Կարինե Ռաֆայելյան ՄարզաԴիտակ ՄշակութաԳիծ

Գրական հանգրվան Ծաղկաձորում

Գրական հանգրվան Ծաղկաձորում

ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ վարչական դատարանում վիճարկում է Հայաստանի գրողների միության տիրապետության տակ գտնվող շենք-շինությունների սեփականության իրավունքը։ Պատասխանող կողմը ՀՀ Կադաստրի կոմիտեն է, որը 1990-ականներին ամենայն բծախնդրությամբ պահանջել է և ստացել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և գործող օրենքի տառին համապատասխան՝ գրանցել Ծաղկաձորի, Սևանի ստեղծագործական տների, ինչպես նաև Բաղրամյան 3 հասցեում գտնվող շինության նկատմամբ ՀԳՄ սեփականության իրավունքը։

Տարիներ անց՝ արդեն 2000 թ․, Արդարադատության նախարարությունը նախարարի թիվ 190 հրամանով վերագրանցված ՀԳՄ կանոնադրության 3․8 կետով անառարկելիորեն վերահաստատել է․ «Հայաստանի գրողների միությունը ունի առանձնացված գույք, տնտեսական ընկերություններ, այդ թվում՝ գրական ֆոնդ, Սևանի և Ծաղկաձորի ստեղծագործական տներ»։

Այսպիսով՝ Արդարադատության նախարարությունն է ամրագրել այն իրավունքը, որ վերոնշյալ անշարժ գույքերն անվիճելիորեն համարվում են Հայաստանի գրողների միության սեփականությունը և որևէ առնչություն չունեն 1990 թ․ սեպտեմբերի 10-ի ՀՀ օրենքի 1 կետի դրույթների հետ։

Մուտքի ցուցանակը

Փաստորեն, Դատախազությունը, Կադաստրի կոմիտեից զատ, որպես «օրինազանց», պետք է մեղադրանք առաջադրի նաև ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ ՀԳՄ սեփականության գրանցման փաստը օրինական ճանաչելու համար։

Այս ձգձգվող թնջուկի առնչությամբ ծագած հարցերի պատասխաններն ստանալու ակնկալիքով զրուցել ենք Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանի հետ, որն այս պաշտոնն զբաղեցնում է 1978 թվականից։

Մովսես Մանուկյան

Նա նշում է․ «1980-ականների վերջերին Ծաղկաձորում գործում էին պետական գերատեսչություններին ու նախարարություններին պատկանող առնվազն 25 պիոներական ճամբար, ինչպես նաև ՀԽՍՀ կառավարական հանգստյան տունը, բազմաթիվ այլ հանգստյան տներ ու հյուրանոցներ։ Այսօր ոչ մի մանկական ճամբար կամ պետական որևէ հանգստյան տուն Ծաղկաձորում գոյություն չունի։ Սակայն Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տունը ոչ միայն պահպանեց իր հիմնական գործառույթը, որն է՝ ծառայել Հայաստանի մշակույթի, ի մասնավորի՝  հայ գրականության զարգացմանն ու հանրահռչակմանը, այլև տարեցտարի բարենորոգելով ու զարգացնելով մատուցվող ծառայությունների որակն ու տեսականին՝ անգամ մեր երկրի համար ամենածանր տարիներին առանց ընդհատումների շարունակեց գործունեությունը՝ նպաստելով մեր շատ գրողների ստեղծագործական ընթացքին»։

Պարոն Մանուկյանը փաստում է, որ մեր երկրի համար բոլոր դժվարին իրավիճակներում (1988-ի երկրաշարժ, արցախյան պատերազմներ, Քովիդ համավարակ) Ծաղկաձորի գրողների տունն անշահախնդրորեն կանգնած է եղել պետության կողքին:

Այսօր, երբ այս կամ այն հաստատության գոյության նպատակահարմարության չափանիշ է դարձել դրանից ստացվող նյութական եկամուտների ծավալը, տեղին է անդրադառնալ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան գրանցած ցուցանիշներին նաև այդ տեսանկյունից․ վերջին 15 տարիների ընթացքում այս կառույցը պետական բյուջե է փոխանցել առնվազն 1․300․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչը մի քանի անգամ ավելին է այդ տարիներին չնչին գնով վաճառված կամ սեփականաշնորհած պետական նմանատիպ կառույցների օտարումից ստացված գումարներից՝ միասին վերցրած։

Կարևոր դեր ունի նաև Ծաղկաձորի գրական այս հանգրվանը մեր երկրի վարկանիշն օտարազգի մտավորականների շրջանում բարձրացնելու առումով։ Այստեղ վերջին տարիներին հյուրընկալվել են գրողներ Վասիլի Գրոսմանը, Ալեքսանդր Կարենսկին, Անդրեյ Բիտովը, Կիմ Բախշին, որոնք դարձել են մեր մշակույթի, մեր երկրի յուրօրինակ դեսպաններն իրենց երկրում։

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես, երբ է հիմնադրվել Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տունը։ Մ․ Մանուկյանը մանրամասնեց․ «Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան առաջին մասնաշենքն սկսել է գործել 1976 թվականից։ Շենքը կառուցելու նախաձեռնությունն սկիզբ է առել Էդուրադ Թոփչյանի՝ ՀԳՄ նախագահ եղած ժամանակից, ավարտին հասցվել Վարդգես Պետրոսյանի նախագահության օրոք։ Հետո կառուցվել է երկրորդ մասնաշենքը և սկսել գործել 1980-ականների սկզբից։ 1990-ականների սկզբից արդեն գործում է երրորդ մասնաշենքը»։

Երրորդ մասնաշենքը հիմքից մինչև տանիք կառուցելու և գործարկելու նախաձեռնությունը Մովսես Մանուկյանինն է։  

ՀԳՄ գույքի պատկանելության առնչությամբ չդադարող քննարկումներին ի պատասխան՝ Մ․ Մանուկյանն ասում է․ «Դա արհեստականորեն ուռճացված, ինչ-որ մեկի ցուցումով հրահրված գործ է։ Չեն արվել լուրջ ուսումնասիրություններ, թե ինչ կարգավիճակ է ունեցել գրողների միությունը խորհրդային շրջանում։ Գտել են 1990 թ․ կառավարության մի որոշում, համաձայն որի՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը ՀՀ սեփականությունն է»: Այս հիմքով կազմվել է գործ։ Սակայն նկատենք, որ ցանկում բացակայում են ստեղծագործական միությունները և հիմնադրամները: Գործը հիմա դատարանում է: Այն դեռ չի հասել դատական քննարկումների փուլ, և  մենք ձգտում ենք, որ մինչև դրան հասնելն ամեն բան պարզաբանվի, լուծում գտնվի։ ՀԳՄ-ն և նրա տնտեսական ստորաբաժանումները երբևէ չեն եղել պետական։ Այդ կառույցը խորհրդային տարիներին ֆինանսավորվել է ԽՍՀՄ գական ֆոնդից, որի իրավաբանական իրավահաջորդից մենք  պահանջել և ստացել ենք մեր կարգավիճակի փաստաթղթային հիմնավորումները»։

Խորհրդային տարիներին գործել է հետևյալ կարգը․ խորհրդային ամբողջ գրական ֆոնդը բազմազգ երկրում տպագրվող բոլոր գրքերից, գրական պարբերականներից (այն ժամանակ դրանք տպագրվում էին միլիոնավոր տպաքանակներով) ստանում էր որոշակի տոկոսներ, և դրանից գոյանում էր ԽՍՀՄ գրական ֆոնդը։ Այդ ֆոնդի միջոցներով է կառուցվել Ծաղկաձորի ստեղծագործական տան շենքը, չի եղել պետական որևէ աջակցություն։

«Ֆոնդը շատ հարուստ էր,- վկայում է պարոն Մանուկյանը։- Մեր խնդիրն այն էր, որ կարողանայինք պատշաճ ծրագիր ներկայացնել, որպեսզի ֆոնդից մեզ տրամադրվեին համապատասխան ֆինանսներ։ Ամեն տարի գալիս էին Մոսկվայից ֆոնդի ներկայացուցիչներ և ստուգում, թե ինչպես են տնօրինվել հատկացված ֆինանսները։ Եթե տեսնում էին, որ դրանք նպատակին չեն ծառայել, կորցնում էիր հետագա ֆինանսավորման հնարավորությունը։ Մենք այնտեղ բարենպաստ վարկանիշ էինք ապահովել, և մեզնից միշտ գոհ են մնացել։ Ամբողջ ԽՍՀՄ-ում կային երեսունից ավելի ստեղծագործական տներ։ Իմ առաջարկով անհրաժեշտ գնումները սկսեցին կատարել ամբողջ ԽՍՀՄ-ի ստեղծագործական տների համար միասին՝ մեծածախ գներով, և շատ լուրջ խնայողություններ ունեցանք դրա շնորհիվ։ Գրական ֆոնդում հաշվարկել էին և պարզել, որ մեկ տարում մեկ միլիոն ռուբլու չափ եկամուտ են ստացել՝ գնումներն այս տարբերակով կատարելու շնորհիվ։ Դրա համար էլ մեր հանդեպ դրական վերաբերմունք կար, որովհետև ձեռնտու առաջարկներ էինք անում։ Ու երբ ինչ-որ բան էինք ուզում իրենցից, մեզ չէին մերժում»։

Իհարկե, Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տունն այսօր անհամեմատ ավելի գեղեցիկ, բարեկարգ ու նորաոճ է դարձել, քան եղել է ի սկզբանե։ Տարիների ընթացքում այստեղ կատարված վերանորոգման, մշակութային նորամուծությունների շնորհիվ այցելուներն ունենում են ոչ միայն հաճելի հանգիստ, ստեղծագործելու բարենպաստ մթնոլորտ, այլև վայելում նշանավոր նկարիչների, քանակագործների տաղանդավոր երկնումների տրամադրող ներկայությունը։ Մուտքի մոտ մարդկանց դիմավորում է Երվանդ Գոջաբաշյանի Մուսան քանդակը։

Ե Գոջաբաշյան, Մուսան

Աջ կողմում՝ բարձրադիր հատվածում, Եղիշե Չարենցի քանդակն է, որի հեղինակն է Լևոն Թոքմաջյանը։

Լ Թոքմաջյան, Եղիշե Չարենց

Երրորդ մասնաշենք տանող աստիճանների հարևանությամբ տեղադրված է Գևորգ Մշեցի Ջահուկյանի տպավորիչ կոմպոզիացիան՝ մետաղի և խաչքարերի մասունքների համադրությամբ։ «Տեսած կլինեք, որ մեր համարյա բոլոր եկեղեցիների պատերի տակ շարված են կոտրտված խաչքարեր։ Ասես որբեր լինեն։ Ես մտածեցի, որ պետք է բարձրացնել այդ խաչքարերը։ Եվ ստացվեց այս աշխատանքը»,- մեկնաբանում է Գևորգ Մշեցու ստեղծագործությունը Մ․ Մանուկյանը։

Գ Մշեցի, Խաչքարերով կոմպոզիցիա

Ստեղծագործական տան յուրաքանչյուր անկույն շնչում է արվեստով՝ գեղանկարներ, պատկերազարդ սալիկներ, ծաղկամաններ, դեկորատիվ արվեստի այլ նմուշներ։

Ծաղկամաններ

Թումանյանի հեքիաթների թեմաներով հարթաքանդակները, հայ և համաշխարհային գրականության երևելիների դիմաքանդակները զարդարում են շենքի արտաքին պատերը։

Թումանյանական հարթաքանդակներ

***

Գրողների դիմաքանդակներ

Առանձին հմայք են հաղորդում այս տանը Էդիկ Բերոյանի քարե հարթաքանդակները՝ ազգային գրի, մշակույթի, գիտության, ինքնության շեշտադրված թեմաներով։  

Հարթաքանդակներ՝ հյուրատան պատերին

***

Իհարկե, այս գեղեցկությունը չի կարող չգայթակղել գիշատչային ախորժակով որևէ մեկին, բայց չի կարելի բացառել, որ նմանների մոտ երբեմն ոսկորը մնում է կոկորդում։

ՀԳ Անձնական զեղում՝ 2023 թ ֆոտովավերագրերով

Տարիներ առաջ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան առջևի չքնաղ անտառի տաղավարներից մեկում աշխատում էի «Փոխատեղումներ» գրքիս վրա։ Համո Սահյանի հետ իմ արած հարցազրույցն էի սրբագրում։ Հասել էի պոետի խոսքի հետևյալ հատվածին․ «Արձակում ինչքա՜ն ասես պոեզիա կա»։ Մեկ էլ ականջիս հասավ միալար միաուների շարանը։ Նայեցի, տեսնեմ տաղավարի դիմաց մի փիսո է նստած և սևեռուն նայում է ինձ։ Գրիչս վայր դրեցի, հրավիրեցի ներս անակնկալ հյուրիս։ Ես կանչում եմ, սիրալիր ժպտում, հորդորում, որ մտնի տաղավար, շփվենք, պատմենք իրար մեկմեկու մասին։ Փիսոն կասկածանքով նայում է ինձ ու մեկընդմեջ իմ մենախոսություն-երկխոսությունն ընդհատում իր մլավոցով։ Ես հասկանում եմ, որ պաշտոնական ընդունելության արարողակարգը թերի եմ իրականացնում․ պատվարժան հյուրին ընդունելիս պետք է դուրս գալ նստավայրից, գնալ նրան ընդառաջ, ողջունել ու ներս ուղեկցել անձամբ։ Վեր եմ կենում, մոտենում փիսոյին, շոյում ականջը, որի հետևում արյան թարմ հետքեր եմ նկատում (փաստորեն, սա ոչ էլ փիսո է, այլ կռվազան, ինքնիշխան մի կատու), բայց, չգիտես ինչու, չեմ խորշում կամ զգուշանում, նրան թեթև հրում եմ դեպի տաղավար ու բլբլում․

-Հիմա մոտս ուտելու բան չկա, բայց եթե համաձայնես, միասին կգնանք ճաշարան, մեր բարեհամբույր խոհարարներին կխնդրեմ, որ առավոտյան իմ չկերած նրբերշիկը տան, ու ես այն կհյուրասիրեմ քեզ։ Հը՞, համաձա՞յն ես։

Կատուն շարունակում է կասկածանքով զննել ինձ ու թռչում է գիրկս։ Ես շարունակում եմ չվանվել նրանից, ավելին՝ հանում եմ հեռախոսս և սելֆի անում։

Սելֆի

Հետո նա ցատկում է սեղանին, տիրաբար հետուառաջ անում, մոտենում անկյունում դրված ապագա գրքիս էջերին, սկսում հոտոտել։

Կատուն հոտոտում է թղթերս

Ես էլի մի քանի լուսանկար եմ անում և տեսնում, որ նա բնավ մտադիր չէ լքել տաղավարը։

-Լա՛վ,- ասում եմ համակերպված,- եթե դու որոշել ես երկար մնալ այստեղ, դեմ չեմ, բայց պիտի աշխատեմ։ Դու արա, ինչ ուզում ես, իսկ ես վերադառնամ իմ գործին։ Կատուն գնում, նստում է սեղանի անկյունում և սկսում պոչով ռիթմիկ շարժումներ անել՝  հարվածներ տեղալով մե՛կ թղթերիս, մե՛կ սեղանին։

Պոչով հարվածներ թղթերիս և սեղանին

Ես նայում եմ նրան, ժպտում, շարունակում աշխատել։ Նա վեր է կենում տեղից, մոտենում ինձ և չորս թաթով կանգնում այն թղթերի վրա, որոնք իմ առջև են։

Թղթերիս վրա կանգնած

Փորձում եմ համոզել, որ հեռանա, որ չխանգարի ինձ կարդալ, սրբագրել այդ էջերը։ Նա լսում-լսում է, բայց մնում անշարժ։ Ես փորձում եմ նրա թաթերի տակից դուրս քաշել գրքիս էջերը, բայց նա ոչ միայն թույլ չի տալիս անել այդ, այլև ընտրում է նոր մարտավարություն․ ուղղակի ամբողջ մարմնով փլվում-պառկում է թղթերիս վրա և ծածկում դրանք իրենով։

Թղթերիս վրա պառկած

Ես էլի ինչ-որ անկապ բաներ եմ դուրս տալիս, փորձում համոզել, որ թույլ տա ինձ գործս անել-ավարտել, բայց նա արդեն քամահրանքով նայում է դեմքիս։ Ես վերջնականապես ընդունում եմ իմ կապիտուլյացիան և սկսում հավաքել սեղանին եղած իրերս։ Նա, տեսնելով այդ, վեր է կենում տեղից, մի փոքր հեռանում իր բռնագրաված թղթերից ու սպասողական նայում վրաս։

Սպասողական կեցվածք

Ես հավաքվում, համակերպված դուրս եմ գալիս տաղավարից։ Մի քանի քայլ անելուց հետո շրջվում եմ, տեսնում՝ կատուն տիրաբար կանգնած է տաղավարի սեղանին ու հաղթական հայացքով նայում է ինձ։    

Հաղթողի հայացքը

-Հիմա հասկացա՞ր,- ասում է այդ հայացքը,- թե ով՝ ով է։ Եկել իմ տանն ինձ ինչ-որ seqond hand նրբերշիկ ես առաջարկում, քո գրքով ես զարմացնում։ Էստեղ ես եմ տերն ու ես եմ որոշում, թե ով ինչ կարող է անել, որտեղ կարող է անել և երբ կարող է անել։ Էնպես որ, գրող ես, ինչ ես, քեզ տանտեր չզգաս։ Եկել իմ թագավորությունում նստել, տեսեք-տեսեք, գիրք ես գրում։ Ուրեմն իմացիր, ես պառկած ունեմ քո գրքի վրա ու քանի դեռ թղթերդ քամուն չեմ տվել, հավաքվիր, գնա էստեղից քո սենյակ կամ, եթե ավելի ճիշտն ես ուզում իմանալ, քո Երևան։

Մինչև Երևան դեռ մի երեք օրվա ճանապարհ կար, բայց սենյակս քթիս տակ էր։ Հենց այնտեղ էլ ավարտեցի գրքիս խմբագրում-սրբագրումը։

Գրողների ստեղծագործական տուն հաջորդ այցերիս ժամանակ փնտրեցի, բայց չգտա իմ ոխերիմ բարեկամին, որի հետ շփումը եղել էր թեկուզ հակամարտության, բայց ոչ՝ ահ ու սարսափի տիրույթում։ Այս առումով գրչընկերներիս բախտն ավելի քիչ էր բերել։ Նանեն և Արփի Ոսկանյանը, օրինակ, հանդիպումներ էին ունեցել տանտիրոջ նկրտումներով շների հետ, և նրանց օրգանիզը հասցրել էր ադրենալինի բավական քանակություն արտադրել մինչև մեր փրկության ափ Գրողների ստեղծագործական տան շեմին հասնելը։ Ես, փաստորեն, էժան էի պրծել։

Առակս զի՞նչ ցուցանէ․ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան տարածքը չի հանդուրժում օտար նվաճողների։ Նրանց նվաճողական նկրտումները ձախողվելու անխուսափելիությունն ունեն ոչ միայն գրողների, այլև կենդանական աշխարհի, բնության հզոր հակադրության պատին բախվելու պարագայում, քանզի այս տարածքում տիրող դաշտը դուրս է օրինաչափության սահմաններից։ Ես միշտ մտածում եմ՝ ինչպե՞ս են այն ընտրել մեր դասականները, հաղորդակցվել են վերերկրային ուժերի հե՞տ, մարգարեական տեսլի՞ք են ունեցել, թե՞․․․ Քանզի այստեղ հայտնվելուն պես քեզ պարուրում է ստեղծագործական ներշնչանքի անդիմադրելի ալիքը, և դու անկախ քեզնից գրում ես, հորինում։ Ինձ, գոնե, չի զարմացնում այն փաստը, որ հայ գրականության բազմաթիվ արժեքավոր գոհարներ ծնվել են հենց այս տան պատերի մեջ, գրական այս բեղմնավոր միջավայրում, ու դեռ քանի՜-քանիսը պիտի ծնվեն։ Մի՛ մտեք այս տարածք անկատար թղթերի և օրենքների խառնակույտով, պարոնա՛յք, դա վտանգավոր է հենց ձեզ համար և ձեզ այդ քայլին դրդողների։    

Կարինե Ռաֆայելյան

Լուսանկարները՝ հեղինակի