Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը պատմում է «մշակութային կորոնադադարի» մասին: Այս օրերին մշակութային հաստատությունները չեղարկել կամ հետաձգել են իրենց ծրագրերը, սակայն շարունակում են գործել, հաղորդակցվել հանրության հետ, նաև հանդես գալ նոր առաջարկներով:
Կրած վնասների մասին
Կորոնավիրուսի հետևանքով Կամերային երաժշտության ազգային կենտրոնի բազում համերգներ հետաձգվեցին անորոշ ժամանակով: Ըստ մեր ծրագրերի՝ այս օրերին Հայաստան պետք է ժամանեին բազում երաժիշտներ, ներկայացվեին ինքնատիպ ձևաչափի համերգներ մեր հինգ երաժշտախմբերի՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հարություն Թոփիկյան), «Հովեր» պետական կամերային երգչախմբի (հիմնադիր և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան) կատարմամբ:
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չմասնակցեց Լիբանանում անցկացվող հեղինակավոր «Ալ Բուստան» միջազգային փառատոնին: Փետրվարի սկզբից անցկացվող փառատոնը պետք է եզրափակվեր նվագախմբի չորս համերգներով, և այդ համերգների բոլոր տոմսերը միջոցառումներից օրեր առաջ արդեն իսկ վաճառված էին:
Մայիսին պետք է կայանար Երգեհոնային երաժշտության փառատոնը, որին մասնակցելու համար աշխարհի տարբեր երկրներից Հայաստան պետք է ժամանեին պրոֆեսիոնալ երգեհոնահարներ, հանդես գային համերգներով, անցկացնեին վարպետության դասեր տեղի երգեհոնահարների համար: Արդեն ձեռք էին բերվել բոլոր պայմանավորվածությունները, սակայն կորոնավիրուսի պատճառով փառատոնը կկայանա ավելի ուշ:
Պետք է կայանար «Չորս դաշնամուր` մեկ բեմում» համերգային ծրագիրը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, դաշնակահար Վահան Մարտիրոսյանի և ճանաչված երեք այլ դաշնակահարների մասնակցությամբ, սակայն այն նույնպես հետաձգվեց: Բացի այդ, նախատեսում էինք Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ ներկայանալ բացօթյա համերգով, ինչը ևս չեղարկեցինք:
Կոմիտասի Բեռլինյան պատարագի, Ֆորեի Ռեքվիեմի, Մոցարտի Ռեքվիեմի համերգային կատարումները, որոնք պետք է տեղի ունենային մարտ-ապրիլ ժամանակահատվածում, հետաձգվել են:
Մնա տանը կամ հեռահար աշխատանք
Պետք է ասել, սակայն, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերի երաժիշտները շարունակում են իրենց պարապմունքները՝ յուրաքանչյուրն իր տանը: Անշուշտ, վիրուսը շատ բացասաբար է ազդել միջոցառումների չեղարկման համատեքստում, սակայն չեղարկումը անհրաժեշտ միջոց էր նմանատիպ պարագայում:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնն այս օրերին շարունակում է ակտիվ աշխատանք իրականացնել սոցիալական հարթակների միջոցով: Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր դասական երաժշտության մասին, հատվածներ դասական երաժշության գոհարներից, երաժշտական ֆիլմեր ու հայտնի կոմպոզիտորների մտքերը:
Ֆեյսբուքյան էջն ակտիվ աշխատում է, մարդիկ արձագանքում են, հետևում:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը միացել է #ՄնաՏանը նախաձեռնությանն ու ֆեյսբուքյան էջով պարբերաբար հեռարձակելու է կենտրոնի երաժշտախմբերի լավագույն համերգները:
Յ. Ս. Բախի 335-ամյակի շրջանակում մարտի 24-ին ներկայացրինք Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործության համերգային կատարման տեսագրությունը: Այս հանճարեղ գործը կատարել են Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Գերմանիայից մեր երկիր ժամանած Theodor Schüz Ensemble-ն ու իր երաժիշտները՝ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի (Գերմանիա) ղեկավարությամբ: Ավելի քան երեք հազար մարդ դիտեց մեր առաջին համերգը, ստացել ենք բազում ջերմ ու դրական արձագանքներ:
Տեղեկացնեմ, որ հաջորդիվ կներկայացնենք այլ համերգներ:
Կենտրոնի աշխատակազմը շարունակում է իր աշխատանքը տանից՝ օնլայն ժողովների միջոցով:
Երբ նահանջի համավարակը
Բնականոն աշխատանքի անցնելուց
հետո որոշել ենք շարունակել համերգների տեսագրությունները ներկայացնելու ձևաչափը, քանի
որ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր հասարակության շրջանում:
Արմինե Սարգսյան
No Comments