Հաղորդակցություններ շարքից
Ex nihilo, nihilo fit
Վերջին քսան տարվա մեջ առաջին երեք օրն էր, որ չէր լողացել, չէր սափրվել ու նույնիսկ հայելու մեջ ինքն իրեն չէր նայել։ Ոչ մի տող չէր կարդացել կամ գրել, չէր լսել ոչ մի երգ, չէր նայել որևէ ֆիլմ, ոչ մի լուր չուներ աշխարհից ու առաջին անգամ էր հասկանում, որ առանձնապես չուներ այդ ամենի կարիքը։
Լեռնալանջին այլևս արահետներ չէին հանդիպում, ինչից ենթադրում էր, թե մոտ է գագաթին։ Ոտքերը ծանրացել ու կրիայի արագությամբ էին դեպի վեր տանում՝ շրջանցելով քիչ թե շատ սուր անկյուններ ունեցող, նույնիսկ ամենափոքր բարձունքները, նախընտրելով ճանապարհներից երկարը չնչին իսկ ճիգ պահանջողից։ Ոչ մի անգամ չէր մերժել դադար տալու իր ամենափոքր ցանկությանն իսկ, ու թվում էր, թե անպատկերացնելի բարձր լեռ է ընտրել վերհառնման համար, ու իր արարքն էլ հերոսություն է։
Այդ ճանապարհին նախապատրաստվել էր յոթ ամիս, որոնց նախորդել էին համարյա քսան տարվա որևէ ակտիվ շարժումից զուրկ, պասիվ-մտավոր աշխատանքով հագեցած կյանքը. որպես հետևանք՝ յուղակալում, մետեորիզմ, երակների լայնացում, հիպերտոնիա, տեսողության վատացում, առիթմիա, պրոստատիտ ու բազմաթիվ այլ հիվանդություններ, որոնց ուղեկցությամբ ոչ թե ապրում, այլ գոյություն են գլորում դեպի վերջին անդունդը, որի հատակի դադարը հենց մահն է։ Յոթ ամիս հարկավոր եղավ, որպեսզի չնչին հույս ծնվեր, թե կհասնի այդ լեռան գագաթին՝ թեկուզ մեկ շաբաթում կտրելով այն ճանապարհը, որ փորձառու լեռնագնացը կանցներ երկու ժամում։
Տարիներ շարունակ թե՛ իր տան, թե՛ աշխատասենյակի պատուհանից նայել էր քաղաքից հյուսիս-արևելք ուղղահայացորեն վերհառնող այդ լեռանը, որն առանձնապես գրավիչ էր մայրամուտին, երբ փայլում էր ոսկեգույնով։ Տարիներ շարունակ անհուսորեն երազել էր վարկենապես հարյուր ութսուն աստիճանով փոխել իր դիտակետն ու դրա գագաթից նայել քաղաքին, և միայն քարտեզի վրա տեսնելով, որ մյուս կողմից լեռն ուղղահայաց չէ, ու նույնիսկ հեշտանցանելի է, համարձակվել էր մտմտալ, իսկ երկու տարի անց՝ նախագծել այդ ճամփորդությունը։ Վեց ամիս պահանջվեց հոգեբանական ինքնապատրաստման համար, ու միայն դրանից հետո սկսեց յոթամսյա ֆիզիկական նախապատրաստությունը։
Մեջքի պայուսակում մեկտեղանոց փչովի վրանն էր, երեք տուփ խաշած մսի պահածո, աղբյուրի ջրի մեկ լիտրանոց շիշ, երեք լավաշ ու կես կիլոգրամ կարամելե կոնֆետներ. ահա այսքանն էր մնացել հինգօրյա աննախադեպ արշավից հետո։ Եթե նախորդ օրերի պես շատակերություն չաներ, կբավարարեր ևս երկու օր. գուցե մի բան էլ ավելանար… Միայն ջրի հարցն էր դժվար, այն էլ՝ որքան սառում էր օդը, այնքան քիչ էր հիշեցնում իր մասին. կարելի էր և անձրևի հույս ունենալ։
Միայնությունը չէր նեղում, սովոր էր դրան. քաղաքում էլ օրերով ոչ մեկի երեսը չէր տեսնում, տեսնելիս աշխատում էր չնայել։ Մոտիկ բարեկամներ, ամենօրյա ընկերներ ու ընկերուհիներ չուներ, հարևանների հետ չէր շփվում. այդպես հանգիստ էր ապրելը։ Այլ կերպ չէր էլ պատկերացնում, քանի որ չէր փորձել։ Ծնողների մահվանից հետո ազատ էր որևէ շփման պարտավորությունից։ Նույնիսկ փողոցով ձգտում էր քայլել, երբ դրանք դատարկ էին։ Երբեմն մտածում էր շուն պահելու մասին, թեկուզ՝ սովորական փողոցային շուն, սակայն երբ պատկերացնում էր դրա հետ կապված հոգսերը, ամսից ամիս էր հետաձգում, տարուց տարի, մինչև հասկացավ, որ երբեք էլ չի ունենա այդ կենդանի-բարեկամը։
Զգում էր գագաթի մոտիկությունը, սակայն մթնշաղին դադարեցրեց «վերհառնումը», մի փոքրիկ հարթակ գտավ, չորացած խոտերից ու արմատներից երկու րոպեանոց կրակ ապսպրեց՝ միայն պահածոն տաքացնելու համար։ Հանդարտ երևակվող աստղերին նայելով՝ կերավ ու մտավ ամենապաշտպան վրանը, կպչուն ժապավենով փակեց «դուռն» ու հարմարվեց օդալից ներքնակին։ Քնեց միանգամից ու շատ խորը, նույնիսկ երազ չտեսավ։
Առավոտյան արևի ճառագայթներն այնպես լուսավորեցին վրանը, որ աչքերն իրենք-իրենց բացվեցին։ Արթնացավ, վեր կացավ, անշտապ հավաքեց վրանն ու բութ հայացքով միայն ոտքերի տակ նայելով՝ վեր շարժվեց, կարծես աշխատանքի էր գնում։ Մեկ ժամ կրիայի արագությամբ քայլելուց հետո, երբ մի հարմար քար տեսավ, որոշեց դադար առնել. նստեց ու կոնֆետը դրեց բերանը․ առանց ծամելու, բերանում խաղացնելով էր վայելում սրճահամ քաղցրությունը։ Հաշվեց, որ դեռ մի հիսուն կոնֆետ էլ ունի ու կարող է այդքան անգամ էլ դադար տալ, սակայն, երբ վերջապես գլուխը վեր բարձրացրեց, հասկացավ, որ այլևս անհնար է գագաթից խուսափելը։ Էլ ոչ մի բլրակ չէր փակում տեսարանը, առավելագույնս հիսուն քայլ էր մնացել գագաթին, որը տասը քայլի լայնք ու այդքան էլ երկայնք ուներ՝ լցված արևախանձ քարերով ու չոր խոտի կղզյակներով։ Գլխարկն իբր արևից պաշտպանվելու համար քաշեց աչքերին ու չէր շտապում ըմբոշխնել տարիներ շարունակ երազած, միայն այդ գագաթից բացվող տեսարանը, ընդհակառակը, նախապատրաստվում-երկարաձգում էր պահը։
Հանդարտորեն, իր իսկ հայացքից թաքցնելով բացվող տեսարանը՝ մոտեցավ գագաթի գահավեժ կողմին, փչեց վրանի ներքնակը, հարմարեցրեց մի քարի, նստեց ու փակեց աչքերը։ Իր երազանքը կատարված տեսնելու համար անսովոր համարձակություն էր հարկավոր։ Խորը շունչ քաշեց ու անշարժացավ՝ կենդանի-շարժական թողնելով միայն ամեն ինչ կլանելու պատրաստ հայացքն ու…
Կոպերի վեր բարձրացումը մի պայթյունի էր նման, որը միանգամից այլ էր դարձնում աշխարհը. ներանձնական Հիրոսիմա-Նագասակի, Վեզուվիի ժայթքում, Արմագեդոն…
Այլևս անդունդի պռնկին, լեռներով պարփակված փոսի մեջ չէր ապրում։ Այլևս պատուհանից չէր աշխարհին նայում։ Այլևս ասֆալտից գաղջացած օդ չէր շնչելու։ Այլևս շենքերի արանքներից չէր հայացքը հեռուներն ուղղելու։ Այլևս իր ցանկությունների ու երազանքի ստրուկը չէր լինելու։ Իրագործված էր։
Ինքն ու աշխարհն անշարժ էին, ու միայն երկինքն էր աստիճանաբար փոխում իր գույները, մինչև աստղերը չդառան իր տերը։
Նույն դիրքով էլ քնեց լուսաբացից երկու ժամ առաջ ու արթնացավ արևածագին։
…Երկրորդ օրը լեռան գագաթին ոչնչով չէր տարբերվում նախորդից. կերավ վերջին պահածոն, հենվեց քարին ու շարունակեց դիտել տեսանելին։ Հրաշալին արդեն սովորական էր, և ուրիշ ոչինչ չկար աշխարհում։
…Յոթերորդ օրը ոչնչով չէր տարբերվում նախորդներից. կերավ վերջին կոնֆետը։ Մարմինը քարացել էր, միայն ձեռքերն էին շարժվում, այն էլ՝ անելու ոչինչ չունեին։ Աչքերի առջև վաղ իմպրեսիոնիստական մի կտավ էր՝ շատ մեծ ու դժվարըմբռնելի, բացակայող շրջանակը ընդգրկում էր արարչագործության օրը, Աստծո հետ միասին կերտած ողջ երկրագնդի մանրակերտը։
…Տասներորդ օրը ոչնչով չէր տարբերվում նախորդ երեքից։ Ցերեկները փակ կոպերի տակից, երբ արևը ջերմացնում էր, աշխարհը, կարծես, ուշ աբստրակցիոնիստի ձեռքի գործ լիներ՝ կարմիր-դեղինի տարբեր երանգներով, ճիշտ այնպիսին, ինչպիսին տիեզերքն էր պլազմային քաոսի պահին։
…Երրորդ ամիսը ոչնչով չէր տարբերվում նախորդ երկուսից։ Միայն ոչինչն էր, և ոչինչ՝ դրանից ավելի։
…Երրորդ տարին ոչնչով չէր տարբերվում նախորդներից։ Միայն ոչինչն էր, ամենի ինչի գոյության հնարավորությունն իր մեջ պարփակող, տիեզերածին Ոչինչը։
Արտո (Վարդան Հակոբյան)
No Comments