Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է գրքի տոնը։ Գրքատոնին միացած էր նաև Եղիշե Չարենցի տուն-թանգարանը՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ։
Թանգարանի աշխատակիցներն այցելեցին Երևանի Լ․Միրիջանյանի անվան N155 հիմնական դպրոց։ 3-րդ դասարանի աշակերտները թանգարանի աշխատակիցների օգնությամբ բացահայտեցին թանգարանային խորհրդավոր աշխարհի՝ կարելիի և չի կարելիի սահմանները, էլեկտրոնային տեսահարթակի օգնությամբ մտովի տեղափոխվեցին Ե. Չարենցի տուն-թանգարան, հանդարտ քայլերով «բարձրացան» նրա տան աստիճաններով ու ծանոթացան հեղինակի մանկությանը, անձնական իրերին․ հատկապես շատ խանդավառվեցին, երբ «տեսան» Չարենցի ինքնաշեն գրչի, ընտանեկան սնդուկի և գրողի դիմանկարը պատկերող բրնձի մեկ քառորդ հատիկի լուսանկարները։ Բացահայտեցին իրենց սիրելի հեքիաթագրի՝ Թումանյանի և Չարենց գրողի մտերմությունը։ Գունավորեցին «Չարենցյան աղջիկ/տղա» խորագիրը կրող և գրքի անբաժան ընկեր-բարեկամը համարվող էջանշանները։ Իսկ թանգարանն իր կրտսեր և ապագա այցելուներին նվիրեց գրքեր։
Անակնկալ շրջայցի ընթացքում թանգարանի աշխատակիցները գրքեր նվիրեցին Ե. Չարենցի տուն-թանգարանի սիրելի հարևաններին և թանգարանի հարևանությամբ գտնվող ծննդատան լուսե նորածիններին: Բոլորն էլ անչափ տպավորված էին, հիացած, զարմացած ու մի փոքր էլ շփոթված։
Թանգարանը չէր մոռացել նաև իր այցելուներին․թանգարան այցելած դպրոցները ևս ստացան նվեր գրքեր, իսկ հավատարիմ ընթերցասերները միայն այդ օրը կարող էին ձեռք բերել թանգարանի հրատարակած բոլոր գրքերը՝ զեղչված արժեքով։
No Comments