյու Յուրքում՝ Այ Թի ընկերությունում,  հետաքրքիր ու բարձր աշխատավարձով աշխատանք ուներ: Թողեց այդ ամենն ու  եկավ Հայաստան՝ ստիպված լինելով դժվարությունների միջով անցնել: Ասացի՝ ինչո՞ւ եկար: Ասաց՝ ծառեր չկային, քայլում էի փողոցում, շենքեր էին, շենքերից հետո՝ էլի  շենքեր: Ահա մարդ, որ եկել է Հայաստան, չասենք՝ հայրենասիրությունից դրդված, այլ իրեն հարազատ բնությանը մոտ լինելու համար: Մենք բնության մասնիկն ենք, ու բնությունն այնքան ուժեղ է, որ մարդը կարող է թողնել իր հաջողությունները, միլիոնավոր դոլարները՝բնության մեջ ապրելու համար:

Տեխնոդարում մարդիկ, իսկապես, շատ են հեռացել բնությունից: Ինչի հետևանքով է, որ մարդիկ այսօր գլխացավեր ունեն, դարձել են ավելի սթրեսային, դեպրեսիվ:  Ու նկատել եմ, որ անձնամբ ինձ համար բնությանը մոտ լինելու անհարժեշտությունն ավելի է մեծացել, քան առաջ էր: Դրա համար ես չեմ պատկերացնում մարդուն՝ առանց բնության, ինչպեր որ երեխային՝ առանց ծնողի:

Ինչ խոսք, կան ահազանգեր, վտանգներ, հեռանում ենք բնությունից՝ նաև վնասելով, փչացնելով այն: Տեղ չկա ապրելու, ծառը կտրում, շենք ենք կառուցում:  Հաց չկա, բնությունից ենք ուզում: Գազի, նավթի  պաշարը սպառում ենք, ջրից, արևից ենք էներգիա ուզում: Գիտե՞ք, որ խոչընդոտում են գիտնականների նորարարություններն ու գյուտերը,  որոնց շնորհիվ կարող ենք խնայել նավթի ու գազի օգտագործումը:

-Չքնաղ աշխարհի մասնագիտացված հոգեբանները ուսումնասիրելու են յուրաքանչյուր նորածին երեխայի և որոշելու են  պատկանելությունը այս կամ այն խմբին.  խմբերը երեքն են՝ ղեկավարող ինտելեկտուալներ, մոլեռանդներ և հոտ:

-Եթե կան ղեկավարվողներ կան նաև ղեկավարողներ: Վերջին դարերում կենդանիների՝ հիմնականում մկների վրա գիտնականները շատ փորձեր են անում: Մի հայտնի գիտափորձ կա, որ կոչվում է «Դրախտ մկների համար»: Սենյակ է, որտեղ կա ջուր, ուտելիք և բոլոր լավ պայմանները: Սկզբում մկները հաշտ ապրում են, բայց երբ բազմանում են, տեղը չի բավականացնում, սկսում են իրար վնասել, ճանկռել, սատկացնել, որ տեղը հերիքի: Մեկ այլ փորձ. ջրի միջով մուկը պետք է անցնի-հետ գա, որ կարողանա սնունդ բերել իր համար: Մկները մի քանի խմբի են բաժանվում: Առաջին խումբը գնում, բերում է սնունդը, որ ուտի:  Երկրորդ խումբը գնում է, սնունդը բերում, ձեռքից վերցնում են, ստիպված մի քան անգամ է գնում- գալիս, որ մի երկու բան ուտի: Երրորդ խմբի մկները սպասում են՝ սնունդը բերողների ձեռքից խլեն-ուտեն, իրենք ջուրը չեն մտնում, դժվարությունների միջով չեն անցնում: Եվ մի խումբ էլ կա, որոնց խլած կերակուրն են հասցնում: Միշտ են եղել այս տարաբաժանումները, գիտատեխնիկայի զարգացումը ընդամենը կարող է ինչ-որ բան հեշտացնել այդ պրոցեսի մեջ: Այսօր նույնիսկ ֆորմալ կրթությունը՝ մանկապարտեզից, դպրոցից սկսած, դրան է տանում՝ ստանդարտացման: Ստանդարտ մարդուն ավելի հեշտ է կառավարել:  Վաճառքի թրեյնինգների ժամանակ հաճախորդներին բաժանում ենք տիպերի,  որ ավելի հեշտ ճանաչենք,  հեշտ ու արդյունավետ լինի աշխատանքը նրանց հետ: Գրքում նկարագրված  պրոցեսներն այս կամ այն կերպ աշխարհում մշտապես առկա են:

-Սպառողական  գործընթացների վտանգները… Նյութը առաջին պլան է մղվում,  բայց հոգին էլ իր պահանջներն ունի:

-Արվեստը, հոգևորը նույնպես սպառում են ենթադրում: Ներկայացում գնալու համար տոմս ես գնում՝ սպառում ես, գիրքը գնում ես՝ սպառում ես: Մեծ հաշվով՝ արվեստը նույնպես  բիզնես է:  Հոգեբանական դասընթացները, մոտիվացիոն թրեյնինգները, վաճառքի դասընթացները մտավոր պահանջմունքն են լրացնում, միևնույն ժամանակ վաճառք  ու բիզնես են:

Երեկ էլ է եղել առքուվաճառքը, այսօր էլ կա, վաղն էլ է լինելու: Ասեմ ավելին՝ փոխանակելու սկզբունքը, փոխհամագործակցությունը միշտ են եղել:  Եթե կա մարդ, ուրեմն կա այս ամեն ինչը, ու մենք դրանից վատը չենք դարձել: Եթե ասեմ՝ հեղինակի հետ  համաձայն եմ կամ համաձայն չեմ,  շատ սուբյեկտիվ կլինի:  Պարզապես ես աշխարհի, կյանքի մասին իմ պատկերացումն ունեմ: Նախ գտնում եմ, որ իմ բախտն արդեն բերել է, որովհետև ես ծնվել եմ. շատերը չեն ծնվել: Երկրորդը՝ շատերն ի՛նձ պես չեն ծնվել: Երրորդը՝ երջանիկ եմ, որ ծնվել եմ այնպիսին,  ինչպիսին ծնվել եմ՝ այս գենով, այս կրոնով, այս երկրում, այս ընտանիքիում: Եթե զգամ, որ նյութը  խանգարում է իմ հոգևոր երջանկությանը, հոգևոր սննդին, կլցնեմ այդ վայրկյանները: Վերջին հաշվով՝ ամենաթանկ կապիտալը քո սեփական վայրկյաններն են, պիտի կարողանաս դրանք ուրախությամբ լցնել՝ թե՛ քեզ համար, թե՛ քո հարազատների:

Եթե 17-րդ դարի մարդն իմ մասին ասեր՝ տե՛ս ինչքան է մեր համեմատ զարգացել, ինչքան է սառել,  կարող էի վիճել նրա հետ, որովհետև ես իմ ծնողներին շատ եմ սիրում, կնոջս ու երեխաներիս շատ եմ սիրում,  որքան էլ որ ապրում եմ զարգացած աշխարհում, արագ տեղեկատվության դարում: Ես մեկ շաբաթում շատ ավելի տեղեկություն եմ ստանում, քան իրենք ստանում էին տասը տարում: Գուցե սրանում է տարբերությունը:

-Ի՞նչ տվեց այս գիրքը:

-Այս գիրքն ինձ հիշեցրեց, որ աշխարհը ալիքի պես է զարգանում՝ արագ ու վարար:

Նախագիծը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply