ՄշակութաԳիծ

Հակոբ Այնթապլյան․ սրտաբան ու բանաստեղծ

02.03.2023


Ամերիկահայ բանաստեղծ, սրտաբան, դոկտոր Հակոբ Այնթապլյանը ծնված լինելով Սիրիայում, ապա Իտալիայում կրթություն ստանալով, ավելի քան կես դար ծառայում է ամերիկյան առողջապահական ոլորտում` իր մասնագիտական կարողություններով կյանք պարգևելով հազարավոր հիվանդների, այդ թվում և հայերի: Լինելով հայտնի սրտաբան, նա միևնույն ժամանակ նվիրվել է ազգային խնդիրներին՝ փորձելով օգտակար լինել հայությանը ինչպես Սփյուռքում, այնպես էլ Հայաստանում:

Հակոբ Այնթապլյանն առաջին անգամ Հայաստան է այցելել արցախյան շարժման օրերին; 1988 թվականի երկրաշարժից հետո, մինչ օրս էլ բարեգործական գործունեություն իրականացրել հայրենիքում: Նրա մտահոգությունների առանցքում նաև հայերենապահպանության և հայոց լեզվի անաղարտության պահպանման խնդիրներն են, որոնց լուծման ուղղությամբ ներկայումս մեծ աշխատանք է տանում:

Հակոբ Այնթապլյանը նշանավոր բանաստեղծ է: Ազգային հիմնախնդիրները նրա քնարերգության հիմնական թեմաներն են: Բանաստեղծություններում արտացոլված են գրողի հոգու տվայտանքները, մարտնչող ոգին: Այթապլյանը գրել սկսել է 1981 թվականից։ Նրա բանաստեղծությունները կարոտի, սիրո, և հայրենասիրական նյութի շուրջ են։ Հակոբ Այնթապլյանի բանաստեղծությունները լույս են տեսել «Նավասարդ» ամսագրում և «Նոր կյանք» շաբաթաթերթում։ Բանաստեղծությունների հավաքական գիրքը խորագրվել է «Վերադարձ», որի առաջաբանում կարդում ենք գրողի հետևյալ միտքը․ «Բանաստեղծությունը ինծի համար սրտի գեղգեղանք է, հոգիի թռիչք է, մտքի սավառնում է դեպի անհունը, դեպի լույսը անսահման, դեպի գեղեցկությունը։ Իսկ իմ գրություններս ուրիշ բան չեն, եթե ոչ ապրումներն ու խոհերը իմ ներաշխարհիս՝ գոյացած կյանքի ամենօրյա արտաքին ազդեցությունների տակ»։

Ներկայացնում ենք Հակոբ Այնթապլյանի՝ «Վերադարձ» բանաստեղծությունների ժողովածուում տեղ գտած ստեղծագործություններից մի քանիսը։


ԴԵՊԻ ԱԿՈՒՆՔ

Եթէ աշխարհը դառնար պալատ
Եւ ես իշխան օտարական
Ցեղիս ձայնը զիս պիտ տանէր
Դէպի ակունքն մեր ինքնութեան
Դէպի երկիր՝ մեր Հայաստան։

Մայիս 1992

ՄԱՅՐԱԿԱՆ

Եթէ հայեացքի խանդաղատանքը դառնար
սիրոյ երգ,
Եթէ արցունքի շիթերը լուսէ դառնային
յուսերգ,
Միայն այն ատեն խորհուրդ կը դառնար մօր
սիրտը ուժեղ,
Աղբիւր յիրոյ, ակը անաղարտ՝ պարծանք ու շքեղ։

Սեպտեմբեր, 1992

ՄԱՅՐՍ

Մեր օճախին լույսի ակը,
Մայրս հալող մոմն էր բարի,
Բացուող վարդի բոյրը սփռող,
Մայրս էր խամրող մեր սրտերուն։

Բոբիկ ոտքիս ցաւն ամոքող,
Փուշը հանող յոյսն էր մայրս,
Հազար ժպտով՝ խինդի աղբիւր,
Ինք չցամքող լոյսի աղբիւր։

Ցանցառ մազին ձիւնը իջած,
Կեանքէն կքած ցաւն էր մայրս,
Այդ ցաւին մէջ նշոյլի հանգոյն,
Ժպտաժպտուն Մայրն է մայրս։

Սնարս այրող վշտի քուրան,
Մայրս է մարող իր յոյսերով
Յուսալքուած անղեկ երթիս,
Մայրս է լոյսի ջահը վառող։

Դեռ սրտիս մեջ սէր սերմանող,
Անխօս մշակ մայրս է խոնջած,
Լքումներու վհատ պահին,
Ամոքման յոյս՝ մայրս է լացող։

Մայիս, 1989



No Comments

Leave a Reply