ԳրաԴաշտ

Մատեի Վիշնիեկ․ «Գրականությունն ինձ համար դիմադրության ձև է»

05.11.2025

«Էպիգրաֆ» գրախանութում կայացավ ժամանակակից հանրահայտ դրամատուրգ Մատեի Վիշնիեկի թատերկերի հայերեն հրատարակության շնորհանդեսը։ Հայերեն են թարգմանվել դրամատուրգի «Վերջին Գոդոն», «Ինչպես խխունջին վարժեցրի ստինքներիդ», «Չեխով մաքինա», «Նինա կամ հարդալից ճայերի փխրունության մասին», «Արևմտյան ճեպընթաց» պիեսները: Թարգմանիչներն են՝ Գրիգոր Ջանիկյանը, Լուսինե Աբգարյանը, Աննա Մանուկյանը: 

Մատեի Վիշնիեկը ժամանակակից ֆրանկոֆոն թատրոնի ամենաբնորոշ ու ինքնատիպ հեղինակներից է, որի դրամատուրգիան առանձնանում է մտքի խորությամբ, կառուցվածքային յուրահատկությամբ և թեմատիկ բազմազանությամբ։ Նրա ստեղծագործություններում հեգնանքը, փիլիսոփայական դիտարկումները և մարդկային հոգեբանության նրբագույն շերտերը միահյուսվում են յուրահատուկ գեղարվեստական լեզվի մեջ։ Վիշնիեկի պիեսները բեմադրվել են աշխարհի բազմաթիվ թատրոններում՝ վաստակելով թե՛ մասնագիտական գնահատանք, թե՛ հանդիսատեսի անկեղծ հետաքրքրություն։

«Վիշնիեկը պոեզիայից դեպի դրամատուրգիա է անցնում հազվագյուտ նրբությամբ։ Նրա տեքստերը հաղթահարում են լեզվի սահմանները և դառնում ընդհանուր մշակութային տարածք։ Դրամատուրգի պիեսները բեմադրվել են աշխարհի ավելի քան 50 երկրներում։ Մատեի Վիշնիեկի արվեստը բաց է՝ այն հրավիրում է ինտեգրման, համակեցության, համադրության։ Պատերազմներ, սեր, էմիգրացիա, հիվանդություններ՝ նա արձագանքում է այս ամենին բացառիկ զգայունությամբ և ստեղծագործական խիզախությամբ։ Արձագանքում է հումորով ու հեգնանքով, բայց նաև խոր լրջությամբ՝ փոխանցելով հրատապության և հոգևոր խոհեր առաջացնող ծանրության զգացում»,- շնորհանդեսի ժամանակ նշեց Սորբոնի համալսարանի դասախոս, գրականագետ Կրինա Բուդը։

Դրամատուրգն անկեղծանում է՝ թեև արմատներով ռումինացի է, բայց իրեն թևեր է տվել  Ֆրանսիան։ «Գուցե իմ պիեսները տարբեր երկրներում կարողացել են դադարեցնել ուղեղի լվացումը, սակայն մարդկությունը դեռ դաս չի քաղում․ ճգնաժամերն ու պատերազմները կրկնվում են։ Այնուամենայնիվ, իմ մեջ ապրող հեղինակը մնում է օպտիմիստ։ Միշտ պետք է հիշել՝ մարդը կարող է լուծումներ առաջարկել, բացահայտել իր լուսավոր կողմերը։ Ես գրում եմ, որովհետև հավատում եմ մարդուն»,- մասնավորապես նշեց Մատեի Վիշնիեկը՝ անկեղծանալով, որ գրականությունն այն եզակի տարածքն է, որն ի զորու է հասնել մարդկային հակասությունների խորությանը։ 

«Այդ պատճառով եմ գրում և հավատում խոսքին։ Գրականությունն ինձ համար դիմադրության ձև է։ Իսկ դիմադրությունը պահանջում է հեգնանք, ինքնահեգնանք, հումոր և պոեզիա։ Քանի որ միայն պոեզիայի միջոցով կարելի է շրջանցել քննադատությունը։ Այսպես եմ սովորել գրել՝ միշտ փորձելով մնալ իմ անցյալի և ներկայի միջև»,- ասաց դրամատուրգ Մատե Վիշնիեկը։