Ազդագիր

Hooverphonic․ երկու բացառիկ համերգ

05.05.2025

Աշխարհահռչակ Hooverphonic բելգիական խումբն առաջին անգամ հանդես կգա Հայաստանում երկու բացառիկ համերգով: Մայիսի 7-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում Hooverphonic-ը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան)։ Նվագախմբի հետ համատեղ համերգի ժամանակ դիրիժորական վահանակի մոտ կլինի Սեդրիկ Մուրատին, իսկ մայիսի 8-ին կկայանա HOOVERPHONIC-ի համերգը՝ միայն բենդով:

Համերգների գործընկերն է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանությունը`  

ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Էրիկ Դե Մույնքի։

Մայիսի 7-ի համերգի հովանավոր ԱրարատԲանկի կողմից ուղղված գումարի  մի մասը կտրամադրվի Երեվանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրն՝ երեխաների կրթական պայմանները բարելավելու նպատակով:

Ծրագրում կհնչեն «Mad About You», «2-Wicky» և այլ սիրված և հայտնի հիթեր:  HOOVERPHONIC խումբը ստեղծվել է 1995թ.-ին, ստեղծագործում է փոփ, ռոք ժանրերում, ներկայումս խմբի ստեղծագործություններըը հաճախ դասվում են «լաունջ» ժանրին: Երջանիկ պատահականությամբ՝ խմբի «2Wicky» առաջին սինգլը դարձել է Բերնարդո Բերտոլուչիի «Անորսալի գեղեցկություն» (1996) ֆիլմի սաունդթրեքի գլխավոր թեման։ Ավելի ուշ երգը հնչել է մի շարք այլ հայտնի ֆիլմերում: Խումբը «Եվրատեսիլ 2021 երգի մրցույթ»-ում ներկայացրել է Բելգիան՝ “The Wrong Place” երգով՝ հասնելով մրցույթի «Մեծ ֆինալ»: 2000թ.-ին բացել է Բրյուսելում կայացած Եվրոպայի ֆուտբոլի առաջնության արարողությունը՝ «Visions» ստեղծագործությամբ:

ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Մհեր Անանյանը նշել է. «Մենք հավատում ենք, որ իսկական արվեստը սահմաններ չի ճանաչում և ունի մարդկանց միավորելու զորություն: Hooverphonic բելգիական խմբի և մեր պատմական նվագախմբի այս հանդիպումը ոչ միայն բացառիկ մշակութային իրադարձություն է, այլև գեղեցիկ օրինակ, թե ինչպես կարող է երաժշտությունը կամուրջներ կառուցել տարբեր մշակույթների, սերունդների և երաժշտական ուղղությունների միջև: Հատկապես ուրախ ենք, որ այս համերգի միջոցով կկարողանանք աջակցել լսողության խնդիրներ ունեցող երեխաներին՝ հնարավորություն տալով նրանց զգալու երաժշտության կախարդանքը»:

Սա ևս մեկ ապացույց է, որ բանկը հավատարիմ է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ միավորելով բարձրարժեք արվեստի հանրայնացումը և սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնությունների աջակցությունը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանի փոխանցմամբ՝ ներկայումս հիմնանորոգված համերգասրահի շենքային պայմանները թույլ են տալիս պատվով հյուրընկալել հռչակավոր երաժիշտների և երաժշտախմբերի. «Առաջիկայում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դասական-ակադեմիական համերգներից բացի, ծրագրում ենք ավելացնել crossover ժանրի բարձրորակ համերգների քանակը: Պլանավորվում է համերգասրահի լուրջ տեխնիկական վերազինում, ինչը կհեշտացնի նմանատիպ համերգների կազմակերպումը: Ամեն ջանք ներդրվում է, որպեսզի լիարժեքորեն օգտագործվեն ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահի բոլոր հնարավորությունները, ինչը կնպաստի մեր լսարանի  ընդլայնմանը: Շատ եմ կարևորում ԱրարատԲանկի և Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությունը: Այս համերգի շրջանակում միավորել ենք մեր ջանքերը՝ ի նպաստ լսողության խնդիրներ ունեցող երեխաների աջակցության: Գնահատելի է, որ լինելով ֆինանսական կառույց, նրանք արժևորում են մշակույթը և վերջինիս դրական ներգործության ուժը ու ջանում են արվեստի միջոցով իրագործել սոցիալական ծրագրեր»: