Կրեատիվ ՕրԸնթաց ՄարզաԴիտակ

Զիկատար․ հայտնի ու անհայտ գանձերի մեր բնօրրանը

27.07.2019

Ոչ լայն զանգվածներին է ծանոթ Զիկատար խորհրդավոր անունով երկրային դրախտավայրը, որը գտնվում է սահմանամերձ Կողբ գյուղի մոտակայքում: Նախ պարզենք անվան խորհուրդը. ըստ տեղաբնակների՝ այն ունի մի քանի բացատրություն. 1. զիլ կատար, 2. ձիգ կատար, 3. ձիու կատար (այսինքն՝ կատար, որին կարող է միայն ձին հասնել), 4. քանզի (որովհետև) կատար է:
Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այս գողտրիկ տարածքը: Սկսած 2002 թվականից՝ Հայաստանում իրականացվում են անտառային և բնապահպանական խնդիրներին ուղղված սեմինարներ, ուսուցողական ծրագրեր: Նախկինում դրանք իրականացվում էին Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի միջոցներով: Այդ ծրագիրն ուներ անտառի բաղադրիչ, բնության հատուկ պահպանության ենթակա տարածքների բաղադրիչ: Այդ բաղադրիչներին վերաբերող հարցերը միշտ քննարկվում էին սեմինարների ժամանակ: Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունը միացավ այս նախագծին, և դրվեց ուսուցումների խնդիրը: Քանի որ Հայաստանում չկար համապատասխան տարածք, սկսեցին որոնել տարբերակներ: Հնարավոր տարբերակների թվում քննարկվում էին Պարզ լիճը, Ծաղկաձորը, ինչպես և Զիկատարը: Զիկատարում 1970-ականներին եղել է գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի հենակետը: Այստեղ միայն փոքր քոթեջներ էին, որ 1990-ականներից հետո գտնվում էին կիսաքանդ վիճակում: Երբ միջազգային փորձագետները գալիս էին Զիկատար, առաջին խոչընդոտը նրանց համար դառնում էր ճանապարհի բացակայությունը: Դա վանում էր մարդկանց: Մեծ ջանքերի գնով հաստատվեց Զիկատարը գիտափորձարարական կենտրոնի վերածելու ծրագիրը, և 2007-ին կառույցը ստացավ բարեկարգ տեսք: Անտառհետազոտողների միջազգային կազմակերպությունը, որն զբաղվում է անտառագիտական խնդիրներով և ամեն տարի որևէ երկրում անցկացնում է անտառագիտական սեմինար, «Զիկատարի» վերաբացման տարում` 2007-ին, իր հերթական սեմինարն անցկացրեց հենց այստեղ: Սա ԱՊՀ երկրների տարածքում առաջին սեմինարն էր: «Զիկատարն» Էկոտուրիզմի հրաշալի հնարավորություն է ընձեռում, քանի որ տարածքը հարուստ է թե՛ պատմական, թե՛ բնության հուշարձաններով: Էկոտուրիզմի խթանումը կնպաստի թե՛ «Զիկատարի» գործունեությանը, թե՛ համայնքի կենսամակարդակի բարձրացմանը: Մասնագետներն այստեղ կգտնեն իրենց նեղ մասնագիտական հետաքրքությունների տիրույթը, իսկ սովորական բնասերներն ու հովեկները կվայելեն անզուգական հանգիստ՝ հաճելի անակնկալներով: 


Անակնկալների մասով. ներկայացնենք այս տարածքին մոտ գտնվող մի քանի  պատմամշակութային հուշարձան և սրբավայր, որոնք տեսնողները կհայտնվեն լեգենդի և իրականության չտարորշվող ճամփաբաժանում: Սահմանամերձ գոտում սփռված են բացառիկ արժեք ունեցող գանձեր, որոնք գոյատևում են՝  ի հեճուկս ժամանակի, մարդկային անտարբերության, ավելին` բարբարոս վարքի:
Կողբ գյուղից դեպի հարավ` 3 կմ հեռավորության վրա` Կողբագետի աջ ափին ընկած անառիկ բարձունքին տարածվող փարթամ անտառի գրկում է գտնվում Մշկավանք (Մշակավանք) խոսուն անունը կրող եկեղեցին: Պահպանված է եկեղեցու արևմտյան ճակատին կից գավիթը` արևելյան անկյունային մասերի խցերով: Թե կոնկրետ որ թվին է այն կառուցվել, ստույգ հայտնի չէ, սակայն Վարդան Արևելցին 1219 թվականի երկրաշարժի մասին հիշատակելիս նշում է նաև Մշկավանքի անունը: Ինչպես հավաստիացնում է նոյեմբերյանցի գրող, ազատամարտիկ Սամվել Բեգլարյանը, Մշկավանքը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութական մշակութային արժեքների ցուցակում (մեզ չհաջողվեց ճշտել այս տվյալը):

Հակառակ գրավոր հիշատակարանների ժլատ տեղեկությունների` տեղացիները իրական և ինքնահնար պատմությունների մի ողջ շտեմարան են հրամցնում հետաքրքրվողներին, անհամաձայնությունների դեպքում բուռն քննարկումներ ծավալում, և յուրաքանչյուրն ամեն գնով փորձում է դիմացինին ու իրեն համոզել, որ ամենահավաստի տվյալը հենց իր իմացածն է:
Ինչևէ, փորձենք ի մի բերել այն ամենը, ինչ մեզ հաջողվեց լսել Մշկավանքի մասին: Եկեղեցին կառուցել են մշակները: Այստեղից էլ ծագել է անունը: Բացառիկ երևույթ է մեր պատմության, եկեղեցաշինության մեջ, որ եկեղեցին ոչ թե կառուցվել է ի հիշատակ Աստծո, այս կամ այն սրբի, այս կամ այն բարերարի կամ նրա ընտանիքի անդամի, այլ ի հիշատակ մշակների: Սա մշակների ուժով կառուցված «ամենաժողովրդական եկեղեցին» է, ինչպես բնորոշում է Սամվել Բեգլարյանը:
Ըստ որոշ տվյալների` եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, 12-րդ դարում ավերվել է երկրաշարժից, ապա վերականգնվել: Կողբի ազգագրության և պատմության թանգարանում Մշկավանքը թվագրված է 11-րդ դարով:

Կողբի տարածքում կան նաև ավելի վաղ ժամանակների վերագրվող հուշարձաններ: Դրանցից մեկն է 4-5-րդ դարերում կառուցված Տվարաեղցի կամ Տվարագեղցի անունը կրող կիսավեր բազիլիկ եկեղեցին, որ գտնվում է Կողբագետի ձախ ափին: Եկեղեցու շուրջ նախկինում եղել է գերեզմանատեղի, որի հետքերն այսօր էլ առկա են գյուղի ճանապարհի եզրին: Դրանք քարարկղային գերեզմաններ են, որոնք տեղացիները վերագրում են նախաքրիստոնեական ժամանակներին:

Եկեղեցու անունը հետաքրքիր ստուգաբանություն ունի, այն նշանակում է տավարածի եկեղեցի: Այսինքն, այս սրբավայրի անունը ևս կապվում է մշակի, գյուղի աշխատավորի հետ:

Առավել ամբողջական տեսքով պահպանված է եկեղեցու արևելյան պատը, իսկ մնացած հատվածները լիովին կամ հիմնականում ավերված են:

Սարիգյուղի վարչական տարածքում է գտնվում տեղացիների կողմից սրբավայրի վերածված դարավոր սոսին: Այս սոսին եզակի չէ Նոյեմբերյանից դեպի Արցախ ձգվող ճանապարհին: Յուրաքանչյուր 40 կմ-ից հետո հանդիպում են նույն տարիքի սոսիներ. մեկը գտնվում է Բերդավան և Զորական գյուղերի միջև, մյուսը` Սարիգյուղի մոտ, այդպիսիք կան նաև Արցախի տարածքում: Քարավանները կանգ են առել հենց 40 կմ-ից հետո. հնում այդպես են տեղակայված եղել աղբյուրները: Սա էլ հիմք է տալիս ենթադրելու, որ այստեղով է անցել «Մետաքսի ճանապարհը» կամ առևտրային նշանակություն ունեցող մեկ այլ ճանապարհ: Սա վարկած է, լեգենդ, որը ժխտել կամ հաստատել առայժմ հնարավոր չէ: Սակայն վարկածը մեզ ներկայացնող նոյեմբերյանցի Մխիթար Հովսեփյանը գրեթե համոզված է դրա հավաստիության մեջ:
Մարդիկ Սարիգյուղի սոսու պատմությունը կապում են մեր ազգի երկու նշանավոր զորավարների` Վարդան Մամիկոնյանի և Աշոտ Երկաթի հետ: Մեր տեղացի զրուցակիցն առավել հակված էր այն տեսակետին, որ սոսին տնկել է Աշոտ Երկաթը, քանի որ Վարդան Մամիկոնյանին վերագրվող ծառը` կաղնին, գտնվում է այդ տարածքից քիչ ավելի հեռու:

Ըստ ժողովրդական զրույցների` 100 տարին մեկ ծառն ինքնիրեն բոցավառվում է: Այն ունի սրբազան ուժ, և մարդիկ այստեղ գալիս են` որպես ուխտատեղի:
Անհավանական է, բայց փաստ, որ այրված, ածխացած հսկայական փչակի վերածված ծառաբնից վեր են խոյանում կանաչ շիվեր. հրաշքը շարունակում է իր կյանքն այդ շիվերի մեջ:
Այս լուսավոր պատմություններին անդրադարձը, ցավոք, զերծ չէ մութ կողմերից: Ես սրտի ցավով, բայց լրագրողի անաչառությամբ լուսանկարել եմ բացառիկ այս արժեքների վրա մրոտված ու խզմզված ոչինչ չասող անունները: Դժվարանում եմ բառեր գտնել` որակելու համար այն դատարկամիտ գոհարիկներին, գառնիկներին, անուշիկներին, լիանաներին, մելոներին, ռիտաներին, մխիթարներին, որոնց բանականության անմխիթար վիճակը պարզապես կարեկցանք է հարուցում:
Մի՞թե հազարամյակից ավելի կենսագրություն ունեցող այս կոթողներին վիճակված է մատնվել կասկածելի բանականության տեր «ուխտավորների» քմահաճույքին։ Մի՞թե պատմամշակութային արժեքների պատասխանատուները կամ անհատ բարերարները չեն վճռի օգնության ձեռք մեկնել այս լքված ու քայքայվող սրբավայրերին: Չէ՞ որ մենք հենց այդպիսի արժեքներով ենք գոյատևել ու հասել մինչև 21-րդ դար: Չթողնենք մեզ ապրեցրած գանձերը լքված ու անտերունչ:


Նյութը և լուսանկարները՝ ardi.am-ի

Գլխավոր լուսանկարը՝ «Զիկատար» բնապահպանական կենտրոնի կայք էջից

No Comments

Leave a Reply