Անի Անտոնյան Հրատապ

Հարյուր տարվա ճանապարհ

24.04.2020


Վարարած Արաքսի ափին կանգնած՝ Նուբարը վերջին անգամ հայացքով հրաժեշտ տվեց Վանի հարազատ տանն ու ավագ դստերը, որի՝ մազութով ծածկած գեղեցկությունը թուրքի աչքից չէր վրիպել։ Զավակի կորստից վշտացած մայրն ամբողջ ճանապարհը լուռ էր քայլել՝ ամուր սեղմած կրտսերի՝ Մարգարիտի ձեռքը։ Գետի ալիքները տարան նաև ամուսնուն ու որդուն՝ Խաչատուրին և Մարգարին։

Երկար դեգերումներից հետո Նուբարը դստեր հետ հանգրվանեց Մարտունի քաղաքում, ապա՝ ախտեցի, նախկին դաշնակ Գարսևանի տանը։ Այստեղ էլ բոստանչի, ամուրի Բագրատը հանդիպեց ու կնության առավ 15-ամյա Մարգարիտին։

Գյուղում Նուբարին Մարե էին կոչում։ Ամեն մատը մի հունար էր. կավից թոնիր էր սարքում, գյուղի ծննդկաններին տատմերություն անում, ջահել հարսներին չորս շյուղով գուլպա գործել սովորեցնում։ Գաղթից հետո 20 տարի ապրեց։

Աբելն ու Սիրանը

Մարգարիտը՝ Ազին, փոքրահասակ կին էր։  Պարել էր սիրում. նույնիսկ եռաշերտ  շրջազգեստը չէր ծածկում նրա նազանքը։ Նստում էր տան շեմին, երկանքով աղում ցորենն ու անուշաբույր հաց թխում։ Դժվար տարիներ սկսվեցին, փրկվեցին Մարգարիտի 7 երեխաներից  երեքը՝ Աբելը, Ռաֆիկն ու Սիրանը։ Երեքի հոգսն էլ այրիացած կնոջ ուսերին մնաց։ Խնջույքների սիրահար, ճամփորդ Ռաֆիկը մեկնեց Թիֆլիս ու չվերադարձավ՝ մոր ձեռքին թողնելով վերջին նամակը «ք. Քութայիս, Շահումյան 19» հասցեից։

Սիրանն ամուսնացավ, ունեցավ չորս զավակ։ Աբելին բաժին հասավ կաքավաձորցի, գեղեցկադեմ Անիկը, որի հետ շենացրին ու մեծացրին հայրական օթաղը։

Աբելի ու Անիկի հարսանիքը

Աբելը

-Սիրուն աղջիկ, կենացդ լինի։ Խելոք կմնաս, մինչև հետևիցդ գամ։

Ի պատասխան՝ 18-ամյա Անիկն արհամարհանքով չափեց բարեկամական հնարքով իրենց տանը հայտնված անծանոթին, որի անունով երդվելու էր տարիներ անց։

Սնահավատությանը հակառակ՝ Աբելն ու Անիկը մայիսին ամուսնացան՝ հարսի շորով, զուռնա-դհոլի ու «Պոբեդա»-ի ուղեկցությամբ։ Երկու որդի ու դուստր ունեցան։ Աղջկան աշուղ Սայաթ Նովայի սիրեցյալի անունը տվին՝ Աննա։

Աբելն ապրանքագետ էր, Հրազդանի շրջանում բրդի ու կաշվի հումքի առաջին գնահատողը։ Սիրելի Անիկի հետ շրջել էին Խորհրդային Միության բոլոր առողջարաններում։ Անգիր գիտեր նրա  սիրած պուրակները, փողոցներն ու ծաղիկները։

Աբելն ու Անիկը

Բոլոր քաղաքներից առավել Աբելն իր այգու փոքր ծաղկանոցում էր հանգստություն գտնում՝ Անիկի՝ կտրատած մսով հայտնի տոլմայի ու թթվի սեղանի շուրջ։

Օգոստոս ամիսն էր, Անիկը հիվանդացել էր։ Պապը տեղը չէր գտնում. ցանկացավ կնոջ սրտով մի բան անել։ «Չամանգյուլ սարի վրայի ձյունը լիներ, գլխիս կդնեի»,- երանի տվեց կինը։ Աբելը մեքենայի մեջ երեք թաս դրեց, ամռան տապին քշեց-հասավ լեռան ստորոտը, որտեղ արևի նշույլ չկար, թասերը մինչ պռունկը ձյուն լցրեց ու վերադարձավ։ «Զորանաս, Աբե՛լ ջան, սրանից լավ դեղ չկար»,- գովեց Անիկը։

Շուտով տունը լցվեց թոռներով, ծոռներով։ Երբեք չդատող ու բարի պապի սիրուց «ջահելները» երես էին առնում. բավական է՝ մի հազ, մի փռշտոց, պապն անձամբ տուն էր առաքում իր ձեռքով աղ արած, տապակած «տաք-տաք» կարտոֆիլը։

Դաշտ գնալիս հանգիստ չէին տալիս, մեկը միշտ պոչ էր դառնում։ Պապը կռանում էր, խնամքով հողից կտրում բանջարն ու բացատրում. «Բույսն արմատով չեն հանի։ Դեռ ինչքան սերունդ պիտի տա»։

Պատմությունն ու լուսանկարները՝ վանեցի Առաքելյան ընտանիքի երրորդ սերնդի  ներկայացուցիչ Տաթև Ղազարյանի

Գրի առավ Անի Անտոնյանը

No Comments

Leave a Reply