Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մըտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկըսվում է ամեն օր։
Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Թումանյանն այստեղ արդյո՞ք նկատի ունի մարդկության գոյության, վերարտադրության սիզիփոսյան անիմաստությունը, նրա քառյակի բովանդակությունը հեգնական կամ հոռետեսակա՞ն է․․․ Մարդ անհատը ծնվում, աշխարհ է գալիս, ապրում է իր կյանքը՝ շատ անգամ չհասկանալով նաև, թե․․․ ինչու, հանուն ինչի, նման այն պարողին, որին իր ընկերը կատակով հրում, գցում է պարի ասպարեզ, և վերջինս նույնիսկ պարելու շնորհ չունենալով, բայց հարկադրված սկսում է պարել՝ որքան որ կարողանում է (նման մի ծիծաղաշարժ դեպքի ես ականատես եմ եղել պատանեկությանս տարիներին, գյուղական մի հարսանիքի ժամանակ․․․ )։ Մեծ անհատները բնազդով զգում են, որ իրենք առաքելություն, միսիա ունեն ըստ իրենց ի վերուստ տրված շնորհի, իսկ «հազար մարդի՞կ»․․․ ամեն օ՞ր․․․
Մարդ անհատը պահպանում է իր գոյությունը, հաճախ նաև՝ իր ընտանիքը ( եթե ամուսնացած է ), տարբեր իմաստներ է տեսնում իր ապրելու փաստի մեջ։ Մարդն այն է, ինչ իր հիշողությունն է — և ցանկացած մարդ անպայման, գոնե իր մահվան մահճում, փորձում է իմաստավորել իր ապրած կյանքը, փորփրում է իր հիշողությունը, միայն հենց դրա մեջ նա կարող է գտնել ինքն իրեն, քանզի, նորից կրկնում եմ, յուրաքանչյուր մարդ այլ բան չէ, եթե ոչ իր հիշողությունների հանրագումարը, այլապես նրա «ես» -ի մասին խոսելն անիմաստ է դառնում։ Մարդ ի՞նչ է վերհիշում իր կյանքից։ Գուցե ամենակարևոր բաները մոռացվե՞լ են, հիշվում են ոչ ամենակարևորները․․․ — Դա կախված է տվյալ մարդու «ճակատի կնիքից», թե նրան ինչ առաքելություն, ինչ ճակատագիր է տրված ի վերուստ։ Այսպես կոչված՝ բուենդիաների ճակատի անտեսանելի խաչը՝ Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպում․․․ Բայց բոլոր դեպքերում բոլոր մահկանացուներն էլ տառապում են վերը բերված Թումանյանի քառյակի ողբերգական հարցադրումից, փորձում են իմաստ գտնել իրենց ապրած կյանքի համար, գտնում կամ չեն գտնում, բայց բոլոր դեպքերում ուզում են ԱՅԼ լինել, քան կան, եղել են իրականում․․․
Անցյալը այն չէ, ինչ որ եղել է,
այն, ինչ չի եղել, նրա մեջ ես դու:
Հ․ Էդոյան, «Նոյեմբեր ամսին, ուշ երեկոյան»
Մարդը երբեմն հենց այդ ՉԻՐԱԿԱՆԱՑԱԾՆ է, քանի՜ Մոցարտ է անհետ կորչում ճակատագրի անբարենպաստ կեռմանների հետևանքով․․․
․․․ Մարդկության հավաքական հիշողությունը պատմագրությունն է, գուցե ավելի շատ՝ մշակույթը, քանզի պատմությունը պատմագիրների կողմից մեծմասամբ գրվել է «իշխանական կոնսպեկտների, «նաբրոսկաների» համաձայն»․․․Իսկ մարդկությունն իր հավաքական հիշողության մեջ ի՞նչն է համարում իր գոյության իմաստը, մշակույթ ստեղծե՞լը — հիասթափեցնող է այդ ամենն այն «կետից» հետո, երբ պատերազմներն անվանվում են․․․ռազմական արվեստ․․․
Հավանաբար մարդկությունը մի ամալգամ է տիեզերական մի հայելու, որն իր մեջ է պահում-արտացոլում ՏԻԵԶԵՐՔԻ ՏԻՐՈՋ պատկերը, ումից փրկություն է սպասում և հույս՝ ժամանակի մի ինչ-որ հանգրվանում իր ԱՅԼՈՒԹՅԱՆ իղձը կատարված տեսնելու ․․․ Մարդկությունը հավաքական կերպարով նման է․․․ այն վեստալուհիներին, որոնք իրենց կյանքի իմաստն են համարում, կուսության պահանջին իրենց դեռափթթությունը զոհելով, սրբազան կրակը տաճարում վառ պահելը․․․ Ըստ իմ այս տողերի․
Գնա, գնա տես՝
կուսության երդում տված
վեստալուհիներն ինչպես են
կակաչի թերթիկների պես բոլորվել
տաճարական սրբազան կրակի շուրջ
ու հոգում են, որ այն անմար մնա,
մի կերպ զսպելով իրենցը՝ կրակը մարմնական ․․․
Զավեն Բեկյան