ԳրաԴաշտ Զավեն Բեկյան

Գրողի ճանաչվածության և գնահատվածության հարցեր

03.08.2025

    Գերմանացի մեծ մտածող, կրոնական բանաստեղծ Անգելուս Սիլեզիուսը մոտավորապես այսպես է ասում. «Այո, Դո՛ւ ես, Աստվա՛ծ, բայց եթե ես չլինեմ՝ Դու էլ չես լինի», այսինքն՝ Աստված Իր հավատացյալով միայն կեցցե։ Առաջին հայացքից տարօրինակ, վիճելի, գուցե ոմանց համար… անսուրբ գաղափար է, բայց եթե քննում ես մետաֆիզիկական հարթության վրա, խնդիրն այլ է դառնում։ Սա ինչո՞ւ ասացի։- Գրողն էլ իր ընթերցողո՛վ միայն գոյություն ունի։ Այս մտորումների համար առիթ հանդիսացան օրերս Արքմենիկ Նիկողոսյանի արտահայտած մտքերը  գրական մի միջոցառման առիթով։ Ասում է՝ ժամանակակից աշխարհում փոփոխություններ են եղել, և հիմա գրողի հայտնի դառնալու համար բավարար գործոն չէ նրա տեքստի որակը, անհրաժեշտ է, որ նրա գործը գովազդվի և այլն։ Համաձայն եմ, այս մասին ես ու Արքմենիկը զրուցել ենք իր «Բարձր գրականություն» ռադիոհաղորդաշարում իմ «Տեսադաշտեր» բանաստեղծական ժողովածուի լույս տեսնելու առիթով, երբ նա արտահայտել է գրեթե այս նույն մտքերը։ Խոստովանեմ, որ իմ նոր լույս տեսած «Բութը» բանաստեղծությունների ժողովածուի «ծնվելու» պատճա՛ռն էլ մեր այս հարցազրույցը եղավ- ես ցանկացա ապացուցել, որ այլոց ճանաչում բերող բանաստեղծությունների այդ տեսակի հարցո՛ւմ էլ ես ինձ վատ չեմ զգում և գուցե այդ «ճանաչվածներից» շատերից է՛լ ավելի լավ եմ գրում։ Բայց Արքմենիկը ճիշտ է, նույնիսկ այդ տեսակի, «ընթերցողական զանգվածներին» դուր եկող բանաստեղծություններո՛վ էլ ճանաչման չես արժանանա, եթե քեզ չեն գովազդում, քո մասին չեն հիշատակում գրական շրջաններում։ Ինչ խոսք, ես բազմիցս… տրտնջացել եմ, որ ինձ միշտ փակած են պահել լռության սարկոֆագում… Այսինքն՝ Արքմենիկի ասելիքն այն է, որ գրողին պետք է «տեղաշարժել» դեպի ընթերցողական դաշտ (գրողն ի՛նքն էլ պետք է մղվի այդ նպատակին)։ Բայց ինձ համար առավել հետաքրքիր է «հակառակ գործընթացը», այսինքն՝ երբ ոչ թե գրողն է ընթերցող փնտրում և գտնում կամ չի գտնում նրան, այլ ընթերցողն է փնտրում իր գրողին։ Չնայած աշխարհի «դինամիկ խեղաթյուրումներին», այնուամենայնիվ քաղաքակրթությունը մի հաստատուն օրենք ունի- ԱՆՀՆԱՐԻՆ ԲԱՆ Է, ՈՐ ՍՏԵՂԾՎԻ ՄԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔ, ԲԱՅՑ ԻՆՉ-ԻՆՉ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԱՅՆ ԸՆԴՄԻՇՏ ԱՆՀԵՏԱՆԱ։ Ասում եմ՝ ընդմիշտ, որովհետև ժամանակավոր անհետացումներ կարող են լինել։ Օրինակ՝ գերմանացի մեծ պոետ Ֆրիդրիխ Հյոլդեռլինն իր ժամանակին ուշադրության չարժանացավ, նրան «բանի տեղ չդրեց» նաև մեծն Գյոթեն (ինչը շատ ծանր տարավ ինքը՝ Հյոլդեռլինը), հարյուր տարի նրա անունը մոռացված մնաց լռության մեջ, իսկ մահից հարյուր տարի հետո համաշխարհային պոեզիայի մի ստվար մասն «ընթացավ Հյոլդեռլինի նշանի ներքո», ինչպես որ արձակում՝ Դոստոևսկու… Կամ, ասենք, երաժշտության բնագավառում Յոհան Սեբաստիան Բախի դեպքը- որքան ինձ հայտնի է, նա նույնպես «մոռացության ստվերում» էր, և Մենդելսոնը «վերահայտնագործեց» նրան: …Այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ թե կատարյալ ստեղծագործության, այլ դրա հեղինակի անձնական ողբերգության մեջ է, որ չի տեսնում իր կենդանության օրոք իր և իր ստեղծագործության գնահատականը։

  Այո, գրողին «պրոպագանդելը» այդ տեսակետից մեծ դեր ունի, բայց եթե ստեղծագործությունը տարածողներ շատ է ունեցել, սակայն լուրջ արժանիքներ չունի, անխուսափելիորեն ունենում է իր «հավիտենական մոռացման» փուլը։ Օրինակ, թող ոմանք չվիրավորվեն, ժամանակին Արամայիս Սահակյանի գիրքը հռչակվեց, նրա տեքստերով բազում երգեր գրվեցին, բայց ո՞վ է հիմա հիշում դրանք… Ինձ համար կարևոր է այն, երբ ընթերցո՛ղն է փնտրում իր հեղինակին։ Ասենք, իմ մի բանաստեղծությունը որևէ ընթերցող պատահաբար կարդում է մամուլում կամ ինչ-որ կայքում, հավանում է, «արյան խումբը» համընկնում է իմին, այսպես ասած, և գնում է գրախանութներում փնտրելու իմ գիրքը… Ա՛յ սա արդեն ուրիշ բան։ Այստեղ արդեն խնդիրն այն է, թե տվյալ հասարակությունն ինչքան է կրթված, ինչ մշակութային արժեքներով է ապրում, դպրոցներում սովորեցնո՞ւմ են ժամանակակից հեղինակների գործերից, և այդ հեղինակներին ովքե՞ր, ինչպե՞ս են ընտրում։ Մեզանում վերջերս «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ժամանակակից հեղինակների գործերի անթոլոգիա հրատարակեց (կազմողներն էին Նաիրա Աբրահամյանը և հրատարակչության գլխավոր խմբագիրը, որի անունը, ցավոք, թող ներվի,  այս պահին չեմ հիշում)՝ դպրոցներում արտադասարանային ընթերցանության համար նախատեսված. ի՞նչ ճակատագիր ունեցավ այդ անթոլոգիան։ Դա գովելի երևույթ էր՝ անկախ նրանից, թե ինչպիսի  որակով էր արված։

   Գրողի, արվեստագետի ճանաչվածությունն ու, հետևապես, գնահատվածությունը, այդպիսով, մեծապես կախված է տվյալ հասարակության կրթվածության, ես կասեի՝ քաղաքակրթվածության մակարդակից։ Սոցիալական հարցումների «քվեարկողների» թիվն էական չէ- միշտ էլ Արամ Ասատրյանի երկրպագուներն ավելի շատ են, քան… Արամ Խաչատրյանինը, Արթուր Մեսչյանի երգերի երկրպագուներն ավելի քիչ են, քան Թաթա Սիմոնյանինը կամ Սպիտակցի Հայկոյինը…

   Զավեն Բեկյան