Նյութի սկզբնաղբյուրը՝ «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիր
Ինչո՞ւ եղավ այնպես, որ մեկ տարում աշխարհը շուռ եկավ:
Ինչո՞ւ եղավ այնպես, որ հայոց հողի մեր վերագտած մշակութային մասունքները վերստին հայտնվեցին բարբարոսների ճիրաններում:
Եվ ինչո՞ւ եղավ այնպես, որ մեկ տարում իրենց երկրային առաքելությունն ավարտեցին այդ մասունքների պահապանության երկու մեծ նվիրյալները…
Մեկ տարի է, ինչ հայոց հուշարձաններն ապրում են առանց Սամվել Կարապետյանի, հիմա նաև՝ առանց Ստեփան Նալբանդյանի: 58 և 62՝ այդ տարիքում նրանք դեռ ինչքան սարեր էին շուռ տալու…
«Հույսով և հավատով մի օր կրկին կհանդիպենք…»
Ի՜նչ ամուր էին նստած այդ հույսն ու հավատը քո մեջ, մեծ հայրենագետ, հայրենասեր և հուշարձանասեր, որ քո վերջին ամիսների գրառումների մեջ անընդհատ կրկնում էիր այդ բառերը՝ համոզելով բոլորին և առաջին հերթին ինքդ քեզ, որ անդառնալի կորուստներ ունեցած մեր ազգը այս վերջինը չի հանդուրժի:
«Հուսամ՝ մոտ ապագայում ավելի մեծն ու ավելի գեղեցիկը կկառուցենք»,«Կերազեք, քոչվոր թաթարներ», «Հեչ չմտածեք, ՀԱՂԹԵԼՈՒ ենք ու ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ենք»՝ ամեն խոսքիդ հետևում տառապագին ապրումներ էին, ամեն խոսքդ ցավի ու ափսոսանքի ճիչ էր ու ընդվզումի հուժկու ալիք՝ քաղաքակրթական արժեքների ճակատագրի հանդեպ անտարբեր բիրտ աշխարհի դեմ:
«Մենք քեզ չենք թողնի ալբանացի դառնալ՝ մի քիչ դիմացիր»՝ հորդորում էիր Ծիծեռնավանքին, բայց քո սիրտը չդիմացավ…
Այն սիրտը, որն ապրում էր հայոց քարե հիշատակների ամեն մի մասնիկով՝ դրանցում ամփոփված իմաստության ու վեհության մեջ տեսնելով իր ժողովրդի մեծությունն ու հարատևությունը:
Այդ անանց հիշատակների աչալուրջ պահապանն էիր դու, շրջում սար ու ձոր և որտեղ տեսնում էիր խնջույքի աթոռների վերածված ջարդված սյունագլուխներ կամ ձևախեղված, իր պատմական կերպարը կորցրած հուշարձան, տեղդ չէիր գտնում, աշխարհը խառնում էիր իրար…
Չգիտեմ, թե ինչպես, հանգամանքների ինչ անիմանալի բերումով՝ ուղիղ մեկ տարի առաջ երկու անդրադարձով հանդես եկար «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագրում, որ կարծես զարմանալիորեն քո անցած ճանապարհի յուրատեսակ ամփոփումը լիներ (մեզ տրամադրած քո վերջին նյութը. վերջինը՝ որքան դժվար է այս բառն արտաբերել): Մեկում ներկայացված էր «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության Հայաստանում ծավալած գործունեությունը հայկական պատմաճարտարապետական կոթողների վերականգնման և ամրակայման ուղղությամբ՝ մի գործ, որն ամենայն պատասխանատվությամբ և մասնագիտական խորիմացությամբ ստանձնել էիր ճարտարապետ ընկերներիդ հետ միասին: Մյուսում անխնա խարազանել էիր պատմական հուշարձանների վերանորոգման ասպարեզում առկա ամենաթողությունն ու դրա ծանր հետևանքները: Սրանով ամեն ինչ ասված էր: Դա այն երկակի իրողությունն էր, որում հայտնվել էր դարերի դրոշմը կրող մեր պատմամշակութային թանկ ժառանգության պահպանության գործը. հուշարձաններ, որոնք մասնագիտական հոգածու ձեռքերում էին, և հուշարձաններ, որոնք խեղվում էին տգիտության ձեռքերում… Սա էր տարիների և տասնամյակների քո կռիվը, որ հստակ ձևակերպում ուներ. երբ ազգային մշակութային ժառանգության պահպանումն ու օգտագործումը պետական քաղաքականության առաջնային ուղղություն չեն, այն դատապարտված է ոչնչացման:
Ու ժամանակի թելադրանքով էր, որ ստեղծեցիք ձեր՝ «Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան»: Լուծման կարոտ խնդիրներ՝ որքան ասես. բացակայում էին հուշարձանները վերականգնող արտոնագրված հատուկ շինկազմակերպությունները, համապատասխան նախագծերն ու շինթույլտվությունները, չկային որակավորված քարտաշ և որմնադիր վարպետներ, անհեթեթ մրցույթների պատճառով վերականգնման աշխատանքներում անթույլատրելիորեն ներգրավվում էին գործից անտեղյակ շինարարներ, առանց մասնագետի միջամտության ու գիտական մոտեցման, փողատիրոջ քմահաճությամբ վերացվում էին պատմաճարտարապետական արժեքները … Խառնափնթոր մի վիճակ, որը պետական մոտեցում և օրենսդրական կարգավորում էր պահանջում: Փորձում էիք անել հնարավորը՝ իրավիճակը շտկելու համար, բայց հասարակական կազմակերպության կողքին նաև պետական գործուն կառույց պետք է կանգնած լիներ…
Իսկ խոնարհված եկեղեցիները ձեր նախանձախնդիր ջանքերով շարունակում էին հառնել՝ Գոգարանի Ս. Աստվածածինը, Արջհովիտի Ս. Գևորգը, Շիրակամուտի Չիչխանավանքը, Մեղրիի Ս. Հովհաննեսը և տասնյակ այլ հոյակերտ հուշարձաններ, որոնց կառուցող ու վերակերտող վարպետների գործը սրբորեն ի պահ էր տրվում դարերին…
Ու այդ ամենի հետ՝ անզիջում պայքար հայրենի բնաշխարհը խաթարողների դեմ, այն բնաշխարհը, որի ամեն քարն ու թուփը, ամեն կածանն ու աղբյուրը անգիր գիտեիր: «Թռչկանիս հանգի՛ստ թողեք…»,- որպես հրաման էին հնչել որևէ նախապայման չենթադրող պահանջատեր հայի քո խոսքերը վտանգված ջրվեժի՝ իբրև քո զավակի մասին: Որսորդի գնդակից սպանված մի արջի քոթոթ էիր տեսել համացանցում, գրառում էիր արել հոգուդ խռովահույզ ճիչով. «Սրա խփողին պետք է բռնել և ձեռքը կտրել»:
Ու այդ անողոք, բայց արդար դատավճիռը կայացնողի կրծքի տակ տրոփում էր աներևակայելիորեն քնքուշ ու զգայուն՝ գեղեցիկով ու կատարյալով, բուսական ու կենդանական աշխարհի հրաշքներով խենթացող քո սիրտը:
Հայրենիի ու մայրենիի սիրով լեցուն քո ամբողջ էությամբ ազգայինի երդվյալ պահապան էիր. «Ժամանակն է, որ մեր պատմական անուներով կոչենք տեղանունները։ Ո՛չ թե՝ Լելե թեփե, այլ՝ ՎԱՐԱԶԱԹՈՒՄԲ»։ «Ոմանց համար՝ Լաչին, ինձ համար ԲԵՐՁՈՐ»:
Այս խոսքերը պատգամի պես են հնչում: Ինչպես և պատգամի պես են սերունդներին մնում հայրենասիրության քո ցանած սերմերը, որ դեռ ծլարձակելու ու վերընձյուղվելու են՝ իրենց սաղարթներով հովանի դառնալու հայրենի եզերքի՝ քեզ համար այնքան թանկ մասունքներին:
Անահիտ Պողոսյան
«Ճարտարապետություն, շինարարություն» ամսագրի գլխավոր խմբագիր
Ստեփան Նալբանդյանի՝ լուսանկարին կից արված վերջին գրառումը՝ մահից երկու օր առաջ
Լավատես եղեք, օրը կգա….
****
Մեր Ստյոպը…
ԽՍՀՄ տարիներին ձևավորված վերականգնման նախագծային հայկական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից մեկն էր նա, որին բախտ էր վիճակվել 90-ականների սկզբին վերապատրաստվել Միացյալ Նահանգներում: Լինելով հայրենիքի մարդկանց, ընտանիքի, հայաստանյան բնության ու մշակույթի մոլի սիրահար՝ մերժել էր ԱՄՆ-ում աշխատելու և հաստատվելու իրական հնարավորությունը, ձեռք բերած պատրաստվածությամբ վերադարձել Հայաստան և արդեն անկախության տարիներին շարունակել իր էությանն ու մասնագիտությանը հարազատ գործունեությունը:
Որպես ամերիկյան «Հայ կրթական հիմնարկություն» հաստատության ՀՀ մասնաճյուղի տնօրեն , հետո նաև ֆրանսիայի հայկական համազգային «Երկիր և մշակույթ» կազմակերպության կենտրոնական վարչության անդամ (ավելի ուշ՝ հայաստանյան մասնաճյուղի նախագահ)՝ նա մասնագիտական գործունեությունը ծավալել էր երկու ուղղությամբ. գյուղական բնակավայրերի դպրոցական շենքերի վերանորոգում և պատմա-ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրում, վերականգնման նախագծի ստեղծում ու իրականացում: Շուրջ չորս տասնամյակ գտնվելով Հայաստանի կրթական ու մշակութային զարկերակի վրա և անընդհատ շարժման մեջ Մեղրիից Արցախ, Արցախից Լոռի ու Տավուշ, Շիրակ ու Ջավախք՝ դարձել էր այս բնակավայրերի մանուկ ու ծեր մարդկանց ցանկալի ընկերը, բարեկամն ու հարազատը: Դա մի առանձնահատուկ, չտեսնված նվիրում էր:
Այս ամենի հետ, աներևակայելի ակտիվությամբ մասնակցում էր նաև Երևանում տեղի ունեցող գրեթե բոլոր մշակութապահպան միջոցառումներին, բարձրաձայնում պատմաճարտարապետական ժառանգության պահպանության խնդիրները, առաջարկում բազմաթիվ լուծումներ, իր արդարացի վրդովմունքն արտահայտում պատմական արժեքների հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ: Եվ նրա մասնագիտական կարծիքը հաճախակի վճռորոշ դերակատարում էր ունենում որոշումներում։
Ստեփանն այն եզակի մասնագետն ու անհատականությունն էր, ում անհամաչափ էր որակել միայն որպես վերականգնող ճարտարապետ: Նա այս կոչումից առավել, որով հայտնի էր մասնագիտական շրջանակներին ու հանրությանը, լավագույն գիտակ էր Հայաստանի (և ոչ միայն) բնության, կենդանական, մարդկային հրաշալիքներին: Հայաստանը ճանաչում էր ամեն հուշարձանով, խաչքարով ու կոթողով, քարաժայռով ու քարանձավով, լեռներով ու ձորերով, սողուն ու չորքոտանի կենդանիներով, ծառ ու թփով, բույս ու ծաղիկներով: Եվ այս ամենով նա ապրում և ապրեցնում էր մեզ՝ բոլորիս, կրթելով ու տեղեկացնելով առաջին իսկ առիթի դեպքում: Հայաստանին վերաբերող ցանկացած թեմա իր մոտ հասունացած հանպատրաստից նյութ էր ցանկացած վայրում լուսաբանելու համար՝ լիներ ճանապարհ գնալիս, վրանում, գիշերային խարույկի թե սուրճի սեղանի շուրջ: Ու՝ ֆանտաստիկ շռայլությամբ, պատկերավոր՝ ձևով ու բովանդակությամբ: Ցանկացած վայրում, ցանկացած հարցի պատասխանը փնտրելիս մեր «զանգ ընկերոջը» ուղղվում էր Ստյոպին և անխտիր ստանում անհրաժեշտ պատասխանը:
Ճանապարհի բացառիկ ընկեր էր՝ իր առանձնահատուկ, բարձրաճաշակ երաժշտական հավաքածուի ուղեկցությամբ ու ճամփորդական պետքերով (որոնք մշտապես առկա էին իր վարած ավտոմեքենայի բեռնախցիկում), ճամփորդելու մշակույթով՝ հարյուրավոր կիլոմետրերով լեռնային հոգնեցնող ճանապարհներին պարգևելով թեթևություն, հետաքրքիր պահեր ու անակնկալներ, հաջորդ ճամփորդության հանդեպ կարոտի ու ցանկության զգացում: Դրանք ընկերների ու պարզապես մարդկանց հետ հաց կիսելու, նոր բացահայտումների երթուղիներ էին:
Եզակի հանրային ՄԱՐԴ էր նա, մեր ՍՏՅՈՊՆ էր, որն ապրում էր բոլորիս, Հայաստանի ու հայկական մշակույթի, բայց ոչ երբևէ իր համար: Որը որևէ որոշում ընդունելիս՝ հապաղել չուներ և կարգախոսն էր՝ շտապ ի գործ, ու այսպես շտապելով էլ (ամեն ինչում) ապրեց գերմարդկային, խտացված, բայց, ցավոք, չափազանց կարճ կյանք:
Ինչքան ծրագրեր ուներ իրագործելու, իրականացրածներն էլ ի մի բերելու, վերջնականացնելու և հանրությանը ներկայացնելու, բայց, ավաղ, անժամանակ ու անակնկալ գնաց Լույս դառնալու: Այդ լույսի շողերն ուղեկցելու են մեզ իր բացած հազար ու մի արահետներով՝ շարունակելու այն ընդհանուր գործը, որի նվիրյալն էր ինքը և որը նույն նվիրումով անելու ենք մենք՝ ապրողներս:
Հիշատակդ վառ, մեր ՍՏՅՈՊ…
Ամիրան Բադիշյան
վերականգնող ճարտարապետ, «Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի» հիմնադիր խորհրդի անդամ
****
Ստեփան Նալբանդյանի գրառումներից
No Comments