Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է իր 100-րդ համերգաշրջանը։ Այն մեկնարկում է Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որը կկայանա սեպտեմբեր 19 – նոյեմբեր 2 ժամանակահատվածում։
Հոբելյանական համերգաշրջանի մեկնարկի նախօրեին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հրավիրվել էր մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, դիրիժոր Պիետարի Ինկինենը, ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ՀԱՖՆ տնօրեն Նորայր Նազարյանը:
Բանախոսներն անդրադարձան 100-ամյա նվագախմբի պատմությանը, անցյալի և ներկայի խնդիրներին, ձեռքբերումներին, այն անվանի գործիչներին, որոնց ներդրած ջանքերով է ստեղծվել, կայացել, մեծ հռչակի արժանացել ՀԱՖՆ-ը: Այդ մարդկանց շնորհիվ է, որ այսօր ֆիլհարմոնիկը ոչ միայն սիրված է Հայաստանում, այլև մեծ հեղինակություն է վայելում աշխարհի տարբեր երկրներում՝ դասվելով մի շարք առաջատար նվագախմբերի շարքին։
Սեպտեմբերի 19-ին ՀԱՖՆ-ի հոբելյանական համերգի ընթացքում ելույթ կունենա մեր անվանի հայրենակից, աշխարհի լավագույն բեմերում իր փայլուն կատարումներով հանդես եկած ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ ֆինլանդացի հանրահառչակ դիրիժոր Պիետարի Ինկինենի ղեկավարությամբ։
ՀԱՖՆ երկարամյա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ առաջիկայում կլինեն մի շարք կարևոր համերգներ, որոնց ընթացքում կհնչեն հայ և համաշխարհային կոմպոզիտորների մեծարժեք ստեղծագործություններ։
100-ամյա պատկառելի հոբելյանը ենթադրում է վառ երաժշտական երեկոների շարունակական երթ՝ հուրախություն հայաստանյան արվեստասեր հասարակության։
Ardi.am