Թանգարան Կարինե Ռաֆայելյան

Հայի մասին՝ «Յասնայա Պոլյանայում»

01.07.2024

Հունիս ամսին Ռուսաստանի Դաշնությունում՝ Լ Ն Տոլստոյի «Յասնայա Պոլյանա» թանգարան-կալվածում կայացավ «Դասական գրողների ժառանգությունը ԱՊՀ տարածքում գրական թանգարանների դերը» թեմայով միջազգային կոնֆերանս, որին մասնակցեցին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի և ԱՊՀ այլ երկրների թանգարանային, գիտական ոլորտի մասնագետներ։

Հայաստանը ներկայացավ երկու գիտական զեկուցումով՝ «Վերնատուն գրական խմբակի գործունեությունը» (զեկուցող՝ Ե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ) աշխատակից, Հայաստանի պատմության թանգարանի փոխտնօրեն Արուսյակ Ղազարյան) և «Հայի կերպարը Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» էսսեում և հայ գրողների այլ ստեղծագործություններում» (զեկուցող՝ ԳԱԹ մասնաճյուղ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյան) թեմաներով։

Ներկայացնում ենք Կ Ռաֆայելյանի զեկուցումը՝ ընթերցված միջազգային կոնֆերանսում և որոշ լուսանկարներ, որոնք ցուցադրվել են բանախոսի ելույթին զուգահեռ։

Ardi.am        

1920 թ. հայ դասական Դերենիկ Դեմիրճյանը (1877-1956) գրեց իր «Հայը» խոհագրությունը՝ բաղկացած ընդամենը երկու էջից: Այդ փոքր ծավալի մեջ խիստ բնութագրական, ընդգրկուն ասելիք է պարփակված հայի տեսակի մասին:

Դերենիկ Դեմիրճյան, 1910-ականներ

Մեր նպատակն է վերլուծել դեմիրճյանական դիտարկումներն ու գեղարվեստական մատուցումը, ինչպես և դրա խորապատկերում անդրադառնալ մի քանի այլ հեղինակների թողած ժառանգությանը: Ի դեպ, այս ստեղծագործությունները՝ իմ ընդարձակ գրականագիտական ուսումնասիրության հետ միասին վերջերս լույս են տեսել առանձին գրքով և արժանացել մեծ հետաքրքրության թե՛ մասնագետների, թե՛ պարզ ընթերցողների շրջանում։

Հայը․ ինքնանկար, 2024 թ․

Դերենիկ Դեմիրճյանն իր խոհագրությունն սկսում է հարցով. «Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք հայից…»: Թվում է, թե հեղինակն ինքն էլ չի գտնում այդ հարցի պատասխանը, քանի որ այն պարզ ու միանշանակ չէ, բայց և գրողի խորհրդածումները շերտ առ շերտ բացում են առեղծվածի կծիկը: Հայը չի բացահայտում իր նկարագիրը, արտաքուստ երևան չի հանում իր ինքնությունը, իր ցեղային բնութագիրը, թույլ չի տալիս, որ հեշտությամբ իրեն ճանաչեն, գաղտնազերծեն: Ինչո՞ւ: Որովհետև հենց ինքն էլ իրեն ճանաչելու, ըմբռնելու պահանջն ունի, որը հեշտ չէ բավարարել: Հայի նկարագրի վերաբերյալ սեփական նկատառումներն ունի սփյուռքահայ գրող Նշան Պեշիկթաշլյանը:

Նշան Պեշիկթաշլյան

Իր «Հայը» երգիծապատումում նա գրում է. «Աստված Հայը հրեշտակ է ստեղծած. վերջը զղջացած է ու սատանայի է վերածած: Հետո ջնջած է անոր սատանայությունն ալ: Հայը, սակայն, երկու էակներեն մեյ-մեկ բան պահած է իր մեջ»:        

Դեմիրճյանի հայը խաբուսիկ, տարօրինակ, հանելուկային տեսակ է: Պեշիկթաշլյանը լրացնում է այս միտքը. «Աստված Հայը երկիր ղրկած է իբրեւ ֆենոմեն: Հայը մարդ չկրցավ ըլլալ աշխարհի մեջ …. Արեւուն տակ ան անմեղ եղավ Հրեշտակի մը պես ու այս պատճառով է, որ հող չունեցավ երկրի վրա: Հրեշտակները տեղ չունին աշխարհի մեջ: Եղավ նաեւ սատանայի մը չափ խելացի, բայց հակառակ իր խելքին, սատանայի մը պես ալ մնաց միշտ դժոխքի մեջ»:

Հովհաննես Թումանյան

Հային ներսից ճանաչելու բանաձևն է առաջադրում մեր ազգի մեծ բանաստեղծ ու մտածող Հովհաննես Թումանյանը. «Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը: Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ: Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում: Էսպես է բնության օրենքը: Էն հասարակ վարունգի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում, էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում»: Եվ ուրեմն. «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»:

Ըստ Դեմիրճյանի՝ հայն ամենատառապածն է աշխարհում: Նա աշխարհիս երեսին գոյություն ունեցող ամենահին ցեղատեսակն է, որը բնահանվելու, բնաջնջվելու հազարամյակների իրողությանը հակընդդեմ՝ համառորեն կառչել է իր հողին:

Վազգեն Սարգսյան

Այս հարցում Դեմիրճյանի համախոհն է ժամանակի թելադրանքով գրիչը զենքով փոխարինած մեկ այլ գրող՝ հայոց բանակի սպարապետ Վազգեն Սարգսյանը. «Այս հողի վրա կբնավորվեր ճարահատ, բայց զարմանալի պինդ ու աշխատասեր մի ժողովուրդ: Այս հողն, այո, մարդու չնման-մարդու չհավան կնկա նման ուզվորին չէր տրվի: Սա բազմակողմանիորեն ու հանգամանալի մի լա՛վ պիտի մշակվեր: …. Զարմանալի պինդ ու համբերատար տղամարդկանց ցեղ էր պետք, որ սեփական ճակատագրի հետ քյալլա տալով էդ սև տրճեից բազմաբեղուն ծննդկան շիներ և, որ իրենց նման պինդ ու հաստատուն սերունդներ տային աշխարհին. մենք՝ մենք ենք, խոսեք, տեսնենք՝ դո՞ւք ովքեր եք»:

Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի պատկերած հայը նույն Հայկն է՝ մեր Նահապետը։

Հայկի արձանը, հեղինակ՝ Կառլեն Նուրիջանյան

5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու վկայությամբ՝ Հայկը ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեց ու մերժեց բարեբեր հողերում իբրև հպատակ ապրելու ոսոխ Բելի շողոքորթ առաջարկը:

Մովսես Խորենացի, հեղինակ` Հ. Ռուխկյան

«Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա: Ասենք՝ իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ՝ հուսահատություն»,- գրում է Դեմիրճյանը:

Մեկ այլ դասական՝ Աղասի Այվազյանը, իր «Հայ հայը» պատմվածքում գրում է. «Նա երբեք չի մտածում, թե ինքն ինչ է, այնպես, ինչպես երբեք մարդ չի խորհում, որ ինքը երկու ոտք ունի, երկու ձեռք, մի քիթ և մի բերան… Երբեմն ինձ թվում է, որ նա հենց այդպես՝ առանց վերլուծելու, առանց գնորոշելու, գիտե մի բան, որ իմ մանրահետող խելքով չեմ կարողանում ըմբռնել, իմանալ կյանքիս երկար տարիների ներչարչարելի վերլուծումներից հետո: Հայ հայը երբեք չի վհատվում. ամեն ինչ նրա շուրջն է, ամեն ինչ իրենն է, և ինքը ոչինչ չունի»:

Աղասի Այվազյան

Հայի տեսակը մերժում է տևական սուգը և ողբասացությունը, իր կենսագրությամբ փաստում վերապրելու անխուսափելիությունը, ինչպես վկայել է ամերիկաբնակ, անգլիագիր հայ գրող Վ. Սարոյանը:

Վիլյամ Սարոյան

1935 թ. Խորհրդային Հայաստան և Ռուսաստան այցի տպավորությամբ գրված «Հայը և հայը» էսսեում կարդում ենք. «Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, կոդակ ու հպարտ մարդկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված ու երգերը լռած են: Փորձեք կործանել այս ցեղը, ասացեք՝ դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը՝ պատերազմի ծխով բռնված: Կործանեցեք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք: Իրենց տներից քշեցեք անապատ, մի՛ մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսեք՝ նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք՝ ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով: Ջանացեք, տեսեք՝ կարողանա՞ք պիտի, շունշանորդիներ, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձեք ջնջել նրանց»:

Դեմիրճյանն իր խոհագրության մեջ սահմանում է հայի «չափը». «Իր չափը չափազանցն է, զարմանալի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է»: Իբրև անքննելի հատկանիշ՝ նա մատնանշում է հայի հյուրասիրությունը. «…գնա՛ իր խրճիթը. հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա են: Ուտում են նրա հացը, ինչպես հայր Աբրահամի սեղանից»:

Նարեկացու Մատյանը

Դեմիրճյանը փաստում է, որ հայը իր ծայրահեղ ըմբոստության մեջ հաճախ բախվում է նաև Աստծո հետ, բայց մեր Գրիգոր Նարեկացու՝ 10-րդ դարի բանաստեղծ-հոգևորականի շուրթերից է թռել ամենահզոր աղոթքն առ Աստված: Վազգեն Սարգսյանն էլ յուրովի է փորձել բանաձևել հայ հարաբերություններն Աստծու, աստվածաշնչյան ճշմարտությունների հետ. «Աստվածաշնչի մե՛ր կերպարը Ղովտի կինն է՝ նա, որ Աստծո պատվիրանին հակառակ ետ նայեց ու քարացավ: Ինչպես չնայեր, ախր շատ բան ուներ թիկունքում թողած»: Ու մենք էլ, Ղովտի կնոջ նման «…ետ ենք նայելու: Ետ ենք նայելու անգամ ժայռանալու գնով: Ախր շատ բան ունենք թիկունքում թողած»:

Ըստ Դեմիրճանի՝ հայի արժանիքներով, որպես կանոն, չեն հիանում, ունեցած շնորհների պատճառով նրա հանդեպ թշնամանում են, չարանում: Հայն իր դեմ ատելություն ծնելու տաղանդ ունի, անմիաբան է, խռովարար. «Ուր հեղափոխություն՝ այնտեղ հայություն: Բայց իբրև «ական»՝ ծայրահեղական է»,- գրում է դասականը, բայց և փաստում, որ հայն ամենաներողամիտ ցեղն է աշխարհում:  

Հակասությունների թնջուկ այս ցեղատեսակը չունի իր սխալներից, անգամ իր դժբախտություններից դասեր քաղելու հմտությունը: Օրհասական պահին ամենածայրահեղ արկածախնդրությունն է իր գտած ելքը: Ու սա Հայկի օրերից  մինչև այսօր չհնացող վարքագիծ է:

Իսկ ո՞րն է, այնուամենայնիվ, հայի գերակա որակը, նրա տեսակի շեշտադրված բնութագիրը:

Դեմիրճյանը դա ձևակերպում է «Հայը» խոհագրության եզրափակիչ պարբերության մեջ․ «Երբ նայում եմ հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից: Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում: Կերակուր ես մեկնում` չի՛ ուզում: Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն. գերադասում է տառապանք և ազատություն: Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է: Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ: Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից` ազատությունից: «Ոչինչ չեմ ուզում ձեզնից,- ասում է նա իր նեղիչներին,- ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ: Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը»…

Ռուբեն Անգալադյան

Արվեստաբան Ռուբեն Անգալադյանն այս էսսեի մասին գրել է. «Դ. Դեմիրճյանը ոչ մեկին չի մեղադրում, ոչ մեկին չի դիմում, բայց միևնույն ժամանակ նա մեզ հետ է, գրում ու մտածում է մեր մասին, և մենք կրում ենք նրա միտքը, ինչպես իմաստնության թանկագին սերմնահատիկ: Մենք նման չենք այն ազգերին, որոնք հրապարակայնորեն այրել ու այրում են ստեղծագործություններ, որոնցում այս կամ այն չափով բացասաբար է խոսվում իրենց մասին: Էլ ուր մնաց, թե հետապնդել ու սպանել այդ ստեղծագործությունների հեղինակներին: Նման օրինակները մեծաթիվ են .… Եվ ի՞նչ է ցուցանում «Հայը» խոհագրությունը՝ ազգային բնավորության այդ համառոտ հանրագիտարանը: Այդ խոհագրությունը հնարավորություն է ընձեռում խորհելու այն մասին, թե ինչպիսի մոտեցում է ունեցել ազգը ամենագլխավորին՝ սեփական սխալներին, այն բարդույթներին, որոնք ծագել են ԳՈՅԱՏԵՎՄԱՆ հազարամյակների ընթացքում՝ ազգային և հզոր պետականության բացակայության պայմաններում: Եվ մենք հանգում ենք կարևորագույն եզրակացությունների՝ անհրաժեշտ է ազգային աշխարհընկալման և աշխարհզգացողության հիմնարար հարցերի վերանայում»:

Դերենիկ Դեմիրճյանի գրասեղանը

«Այս մասին նա ուղղակի չի ասում,- շարունակում է Անգալադյանը,- բայց այս գաղափարով է համակված նրա ցավն ու սերը կյանքի այդ կծիկի՝ հայի հանդեպ»։

ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ