Գրողների միությունում նոր զարգացումներ են սպասվում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀԳՄ նախագահության նիստի ընթացքում միությունում վեթինգ անելու առաջարկ է եղել: Զարմանալի է և զարմանալի չէ, որ առաջարկությունը հավանության է արժանացել: Զարամանալի է, որովհետև նույն առաջարկը տարբեր ժամանակներում պատի է բախվել: Զարմանալի չէ, որովհետև երկրում իրավիճակ է փոխվել: Միությունն ինքնամաքրման փորձ է անում: Ըստ երևույթին՝ միության շարքերը կլքեն նրանք, որոնք հինգ և ավելի տարի գրական արտադրանք չեն տվել: Ըստ լուրերի՝ գրողները անդամավճարն էլ են դժկամությամբ մուծում. թեև եղածը մեծ բան չէ՝ տարեկան 1000 դրամ, բայց ոմանք հրաժարվում են վճարել՝ «միությունն ի՞նչ է արել մեզ համար» միանգամայն տրամաբանական պատճառաբանությամբ: Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ ես դու արել միության համար, կամ ճիշտ կլինի ասել՝ գրականության համար: Եթե երկուստեք անելու բան չկա, ուրեմն վեթինգը միայն ողջունելի գաղափար է:
Ժամանակին եղան գրողներ, որոնք հրաժարվեցին միության անդամությունից, ինչպես օրինակ՝ Լևոն Ջավախյանը: Միությունը տուժեց, գրականությունը և գրողը՝ ոչ, քանի որ բողոքի նոտան բարձրացրել էր գրականության նվիրյալը: Ասել է թե՝ վեթինգի պետք է ենթարկել նաև միության գործելաոճը: Թե ինչ ընթացք կունենա գրողների միության զտումը՝ աղմկո՞տ, թե՞ անաղմուկ կլինի միության գրող-գրականագետ-հրապարակախոս անդամների հեռացումը, կպարզվի առաջիկայում: Ո՞վ գիտի, գուցե վեթինգը թակի նաև ստեղծագործական մյուս միությունների դռները:
Արմինե Սարգսյան
Լուսանկարը՝ ըստ Վիքիպեդիայի, հեղինակ՝ Արմինե Աղայան
No Comments