ԳրաԴաշտ Գրիգոր Ֆերեշեթյան

Գրիգոր Ֆերեշեթյան. մանրապատումներ

03.10.2025

Շատ տարիներ առաջ հայրս հարցրեց հինգ տարեկան եղբորս.    

-Ո՞նց ես։

-Քեզնից լավ, ինձնից վատ։

Երբևէ այս հարցին հնչած լավագույն պատասխանը։  

Մի նկարիչ այս կամ այն մարդու թաղմանը չգնալու հանդիմանություններին ի պատասխան նշում է.

-Ես փոխադարձություն եմ սիրում։

   …

Մի անգամ բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանը, դիմելով քաղաքային լողավազաններից մեկի շուրջը խմբվածներին, ասում ա.

-Դուք բոլորդ չնչահավատներ եք, հիմա ես կքայլեմ ջրի վրայով։- Սա ասելով վազում ա լողավազանը՝ քայլելու։

Ջրի մեջ խրվելուց և ոտից գլուխ թրջվելուց հետո շրջվում ա դեպի հավաքվածները և մատը տնկելով՝ ասում.

-Ջուրը կեղծ էր։

                                              …                      

Ընկերներից մեկը Վարդան Ֆերեշեթյանին պատմում ա.

-Մի անգամ վրացի օպերային երգիչ Սոտկիլավան ժամանել էր Իտալիա՝ մասնակցելու համերգային ծրագրի, որին, իրենից բացի, այլ օպերային երգիչներ էլ պետք է ելույթ ունենային, այդ թվում՝ հռչակավոր Պավարոտտին։ Պավարոտտին Սոտկիլավային հրավիրում է իր տուն, մոր պատրաստած սպագետտին և այլ համեղ իտալական ուտելիքներ ու ընտիր գինի հյուրասիրում։ Սոտկիլավան հրաժարվում է ուտելիքից և խմիչքից. իբր կխանգարի երգելուն։ Պավարոտտին լավ ուտում, խմում ա և հետո համերգին նրանից անհամեմատ լավ երգում։ Այս պատմությունը լսելով՝ Վարդան Ֆերեշեթյանը եզրափակում ա.

-Էհ, սատկի լավ ա, էլի։

Երկրաբան, այժմ ամերիկաբնակ Աշոտ Գյոզալյանը, որին ընկերները Գյոզալ են ասում, դերասան Վասպուրը և գրող, թարգմանիչ Վարդան Ֆերեշեթյանը սրճարանում նստած զրուցում են։ Գյոզալը, որ ամուսնացած չէր և շատ ընկերուհիներ ուներ, ասում ա.

-Տղեք, որ ընկերուհիներիցս մեկը նեղանում ա, սիրտը շահելու մեկից մեկ աշխատող ձև եմ գտել. գնում եմ մոտը ու ասում՝ ես վատն եմ, սրիկա եմ, մի խոսքով՝ խղճահարություն եմ հարուցում, սրանք էլ սկսում են մխիթարել՝ չէ, տենց մի ասա, վատը չես, սրիկա չես, լավն ես…

Վասպուրը, այս ամենից ոգևորված, բացականչում ա.

-Յա, լավ բան ասիր, գնամ կնոջս վրա փորձարկեմ։

Մեկ էլ Վարդան Ֆերեշեթյանը կտրուկ ընդհատում ա.

-Վասպուր, հանկարծ տենց բան չանես։

-Ինչի՞,- զարմացած հարցնում ա Վասպուրը։

-Քեզ կհավատան,- եզրափակում ա Վարդան Ֆերեշեթյանը։ 

                                                     …

Ինչ-որ մեկը խանութում բարակ, իրար կպած տոպրակներից ա վերցնում, փորձում ա բացել, չի կարողանում, նյարդային շարժումներ ա անում, մի գյումրեցի, տեսնելով սա, ասում ա.

-Տուր, տուր, նենց ես խառնվել իրար, ինչխոր պառաշյուտդ չի բացվի։ 

                                                       …

Սովետի ժամանակ գնացքի ուղղղություններ կային՝ Երևան- Վորկուտա, Գյումրի- Չիտա։ Գյումրեցիներն այս առիթով ասում էին.

-Երևան ոռ կուտա, Գյումրի՝ չի տա։

                                                              …

2000-ականների սկզբին մի խումբ արվեստագետներ գնում էին Արցախ՝ զինվորների հետ հանդիպման։ Ավտոբուսում էր նաև Աբգար Ափինյանը, որը ոգևորված պատմում էր, որ ռուս գրականություն է դասախոսում և շուտով պետք է Չեխովին նվիրված դասախոսություն կարդա։ Սա լսելով՝ բանաստեղծ Աշոտ Խաչատրյանը հարցնում ա.

-Աբգար, դու ռուսերեն ինչերե՞ն ես կարդում։

Սա էլ լուրջ-լուրջ պատախանում ա.

-Հայերեն։

Թարգմանիչներից մեկին հարցրին.

-Ինչպես են աշխարհահռչակ «արվեստագետ»  դառնում։

Պատասխանում է.

-Մի փոքր վերափոխելով Բեռնարդ Շոուի միտքը՝ կարելի է ասել. «Այդպիսին չեն ծնվում, այլ դառնում են շնորհիվ համընդհանուր հալյուցինացիաների»։

Աշխարհի ամենաարժեքավոր քամակը

Չարենցը կնոջ քամակի է կրակել և հայտնվել է «Երևանի ուղղիչ տանը»: Դրական կողմեր՝ ստեղծվել է «Երևանի ուղղիչ տնից» հետաքրքիր արձակ գործը, քամակն էլ ամենաարժեքավորն է դարձել, և հարկ է դրան ցուցանակ կպցնել.  «Այստեղ կրակել է Եղիշե Չարենցը»։                                      

Անտանելի մարդը

Նա առանձնապես երևակայություն էլ չուներ, բայց դա տանելի էր, հումորի զգացում էլ, մեղմ ասած, չուներ, բայց դա էլ դժվարությամբ տանելի էր, ֆուտբոլ ու բասկետբոլ  էլ չէր սիրում, սա էլ մի կերպ տանելի էր, մի խոսքով՝ անհամ մարդ էր, բայց նույնիսկ դա տանելի էր։ Սակայն, այսքանից հետո կամ այսքանով հանդերձ, նա դեռ հանդգնում էր նաև չխմել, ա՛յ դա արդեն անտանելի էր։

 «Մարկոս Ալիմյանը ծանր հիվանդ էր» նախադասության շուրջ

Մարկոս Ալիմյանը ծանր հիվանդ էր։ Նրա որդիները վիճում էին, թե որ հիվանդանոց նրան տանեն։ Ավագ որդին ասում էր.

–Արի տանենք մոտակայքում գտնվող հիվանդանոցը, իսկ մեծն առարկում էր.

–Դա այնքան էլ լավ հիվանդանոց չէ, արի մեկ այլ հիվանդանոց տանենք, որը թեև հեռու է, բայց ավելի լավն է։

Տղաները այնքան վիճեցին, մինչև որ Մարկոս Ալիմյանը մահացավ, և այլևս հիվանդանոց տանելու կարիք չկար։

Երկրորդ տարբերակ

Մարկոս Ալիմյանը ծանր հիվանդ էր։ Նրա երկու տղաները վիճում էին, թե ում պետք է բաժին հասնի նրա կարողությունը։ Այնքան վիճեցին, գոռացին, տարբեր իրեր իրար վրա շպրտեցին, մինչև որ Մարկոս Ալիմյանը կաթվածից մահացավ։

Այս ամենից տարիներ են անցել, և այդպես էլ տղաները իրար մեջ չեն կարողացել կիսել կարողությունը և անընդհատ վիճում են։

Երրորդ տարբերակ

Մարկոս Ալիմյանը ծանր հիվանդ էր։ Սկզբնական շրջանում այդ փաստը ոչ ոքի չէր հետաքրքրում, անգամ նրա հարազատներին։ Սակայն հանկարծակի այդ փաստը այնքան հետաքրքրեց Ալեքսանդր Շիրվանզադեին, որ նա մի ամբողջ վեպ գրեց…

Մարգարեական շունը և միսիոներ անքնությունը

Գիշերը մի շուն հաչաց, բնակիչները տեղից վեր թռան, մի մասը մտքում, մյուսները  բարձր հայհոյեցին դրան, այդ թվում և՝ Զավենը։

Քիչ անց շան հաչոցը դադարել էր, Զավենի քունն էլ՝ փախել: Հանկարծ անքնությունը միտք փոխանցեց նրան, որն ամրանալով վրդովեց նրա հանգիստը, այն կարծես անմեղ բանտարկյալ լիներ, որ ուզում էր մի կերպ դուրս պրծնել, կամ՝ թռչուն, որ պատուհանից մտել է  մուտք,  սակայն պատուհանը փակվել է, և սա, այսուայնկողմ զարկվելով, չի կարողանում ելք գտնել: Զավենը հետզհետե իրեն մեղավոր էր զգում, նրա ուղեղն ակամա բանտ էր դարձել, ինքը՝  բռնակալ, թեև շուտով հասկացավ, որ պատուհանը պետք է բացի։ Այդ մտքի հայտնվելուց ի վեր տարօրինակ, նախկինում անհայտ զգացումներ էին տիրել, ասես իրեն կորցրած, լրիվ շփոթված լիներ,  իսկ հետո ավելի անսովոր դարձավ, քանզի առաջին անգամ էր գրում, այն էլ ուզած-չուզած, ոչ թե իր որոշմամբ, այլ ոմն անխելք շան, որի գլխին փչել էր գիշերվա կեսին հաչոցը կապել, և ոմն անքնության, որը հերիք չէ ամենավերջին ստահակի պես բռնացել էր իր քնին և գերուն տանջող գեներալի կամ ցուցմունք կորզող գործակալի պես անողոքաբար չարչարում էր,  դեռ մի բան էլ  իբրև «պատիժ» կամ «պարգև» ինչ-որ տարօրինակ միտք էր փոխանցել։ Գրվածը վատ չէր ստացվում, և Զավենը զգաց, որ դա պատահական չէ, նա ստիպված է լավ գրել, քանզի լոկ դա կարդարացնի շանը, մարդկանց խախտված քունը, և մտածեց, որ անսպասելի արթնացածներից շատերը մինչև լուսաբաց չեն քնի և ժամանակն անցկացնելու այլ տարբերակներ կմոգոնեն, գուցե կգրեն կամ նկարներ ու քանդակներ կստեղծեն,  և այժմ ոչ միայն չէր ատում կամ հայհոյում շանը, այլև խորհում էր, որ նա կարող է  նույնիսկ իր մեծ նպաստը բերել արվեստի զարգացմանը։ Բայց հետո ինքն իրեն ասաց.

-Ոչ, այս երկրորդ միտքն ավելորդ է, ես պետք է լավ գրեմ, միմիայն ես, մնացյալը կարևոր չէ, պետք չէ մյուսների վրա հույս դնել, գուցե ոչ ոք էլ այս գիշեր արժեքավոր բան չստեղծի, և անքունների տառապանքը մնա զուր, շունը՝ վայրահաչ, անքնությունը՝ ճղճիմ դահիճ, ես ու միտքը՝ ակամա բռնակալ, իսկ որ լավ գրեմ՝ երկու բռնակալ ի չիք կդառնան, անքնությունը՝ մեծ միսիոներ, դրա համահեղինակը, իմ կնքահայրը գրականությունում, շունը՝ մարգարեական, ողջ գրականության ընթացքը փոխող, անքունների տառապանքը՝ իմաստալի, հանց Քրիստոսինը: Իսկ որ լավ չգրեմ, թեկուզ ուրիշն արժեքավոր բան էլ ստեղծի, ինձ ինչ, հա, էս փոխոխություններն էլի մասամբ կկատարվեն, բայց հո շունը չի դառնա իմ կնքահայրը գրականությունում, ես ու միտքն էլ կմնանք բռնակալ։ Չէ, է, չէ, ոնց գցում-բռնում եմ, ես պարզապես այլ ելք չունեմ, եթե ոչ լավ գրելը։

                                      Ճակատագրական հանդիպում

Մի կատու բռնեց մկանը և այն է՝ պիտի ուտեր, մեկ էլ նրան բռնեց շունը։ Մահվան ընդառաջ կատուն բարեգութ գտնվեց և բաց թողեց մկանը։ Շունը, որ մինչև այդ առանց ախ քաշելու վայրկենապես համփ էր անում կատուներին հանց ոսկոր, տպավորվեց կատվի «հերոսական» արարքից և ոչ միայն բաց թողեց նրան, այլև առանձնահատուկ ակնածանք տածեց առ նա, և էնքան սիլի-բիլի արեց հետը՝ «ամուսիններ» դարձան։ Բայց կենդանիների մոտ սիրո պրոցեսները պարզ են. նրանք ամեն ինչ չեն բարդացնում՝ հատուկ ձեռքը չեն խնդրում,  զագս, նշանդրեք, ամուսնական քննարկումներ, ծախսեր, ամուսնություն, դրանք էլ «կարգազանցներ» էին և իրենց կապը թաքցնում էին, թե չէ նրանց այնպես կվերաբերվեին՝ ինչպես չինացիները և ճապոնացիները՝ Չինաստանը օկուպացրած ճապոնացի գեներալի աղջկան  և նրա սիրեցյալ ճապոնացիների դեմ մարտնչող չինացի սպային։ Բայց սերը երկար չես թաքցնի, և շուտով կատուները և շները դա նկատեցին։

 Կատուներն արհամարհում էին դրան, անգամ մայրն ու հայրը հետը չէին խաղում, ինչը կատուների լեզվով նշանակում էր, որ խստորեն դեմ էին այդ հարաբերություններին,  իսկ եթե մարդիկ լինեին՝ ամեն օր երկար բարոյախրատական ելույթներ կհնչեին, որոնցում հարցի տարբեր ասպեկտներ քննելով, ծանր ու թեթև անելով՝ իրենց երեխային կբացատրեին, թե ինչու նա պետք է խզի այդ հարաբերությունները: Դե, եթե կատուն ընդամենը քամահրանքի արժանացավ, նույնը չենք կարող ասել շան մասին։ Մի օր էլ շների գազազած ոհմակները հոշոտեցին դրան, և խեղճուկրակը  դարձավ իր իսկ գթասրտության զոհը: Իրոք որ սերը զոհողություններ է պահանջում, և չկա չարիք առանց բարիքի, քանզի այս ամենից  շահեց մուկը, որ դեռ երկար տարիներ երջանիկ  ապրեց։                        

Հենրի Միլլերի նստարանը

ԱՄՆ-ի համալսարանում պրոֆեսորն ասաց.- Հայրս պատմում էր, որ ժամանակին այս սենյակում սովորել է Հենրի Միլլերը,- և ձեռքով ուսանողներից մեկի կողմը ցույց տալով՝ ավելացրեց՝ հենց այդտեղ էլ նստել է, աջից էլ մեծ քերծվածք կա։ Սա նայեց աջ և տեսավ քերծվածքը, որին ցայժմ ուշք չէր դարձրել և համոզվելով, որ նստած է Միլլերի նստարանին, հպարտություն և գոհունակություն ապրեց, և թե առաջ արագ, ինքնաբերաբար, երբեմն կոպիտ և վայրենաբար էր նստում վրան, հիմա հանգիստ և կամաց էր դա անում, խոսում էր հետը, շոյում, պարծենում, մյուսներից թաքուն՝ համբուրում։ Մի օր էլ մտածեց, որ իրենից հետո ուրիշները կնստեն դրա վրա, և գողացավ այն։

Ընտանիքից և հյուրերից ոչ ոքի չէր թողնում նստել վրան, և ամեն օր ախորժանք էր ապրում, որ նստում է «Միլլերի նստարանին», թեև նրանից տող չէր ընթերցել։ Իսկ երբ մահամերձ էր, ասաց որդուն. «Ես ջանք ու եռանդ չեմ խնայել և ամենը արել եմ, որ տարիներով միայն ինձ պատկանի «Միլլերի նստարանին» նստելու պատիվը, նույնիսկ քեզ եմ դա արգելել, բայց շուտով ես կմահանամ, և ուրախ եմ, որ դու կարժանանաս դրան։ Ուշադիր կլինես, ոչ ոքի չթողնես նստել վրան, հանկարծ ծանր իր չդնես վրան, հանկարծ բան չթափես վրան, չտեղաշարժես կամ դա զգույշ կանես»: Մի խոսքով մոտ տասնհինգ-քսան րոպե խոսեց և ամենը դրա շուրջ էր պտտվում։ Տղան համակ ուշադրությամբ լսեց հորը և ասաց. «Հանգիստ եղիր, ես թանկ մասունքի պես կվերաբերվեմ դրան և կհետևեմ քո բոլոր խորհուրդներին»։ Սա լսելով՝ մարդը թեթևություն զգաց, դեմքին ապուշ ժպիտ հայտնվեց, և իսկույն կնքեց իր մահկանացուն։

Թզուկը և հսկաները

Մի թզուկ հսկաների հետ էր ընկերություն անում։ Դա դուր չեկավ մյուս թզուկներին, նրանք ժողով հրավիրեցին և նրան իրենց շարքերից վտարեցին։ Սա կարողացավ շահել հսկաների համակրանքը, և սրանք նրան իրենց առաջնորդ կարգեցին։

Նրա թաղմանը թզուկ չկար, իսկ հսկաները շարքերով կանգնած աղիողորմ լացում էին…

                            Հաշվենկատություն կամ վսեմ գաղտնիք

Զավենը ավտոմեքենայի աջ պատուհանից ժպտում էր մի լուսերես երեխայի,  վստահ էր՝ երեխան էլ իրեն, և երեխայի աչքերը գնալով ավելի էին փայլում, Զավենինը՝ նույնպես։ Այդպես մոտ մեկ րոպե անցավ, մինչև որ նրա կողքին նստած Արմենը հետ նայելով և փոքր- ինչ հեռվում նշմարելով  երեխային մոտեցող ժպտացող մարդուն, որին Զավենը դեռ չէր նկատել, ու իսկույն հասկանալով, որ դա երեխայի հայրն է, և որ տղեկն այսքան ժամանակ հենց նրան էր ժպտում, ընկերոջ ուշադրությունը կտրուկ, որոշ ժամանակով ուրիշ բանի վրա հրավիրեց,  իսկ երբ Զավենը թեքեց գլուխը, որ էլի  երեխային նայի, նա արդեն հոր հետ հեռացել էր։

Ողջ ճանապարհին Զավենը սկզբնական դրվագի հետ էր և բերկրանքից շողում էր, իսկ Արմենը երբեմնակի գոհունակ և բազմանշանակ քմծիծաղում էր, տանելով իր հետ մի վսեմ գաղտնիք:

                                                 Ամենամեծ երազը

Տղան երազ տեսավ. Լուվրի թանգարանում էր և դիտում էր աշխարհի լավագույն նկարիչների կտավները, բայց հանկարծ արթնացավ։ Քիչ անց տխուր ու քնաթաթախ նայեց պատուհանից և մի հիասքանչ գույնզգույն թռչուն տեսավ, ժպտաց և հասկացավ, որ ամենամեծ երազը հենց կյանքն է։  

                                                    Տիրոջից զզված գլխարկը

Աշխարհի երեսին մի ճղճիմ մարդ էր ապրում: Նա մշտապես մի գեղեցիկ գլխարկ էր դնում։ Մի հերթական առավոտ այս սոսկալի էակի ուղեղում բյուրավոր խղճուկ մտքեր էին վխտում, իսկ երբ եկավ գլխարկը դնելու, որ տնից դուրս գա, տեսավ, որ այն անհետացել է։

Գլխարկի մեջ ինչ-որ հրաշքով սեփական արժանապատվության զգացում էր առաջացել, և այն արդեն «նա»-ի էր վերածվել և, զզվելով իր տիրոջից, տնից դուրս էր եկել և իրեն արժանի տեր էր փնտրում։

 «Նա» ակամա իրեն Դիոգենես էր երևակայել, և տիրոջ փնտրտուքը քիչ-քիչ վերածել էր մարդու փնտրտուքի։ Հոգնելով՝ մերթ ընդ մերթ նստում էր հանգստանալու, իսկ երբ մարդիկ փորձում էին վերցնել, անհապաղ թռչում-գնում էր, միայն խիստ արժանավորներին թողնելով մի կարճ ժամանակ իրեն դնել, մեկ-մեկ էլ, ինքնակամ, իբրև պարգևատրում, որոշ ժամանակ թառում էր այդպիսիների գլխին։ Բայց քանզի իր արտասովորությամբ, խորաթափանցությամբ և «նա» լինելով հանդերձ՝ մեկ է, գլխարկ էր, փոքր-ինչ ուղղագծորեն էր հետևում մեծագույն «կինիկ-սյուրռեալիստին», երբեմն էլ սխալվում էր ընտրության մեջ։ Այդպես մի անգամ էլ թառեց ինչ-որ մեկի գլխին, չիմանալով, որ սա «գրող» է, բայց նրա «պատմվածքներից» մեկից երկու տող լսելուն պես իսկույն չքացավ ոչ միայն նրա գխի վրայից, այլև երկրի երեսից։