ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

«Իմ գենը կարճ տարածության համար է»

13.03.2020

Ardi.am-ի հարցին պատասխանում է գրող Լևոն Ջավախյանը:

-Պարո՛ն Ջավախյան, Ձեր ստեղծագործելու ժանրը պատմվածքն է: Վեպ գրելու նպատակ կամ փորձառություն չունե՞ք:

-Ստեղծագործողը, գրողը պիտի իրեն լավ ճանաչի: Ինձ համար մարդու մեծությունը չափվում է նրանով, թե ինքն իրեն որքանով է կարողանում կողքից տեսնել: Մի ծանոթ ունեմ (անունը չտամ), որը քաղաքական վերլուծություններ անելիս մեկից մեկ բոլորի գնահատականը տալիս է, շատ ճիշտ բնութագրում է բոլորին: Հենց հերթը իրեն է հասնում՝ «круглый дурак»: Մարդը, հատկապես՝ ստեղծագործողը, պիտի կարողանա կողքից լավ տեսնել իր թերությունները: Լավ կողմերը բոլորն էլ տեսնում են, և ինքն էլ է տեսնում՝ մի բան էլ բազմապատկված: Բայց պետք է թերություններդ տեսնես:  Ես փորձում եմ թերություններս տեսնել: Եվ որքան մարդը կարողանում է իր թերությունները տեսնել, էդքան ինքը մեծ է: Ո՞վ չի ուզում վեպ գրել, վիպակ գրել: Ես փորձել եմ գրել, բայց տեսել եմ, որ դա իմ «հագով չի»: Իմ տղան տասը տարի անընդմեջ Հայաստանի չեմպիոն է եղել 100 մետր տարածության վազքի սպորտաձևում:  Ինքը ավելի երկար տարածություն չէր կարող վազել, 100 մետրն էր իր սահմանը՝ կարճ տարածությունը: Ուրեմն իմ գենը կարճ տարածության համար է, մենք պիտի մի պոռթկումով անենք ամեն բան: Մի պոռթկումով կարճ տարածություն ես հաղթահարում, երկարը չես կարող, էդտեղից էլ գալիս է իմ ստեղծագործելու չափը: Հայտնի չէ, թե ես ինչ եմ գրում՝ պատմվածք, նովել, ակնարկ, էսսե: Դրանք մի պոռթկումով գրված գործեր են, որոնք սյուժե չունեն, երկարություն չունեն, կարճ տարածքի գործեր են: Ու դա գալիս է  իմ գենետիկայից: Մի բան էլ շեշտեմ. ընդհանրապես դա հատուկ է մեր լոռեցիներին: Լոռեցիներից ոչ ոք մեծ կտավի գործ չի ստեղծել. ո՛չ Սայաթ Նավան, ո՛չ Թումանյանը, ո՛չ էլ անգամ Հրանտ Մաթևոսյանը: Մենք կարճ տարածության մարդիկ ենք: Ես ճակատագրին հավատացող մարդ եմ: Մարդուն ճակատագիրը լուր է տալիս, և մարդը պիտի գնա ճակատագրին ընդառաջ: Եթե գնում ես ճակատագրին ընդառաջ, նպատակներդ իրագործվում են: Էդքանը հասկացել եմ: Մի անգամ փորձել եմ վեպ գրել, չեմ կարողացել, որովհետև դա իմ տարածքը չէր:

Կարինե Ռաֆայելյան

No Comments

Leave a Reply