Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հանդիսավորությամբ բացեց է իր 98-րդ համերգաշրջանը: Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկեց Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը, որը նվիրված է մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Բացման համերգին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը:
Համերգին հանդես եկավ անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող Դմիտրի Մասլեևը՝ նշանավոր դիրիժոր Վալենտին Ուրյուպինի ղեկավարությամբ: Հնչեց Խաչատրյանի թիվ 1 Սիմֆոնիան և Պրոկոֆևի՝ Դաշնամուրի և նվագախմբի համար գրված թիվ 3 կոնցերտը: Բիս կատարումով նվագախումբը հնչեցրեց Արամ Խաչատրյանի Վալսը՝ «Դիմակահանդես»-ից:
Ողջ փառատոնի ընթացքում կհնչեն Խաչատրյանի հայտնի ու սիրված ստեղծագործությունները, ինչպես նաև հազվադեպ կատրարվող կամերային գործերը: Ելույթ կունենան հայ և արտերկրյա աշխարհահռչակ մենակատարներ ու դիրիժորներ, կկայանան մարզային շրջագայություններ:
Փառատոնի նշանավոր իրադարձություններից են հայ անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները Մեղրիում, Կապանում, Գորիսում և Գյումրիում: Շրջագայությունը կեզրափակվի երևանյան համերգով սեպտեմբեր 28-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգները կղեկավարի նշանավոր դիրիժոր Ստանիսլավ Կոչանովսկին, որը 2024/2025 համերգաշրջանում կստանձնի NDR Radio Philharmonic նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը: Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը այս տարի ևս աչքի է ընկնում աստղային մենակատարների կազմով. GRAMMY մրցանակակիր, ֆենոմենալ ջութակահար Ագուստին Հադելիխը հոկտեմբերի 2-ին կվերադառնա Հայաստան բացառիկ համերգով, որը կղեկավարի մաեստրո Էդուարդ Թոփչյանը, իսկ աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Ռամոն Վարգասը մենահամերգով հանդես կգա հոկտեմբերի 18-ին: Փառատոնի փակումը կնշանավորվի Ջուզեպպե Վերդիի ‹‹Պարահանդես-դիմակահանդես›› օպերայի համերգային կատարմամբ:
Փառատոնի ընթացքում կկայանա նաև Ա.Խաչատրյանի վերջին հեղինակային ծրագրով համերգ, որտեղ կներկայացվեն կոմպոզիտորի հազվադեպ կատարվող կամերային ստեղծագործությունները:
Ի մեծարում Արամ Խաչատրյանի՝ կոմպոզիտորի 120-ամյակի շրջանակներում Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են՝ Carnegie Hall, Le Maison Symphonique, Megaro Moussikis, Boston Symphony Hall, Roy Thomson Hall համերգասրահները: Համերգների ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան հայ անվանի մենակատարներ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը և Անուշ Նիկողոսյանը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
No Comments