Մի քանի օր իրար հետևից՝ անընդմեջ… չլուսացավ։ Սկզբում կարծեցինք, թե դա զանգվածային հիպնոսի պես մի բան է։ Էն ֆիլմը մտքներս եկավ՝ տեսած կլինեք՝ «Մելանխոլիա» վերնագրով մի ֆիլմ կա։ Էդ ֆիլմում մարդիկ սկզբում չեն հասկանում՝ ինչ է կատարվում, հետո երկնքում հայտնված մի նոր մոլորակի ուրվագիծ են նշմարում, որ գնալով, քիչ առ քիչ կամ հետզհետե մեծանում է- ու մարդիկ սարսափով հասկանում են, որ դա Երկրին անշեղորեն մոտեցող մի Անհայտ մոլորակ է, որ շուտով, հաշված օրեր անց բախվելու է Երկրին… Մարդիկ տարվել էին մելանխոլիայով՝ մահվան սպասումով։ Նման դեպքերում ի՞նչ են անում. մարդկանց մի մասը ՄԱՀՎԱՆ ՄԵԼԱՆԽՈԼԻԱՆ փարատում է… սեքսով՝ առանձնահատուկ մի վայելքով, ինչպես ժամանակին եղել է միջնադարյան Եվրոպայում, խոլերայի ամենակուլ համաճարակների ժամանակ, երբ մարդիկ ԱՅԴ ԳՈՐԾՆ արել են գերեզմանատներում, ավելի շատ՝ լուսնոտ գիշերներին, շիրիմների հարևանությամբ, ինչն առանձնակի հաճույք է պատճառել, որովհետև ԿՅԱՆՔԻ գլխավոր վայելքն «իրագործվել» է անմիջապես ՄԱՀՎԱՆ հարևանությամբ…
Հա, սկզբում կարծում ԷԻՆՔ՝ դա զանգվածային հիպնոսի պես մի բան է։ Ովքե՞ր էինք այդ ԷԻՆՔ-ը՝ հոգնակի թվով։ Դրանք երկրագնդի մի նոր առաջացած կիսագնդի բնակիչներս էինք, որ սկսել էինք շարունակել ապրել Երկրի ՉԼՈՒՍԱՑՈՂ ԿԻՍԱԳՆԴՈՒՄ (ինչը հետո կոչվեց ՄՈՒԹԱՇԽԱՐՀ)։ Բանն այն էր, որ, լուսնի նման, Երկիրը սկսել էր արևի շուրջը պտտվել՝ առանց իր առանցքի շուրջը պտտվելու, այսինքն՝ մի նոր ձևավորված կիսագնդում հավերժական գիշեր էր, իսկ մյուսում՝ ԼՈՒՍԱՇԽԱՐՀՈՒՄ, հավերժական ցերեկ։ Նման բանն անծանոթ երևույթ չէր, բևեռային շրջագծից այնկողմ ապրող մարդիկ վեց ամիս «բևեռային գիշերներ» ապրում են, Հյուսիսափայլի շքեղությունն էլ՝ հլը դեռ իրենց նվեր, բայց այդտեղերք արևի թույլ լույս այնուամենայնիվ լինում է։ Իսկ այս դեպքում, ՄՈՒԹԱՇԽԱՐՀՈՒՄ, մարդկությունը հարկադրված եղավ ամենուրեք արհեստական լուսավորության տակ ապրել։
Աղետալի փոփոխություններ եղան։ Մութաշխարհի կիսագնդում սկզբում մեղուները վերացան՝ Միքայել հրեշտակապետի «սաները»։ Գյուղմթերքների այն տեսակները, որ հնարավոր էր արտադրել ջերմոցներում, շարունակվեցին առաջվա պես մթերվել։ Այնուհետև… շների շրջանում համաճարակ սկսվեց, հավերժ աստղալից գիշերներին շներն անվերջ ոռնալուց շնաթոքային մի հիվանդությունից կոտորվեցին, ողջ մնացին միայն բնակարաններում ապրող ընտանի, ձեռնասուն շները, որոնք, սակայն, ավելի լավ էր՝ կոտորվեին, որովհետև «վաստակեցին» մելանխոլիկ շնային կյանքի մի դառը ճակատագիր… Կատուներին ոչինչ չեղավ, ընդհակառակը՝ կատուները սկսեցին ապրել՝ ՊՂՏՈՐ ՄԹՆՈՒՄ ՄՈՒԿ ՈՐՍԱԼՈՎ…
Մութաշխարհի բնակչության մի մասի համար սա մեծ աղետ չէր- փողատերերը ՄԻՋԿԻՍԱԳՆԴԱՅԻՆ ուղևորություններով ժամանակ առ ժամանակ գնում էին ԼՈՒՍԱՇԽԱՐՀ և վերականգնում նախկին կյանքատեսակի զգացողությունները։ Այդ տեսակետից երանելի վիճակ էր ՄՈՒԹԱՇԽԱՐՀԻ և ԼՈՒՍԱՇԽԱՐՀԻ միջկիսագնդային սահմանագծի գոտում ապրողների համար… Փող չունեցողների համար էր վատ. մարդկանց շրջանում շատացան հոգեկան հիվանդություններն ու ինքնասպանությունները…
Այս աղետը չազդեց նաև… դրամաշրջանառության վրա, փողը ոնց կար՝ այնպես էլ մնաց, ուժի մեջ մնացին Մահուբի Գևոյի հայտնի երգի բառերը փողի մասին.
Մութ աշխարհի լույսն ես դու,
Լույս աշխարհի մութը…
Հանճարեղ տողեր են, գրեթե շեքսպիրյան ուժի…
…Գիտնականները որոշ ժամանակ անց հասկացան՝ ինչ է կատարվել։ Երկրի աստիճանաբար սառչող հրահեղուկ միջուկն արդեն հասել էր մակարդվածության մի այնպիսի աստիճանի, որ երկրագունդը դադարել էր պտտվել իր առանցքի շուրջը ու լուսնի նման պտտվում էր արևի շուրջը միշտ մի դեմքով, այստեղից էլ՝ հավերժական ցերեկվա կիսագունդը՝ ԼՈՒՍԱՇԽԱՐՀԸ, և հավերժական գիշերվանը՝ ՄՈՒԹԱՇԽԱՐՀԸ։
Մենք չգիտեինք, հետագայում մի մարգարե էլ պիտի լսեր շատ հեռուներից եկող, առայժմ միայն իր համար լսելի ՇԱՏ ՋՐԵՐԻ ՃՈՂՓՅՈՒՆԸ- համաշխարհային նոր ջրհեղեղի ձևավորումը՝ հյուսիսային և հարավային բևեռների սառույցների հալվելու և Համաշխարհային օվկիանոսի ջրերի մակարդակի աննախադեպ բարձրացման հետևանքով… Մի նոր Նոյ պիտի հայտնվեր (իմիջիայլոց, Նոյ անվանումը հենց ինքնին նշանակում է ՆՈՐ, այսինքն՝ նոր մարդ)։ Այսանգամվա Նոյը, մարգարեն ասում էր, պիտի լինի մի ռազմանավի կապիտան։ Այս անգամ նա հարկադրված չի լինելու ամեն շնչավորից մի զույգ վերցնել իր նավի վրա ու… ամիսներով տառապել դրանց թրքահոտից… Այս անգամ նա պարզապես նավի վրա ունենալու է ընդամենը մի ՍՐՎԱԿԱԴԱՐԱՆ, որտեղ պահպանվելու են բոլոր շնչավորների գեների նմուշները։

