Թատրոն Կարինե Ռաֆայելյան

Հայ թատոնի դիմագիծը Պոլսում

Հայ թատոնի դիմագիծը Պոլսում

Նախորդ տարեվերջին Հայաստանում կայացած Երևանյան միջազգային թատերական փառատոնի բազմազան ներկայացումների շարքում առանձնացավ Պոլսի հայկական «Հանկարծ» թատրոնի «Սիրտս լեռնագավառն է» ներկայացումը՝ ըստ Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» թատերգության։ Այն սարոյանական հանրահայտ դրամայի ինքնատիպ մատուցումն էր, որ աչքի ընկավ թե՛ բեմադրական նորարար մոտեցման, թե՛ դերասանական խաղի, թե՛ երաժշտական ձևավորման, թե՛ ժամանակակից տեխնոլոգիական միջոցների կիրառության, թե՛ բեմանկարչության արտահայտչականության առումներով։

«Հանկարծ»-ը՝ Սունդուկյան թատրոնում

Ներկայացումը հայասատանյան հանդիսատեսին արդեն ծանոթ էր թատրոնի նախորդ հյուրախաղերից։ Այս անգամ այն ներկայացվեց Սունդուկյան թատրոնի փոքր դահլիճում։

Մենք ճեպազրույցներ ենք ունեցել թատրոնի ստեղծագործական խմբի անդամներից մի քանիսի հետ և փորձել բացահայտել որոշ մանրամասնություններ՝ կապված թե՛ «Հանկարծ» թատրոնի, թե՛ անձնապես նրանց գործունեության հետ։

«Երկորդ անգամն եմ այս ներկայացումով լինում Հայաստանում։ Սա շատ լավ փորձառություն է ինձ համար,- ասում է Մաք-Գրեգորի դերակատար Նշան Շիրինեանը, որը Պոլսի պետական թատրոնի դերասան է և խաղում է նաև «Հանկարծ»-ում։- Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ 2022-ից եմ համագործակցում «Հանկարծ» թատրոնի հետ։ Մաք-Գրեգորի կերպարը կարևոր դերերից է իմ խաղացանկում»։

Երիտասարդ դերասան Արթուն Կէպէնլիօղլուն ասում է․ «Արդեն հինգ տարի է, որ «Հանկարծ» թատրոնում եմ։ Առաջին անգամ պոլսեցի գրող Զավեն Բիբերյանի թատերախաղում եմ հանդես եկել, հիմա էլ խաղում եմ «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ, ինչի համար անչափ ուրախ եմ»։

Հայ հանդիսատեսը բազմաթիվ դերասանների է տեսել Ջոնիի դերում՝ սկսած հայ բեմի երախտավոր Վարդուհի Վադերեսյանից։ Թերևս, դժվար է նրան զարմացնել, ավելին՝ գոհացնել այս կերպարը մարմնավորող որևէ դերասանի խաղով։ Սակայն անվերապահորեն պիտի պնդենք, որ դա հաջողվեց անել «Հանկարծի» Ջոնիին՝ Տիանա Չիլինկարեանին։ Նրա հետ զրույցից տեղեկանում ենք․ «Ես փոքր էի, որ ընտանիքով Հայաստանից՝ Վանաձորից տեղափոխվեցինք ապրելու Թուրքիայում։ Չորս տարի սովորել եմ թատերական քոլեջում, հիմա սովորում եմ համալսարանում։ 2018 թ․ վերջերից ծանոթ էի «Հանկարծի» որոշ դերասանների հետ։ Ինքս թատրոնում աշխատել եմ սկսել 2019 թ․։ Սկզբում եղել եմ ասիստենտ հետնաբեմում, հետո քայլ առ քայլ գնացել առաջ ու դարձել թատրոնի դերասանուհի։ Նախկինում խաղացել եմ մի քանի ներկայացումներում, սակայն Ջոնին է իմ ամենամեծ դերը «Հանկարծում»։ Այս կերպարով հանդես եմ գալիս արդեն չորս տարի։ Հիմա պատրաստում ենք նոր ներկայացում, ինքս մտադիր եմ հանդես գալ պերֆորմատիվ որևէ նախագծում»։

«Հանկարծ» թատրոնի բեմադրիչ Եղիա Աքկիւնը ներկայացրեց թատրոնի ստեղծման շարժառիթներն ու ստեղծագործական հեռանկարները։ Նա մասնավորապես ասաց․ «Մենք 2018 թ․ Պոլսում հիմնադրված անկախ հայ թատերախումբ ենք։ Հիմնադիրներն են՝ Կարինե Մարալչիզմեջյանց, Թարա Դեմիրճօղլու, Լարա Նարին և ես։ Մենք բոլորս ուսում էինք առել թատերական հաստատություններում։ Միասին որոշեցինք, որ Թուրքիայում բազմամյա ավանդույթ ունեցող հայկական թատրոնը, որ երկար ժամանակ գոյություն չունի, պիտի ունենա իր պատմության շարունակությունը։ Մենք նպատակ դրեցինք պրոֆեսիոնալ կերպով հայկական թատրոն ստեղծելու և շարունակելու Պոլսում հայկական թատրոնի նախկին ավանդույթները։ Մենք ջանում ենք ոչ միայն հայերին, այլև հատկապես թուրք ժողովրդին այս մեծ մշակույթի պատմությանը հաղորդակից, մասնակից դարձնել։ Մեր հանդիսատեսը միայն Թուրքիայում գտնվող հայերը չեն։ Մենք ուզում ենք, որ օտարները մեր պատմությունը լսեն մեր լեզվով։ Շատ հայերի պատմություններ են ներկայացնում թուրքերը։ Իսկ մենք ասում ենք, որ այդ պատմության մեջ մի սխալ կա, և ճիշտը կարող եք մեզանից լսել։ Մեր առաջին թատերախաղով՝ «Մեր չունեցածը իրարմով գտնայինք» վերնագրով, ներկայացանք Սերբիայի միջազգային փառատոնին։ Երկրորդ թատերախաղը օնլայն ձևաչափով էր, ներկայացրինք Զավեն Բիբերյանի «Գանձը» ստեղծագործությունը։ Վիլյան Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»-ն երրորդ թատերախաղն է, որը 2024-ին արդեն ներկայացրել էինք Հայաստանում՝ Սունդուկյան թատրոնում, ՆՓԱԿ-ում, Վանաձորում։ Միջազգային այս փառատոնին մեր մասնակցությունը շատ ոգևորիչ է։ Մենք պիտի շարունակենք այս ավանդույթը և հետագայում ավելի զարգացնենք»։

Կարինե Ռաֆայելյան